Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 նոյեմբերի 2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Կարծում եմ՝ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու:
1. Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
2. Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարություն:
3. Նույնիսկ եթե հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչու՞ չեք ստեղծում կամ հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ Ձեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից և զարգացումներից:
4. Ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական-սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը Հայաստանի Հանրապետական կուսակցությունում շատ հստակ է դրված՝ խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից:
5. Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել:
6. Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները և իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին: Որևէ պարտադրանք չկա: Դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է:
7. Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ: Բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»:


Կառավարությունը գումար է հատկացրել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով
 

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Գումարը նախարարությունը կփոխանցի Մ. Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին: Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ պաշտպանության նախարարությանը գումար կհատկացվի մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով: Զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի ֆինանսավորման ընդունված պայմանագրերով ստանձնված համաֆինանսավորման գծով առաջացած պարտավորությունների կատարման նպատակով գործադիրը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում:
ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական դեպարտամենտի պետի պաշտոնը հայեցողական պաշտոնից քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի փոխարինելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:


Նույնաբովանդակ և կրկնվող գործունեություն իրականացնող ՊՈԱԿ-ները միացման ձևով կվերակազմակերպվեն. կտնտեսվեն պետբյուջեի զգալի միջոցներ
 

 

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականների՝ վերանայվել են որոշ պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը, ինչի արդյունքում առաջարկվում է դրանցից մի քանիսը միացման ձևով վերակազմակերպել: Կառավարության որոշմամբ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» և «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ները միացման ձևով կվերակազմակերպվեն: Որոշմամբ առաջարկվում է կենտրոնը միացնել ինստիտուտին՝ վերջինիս վերապահելով կենտրոնի գործառույթները: Բացի այդ, նախագծով նախատեսվում է, որ վերակազմակերպված ՊՈԱԿ-ը հետագայում վերակազմավորվելու է հիմնադրամի: Դա հնարավորություն կտա հետագայում նշված հիմնադրամին միացնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Որոշման ընդունման արդյունքում կնվազեն պետբյուջեի ծախսերը՝ կտնտեսվի մոտ 115 մլն ՀՀ դրամ:
Վերանայվել են նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը: Այսպիսով՝ համապատասխան որոշմամբ միացման ձևով կվերակազմակերպվեն «Հայաստանի ազգային գրադարան» և «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ները, որոնք ստեղծվել են մշակութային, տեղեկատվական, կրթական, հրատարակչական գործի մշակման, պահպանման գործունեություն իրականացնելու նպատակով և իրականացնում են նմանատիպ և նույնաբովանդակ գործառույթներ: «Երաժշտագիտական գրադարան» ՊՈԱԿ-ն առաջարկվում է վերակազմակերպել՝ միացնելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, քանի որ վերջինս ստեղծվել է հայ մեծանուն երգահան Կոմիտասի կյանքի, գործունեության, ստեղծագործական ժառանգության հավաքման, հետազոտման, պահպանման, հանրահռչակման նպատակով և այնտեղ առկա է տվյալ բնագավառին առնչվող բազմաթիվ և տարատեսակ երաժշտական գրականություն: Կմիացվեն նաև «Հայաստանի ազգային պատկերասրահ» և «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ները, որոնք ստեղծվել են մշակութային, գիտական, կրթական գործունեություն իրականացնելու նպատակով և նրանց գործունեության տեսակները նույնպես համընկնում և կրկնվում են: Որոշմամբ առաջարկվում է նաև «Ագարակ» պատմամշակութային արգելոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ ստեղծելով «Ագարակ» պատմամշակութային արգելոց:


Կընդլայնվի օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը


Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով կընդլայնվի պետական մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը: Վերջիններիս կվերապահվի նաև ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից մատուցվող մի շարք ծառայություններ: Մասնավորապես, օպերատորը կիրականացնի տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի հատկացման, կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակման, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրման գործառույթներ: Գործընթացը լինելու է շարունակական:


Օրենսդրական նախաձեռնություններ


Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի և Արմեն Ռուստամյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը:
Անդրադառնալով առավել կարևոր առաջարկություններին՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ դրանք հակասում են կամ որոշակի խնդիրներ են առաջացնում ՀՀ Սահմանադրության տառի և ոգու հետ: «Մասնավորապես, առաջին հերթին խոսքը վերաբերում է ԱԺ կանոկակարգ օրենքի 14-րդ հոդվածին, որտեղ նշված է հետևյալը. մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Անմիջապես հաջորդ կետում խոսքը գնում է այն մասին, որ խմբակցությունն իր անդամների թվին համապատասխան մշտական հանձնաժողովներում ունի առնվազն մեկական տեղի իրավունք: Մեր կարծիքով՝ այս երկու դրույթների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հնարավոր է իրավիճակ ստեղծվի, երբ օրինակ ԱԺ-ում փոքր խմբակցությունները համապատասխան մեկական տեղի իրավունք ըստ բաշխման չունենան, բայց այս դրույթի ուժով նրանք ստանան այդ տեղերը և խախտվի Սահմանադրությամբ նախատեսված ԱԺ-ում համապատասխան խմբակցությունների թվին համահունչ տեղեր ունենալու իրավունքը: Խոսքը վերաբերում է մեծամասնության և փոքրամասնության համամասնության խախտմանը»,-ընդգծել է նախարարը: Երկրորդ դիտարկումը վերաբերում է արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքին: «Խոսքը վերաբերում է կանոնակարգ օրենքի այն դրույթին, որին համահունչ Սահմանադրության դրույթի համապատասխան արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու իրավունք ունեն պատգամավորների մեկ քառորդը կամ կառավարությունը: Արտահերթ նիստը կամ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով: Սա Սահմանադրության 100-րդ հոդվածի երկրորդ մասն է: Այնուհետև կանոնակարգ օրենքով նախատեսված են այնպիսի ընթացակարգային կանոնակարգումներ, օրինակ, որ հանձնաժողովներում պետք է պարտադիր անցած լինեն քննարկումներ, կամ եթե այդպես չէ, ապա պետք է լինի խորհրդի համաձայնությունը, վարչապետի գրավոր հիմնավորումը և այլն»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը: Նրա դիտարկմամբ՝ այս կանոնակարգումների արդյունքում արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքն իր բովանդակային առումով դառնում է խնդրահարույց և խոչընդոտվում է ընթացակարգային նորմերով: Նախարարը ներկայացրել է նաև այն վերապահումները, որոնք վերաբերել են խորհրդարանական վերահսկողությանը: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախարարության առաջարկությունների կամ մտահոգությունների որոշ մասը մասնակիորեն արտացոլվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի լրամշակվող նախագծում: «Կառավարությունը եզրակացությունը ներկայացնում է, որ իր համար ընդունելի ուղղումներով՝ եզրակացությունը կլինի դրական»,-ընդգծել է Արփինե Հովհաննիսյանը:
Կառավարությունը քննարկել է ԱԺ նույն պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նշվել է, որ ներկայացված օրենքի նախագիծը հիմնովին լրամշակման կարիք ունի: Մասնավորապես, եթե հիշյալ նախագծի կարգավորման առարկան միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն են (դա բխում է օրենքի վերնագրից), ապա «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագծում պատգամավորի իրավունքների և պարտականությունների մասին կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է: Իրավունքներն ու պարտականությունները երաշխիքներ չեն: Բացի դրանից, նախագծում թվարկված իրավունքներն ու պարտականություններն արդեն իսկ ամրագրված են ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծում: Բացի այդ, նախագծում ամրագրելով, որ օրենքի կարգավորման առարկան պատգամավորի գործունեության իրավական երաշխիքների սահմանումն է` անխուսափելիորեն պետք է անդրադառնալ նաև պատգամավորական իմունիտետի և դրա մեխանիզմների կարգավորման հարցերին: Կառավարությունը նախագիծն ընդունելի կհամարի՝ իր կողմից արված առաջարկությունները հաշվի առնելու դեպքում:
 

Միջազգային համագործակցություն


Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի չորրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղությամբ՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին» փոխըմբռնման հուշագրի նախագծին: Փոխըմբռնման հուշագիրը երկու երկրներին հնարավորություն կընձեռի հաստատել վստահելի և հավասարազոր գործընկերություն, ինչը կնպաստի տրանսպորտի ոլորտում փոխշահավետ համագործակցությանը, կապահովի բարենպաստ պայմաններ երկու երկրների միջև, ինչպես նաև կդյուրացնի երկու երկրների տարածքներով դեպի երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները:
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Համաձայնագրերը նպատակաուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում գործընկեր պետությունների հետ հարաբերությունների լիարժեք, պատշաճ իրականացման կարգավորմանը, «բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմամբ ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվել է՝ հաջորդ տարվա համար նախանշվա՞ծ են արդյոք, թե քանի նոր ուղղություններ կապահովվի «բաց երկնքի» քաղաքականությունից օգտվելով: Նշելով, որ այս պահին թվերով չի կարող ասել, թե քանի ուղղություն կբացվի՝ Սերգեյ Ավետիսյանը վստահեցրել է, որ կարվի հնարավորը նոր ուղղություններ բացելու և ուղևորահոսքի աճ ապահովելու համար: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին հետևողական լինել և մինչև տարեվերջ ուրվագծել անելիքները:


Կապահովվեն հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության խնդիրները
 

Կառավարության հավանությանն է արժանացել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը, որի ընդունումը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման բնագավառում պետական քաղաքականության մեկ միասնական մոտեցումների մշակման ապահովման և իրականացման անհրաժեշտությամբ: Որոշմամբ կսահմանվեն Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման միջոցառումների շրջանակում ծրագրային կարգավորման հստակ պահանջներ` քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու պատմականորեն ձևավորված կերպարի վերականգնման նպատակով քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի կազմման համար:
Գործադիրը սահմանել է սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը: 19 անդամից բաղկացած հանրապետական հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն է հավանության արժանացնել սոցիալական գովազդը. հանձնաժողովն ուսումնասիրելու է ներկայացված դիմումները, որոնց վերաբերյալ եզրակացությունները տրամադրելու է ՀՀ մշակույթի նախարարին:


Այլ որոշումներ


Գործադիրը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: Հիմնավորման համաձայն՝ ձյունառատ ձմռան, անձրևների հետևանքով հանրապետության մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզումներ, ճանապարհահատվածները դարձել են ոչ երթևեկելի և խոչընդոտում են անվտանգ երթևեկության ապահովմանը: Անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Մ-4-Պտղնի-Գետամեջ 4,925 կմ երկարությամբ ճանապարհահատվածի սողանքային երևույթների հետևանքների վերացման և անցանելիության ապահովման աշխատանքներ: Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրի խնայված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 349,279.0 հազար դրամի չափով, որից 76,032.0 դրամը կուղղվի հիշյալ օբյեկտի հիմնանորոգման և նախագծային աշխատանքներին, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայություններին, իսկ 272,183.0 հազար դրամը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին:
Կառավարությունն ընդունել է «Հայփոստ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի հետ կնքել «Հայփոստ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր՝ 9 ամիս ժամկետով:
Երևանի Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Բաժնեմասերը ձեռք բերելուց հետո նախատեսվում է ընկերությունները լուծարել:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ