Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016
Ազգային ժողովի հարգարժան նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության անդամներ, հրավիրվածներ
Այսօրվանից մեկնարկում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կարծում եմ, որ արդյունավետ քննարկումների արդյունքում գալիք տարվա համար հնարավոր կլինի ունենալ բյուջետային ռեսուրսների օգտագործման հնարավորինս նպատակային և օպտիմալ ծրագիր:
Ֆինանսների նախարարը և գերատեսչությունների պատասխանատուները ձեզ կներկայացնեն նախագծի յուրաքանչյուր տարրի մանրամասները: Այդուհանդերձ, կցանկանայի մի քանի կարևոր հանգամանք նշել.
Վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված թե´ Ռուսաստանի Դաշնության տնտեսական անկմամբ, թե´ պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը:
2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար, սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը:
Նշեմ, որ բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումները:
2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ: Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը՝ նշված ցուցանիշին հասնելը մեզնից բավական ջանքեր կպահանջի, և մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ այդ մակարդակն ապահովելու համար:
Հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային, հասկանալի՝ յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար: Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար: