Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ Երևանի Հայ-ռուսական համալսարանի և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտի՝ անցումային շրջանում գտնվող տնտեսությունների զարգացման հիմնահարցերին նվիրված համատեղ ֆորումի մասնակիցներին:
Համոզված եմ, որ նմանատիպ քննարկումները, մտքերի և փորձի փոխանակումը չափազանց կարևոր է, որի արդյունքում կարող են գալ լուծումներ, որոնք օգտակար են լինում թե´ ակադեմիական աշխարհին և թե´ կառավարություններին՝ իրենց ռեֆորմների ձևակերպման և իրականացման գործընթացում։
Մենք պետք է ֆիքսենք, որ ապրում ենք չափազանց հետաքրքիր ժամանակաշրջանում։ Դասական տեսություններն ու մոտեցումները կարծես երբեմն չեն տալիս լուծումներ մեր առջև կանգնած խնդիրներին։ Այդ տեսությունների ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է այն արդյունքները, որոնք այդ տեսությունները խոստանում են կամ կանխատեսում են։ Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի թե´ խոշոր ընկերությունում, թե´ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը և իրական միջավայրին, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն։ Այդպիսի գործոնները շատ կարող են լինել՝ աշխարհաքաղաքական դիրքը, քաղաքական վիճակը, հասարակության վստահության մակարդակը, տնտեսության փակ կամ իզոլացված լինելը և այլն։ Սրան ավելանում է մեկ այլ մարտահրավեր. մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները ներթափանցում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, որը սովորաբար կոչում ենք չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն։ Այսօր խոսում ենք պլատֆորմային տնտեսությունների, իրերի համացանցի, արհեստական բանականության, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների և մեծ տվյալների մասին։ Այսօր խոսում ենք արհեստական բանականությամբ կառավարվող վերտիկալ այգիների, առողջապահության ոլորտում եռաչափ տպագրության, մեծ տվյալների օգտագործմամբ նոր լուծումներ մշակելու մասին։ Մեծ տվյալների և արհեստական բանականության լուծումների շնորհիվ GOOGLE պլատֆորմը հնարավորություն է տալիս ավելի արագ իմանալ որոշ հիվանդությունների տարածման մասին, քան տալիս են դասական տեխնոլոգիաները։ Այսօր կա մի նվագախումբ, որի բոլոր գործիքները պատրաստված են եռաչափ տպիչների միջոցով։ Ես իրականում չգիտեմ՝ դրանք լավ են նվագում, թե ոչ, բայց փաստը տպավորիչ է:
Այս երևույթները, բնականաբար, մարտահրավեր են նաև մեր կրթական համակարգի համար։ Հիսունականներին լավագույն բարձրագույն կրթությունը դասական կրթությունն էր, որտեղ շեշտը դրվում էր տարբեր տեսությունների մանրամասն ուսումնասիրության վրա։ Ութսունականների վերջից կրթությունը ենթարկվեց տրանսֆորմացիայի և ավելի շատ շեշտը դրվեց կոնկրետ խորացված մասնագիտացման վրա։ Այժմ մենք գտնվում ենք այլ իրականության մեջ. այսօր ակտուալ է միջսեկտորային կրթությունը` լրագրություն և թվային տեխնոլոգիաներ, իրավաբանություն և բիզնես, կենսաբանություն և ՏՏ և այլն։ Այսօր գիտելիքները մատուցվում են ոչ միայն դասական տեսություններ ուսումնասիրելով, այլ նաև case study-ների միջոցով։ Այսօր ֆունդամենտալ գիտությունից մենք շատ դեպքերում գնում ենք դեպի այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք հնարավոր է կոմերցիալիզացնել։ Սա մեզ բերում է մի իրականության, որտեղ լուծումներ փնտրելիս պետք է լինել առավելագույնս ճկուն և նորարար։ Պետք է մշտապես մտածել, թե ինչպես թերությունները կամ բացերը կարելի է դարձնել մեր առավելությունը։ Պետք է գիտակցել՝ այն սահմանափակումները, որոնք մենք ունենք, մեզ մղելու են ավելի խելացի վարվելու և ավելի նորարար լուծումներ գտնելու։
Հենց այդ հանգամանքները և իրականությունը հաշվի առնելով՝ մենք մշակել ենք մեր կառավարության ծրագիրը, մշակում ենք մեր Հայաստանի զարգացման ռազմավարությունը, Հայաստանի թվային օրակարգը, ինչպես նաև այլ քաղաքականությունները։ Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ և խելացի Հայաստան։
Մենք մտածում ենք, որ Հայաստանը, ունենալով հարաբերականորեն փոքր տնտեսություն, ներդրողների համար կարող է լավագույն հարթակ դառնալ Եվրասիական տնտեսական միություն մտնելու համար, որովհետև մենք հանդիսանում ենք այդ ակումբի անդամ, սահմանին ստեղծելով ազատ տնտեսական գոտի՝ մեր հարևան Իրանի շուկաներ մտնելու համար, ունենալով GSP+ ռեժիմ՝ Եվրամիություն մտնելու համար: Ավելին, Եվրամիության հետ նոյեմբերին համաձայնագիրն ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որը առևտրի հատուկ ռեժիմ կունենա և´ Եվրամիության, և´ Եվրասիական տնտեսական միության հետ։ Կարծում եմ, որ սա կարող է շատ հետաքրքրական առավելություն լինել մեզ համար, որպեսզի ներդրողներ ներգրավենք։
Մենք մտածում ենք, որ Սփյուռքի հետ մեր հարաբերությունները և Սփյուռքի մասնակցությունն իրենց պատմական հայրենիքի կյանքում դեռ ամբողջությամբ չի օգտագործվել։ Ուզում ենք, որպեսզի Հայաստանը դառնա պլատֆորմ սփյուռքահայերի համար՝ ստեղծագործելու, արարելու, ներդրումներ կատարելու համար։ Մենք էական շեշտ ենք դնելու մեր պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացման վրա, որը հնարավորություն կտա մեր պետական ապարատը և տնտեսությունը դարձնել ավելի արդյունավետ, մրցունակ և թափանցիկ։ Իրականում մեր առավելությունը մեր փոքրությունն է, որը մեզ տալիս է փոփոխություններին արագ արձագանքելու և արդյունավետ լինելու, շատ արագ փոխվելու հնարավորություն: Կարծում եմ, որ այսօրվա հարթակը չափազանց հարմար է այս հարցերը քննարկելու համար։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու նմանատիպ պլատֆորմներին։ Ավելին, մենք որոշել ենք և այսօր ես ուզում եմ հայտարարել, որ 2018 թվականից սկսած՝ մտածում ենք ռեգուլյար կազմակերպել մեծ տնտեսական և ներդրումային ֆորումներ Հայաստանում, որտեղ կխոսենք այն բոլոր խնդիրների և հեռանկարների մասին, որոնք տեսնում ենք մեր երկրում։
Ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել ֆորումի մասնակիցներին, հատուկ ողջունել արտասահմանից եկած հյուրերին և հատուկ ողջունել մեր երիտասարդ գործընկերներին: Չափազանց հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում, չափազանց ֆանտաստիկ մեծ հնարավորություններ ունեք: Այսօր աշխարհ փոխելը, երկիր փոխելը շատ հետաքրքիր մարտահրավեր է: Միշտ գիտակցեք, որ դուք ապրում եք ամենահեռանկարային երկրում: Ձեզ հաջողություն եմ մաղթում, մաղթում եմ, որ լինեք համարձակ, որևէ հեղինակությունից մի վախեցեք, ձեր կարծիքը միշտ հայտնեք, ամեն առավոտ արթնանալուց ուրախացեք, որ այսօր կարող եք մի բան փոխել: Բոլորիդ լավ տրամադրություն: