Հ. Նախատեսվա՞ծ է արդյոք անվճար առաջնային բուժօգնության տրամադրում։ Բուժօգնություն իրականացնող հաստատություններում սպասվու՞մ է արդյոք բժշկական անձնակազմի աշխատողների աշխատավարձերի աճ։
Ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բուժօգնության ծավալներում կընդգրկվի ամբողջ բնակչությունը` անկախ տարիքից և սոցիալական վիճակից, բացառությամբ ստոմատոլոգիական բուժօգնությունից, որն անվճար է նախատեսվում միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածների, մինչև 8 տարեկան երեխաների, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց, ինչպես նաև 12 տարեկան երեխաների համար։
Նախատեսվում է առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն իրականացնող բուժհաստատություններում բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը հասցնել մինչև 92.4 հազ. դրամ, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը` 59.2 հազ. դրամ։ Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բուժհաստատություններում բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է հասցնել մինչև 66.4 հազ. դրամ, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը` մինչև 52.0 հազ. դրամ։