Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 հունիսի 2016

Հավասար պայմաններ՝ բոլոր տնտեսվարողների համար. ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Մայիսի 12-ին հանձնարարական էի տվել Էկոնոմիկայի նախարարությանը և առաջարկել էի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և ներկայացնել առաջարկներ: Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը: Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այդպիսի կենտրոնացվածության թե՛ յուրահատուկ և թե՛ առավել ընդհանրական պատճառներ, որոնցից ընդհանրականի հաղթահարմանն էլ պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը: Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու:
Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն: Ուղեցույցները պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում: Ուղեցույցները երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրների մասով ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքնելու նպատակով: Թեժ գծին ստացված զանգերի վերահսկողությունը վերապահել վարչապետի վերահսկողական ծառայությանը: Թեժ գծով ստացված տեղեկատվության և դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսական կտրվածքով հրապարակել ամփոփ տեղեկատվություն: Պետական իշխանության մարմինների կողմից նման խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացման դեպքում՝ հանձնարարում եմ անհապաղ այդ մասին տեղեկացնել կառավարության աշխատակազմին:
Հանձնարարում եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների: Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա: Հսկողության պատշաճ կատարման համար մեկամսյա ժամկետում ստեղծել անհրաժեշտ մեթոդաբանություն և մեխանիզմներ:
Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով հանձնարարում եմ Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ, թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը: Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող և մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միևնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով:
Հանձնարարում եմ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին, համագործակցելով բոլոր առնչվող գերատեսչությունների հետ, եռամսյա ժամկետում ուսումնասիրել ներմուծման հետ առնչվող ընթացակարգերը և դրանց հնարավոր պարզեցման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ, մասնավորապես՝ քննարկելով ինքնահայտարարագրման հնարավորությունների լայնացման, ինչպես նաև զանազան լաբորատորիաներից և ՊՈԱԿ-ներից ծառայությունների ձեռքբերման, սերտիֆիկատների տրամադրման պահանջները նվազագույնի հասցնելու հնարավորությունները: Այս խնդիրների ընթացիկ վերահսկողությունը դնում եմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա»:

Սոցիալական երաշխիքներ կսահմանվեն կամավորների համար
 

Կառավարությունն ընդունել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշում, որով սոցիալական երաշխիքներ կտրամադրվեն այդ անձանց: Ըստ հիմնավորման՝ այսօր ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև հաշմանդամ դարձած անձանց համար: Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում, 1994թ.-ից հետո առաջին անգամ ձևավորվեցին կամավորական ջոկատներ, որոնք մեկնեցին մարտական գործողությունների գոտի և մասնակցեցին ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին: Կամավորները, կամավորականի զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամները չեն օգտվում զինծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Ուստի, որոշմամբ սահմանվում է, որ 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից զինադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ կամավորական ջոկատների կազմում մարտական գործողությունների գոտի մեկնած՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած վնասվածքներից հաշմանդամ դարձած անձանց, իսկ զոհվելու դեպքում` նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է զինծառայողի համար սահմանված կարգով: Հաշվի առնելով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը՝ նախատեսվում է, որ զոհված կամավորականի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զոհված զինծառայողի ընտանիքի անդամի համար սահմանված կարգով, իսկ հաշմանդամ դարձած կամավորականը՝ պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար սահմանված կարգով: Արդյունքում՝ կամավորական ջոկատների կազմում ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած անձանց սոցիալական երաշխիքները կհավասարեցվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքներին:
Սոցիալական ոլորտին վերաբերող մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը սահմանել է, որ ՀՀ կառավարության 1998թ. համապատասխան որոշմամբ հաստատված` վավերականության ժամկետը լրացած անձնագրով կենսաթոշակը կանխիկ եղանակով կվճարվի մինչև 2017թ. հուլիսի 1-ը:


Կներդրվի պետական կարիքների համար ավիատոմսերի ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակ
 

Կառավարությունը փոփոխություններ է կատարել «Ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման և գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 10-ի համապատասխան որոշման մեջ: Որոշման նպատակն է իրավական հիմքեր ստեղծել պետական կարիքների համար՝ պետբյուջեի միջոցների հաշվին ավիացիոն ծառայությունների գնումների կազմակերպման նպատակով «Ամադեուս» ընկերության հետ էլեկտրոնային համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքների իրականացման նպատակով: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ավարտին է մոտենում «Ամադեուս» ընկերության հետ պետական կարիքների համար ավիատոմսերի ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման աշխատանքների իրականացումը: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են որոշակի կազմակերպչական աշխատանքներ, որից հետո համակարգը փաստացի կարող է հանձնվել սկզբնական շրջանում պիլոտային, իսկ կարճ ժամանակ անց նաև լիարժեք շահագործման: Այսպես՝ որոշմամբ առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնցով, մասնավորապես, սահմանվում է, որ ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքներում ընդգրկված հանրապետական գործադիր մարմինների համար www.govtravel.am ինտերնետային կայքը հանդիսանում է ավիատոմսերի գնման միակ թույլատրելի աղբյուր, բացառությամբ որոշ դեպքերի: Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հավանություն է տվել ավիատոմսերի գնման փորձնական համակարգի ուղենիշներին:


Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր


Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Թայգր գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Հիմնավորման համաձայն՝ ընկերությունը նախատեսում է կառուցել տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիր՝ հագեցած նորագույն սարքավորումներով և Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոն: Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 11.4 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 3.1 մլրդ ՀՀ դրամը՝ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ` 100 հազար դրամ միջին աշխատավարձով:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ընկերության նպատակն է իրականացնել Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի հետագա բնականոն, անվտանգ էլեկտրամատակարարում և արդիականացում՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը էլեկտրաէներգիա արտադրելու համար: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 18.9 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 9.7 մլրդ ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 232, 2017թ. 249 և 2018թ. 265 հազար դրամ:
 

Կկարգավորվեն ճգնաժամային կառավարման փուլում գտնվող պարտապանների հետ կապված իրավահարաբերությունները
 

Գործադիրը հավանություն է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ հիմնավորման՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում առկա են որոշակի բացեր, թերություններ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների և կիրառման տեղիք են տալիս: Սնանկության ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրման և օրենսդրական դաշտի կարգավորման նպատակով անցած տարի վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Առաջարկվող կարգավորումներով առաջին անգամ ամրագրվել է սնանկության վտանգի ինստիտուտը, որը կարգավորելու է ճգնաժամային կառավարման փուլում գտնվող պարտապանների հետ կապված իրավահարաբերությունները: Պարտապաններին հնարավորություն կընձեռվի առանց սնանկության հասնելու վերադառնալ բնականոն գործունեության՝ հակաճգնաժամային կառավարման օգնություն ստանալով կառավարչի կողմից: Պարտապանի ֆինանսական առողջացման համար կտրվեն ավելի լայն հնարավորություններ ու ավելի երկար ժամկետներ, ինչը զգալիորեն կարող է մեծացնել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացման և շուկա վերադառնալու, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության մակարդակը: Արդյունքում շահելու է նաև սնանկության վարույթի արդյունավետությունը: Սնանկության կառավարիչների գործունեությունը կդառնա առավել արդյունավետ և վերահսկելի՝ ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից: Կլուծվեն սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված խնդիրները, իսկ ֆինանսական առողջացման համար սնանկության կառավարչի վարձատրության նոր կարգը կխրախուսի նրանց ավելի շատ հակվելու պարտապանի ֆինանսական առողջացմանը, քան լուծարմանը:
Կառավարության նիստում քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հաշվի առնելով միջազգային առաջադեմ փորձը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն բնագավառում որդեգրած քաղաքականության առանձնահատկությունները՝ առաջարկվում է գույքի և եկամուտների հայտարարագրման ոլորտում սահմանել վարչական և քրեական պատասխանատվություն: Անդրադառնալով հարցին՝ վարչապետն առաջարկել է այն ևս մեկ անգամ քննարկել բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ:
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնավորման՝ 2011թ. նոյեմբերի 10-ին հավանության արժանացած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ»-ով կառավարությունը հաստատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ևս 13 պիլոտային ծրագիր: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ մի շարք համայնքների միավորման միջոցով ձևավորվելու են համայնքային փնջեր: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագիրը և հորդորել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ հետևողական լինել նոր համայնքներում վարչարարության, ֆինանսների տնտեսման և արդյունավետ կառավարում ստեղծելու հարցերում:
Գործադիրը հավանություն է տվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում «ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման կիրարկումն իրավաչափ կլինի:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի համաձայն՝ այն դեպքում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով և եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն, ապա օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է իրավաբանական անձը: Նախագծի հիմնավորմամբ՝ «ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում: Գործող կարգի համաձայն՝ խախտում չկատարած անձը պետք է դրա մասին տեղեկացնի վարույթ իրականացնող մարմնին, միաժամանակ տեղեկություններ տրամադրելով թե որ, այլ ֆիզիկական անձն է կատարել տվյալ խախտումը: Մինչդեռ իրավաբանական անձի ղեկավարը կարող է գտնվել արտերկրում, առողջական պատճառներով լինել ժամանակավորապես անգործունակ, պատշաճ չծանուցվել և այլն: Նման հանգամանքները իրենց հերթին խոսում են սույն փոփոխության նպատակահարմարության մասին»: Կառավարության եզրակացության համաձայն՝ իրավաբանական անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում իրավաբանական անձը նախատեսված չէ որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ: Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծ, որը շրջանառվել և քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և ներկայումս գտնվում է լրամշակման փուլում: Նախագծի դրույթների համաձայն՝ վարչական պատասխանատվության սուբյեկտ են հանդիսանում նաև իրավաբանական անձինք: Այդ առումով իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգավորումները կարող են քննարկվել կամ նոր մշակվող օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակում կամ գործող օրենսգրքում համակարգային ամբողջական փոփոխություններ կատարելով:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նաև ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է Գյումրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացված եկամուտներն ազատել շրջանառության հարկից 50 տոկոսի չափով, իսկ նշյալ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող` անհատ ձեռնարկատերերին ազատել ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից: Կառավարության եզրակացության համաձայն՝ ներդրումների ծավալի աճի խթանմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի դրա արդյունքում ակնկալվող արդյունքները գերազանցեն պետության կողմից կրած կորուստները: Նշված է նաև, որ ՀՀ ներդրումային միջավայրի պակաս գրավիչ լինելը բացառապես հարկային գործոնով պայմանավորելը հիմնավոր չէ, քանի որ ՀՀ հարկային համակարգը (հարկի դրույքաչափերը, հարկային հաշվառման և հարկային վարչարարության իրականացման ընթացակարգերը և այլն) ներդրումների իրականացմանը նպաստելու առումով չի զիջում տարածաշրջանի այլ երկրների հարկային համակարգերին:


Միջազգային համագործակցություն


Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից: Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսաշրջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաններ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելությունների համար:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը: Համաձայնագրի վերանայումը բխում է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր` «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից: Համաձայնագրով նախատեսվում է, մասնավորապես, վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ: Համաձայնագրի վերանայումը և արդիականացումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը և կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:
Գործադիրը հավանություն է տվել նաև 2016թ. փետրվարի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին, որի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար: Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ որոշ կատեգորիաների համար, ապա նույն դյորացումները, որոնք համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Շվեյցարիայի համապատասխան քաղաքացիների նկատմամբ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» hամաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է, որ ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 60 մլն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնություն` ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի ծրագրի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման և իրականացման նպատակով:


Կընդլայնվեն անտառային տարածքները
 

Գործադիրի համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Սևանա լճի ափամերձ (Սևան-Արտանիշ հատված՝ 10 հա և Դրախտիկի հատված՝ 10 հա) տարածքներում անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այն կնպաստի էրոզիոն պրոցեսների կանխարգելմանը, մակերեսային հոսքերի նվազեցմանը, քամու բացասական ազդեցություններից տարածքի պահպանմանը, միկրոկլիմայի բարելավմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացմանը: Կոտայքի մարզում 100 հա անտառային տարածքներ կվերականգնվեն կոճղաշիվային վերաճի օժանդակման միջոցով: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի մոտ 2016թ. մարտի 17-ին կայացած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի համապատասխան արձանագրության պահանջներից:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Լոռու մարզի Մեդովկա համայնքի խմելու ջրագծերի վերանորոգման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ջրատարը 550 բնակիչ ունեցող համայնքի խմելու ջրի միակ աղբյուրն է և այն գտնվում է անմխիթար վիճակում, ուստի անհրաժեշտ է կատարել ջրագծերի վերանորոգման աշխատանքներ:
Ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2016թ. Սևանա լճից ջրառի մասին» որոշում: Ըստ այդմ՝ ոռոգման նպատակով Սևանա լճից 2016թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը կսահմանվի մինչև 170.0 մլն մ3: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր մտահոգությունները հայտնել է ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեության առնչությամբ և արդեն աշխատանքից ազատվել են ՋՕԸ մի քանի ղեկավարներ: Վարչապետը հանձնարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին լուրջ ուշադրություն դարձնել ՋՕԸ գործունեությանը:


Այլ որոշումներ


Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ըստ որի՝ 2016թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ-ում շահագործվող ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկումը կիրականացնի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը` սահմանելով սպասարկման տարբերակված գներ հարկ վճարողների տարբեր խմբերի համար: Մասնավորապես՝ նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը կսահմանվի մինչև 3600 դրամ` ներառյալ ԱԱՀ, նախորդ տարվա արդյունքներով 115.0 մլն դրամից մինչև 500 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ մինչև 3000 դրամ` ներառյալ ԱԱՀ, գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) հաշվառված և գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) տեղադրված մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը կսահմանվի մինչև 900 դրամ` ներառյալ ԱԱՀ, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և սահմանամերձ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար սահմանամերձ գյուղերում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումն կիրականացվի անվճար: Արդյունքում՝ ակնկալվում է ՀՀ-ում շահագործվող ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման որակի բարձրացում, հարկ վճարողների տարբեր խմբերի համար տարբերակված սպասարկման գների սահմանում, ինչպես նաև հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում:
Գործադիրն ընդունել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ կազմից գույք առանձնացնելու, կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Երևան համայնքին գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ «Ճարտարագիտական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով` ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի:
Կառավարության որոշմամբ ՀՀ Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի համապատասխան հասցեում գտնվող միահարկ, փայտաշեն մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով կտրամադրվի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Ըստ հիմնավորման՝ կազմակերպությունը ՀՀ կառավարության հետ համատեղ, Համաշխարհային բանկի ու Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» միջկառավարական ծրագիրը: Այն միտված է բնակչության տարբեր խոցելի խմբերի կենսապայմանների բարելավմանը` նպաստելով նրանց զբաղվածության խնդրի լուծմանը: Ծրագրից օգտվում են 6 մարզերի 4000 ծայրահեղ աղքատ անձիք և տարբեր տարիքի, սեռի հաշմանդամություն ունեցողներ: Անհրաժեշտություն էր առաջացել օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպել կազմակերպության զբաղեցրած տարածքների օգտագործումը հավաստող փաստաթղթերը:
ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացված միջոցների շրջանակում նախատեսված Ախթալա համայնքի մշակույթի տան շենքի գնման նպատակով համայնքին տրամադրված, սակայն չծախսված գումարը, կառավարության որոշմամբ առաջարկվում է հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար համայնքի կողմից համաֆինանսավորման պարտավորությունների կատարմանը:
Գործադիրը հաստատել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը: Որոշմամբ կսահմանվեն օրենքով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության ընթացակարգերը, արտոնությունների կիրառության համար հիմք հանդիսացող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը:
Կառավարությունը հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1 Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Արտաշատի խճուղու փոխհատման ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: Ըստ այդմ՝ հնարավոր կլինի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Արտաշատի խճուղու փոխհատման ճանապարհահատվածում իրականացնել իրացման աշխատանքներ, այնուհետև կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները, որով կապ կհաստատվի Արտաշատի խճուղու և Մ2 միջպետական ճանապարհի միջև:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ձայնագրային սարքավորման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում. Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի գույքը (ձայնագրային սարքավորումներ) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտին:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ