Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 ապրիլի 2016

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր








Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը:
Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀՀ վարչապետը ողջունել է ՌԴ կառավարության նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու հրավերն ընդունելու համար: «Ձեր պաշտոնական այցը լավ հնարավորություն է՝ ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգին, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Պետք է նշեմ, որ ապրիլին 8-ին Երևանում պլանավորված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն առանց լուրջ հիմնավորումների վերջին պահին նախագահող երկրի կողմից առաջարկվել է տեղափոխել: Կցանկանայի ընդգծել, որ մենք անընդունելի ենք համարում նման գործելաոճը: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ակնկալում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում ձեռք կբերվեն կարևոր պայմանավորվածություններ, որոնց իրագործումն էապես կհարստացնի հայ-ռուսական համագործակցությունը:
Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը հետևողականորեն զարգանում է քաղաքական, ռազմատեխնիկական, էներգետիկ և հումանիտար բնագավառներում: Վերջին մեկուկես տարում երկկողմ իրավապայմանագրային դաշտը հարստացել է գրեթե երեք տասնյակ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային փաստաթղթերով: Անցած տարի նոյեմբերին հաջող անցկացվել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովը:
Մենք մտադիր ենք շարունակել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ և քայլեր ձեռնարկել՝ վերոնշյալ նպատակների իրագործման, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ շրջանակում գործակցությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, նախապես մշակված սցենարի համաձայն, լայնամասշտաբ մարտական գործողություններ է սկսել՝ սպառազինությունների ողջ համալիրի, այդ թվում՝ T-90 տանկերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, ТОС-1А ծանր կրականետային համակարգերի և օդուժի կիրառմամբ: Բազմիցս զենք է կիրառվել նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ:
Նման մասշտաբի գործողություններ չէին ծավալվել 1994 թ. հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ի դրությամբ գործում է հրադադարի պահպանման պայմանավորվածություն, բայց ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, կրակում է այդ թվում նաև խոշոր տրամաչափի զենքերից, գործի է դնում հետախուզա-դիվերսիոն խմբեր:
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1994 թ. հրադադարի մասին Համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն իրականացնել իր պարտականությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս հրադադարի ռեժիմի պահպանմանը»:

Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ ուրախ է այցելել Հայաստան: «Մենք վաղուց էինք պլանավորել կառավարական պատվիրակության պաշտոնական այցը, որն արտացոլում է մեր՝ հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները: Հուսով ենք, որ կընդունվեն որոշումներ մի շարք ուղղություններով, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել: Ստորագրման են նախապատրաստվել մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են տիեզերական տարածության օգտագործմանը, բնակարանային-կոմունալ ոլորտին, շրջակա միջավայրի պաշտպանությանը, բժշկասանիտարական հսկողությանը, միջտարածաշրջանային կապերին: Հենց նոր մենք գործնականում պայմանավորվածություն ձեռք բերեցինք նաև գազի հարցի շուրջ: Հուսով եմ, որ այդ որոշումները կօգնեն Հայաստանին զարգանալ, իսկ մեզ՝ շարունակել ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը:
Դուք հիշատակեցիք այս շաբաթ Երևանում չկայացած՝ Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստը: Այո, նման տեղափոխություն տեղի է ունեցել, մեր գործընկերները դիմել են նման առաջարկով: Հասկանում եմ, որ հայկական կողմը պատրաստվում էր, և նմանատիպ տեղափոխությունները երբեք դրական էմոցիաներ չեն առաջացնում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք, նախ և առաջ, լիովին կարող ենք գոյություն ունեցող հիմնական հարցերը քննարկել Մոսկվայում հանդիպման ժամանակ, եթե Դուք ընդունեք մեր հրավերը, առավել ևս, որ հարցեր են կուտակվել, կես տարի այդ հանդիպումները չեն անցկացվել:
Երկրորդը՝ կարծում եմ, որ ճիշտ կլիներ հաջորդ նիստն առանց որևէ հետաձգումների անցկացնել Երևանում (մենք պայմանավորվել ենք հաճախ հանդիպել, ամիսը կամ երկու ամիսը մեկ անգամ):
Իսկ այդ տեղափոխության պատճառները բավական հասկանալի են, որովհետև տեղի ունեցածն, անկասկած, բավական բարդ իրավիճակ է ստեղծում, և նաև դրա հետ է կապված իմ այցը: Կան մի շարք հարցեր, որոնք նախատեսում եմ քննարկել Ձեզ հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ. դրանք խնդրի կարգավորմանը և երկխոսության շարունակությանը վերաբերող հարցերն են:
Մենք բավական ժամանակ ենք ծախսել, որպեսզի այդ երկխոսությունն ինտենսիվանա: Այն, ինչ տեղի ունեցավ, աննախադեպ իրավիճակ է 1994 թվականից ի վեր: Դա մեզ մղում է փնտրելու հնարավոր լուծումներ՝ գլխավորապես ուղղված խաղաղության, այն պայմանավորվածությունների պահպանմանը, որոնք ձեռք են բերվել այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Հիմա ամենագլխավորըը խաղաղության պահպանումն է և հաղորդակցության հնարավորությունը: Կարող եք չկասկածել, որ այդ հարցով Ռուսաստանը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը»:

ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար, կրթության, մշակույթի, ավիացիայի ոլորտներում գործակցության խորացման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցի շուրջ, որի վերաբերյալ արձանագրությունն ստորագրվել է հանդիպումից հետո:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը և առևտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը: Այս համատեքստում կողմերը կարևորել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և կանոնավոր հանդիպումները: Ապրանքաշրջանառության ծավալի աճի առումով երկուստեք ընդգծվել է նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը: Այնուհետև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը զեկուցել է նիստերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի և աշխատանքների վերաբերյալ:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը համակարծիք են եղել, որ այսօր ՀՀ կառավարությունում նախատեսված մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրմամբ կընդլայնվի երկկողմ իրավապայմանագրային դաշտը, որն էլ հնարավորություն կտա խորացնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության ընդլայնմանը և ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված ջանքերը:
Երեկոյան ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պաշտոնական պատվիրակության պատվին ՀՀ վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ