ԱՃԹՆ-ի (EITI) մասին
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ, EITI) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: Այդ ստանդարտին միացել են 55 երկրներ (10.06.2021թ. դրությամբ):
ԱՃԹՆ ստանդարտի պահանջները վերաբերվում են բնական պաշարների արդյունահանման ազդեցությանը պետության սոցիալ-տնտեսական, ինչպես նաև բնապահպանական, համայնքային զարգացման ազդեցությանն առնչվող հիմնական խնդիրների վրա: Ստանդարտով պահանջվում է բացահայտել, թե ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման ոլորտի թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այդ գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, որքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովում այդ ամենը տնտեսության մեջ:
Նախաձեռնությանը միացած յուրաքանչյուր երկրում ԱՃԹՆ-ի ստանդարտի կիրառումն իրականացվում է կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոալիցիայի՝ բազմաշահառու խմբի միջոցով :
ԱՃԹՆ-ի միջազգային կառավարումն իրականացնում է ԱՃԹՆ-ի միջազգային խորհուրդը:
ԱՃԹՆ-ին Հայաստանի անդամակցության նախադրյալները
Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտը երկրի տնտեսության համար ավանդաբար ունեցել է առանցքային նշանակություն: Հայաստանի Հանրապետության պղնձի, մոլիբդենի և ոսկու պաշարները գերազանցում են տարածաշրջանի այլ երկրներում դրանց առկա պաշարները: Ըստ 2019թ. Հայաստանի ԱՃԹՆ-ի ազգային զեկույցի՝ մետաղական հանքարդյունաբերությունը ապահովել է երկրի արտահանման ծավալի ավելի քան 1/3-ը, պետական եկամուտների մոտ 6%-ը, ՀՆԱ-ի մոտ 3%-ը: Ուստի, բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարումը խթանող նախաձեռնությանը՝ ԱՃԹՆ-ին միանալու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է որպես Բաց կառավարման գործընկերության ծրագրի հանձնառություն և որպես ոլորտի պետական կառավարման թափանցիկությունը, դրանում գործարար հատվածի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը խթանելու միջոց:
ԱՃԹՆ-ին անդամակցության հայաստանյան գործընթացը սկսվել է 2015թ. հուլիսին, երբ ՀՀ վարչապետը պաշտոնապես հայտարարեց ԱՃԹՆ-ին անդամակցելու մտադրության մասին։ 2017թ. մարտի 9-ին Հայաստանի ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը հաստատվեց Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Հայաստանում ԱՃԹՆ-ի գործընթացի վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը, իսկ իրականացման վարչարարությունը՝ ԱՃԹՆ-ի հայաստանյան քարտուղարությունը:
Հայաստանի ԱՃԹՆ-ի գործունեության արդյունքները
- 2018թ. գործարկվել է Հայաստանի ԱՃԹՆ-ի www.eiti.am պաշտոնական կայքը և reports.eiti.am հաշվետվությունների առցանց համակարգը , որոնց միջոցով կարելի է հետևել ԱՃԹՆ-ի գործունեությանը, ինչպես նաև իմանալ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջներին համապատասխան տեղեկատվություն։
- Հրապարակվել են Հայաստանի ԱՃԹՆ-ի 2016-2017, 2018 և 2019 թվականները ներկայացնող 3 ազգային զեկույցներ, որոնցում արտացոլվել է այդ տարիների մետաղական հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:
- Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ունեցող բոլոր ընդերքօգտագործողները և համապատասխան պետական գերատեսչությունները (ՇՄՆ, ՊԵԿ, համայնքներ/ՏԿԵՆ) ներկայացնում են ԱՃԹՆ-ի տարեկան հրապարակային հաշվետվություններ։
- Հրապարակվել և հանրության համար հասանելի են մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ընդերքօգտագործման իրավունքների ռեգիստրը, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը,
- 2020թ. փետրվարից իրականացվում է իրական սեփականատերերի (շահառուների) վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու օրենսդրական պահանջը։ Իրական շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը անվճար հասանելի է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքում:
ԱՃԹՆ-ին միանալու ՀՀ կառավարության հայտարարությունից սկսած գործընկերային հարաբերություններ են ստեղծվել մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Համաշխարհային բանկի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, ԱՄՆ ՄԶԳ-ի, Երևանում բրիտանական դեսպանատան, ՄԱԶԾ-ի և այլոց հետ, որոնք 2016 թվականից սկսած աջակցում են Հայաստանում ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացին։
Նախաձեռնության մասին մանրամասն կարելի է ծանոթանալ ԱՃԹՆ-ի հայաստանյան www.eiti.am կայքում։
Անկախ աուդիտորի եզրակացություններ
Համաշխարհային բանկի ԱՃԳԾԱ թիվ TF0A6768 դրամաշնորհային համաձայնագրով ֆինանսավորվող «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն» ծրագրի ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորի եզրակացությունը։
Ծրագրի ֆինանսական հաշվետվություն և անկախ աուդիտորի եզրակացություն
Project Financial Statements and Independent Auditors Report