Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Ուրբաթ, 14 Հուլիսի 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը «Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին

Հարգելի գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի մրցունակության վերաբերյալ 2017 թվականի զեկույցի շնորհանդեսին և շնորհակալություն եմ հայտնում Ի-Վի Քոնսալթինգ ընկերությանը և Տնտեսություն և Արժեքներ Հետազոտական Կենտրոնին այս զեկույցը պատրաստելու համար։ Կարծում եմ, որ ձևավորված բարի ավանդույթ է նման հարթակներում քննարկելու անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ արժեքավոր վերլուծությունները և գտնելու առաջ շարժվելու ճիշտ բանաձևը:

Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է:

Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, և մեզ համար շատ ակտուալ է հասկանալ և ձևակերպել՝ ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա, և մենք այսօր ինչ պետք է անենք՝ նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու և առավել ևս դրա դրական արդյունքներից և հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար։

Ինչպես արծարծվում է նաև զեկույցում, 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է ինչպես լայն հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր։

Ակնհայտ է, որ զարգացման հետևանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, և տեխնոլոգիան փոխարինելու է շատերին իրենց աշխատատեղերում։ Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտների, ինչպիսին է, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլ նաև այլ ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական ինտելեկտը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ կամ նույնիսկ ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ տեխնոլոգիան կփոխարինի մարդուն։

Մենք ունենալու ենք նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու կարիք։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք, արդեն այսօրվանից սկսած, պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին՝ տեխնոլոգիաների ներմուծումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար: Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, և կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է նաև ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն՝ ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա. ստեղծի՛ր բազմազանություն, ընտրի՛ր և բազմացրո՛ւ։

Այս հեղափոխությունը ներկայացնում է հսկայական հնարավորություններ ևս։ Առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացումը մեզ հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներում:

Ավելի շատ կցանկանամ խոսել այն մասին, թե ինչ ենք ուզում անել և պետք է անենք։

Համապատասխան միջավայր ձևավորելու դեպքում մենք կարող ենք հասնել մրցունակության, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը և էապես խթանել նոր տաղանդների բացահայտմանը և նրանց ներկայությանը բոլորովին նոր շուկաներում և հարթակներում։ Սա պետք է մեզ հնարավորություն տա հասկանալու մեր տեղն ու դերը, ինչպես նաև հնարավոր օգուտները ձևավորվող այս նոր իրականության մեջ։

Հարկ եմ համարում անդրադառնալ, թե ինչ քայլեր են այսօր կատարվում կամ նախատեսվում են կատարվել կառավարության կողմից զեկույցում բարձրացվող հարցերի համատեքստում։

1. վերջերս ընդունված Կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք նորարարության զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակում, որը մեզ հնարավորություն կտա ունենալ հստակ և երկարաժամկետ ծրագիր՝ նորարարությունը և նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար,

2. մշակելու ենք հստակ մեխանիզմներ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը խթանելու համար,

3. ներգրավելու ենք վերազգային առնվազն երկու կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձևավորման նպատակով,

4. ինովացիոն էկոհամակարգի ձևավորման տեսանկյունից ստեղծելու ենք նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավել ինովացիոն ենթակառուցվածքները և նպաստել գիտելիքների առևտրայնացմանը,

5. խթանելու ենք գիտության և մասնավոր հատվածի համագործակցությունն ու գիտության առևտրայնացումը։ Սա թերևս ինովացիայի խթանման ամենադասական մեխանիզմներից է,

6. հստակ հասկանալով և գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է պետության և մասնավոր հատվածի ռեսուսրների մոբիլիզացիա, կառավարության ծրագրով նախատեսել ենք պետության-մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել և զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր և իրականացնել հստակ ծրագրեր։ Պետք է ասեմ, որ այստեղ կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ` և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից, և՛ օտարերկրյա գործընկերներ/, ովքեր մեր կրթության մեջ կատարում են ներդրումներ և բերում են նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ և լուծումներ,

7. վերանայում ենք մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև մշակում կրթության զարգացման հայեցակարգը, որտեղ հատուկ ուշադրություն ենք դարձրել մի շարք հմտությունների զարգացման վրա, որոնց մեջ առկա են նաև զեկույցով նշված մետահմտությունները,

8. արդեն մի քանի աշխատանքային այցելություն է կազմակերպվել բլոկ-շղթա (blockchain) տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ՀՀ կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները,

9. վերջապես, ծրագրով հայտարարել ենք, որ մեզ համար առանձին գերակայություն է լինելու թվայնացումը։ Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության և մեր կյանքի տրանսֆորմացիայի համար, որտեղ կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության և թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Այս ամենը նաև ենթադրում է ֆինանսավորման ճիշտ, երբեմն նորարար մեխանիզմների ձևակերպում և խելացի կիրառում: Կառավարությունը հստակ գիտակցում է սա և այս կետին մենք առանձին անդրադառնալու ենք նշված ռազմավարությունների մշակման ժամանակ:

Սրանք ընդամենը մի քանի հարցերն են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ այս կարևոր զեկույցի համար։ Կարծում եմ, որ այն լայնորեն օգտագործվելու է մեր օրակարգում գտնվող հարցերը քննարկելու և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ։

Ավելին, հորդորում եմ իմ գործընկերներին, գործարար և գիտական հանրությանը ժամանակ գտնել և ծանոթանալ այս զեկույցի հետ, ուշադրություն դարձնելով այնտեղ բարձրացված հարցադրումներին և զարգացման ուղղություններին:

Մենք կառավարությունում և այս զեկույցը, և նախորդ տարվա զեկույցը լայնորեն քննարկելու ենք: Իրականում կյանքը փոխվում է. որքան շուտ մենք դա հասկանանք և ինքներս փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք:

Շնորհակալություն և բոլորիդ լավ տրամադրություն: