Հ. Կառավարության կողմից Հայաստանում շինարարության ոլորտի աշխուժացմանն ուղղված ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում:
ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով շինարարական ոլորտի խիստ կարևոր դերը երկրի ՀՆԱ-ի ձևավորման գործում, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ`ոլորտի զարգացմանը խթանելու նպատակով: Այդ նպատակով նախ և առաջ պետական երաշխիքներ են տրամադրվում այն կառուցապատողներին, որոնց բազմաբնակարան անավարտ շինություններն ունեն 50% և ավելի ավարտվածության աստիճան։ Հաջորդ նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր օրենքի մշակմանը, ըստ որի նախատեսվում է սուբսիդավորել ՀՀ-ում 2009-2011թթ. 1 մլրդ. դրամ և ավելի արժողությամբ հանրային բնույթի նոր շինարարության գործընթացը` շինարարության ավարտից հետո կառուցապատողին վերադարձնելով ընթացքում պետական բյուջե վճարած ԱԱՀ-ի և սոցիալական վճարի ամբողջ ծավալը։
Շինարարության ոլորտի աշխուժացման և բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը մտադիր է հիմնել հիպոթեքային հիմնադրամ, որը կլինի պետություն-մասնավոր համագործակցության հիմքի վրա։ Ակնկալվում է, որ պետական մասնակցությունը կլինի 20 մլն. դոլարի չափով, ինչը հետագայում հնարավորութուն կընձեռի բնակչությանը հիպոթեքային վարկեր տրամադրելու նպատակով ներգրավել 200-300 մլն. դոլար։