չորեքշաբթի, 11 սեպտեմբերի 2013
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյին
Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի հետ։
Երկու երկրների վարչապետերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական իրավիճակը` նախանշելով նաև ապագայի ակնկալիքները: Բելգիայի վարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ Եվրոպայի ընդհանուր տնտեսական իրավիճակի կայունացման համար առկա են զգալի դրական ազդակներ:
Այնուհետև Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն հետաքրքրվել է Հայաստան-Եվրոպական միություն, ինչպես նաև Հայաստան-Մաքսային միություն հարաբերություններով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակելու է ինտեգրացիոն գործընթացները նաև եվրոպական ուղղությամբ և շարունակելու է բարեփոխումներ իրականացնելու իր վճռականությունը, հույս հայտնելով, որ այս հարցում Բելգիան նույնպես իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին։
Երկու երկրների վարչապետերն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանը, մասնավորապես բելգիական կողմի օժանդակությամբ ստեղծվող արագացուցչին, որը նախատեսված է Երևանում կառուցվող օնկոլոգիական ախտորոշիչ կենտրոնի համար: