շաբաթ, 27 հուլիսի 2013
Հանդիպել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները
ՀՀ վարչապետ, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:
Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ինտենսիվ համատեղ աշխատանքը` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մեր նախորդ հանդիպումից հետո բավական լուրջ աշխատանք է կատարվել, որը շոշափելի արդյունքներ է տալիս: Քննարկվել են բազմաբնույթ հարցեր, ինչը և մեր նպատակն էր` դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները, բացահայտել համագործակցության նոր ոլորտներ, և կարելի է փաստել, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են»:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերից առաջ նման հանդիպումները լավ հնարավորություն են աշխատանքներն ամփոփելու և հետագա անելիքները քննարկելու առումով: Նա շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին և հայ գործընկերներին փոխըմբռնման և արդյունավետ աշխատանքի համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Սանկտ-Պետերբուրգում այս տարի աշնանը:
Հանդիպմանը հաջորդել է քննարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը: Արձանագրությունն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից` ՀՀ վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության անունից` ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի նախագահ Մաքսիմ Սոկոլովը: