հինգշաբթի, 11 սեպտեմբերի 2014
Լուծվում են համայնքային հանդիպումների ժամանակ արծարծված խնդիրները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ լուծվել են ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համայնքային հանդիպումների ժամանակ արծարծված մի շարք հարցեր: Մասնավորապես կարևորվել են Չինարի համայնքի տարածքի առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքի ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները:
Հրատապ լուծում են պահանջում նաև ս.թ. մարտի 30-ի ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացած խնդիրները` Ծակքարի դպրոցի մասնակի, Սևանի հիվանդանոցի մասնաշենքերից մեկի, Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի նորոգումը: Այս խնդիրները արագորեն չլուծելու դեպքում կպահանջվեն ավելի մեծ ֆինանսական ներդրումներ: Ուստի կառավարությունը նշված աշխատանքների կատարման համար հատկացրել է 147 մլն դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ համայնքային այցելությունների ժամանակ բնակչությանը տրված բոլոր խոստումները կատարվել են:
Մեկ այլ որոշմամբ հստակեցվել են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության բոլոր դեպքերը, ինչը հնարավորություն կտա հետագայում կարճ ժամկետում լուծել բնակչության արծարծած սոցիալական խնդիրները: Գործադիրի որոշմամբ սեփականաշնորհվել են չորս ընտանիքի զբաղեցրած բնակելի տարածքները: Խնդրո առարկայի վերաբերյալ կառավարության ղեկավարն ասել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը ևս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»: ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է մարզպետների հետ սերտ գործակցությամբ շատ արագ ավարտել նվիրատվության գործընթացը: «Ձգձգել պետք չէ: 10-15 տարի մարդիկ ապրում են այդ բնակարաններում և չունեն սեփականության վկայական»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Նիստում որոշվել է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով գումար հատկացնել գարնանային հեղեղումների հետևանքով վնասված ճանապարհների հիմնանորոգման նպատակով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և ևս երեք օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք միտված են մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու և տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակին: Առաջարկվում է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից և այլն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է վերանայել արտոնության տրամադրման ժամկետը՝ մինչև 2017թ., անհրաժեշտության դեպքում երկարաձգելու պայմանով, ինչպես նաև մանրամասն ճշգրտել, թե ինչ է կորցնելու պետբյուջեն արտոնության տրամադրման արդյունքում: Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Կիրականացվի համապետական նշանակություն ունեցող ծրագիր
ՀՀ կառավարությունը որոշել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով Սյունիքի մարզի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Հրազդանի ՋԵԿ-ից մինչև Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ Նորատուս-Լիճք-Վարդենիս-Որոտան 1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի կառուցման ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Օտարվող սեփականության փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:
Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիմա վրա ձևավորված` քաղաքի զարգացման հեռանկարը, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը, որի Տրանշ 1-ով նախատեսվում է իրականացնել Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը նշված տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կծանուցվեն սեփականատերերը, կկազմվեն օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները և կիրականացվի հետագա իրացումը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նույն բանկի հետ ստորագրված Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի լայնացում) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
Գործադիրը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա Զվարթնոց Ա և Բ բազմաբնակարան շենքերի բնակիչների ներկայիս և հատկացվող բնակարանների ցանկը և պայմանները: Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում կառուցվել են բազմաբնակարան բնակելի շենքեր, ուստի արդեն բնակիչներին տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել:
Կառավարության որոշմամբ թույլատրվել է մասնավորեցնել Կոտայքի մարզի Գողթ գյուղական համայնքի սահմանում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի դաշտամիջյան ճանապարհները: Ներդրումային ծրագրով կառուցվելու է 27 հա ջերմատուն, ստեղծվելու է 500-600 աշխատատեղ:
Իր նախկին երկու որոշումների փոփոխությամբ գործադիրն ստեղծել է այնպիսի պայմաններ, որ ՓՄՁ սուբյեկտները նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք բերեն ավելի մատչելի գնով, իսկ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի վարկային երաշխավորության դրամագլխի համալրման դեպքում ստանան պետական աջակցություն:
Կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությանը թույլատրել է գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել արտաբյուջետային անժամկետ հաշիվ` ծառայության վարչական ակտերով բռնագանձում կատարելու համար. դրանով առավել արդյունավետ կկազմակերպվի բաշխման շարժը:
Բարեփոխվում է զբաղվածության ոլորտը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի և գնահատման իրականացման կարգը, որը թելադրված է զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրմամբ,
-մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման կարգը. շտեմարանի հիմնական նպատակը Հայաստանի մշակութային շարժական հարստության, ինչպես նաև այլ երկրների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկույթը միասնական ձևաչափով մեկ համակարգում հավաքելը, համակարգելն ու հանրահռչակելն է,
-«Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղ ձեռք բերելու իրավուք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման լրացումը, որով կապահովվի բերակտանտ դեղի մատչելիությունը և ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում դրա կիրառման շնորհիվ անհաս նորածինների հաշմանդամության և մահացության նվազումը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաբիտատ-3-րդ» ՀՀ ազգային զեկույցին, որը ՀՀ անունից պետք է ներկայացվի 2016թ. կայանալիք ՄԱԿ-ի 3-րդ համաժողովին:
Այլ որոշումներ
ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով կառավարությունն հատկացրել է մոտ 54 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Երևանի «էսկուլապ» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր: