Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 հոկտեմբերի 2013

Բարելավվել է Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը









Այսօր Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստի սկզբում մարզպետի 2013թ. ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է անհրաժեշտ քանակությամբ սուբսիդավորված դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, առաջին վերարտադրության և էլիտային աշնանացան ցորենի, գարնանացան գարու, կորնգանի և առվույտի բարձրորակ սերմեր: Կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի շնորհիվ վերջին երկու տարում համայնքներում յուրացվել և ցանքաշրջանառության մեջ է մտցվել ավելի քան 2 հազար հեկտար անմշակ վարելահող, զգալիորեն ավելացել է պարենային և սերմացու հացահատիկի համախառն արտադրությունը:
Մարզի բնապահպանության ոլորտի գերակա ուղղություն է մնում Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի ջրային, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության ու վերարտադրության ապահովման խնդիրը: Վերջին տարիներին կառավարության նախաձեռնած ծրագրերով իրականացված միջոցառումները թեև տվել են տեսանելի արդյունք, սակայն բոլոր հիմնահարցերի արմատական լուծման համար դեռևս որոշակի ժամանակ ու նոր ներդրումներ են հարկավոր:
Մարզպետի հաշվետվությունն ընդգրկում էր քաղաքաշինության, կապիտալ շինարարության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, հողաշինարարության և հողօգտագործման և այլ ոլորտներում առկա ձեռքբերումներն ու խնդիրները:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը: Այնուհետև նիստի մասնակիցներին է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, մենք երեք տարի առաջ այստեղ արտագնա նիստ արեցինք և արձանագրեցինք որոշակի խնդիրներ: Տեղյակ եք, որ մարզային այցելություններից առաջ մենք կատարում ենք սոցիոլոգիական հետազոտություններ, որպեսզի մեզ համար պարզ լինի, թե որոնք են այն հիմնարար խնդիրները, որ մարզի բնակիչները դնում են մեր առջև:
Առաջինը արձանագրում ենք, որ այս երեք տարվա ընթացքում մարզի բնակիչները տեսնում են, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզում բարելավվել է, ինչը մեզ համար չափազանց կարևոր է: Որոշակի շեշտադրումներ այս երեք տարվա ընթացքում, իհարկե, փոփոխվել են: Մարզի առաջին և ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ արտագնա աշխատանքները մարզում ավանդական բնույթ են կրում: Հստակ կան Ռուսաստանի Դաշնությունում մարզեր, քաղաքներ, որտեղ կազմակերպված ձևով ամեն տարի մարզի բնակիչները մեկնում են սեզոնային աշխատանքի և վերադառնում: Այս երեք տարվա առանձնահատկությունն այն է, որ հետճգնաժամային տարիներին Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական վիճակը բարելավվել է, և բնականաբար, արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտներն ավելացել են այդ տարիների ընթացքում: Հիշում եք, որ 2008-2009 թթ. մարզում արձանագրվել էր եկամուտների կտրուկ անկում, ավելին, շատ արտագնա աշխատանքի մեկնողներ այդ տարիներին չէին մեկնել աշխատանքի, և դա իր ազդեցությունն էր թողել մարզի վրա: Այս երեք տարվա ընթացքում սա մարզային զարգացումների առանձնահատկություններից էր:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե երեք տարի առաջ մեր առջև խնդիր էր դրվում ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակութային միջոցառումներին, որպեսզի դրանք հասանելի լինեն, ապա այս տարի առաջնահերթությունները փոխվել են: Կարևորագույն խնդիր են խմելու ջուրը, մանկապարտեզները և առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Այս երեք կարևորագույն խնդիրներն են, որոնք մարզի բնակիչները համարում են առաջնահերթ իրենց համար: Միևնույն ժամանակ աշխատատեղերի առումով գոյություն ունի կառուցվածքային խնդիր. այն թափուր աշխատատեղերը, որ մենք ունենք մարզում, չեն համալրվում, աշխատատեղերի հիմնական պահանջարկը բանվորական աշխատանքն է: Շուրջ 1400 այդպիսի հայտ ունի մեր սոցիալական ծառայությունը, որ մարդիկ ուղղակի պատրաստ են բանվորական աշխատանքով զբաղվել: Այդ առումով ես այսօր արդեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել եմ, որպեսզի մենք ըստ մարզերի քննարկենք կառուցվածքային այս խնդիրները, որովհետև տեղյակ եք, որ նույն Դիլիջանում մենք ունենք բանվորական աշխատուժի պահանջարկ և նույնիսկ այս տարի արձանագրել ենք, որ Տաջիկստանից աշխատողներ են եկել Հայաստան, որպեսզի շինարարական աշխատանք իրականացնեն այն պարագայում, երբ Մարտունիում, Գավառում, Վարդենիսում ունենք աշխատուժի ավելցուկ և պետք է կարողանանք այդ թափուր աշխատատեղերը ժամանակին բացահայտել և ներհանրապետական աշխատուժի հոսք կազմակերպել: Այստեղ խնդիրը նույնպես վերաբերում է մեր նոր ակտիվ սոցիալական ծառայությունների մատուցման ծրագրին. մասնավորապես, եթե մենք ապահովեինք այդ աշխատողներին կեցավայրով, սնունդով, ապա նրանք կհամաձայնեին տեղափոխվել Գեղարքունիքի մարզից Տավուշի մարզ և այդ սեզոնային աշխատանքներն իրականացնել: Դա նշանակում է, որ այդ սոցիալական ակտիվ ծրագրերն այսօր պահանջված են և կարող ենք այդտեղ բավական լուրջ արդյունքներ ստանալ»:

Վարչապետը նշել է, որ կառավարության առջև մի շարք խնդիրներ են դրել մարզի, մասնավորապես` Վարդենիս քաղաքի և այլ համայնքների բնակիչները: Կա որակյալ մասնագետների, այդ թվում` բժիշկների կարիք: ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարարները հանձնարարություն են ստացել մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել, թե ինչ որոշումներ է պետք ընդունել, որպեսզի մարզերում լուծվի մասնագետների պակասի հարցը:
Գեղարքունիքի մարզում կատարած աշխատանքի մասին տեղեկություն են տվել ՀՀ նախարարները և պետական մյուս մարմինների ղեկավարները: Նրանց ելույթները, ինչպես նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքի մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաղորդումն ընդունվել են ի գիտություն:
Վարդենիսի բնակիչներն այսօր վարչապետին են դիմել նաև 2011թ. սերմերի մատակարարման ծրագրի առնչությամբ: Նրանք մինչև այժմ չեն հատուցել այն ծախսը, որ պետությունն իրականացրել է` սերմեր տրամադրելով: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ իրենց ոչ թե սերմ են տրամադրել, այլ ցորեն: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ծառայողական քննություն կատարել և պարզել խնդիրը:
«Հիմնական խնդիրները, որոնցով մեզ դիմում են, սոցիալական խնդիրներ են, - շարունակել է վարչապետը: - Պետք է խնդրենք մարզպետին, որպեսզի այսուհետև մեր քաղաքացիներին ուղղորդեն ինտեգրված սոցիալական ծառայության գրասենյակ, որտեղ նրանք կարող են ստանալ իրենց մտահոգող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: Մասնավորապես, մարդիկ դիմում են թոշակի, սոցիալական նպաստի հարցերով, ֆինանսական օգնություն իրենց հասնում է, թե ոչ: Ինտեգրված սոցիալական ծառայության գրասենյակը, որն այսօր մենք բացեցինք Վարդենիսում, հենց այդ նպատակն է հետապնդում՝ սպառիչ պատասխան տալ քաղաքացիներին: Այդ գրասենյակի աշխատանքի արդյունավետությունը հենց այն է լինելու, որ մարդուն չեն ուղարկելու գրասենյակից գրասենյակ, այլ իր ընտանիքին վերաբերող սոցիալական բոլոր խնդիրները համալիր ձևով պետք է քննարկեն և սպառիչ պատասխան տան: Այսօր ինձ մոտեցել էր մի քաղաքացի և ասում էր, որ իր թոշակը, իր կնոջ թոշակը չեն բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի պահանջները: Դա նշանակում է, որ նա պետք է հայտնվի սոցիալական օժանդակություն ստացող ընտանիքների ցուցակում, բայց նա այնտեղ չի հայտնվել, որովհետև իր հետ գրանցված են իր երեխաները, որոնք աշխատանք ունեն և այլն: Հիմա արդեն ինտեգրված սոցիալական ծառայությունը կարող է բոլոր հարցերը միասնական դիտարկել, քննարկել այդ մարդու ռեալ իրավիճակը, ռեալ պրոբլեմները, առանց տարբեր գերատեսչություններից տեղեկանքներ պահանջելու ցույց տալ՝ արդյոք այդ ընտանիքը մեր կողմից սահմանված սոցիալական բալերի առումով հայտնվու՞մ է սոցիալական խոցելի խավերի մեջ և ստանալո՞ւ է օժանդակություն: Նման օրինակները, նման դիմումները շատ են»:

 

ՀԴՄ-ները ձեռք կբերվեն առավել բարենպաստ պայմաններով

ՀՀ կառավարությունը ՊԵԿ Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին թույլատրել է 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Գրասենյակին հանձնարարվել է հարկ վճարողների կողմից ձեռք բերված ՀԴՄ-ների արժեքի գների տարբերությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին: Այսպիսով, 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և մինչև 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարող համարվողների համար սահմանվում են ՀԴՄ-ների ձեռքբերման ավելի ցածր գներ: Բացի այդ, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ գործարարներին մեկ ամիս ժամանակ պետք է տալ, որպեսզի նրանք հասցնեն ՀԴՄ-ներ ձեռք բերել նոր գներով: «Այս որոշմամբ մենք փաստորեն կատարում ենք մեր խոստումը, - հավելել է վարչապետը: - Մենք խոստացել էինք, որ փոքր և միջին ձեռնարկություններին ավելի էժան ենք տրամադրելու իրենց ՀԴՄ-ները: Այսօր մենք մեր խոստումը կատարում ենք` ասելով, որ ինքնարժեքից 30 տոկոս ավելի էժան ենք տալիս ի հաշիվ այն բանի, որ խոշորների համար ավելի բարձր գին ենք սահմանել: Հիմա այդ մարդկանց պետք է մեկ ամիս ժամանակ տանք, որ կարողանան ձեռք բերել այդ մեքենաները: Հաջորդ խնդիրը, որ մշտապես բարձրացնում են և իմ կարծիքով արդարացիորեն, այն է, որ մեզ մեղադրում են, որ Հայաստանում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կարող են այս ՀԴՄ-ները ավելի էժան ներմուծել: Մենք հայտարարել ենք, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է այս սարքավորումներից ավելի էժան բերել և այդ սարքավորումները կհամապատասխանեն մեր կողմից սահմանված չափանիշներին, ապա նրանք կարող են դրանով զբաղվել և որևիցե մեկը չկա, որ կարող է դիմել ու մերժվել: Դրա համար ՊԵԿ-ին հանձնարարվում է, որ բոլոր այդպիսի դիմողներին ընդունի և նրանցից պահանջի, որ ներկայացնեն իրենց առաջարկները: Մենք, բնականաբար, ՀԴՄ-ները սիրով ձեռք կբերենք նրանցից, ովքեր ավելի էժան կբերեն»:


Երկարաձգվում է սիրիահայերին տրված արտոնության ժամկետը

ՀՀ կառավարությունը թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը: Մաքսային մարմիններ դիմելիս սիրիահայերը պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարության գրությունը:
Հաջորդ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է նաև սիրիահայերի` առանց որակավորման քննություն հանձնելու վարորդական վկայականները փոխանակելու ժամկետը:
Կառավարությունն իր նիստում փոփոխություն է կատարել ՀՀ 2013թ. պետբյուջեում և ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների փաստացի գոյացող մուտքերի հաշվին և դրա սահմանում ստանձնած պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու, այդ մուտքերի ստացմանն առնչվող, ինչպես նաև ոստիկանության գործունեությանն անհրաժեշտ առանձին, այդ թվում` անհետաձգելի համարվող ծախսերի ֆինանսավորումն ապահովելու հանգամանքով:
Կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ լուծարելու որոշում. դրա նպատակը կարի արտադրության շուկայում հեռանկար չունեցող, վնասով աշխատող առևտրային կազմակերպության հետագա գործունեության դադարեցումն է:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը բխում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջից: Որոշման 2-րդ հավելվածում սահմանվել են հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցի որակավորման կարգի նվազագույն պահանջները: Դրանց ներդրումը և դրանք գերազանցող շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստեն առավել բարձր պահանջ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը: Կազմկոմիտեն գլխավորելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:


Կբարելավվի ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական վիճակը

Կառավարությունն իր նիստում վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել 228 մլն դրամ: Նշված գումարը որպես ֆինանսական աջակցություն տրամադրվելու է «Վեդի», «Մասիս», «Խոյ», «Ջրվեժ-Ձորաղբյուր» և «Թալին» ընկերություններին:
Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ: Միջոցառման արդյունքում կբարելավվի Արարատյան ջրավազանի բնապահպանական վիճակը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը նպատակ ունի անտառները զերծ պահել հրդեհի վտանգից, ապահովել անտառային տարածքներով ու անտառուղիներով անցնող էլեկտրական ցանցերի անխափան աշխատանքը` կրճատելով բազմաթիվ սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումները:
Տեսչական բարեփոխման ծրագրով իրականացվող գործընթացների համատեքստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր մի շարք որոշումներում: Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է գնահատել նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների ռիսկայնությունը, հնարավորինս կրճատել դրանց գործարկման եզրակացության տրման ժամկետն ու ներկայացվող փաստաթղթերի թվաքանակը:


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը և ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի սպառազինման պետական, ռազմատեխնիկական ծրագրերի իրականացումը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվողականության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը միտված է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ ֆինանսական տեղեկատվության համադրելիության և թափանցիկության ապահովմանը:
Պաշտոնական պարբերականների հրատարակումն ապահովելու, անհրաժեշտ վկայականներ և ձևաթղթեր ձեռք բերելու համար գործադիրը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է շուրջ 34 մլն դրամ:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ