Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 դեկտեմբերի 2016

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակագային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին, որի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Մասնավորապես, կամրագրվի ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջների ապահովման հարցը, «Մեղրի», «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման ապահովման հետագա ընթացքի տեսլականը և հիդրոակումուլիացիոն կայանի տեղակայման անհրաժեշտության որոշակիացումը: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ նախատեսվում է ընդունել հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, որտեղ կամրագրվեն հստակ միջոցառումներ ներդրումներն ավելի բարենպաստ դարձնելու նպատակով, ինչն իր հերթին կբերի ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման աստիճանի բարձրացման: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է 300 մեգաՎատտ հզորությամբ «Մեղրի», «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներն օր առաջ սկսելու, ներդրողների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ էներգետիկ անվտանգության ապահովման առումով:
Գործադիրի որոշմամբ հավանություն է տրվել նաև «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի հիմնական նպատակն արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելն է: Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված տեղանքներից երկուսի համար «Արիես ինժեներիա» խորհրդատվական իսպանական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ, իսկ չորս տեղանքների համար էլ նախապատրաստվում են: Ծրագրի իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, տնտեսական և էներգետիկ անվտանգությանը, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ նախատեսվող կայանների համար կազմակերպվող մրցույթներն առավել արդյունավետ դարձնելու համար նախարարությունը նախատեսում է հունվարի վերջին անցկացնել հնարավոր ներդրողների ֆորում, որտեղ կքննարկվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները և հավանականությունները: Կարևորելով նախարարության ներկայացրած ծրագրերը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դրանք նախատեսում են մոտ 400-500 մլն ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթ: Վարչապետը նշել է նաև, որ հունվարի առաջին տասնօրյակից սկսած ամփոփվելու են նախարարությունների, գերատեսչությունների հաշվետվությունները, ինչպես նաև ամրագրվելու են 2017թ. անելիքները՝ հատկանշելով յուրաքանչյուր գերատեսչության մասով ներդրումների վերաբերյալ կանխատեսումները: «Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ պատրաստվենք, որպեսզի այդ օրն առարկայական խոսենք»,-նշել է կառավարության ղեկավարը:


Կբարձրանա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանրային հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը
 

2015թ.-ին ընդունված համապատասխան որոշմամբ սահմանվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը: Մասնավորապես, սահմանվել է, որ խորհրդի կազմում ընդգրկվում են նաև 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն խորհրդի ստեղծման պահից դեռևս ոչ մի հասարակական կազմակերպություն չի անդամակցել վերջինիս: Չանդամակցելու պատճառներ են հանդիսանում հասարակական կազմակերպություններին ներկայացվող խիստ չափանիշները, հասարակական կազմակերպությունների թվաքանակի հետ կապված խնդիրները: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել 2015թ. որոշման մեջ: Նախատեսվում է ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առավել մեծ թիվ, այդ թվում՝ մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Առաջարկվում է նաև մեղմացնել 2015թ. որոշմամբ սահմանված հասարակական կազմակերպություններին ներկայացվող չափանիշները: Արդյունքում կբարձրանա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանրային հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը, կապահովվի հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունն, ինչն իր հերթին կհանգեցնի խորհրդի գործունեության արդյունավետությանը:


Գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվեն առավել կարճ ժամկետներ

Ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշումը մշակվել է՝ հիմք ընդունելով գործարարների մտահոգություննները, մասնավոր հատվածից ստացված առաջարկությունները, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է կրճատել հայտատուների ներկայացրած գործարար ծրագրերի գնահատման ժամկետները: Որոշման նպատակն է աջակցել բիզնես միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը: Մասնավորապես, լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը՝ ելնելով կարգով սահմանված չափանիշներից և ներկայացնում են հայտի վերաբերյալ գնահատական: Հանձնաժողովի գնահատած հայտը և համապատասխան եզրակացությունը լիազոր մարմինը ներկայացնում է ՀՀ կառավարություն` քննարկման ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
 

Տարբերակված մոտեցում՝ առավելապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում ստուգումների անցկացման համար

Կառավարությունը հաստատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: Այսպիսով, նորաստեղծ տեսչական մարմինը կունենա բավարար հնարավորություններ հանրապետությունում ըստ գնահատված ռիսկի վերահսկվող կազմակերպությունների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու և առավելապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում ստուգումների անցկացման համար: Արդյունքում տեսչական մարմնի ներուժն առավել արդյունավետ կօգտագործվի օրենքով սահմանված լիազորությունների իրականացման առումով, հետևաբար, իրատեսական նոր հիմքեր կստեղծվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար: Նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը թույլ կտա շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ռեսուրսներն առավելապես և արդյունավետ կերպով նպատակաուղղել դեպի պետական վերահսկողության ենթակա այն կազմակերպությունները (գնահատվող օբյեկտներ), որոնք աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից առավել ռիսկային են:
Գործադիրն ընդունել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում, որով առաջարկվում է սահմանել «ՀՀ 2017թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ֆինանսական ցուցանիշների եռամսյակային համամասնությունները և այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ կլինեն իրականացնել տարվա ընթացքում բյուջեի կատարումն ապահովելու նպատակով: Կարևորելով փաստաթուղթը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հստակ ձևակերպված հայտանիշերը կբարձրացնեն ֆինանսական կարգապահությունը, և յուրաքանչյուր սուբյեկտ կհասկանա իր հնարավություններն ու անելիքները:

Օպտիմալացում, կրճատում, ֆինանսական միջոցների տնտեսում


Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ ֆինանսների նախարարության «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ պայմանավորված պետական կառավարման ապարատի օպտիմալացման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից պետական կառավարման մարմնին հատկացվող միջոցների նվազեցման անհրաժեշտությամբ: Կենտրոնն ունի 19 հաստիքային միավոր, և վերջինիս տարեկան պահպանման ծախսերը կազմում են շուրջ 110 մլն ՀՀ դրամ: Կենտրոնի գործառույթները նախարարությունը կիրականացնի այլ կազմակերպությունների միջոցով՝ տնտեսելով հատկացվող միջոցները, որոնք հետագայում կուղղվեն պետբյուջե:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները վերակազմակերպելու, հաստիքները կրճատելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կկրճատվեն հաստիքային միավորներ և կհստակեցվեն նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, ինչի արդյունքում ակնկալվում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների արդյունավետության պահպանում ավելի քիչ ռեսուրսներով: Որոշման ընդունումը փոփոխություններ կառաջացնի պետբյուջեում՝ ծախսերի նվազեցման մասով:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, համապատասխան լրացումներ և փոփոխություններ կկատարվեն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության գործառույթներում: Նախարարության և դրա ենթակա կազմակերպությունների օպտիմալացման արդյունքում հաստիքները կկրճատվեն 293-ով կամ 23 տոկոսով, կկրճատվեն նաև 30 միավոր տրանսպորտային միջոցներ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի մոտ 740 մլն ՀՀ դրամ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի որոշ նմանատիպ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու, մարզպետարանի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացմանը քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու և պետական ապարատի օպտիմալացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, նախատեսվում է լուծարել մարզպետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ ստեղծելով մարզպետի մամուլի քարտուղարի հաստիք: Օպտիմալացման շրջանակում նախատեսվում է կրճատել նաև 1 փոխմարզպետի հաստիք: Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նախատեսվում է մարզպետարանին հատկացված հաստիքների մոտ 15-20 տոկոսով կրճատում:
Գործադիրի որոշմամբ առաջարկվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված 11 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ հետագայում ՀՀ կառավարության սահմանած կարգով օտարելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ այդ ծառայողական մարդատար ավտոմեքենաները գտնվում են սարքին վիճակում, սակայն դրանց շահագործումը նպատակահարմար չէ, քանի որ պահանջում է լրացուցիչ ծախս` վառելիք, վերանորոգում և այլն:

Կմիաձուլվեն «Փոքր Մհեր» կրթահամալիրը և Ապարանի ռազմամարզական վարժարանը

Կառավարությունն ընդունել է «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Նուբարաշենի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու, «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ վերակազմակերպելու մասին» որոշում՝ կրթության ոլորտում գործող ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով: Վերակազմակերպման արդյունքում կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի հենքի վրա կստեղծվի հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ՊՈԱԿ, որի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (1-9-րդ դասարաններ) ծրագրերի իրականացումն է: Մասնագիտացված դպրոցի նպատակը ծրագրերին համապատասխան սովորողների դաստիարակության ապահովումն է, մասնագիտացված կրթություն ստանալու համար պայմանների ստեղծումը: ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:
Գործադիրը հաստատել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի ընտրության արդյունքները:


Աջակցություն կստանա ներդրումային հերթական ծրագիրը


Կառավարությունը թույլատրել է «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող հումքերն ու նյութերն ընկերությունն օգտագործելու է գինու և կոնյակի արտադրության համար։ Դրանք չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ Արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես արդյունք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
 

 

Կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը


Հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ 2016. մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես, կհստակեցվեն պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը, կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում, դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այդ թվում՝ բողոքարկելով անկախ հանձնաժողովի որոշումները:
Գործադիրը հավանություն է տվել «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակը բանկային, ապահովագրական համակարգերի կարգավորման և վերահսկողության դաշտի համապատասխանեցումն է միջազգային պահանջներին: Մասնավորապես, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է Պարտավորության և եկամտի հարաբերակցության (DTI) և Պահանջի և գրավի (LTV) հարաբերակցության առավելագույն չափերի սահմանում: «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է «Համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն» հասկացության սահմանում և վերջիններիս նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման հնարավորություն, ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության սահմանման փոփոխություն, ներքին աուդիտի, արտաքին աուդիտի և պատասխանատու ակտուարի պաշտպանության մեխանիզմների ներդնում, կյանքի ապահովագրության պորտֆելի փոխանցման դեպքում ապահովադիրների առարկությունների ներկայացման ընթացակարգի ներդնում և այլն: Նախատեսվում է նաև ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանման հնարավորություն. սպառողների շահերի առավելագույն պաշտպանվածության, ինչպես նաև ապահովագրական խարդախությունների կանխարգելման նպատակով ԿԲ-ին իրավասություն է տրվել սահմանել ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև ապահովագրական միջնորդների և նրանց գործունեության նկատմամբ: Կարեն Կարապետյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է, թե արդյոք անընդհատ նվազեցնելու են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ի պատասխան ԿԲ նախագահը նշել է, որ եթե դրա կարիքը լինի՝ կնվազեցնեն: Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25 տոկոս:
Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պահանջներում սահմանել կազմակերպության կողմից երկու աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջ՝ ներկայումս գործող հինգ աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջի փոխարեն: Կառավարության եզրակացության համաձայն՝ հինգ որակավորված աուդիտոր աշխատակից ունենալու պահանջ սահմանելու դրույթն առաջադրվել է՝ հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը տարբեր ոլորտների հետ առնչվելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ ոլորտներում մասնագիտական բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնագետներ պահանջվելու հանգամանքը: Այսինքն, փոփոխության նպատակն ի սկզբանե եղել է մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը: Այդուհանդերձ, գործնականում հինգ աշխատող աուդիտոր ունենալու իրավական պահանջը դժվարություններ է առաջացրել աուդիտորական ընկերությունների մոտ: Ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում է աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել աուդիտորական ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգ, վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը՝ աուդիտորական կազմակերպությունների ռեեստր ներդնելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոփոխել աուդիտորների պահանջվող նվազագույն թվաքանակը: Կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջադրված օրենսդրական փոփոխության համար բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել:


Երկարաձգվել է էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման ժամկետը


Կառավարության որոշմամբ առաջարկվել է կնքված՝ էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ժամկետը երկարաձգել. 2017թ. հունվարի 11-ի փոխարեն սահմանվել է մինչև 2017թ. ապրիլի 30-ը ներառյալ: Էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման նոր ժամկետի սահմանումը պայմանավորված է Դիլիջանի ուսումնական կենտրոնում, Բավրա մաքսակետում ընթացող վերակառուցման շինարարական աշխատանքներով:
2016թ. մարտ ամսից Բագրատաշենի մաքսակետում տեղադրված «Ռապիսկան» մակնիշի ռենտգեն զննող սարքն ապամոնտաժվել է Գոգավան մաքսակետ տեղափոխելու նպատակով: Այդ պատճառով այս տարվա ընթացքում սարքը չի շահագործվել, և սպասարկման վճարը չի օգտագործվել և տնտեսվել է: Կառավարության որոշմամբ ծրագրով նախատեսված և չծախսված 110.0 մլն ՀՀ դրամը կտեղափոխվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Գործադիրն ընդունել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշեն մաքսակետի տարածքից «Դյութի ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին որոշում: Որոշման ընդունումը կնպաստի հողամասերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ներդրումների ծավալների և աշխատատեղերի ստեղծման բարձրացմանը:
 

Կպարզեցվի առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման գործընթացը


Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում: Համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման համակարգի ներդրման և ոլորտի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությամբ: Արդյունքում ՀՀ ավիացիայի բնագավառի, բացառությամբ ռազմականի, քաղաքականությունը մշակող, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության տեխնիկական կարգավորման լրազորված մարմին է ճանաչվում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Որոշմամբ նախատեսվում է դեպի ՀՀ և ՀՀ-ից կանոնավոր ու երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացի արդիականացում և առցանց համակարգի ներդրում, որի արդյունքում կկրճատվի նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և կպարզեցվի թույլտվությունների տրման գործընթացը: Ի պատասխան վարչապետի հարցմանը, թե քանի ավիաընկերության են դիմել բանակցելու առաջարկով՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դիմել են 40-ից ավելի ավիաընկերությունների՝ հիմնականում Եվրոպայում տեղակայված: «Ներկայում արդեն պատասխան ունենք 3-4 ավիաընկերությունից: Առաջիկայում նախատեսում ենք անցկացնել տեխնիկական քննարկումներ»,-ասել է Ս. Ավետիսյանը: Կարեն Կարապետյանը հորդորել է հսկողություն սահմանել, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է:


Հանրապետության բոլոր քաղաքներում բացօթյա հրաձգարաններ կկառուցվեն


Կառավարությունը հավանություն է տվել հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը վեցամսյա ժամկետում կմշակի և կառավարություն կներկայացնի հայեցակարգից բխող ՀՀ հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման 2018-2024 թթ. ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ հրաձգություն մարզաձևը զարգացնելու և ՀՀ բնակչությանը զենքով ինքնապաշտպանություն սովորեցնելու համար, մասնավորապես, անհրաժեշտ է հանրապետության բոլոր քաղաքներում 2018-2024թթ. կառուցել բացօթյա հրաձգարաններ: Անհրաժեշտ է նաև առաջիկայում վերանորոգել եղած հրաձգարանները և դրանք ապահովել զենքով ու զինամթերքով: Հրաձգարանների կառուցումը հաջորդող տարիներին պետք է կրի շարունակական բնույթ: Մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայմաններից է հանրակրթական դպրոցներում, նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրակելու հմտությունների ուսուցանումը նախնական զինվորական պատրաստության դասաժամերին:
Տարեվերջյան նիստի ավարտին Կարեն Կարապետյանը շնորհավորել է բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը. «Լավ հանգստացեք, լավ եռանդով վերադարձեք, որովհետև 2017 թվականի ռեժիմը լինելու է շատ ավելի ծանր»:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ