Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության վերաբերյալ հայտարարություն
1. Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների (այսուհետ՝ Թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ:
2. Դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով (0010, քաղաք Երևան, Կառավարական տուն 1 հասցեով) կամ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին (lusine.miqaelyan@gov.am)՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով: Փաստաթղթերն առձեռն ընդունվում են մինչև ս․ թ․ դեկտեմբերի 26-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ, իսկ էլեկտրոնային փոստի հասցեին կամ փոստով ուղարկված լինելու դեպքում՝ մինչև ժամը 24։00-ն ներառյալ։
3. Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ պատասխանատու անձին՝ 010 515 754 հեռախոսահամարով կամ lusine.miqaelyan@gov.am էլ. հասցեով:
4. Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակություն․
3) Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով.
4) հայերենին տիրապետելը․
5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը.
6) ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկի՝ Կառավարության սահմանած մակարդակի իմացություն
7) քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցրած լինելը կամ դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ ունենալը։
5. Մրցույթին մասնակցել ցանկացողները Վարչապետի աշխատակազմ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) մրցույթին մասնակցելու նպատակով հավակնորդի կողմից ստորագրված և Խորհրդին հասցեագրված դիմում․
2) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
3) երկու գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
4) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն (պատճեններ), այդ թվում՝ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանը, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն (պատճեններ).
5) ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տվյալներ դիմողի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանեկան կարգավիճակի (պարտադիր չէ ներառել) մասին.
6) քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքը հավաստող կամ դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ ունենալը հավաստող փաստաթղթի պատճեն (պատճեններ).
7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճեն (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
8) պահանջվող օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն)՝ ՀՀ կառավարության սահմանած մակարդակին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)։
9) արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն.
10) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ՝ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չիրականացված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
11) ՀՀ կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).
12) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ թեկնածուն, լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
13) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ.
14) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին.
15) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին.
16) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (հասանելի է այստեղ):
6. Մրցույթն անցկացվելու է հետևյալ փուլերով՝
Փաստաթղթերի ուսումնասիրության փուլ, բարեվարքության ուսումնասիրության փուլ, հարցազրույցի փուլ, արդյունքների ամփոփման փուլ:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Խորհուրդը հարցազրույցի միջոցով ստուգում է տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման և կառավարչական հմտություններին տիրապետելու, ինչպես նաև տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները և մասնագիտական կարողությունները:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը սահմանված է Խորհրդի Որոշմամբ:
Մասնագիտական որակները գնահատելու նպատակով հարցազրույցի փուլի ընթացքում նախատեսված իրավական հարցի ընտրությունը կատարվում է Խորհրդի նախապատրաստած հարցերը (Հարցարանը հասանելի է այստեղ) թեկնածուի կողմից վիճակահանությամբ ընտրելու միջոցով:
Հարցազրույցի արդյունքներով Խորհուրդը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած առնվազն երկու և առավելագույնը երեք թեկնածուները, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու: