հինգշաբթի, 10 հունիսի 2010
ՏՏ ոլորտը` որպես տնտեսության շարժիչ ուժ
ՏՏ ոլորտը` որպես տնտեսության շարժիչ ուժ
Վերջին մի քանի օրերին ՀՀ վարչապետի և բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված ողջ հասարակության համար միմյանց հաջորդող իրադարձությունների պակաս կարծես թե չգրանցվեց:
Մեկ լեզու և մեկ տառատեսակ ինտերնետում
Դեռ կիրակի օրը Հայաստանի Ամերիկյան համալսարանի Barcamp-ում հավաքված ՏՏ ոլորտի մասնակիցների և բլոգերների հանդիպմանը Տիգրան Սարգսյանին հանձնվեց 200 հոգու ստորագրությամբ մի նամակ, որով խնդրվում էր լուծել “unicode” համակարգով մեկ- միասնական և հասանելի հայկական միջավայր ունենալու խնդիրն ինտերնետում: Ի դեպ, այս հարցը ժամանակին հրապարակվել էր նաև Տիգրան Սարգսյանի բլոգում: Արձագանքն իրեն սպասեցնել չտվեց: Ընդամենը չորս օր հետո` ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց երիտասարդների բարձացրած հարցը: Արդյունքում կառավարությունը որոշում ընդունեց լրացում կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Դրա նպատակն է պետական մարմինների փաստաթղթաշրջանառության ընթացքում ապահովել միասնական` “unicode” տառատեսակի կիրառումը։ Նիստի ժամանակ նշվեց, որ միայն այս տառատեսակն է սերտիֆիկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և համապատասխանեցվել ՀՀ-ում կիրառվող ստանդարտներին։ Ընդգծվել է, որ պետական կառույցները և կառավարությունն` առաջին հերթին, պարտավոր են պահպանել սահմանված չափանիշները:
Երկու օր “DigiTec Business” ֆորում-ցուցահանդեսը ներկայացրեց հայաստանյան ՏՏ բիզնեսի մի մասը
Մեկ այլ իրադարձություն արդեն միջազգային ընկերությունների մասնակցությամբ տեղի ունեցավ հունիսի 9-10-ին: Մի հարկի տակ հավաքվեցին հայաստանյան ՏՏ ոլորտում գործող 230-240 կազմակերպություններից մոտ 40-ը (դրանց թվում նաև`5 միջազգային ասոցիացիա), որոնք իրար ու ցուցահանդեսի հյուրերին ցուցադրեցին տեխնիկական ու ծրագրային իրենց լուծումները, թվային արտադրանքը, բիզնես հաջողություններն ու գիտական նվաճումները: Թե ինչպես կփոխի ցուցադրվող արտադրության կիրառումը յուրաքանչյուրիս կյանքն ու կենցաղը, կարելի է ամբողջությամբ ընկալել միայն այս կամ այն ապրանքի կիրառումից հետո: Իսկ առայժմ ցուցադրվող տեսականու մեծ մասն արտահանվող է:
Ընդհանրապես, մեր երկրում գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություների 50 տոկոսն իր արտադրանքը` ծրագրային լուծումներն ու ծառայություններն արտահանում է հիմնականում ԱՄՆ` 60 տոկոս: Ողջ արտահանվող ապրանքի 30 տոկոսն առաջարկվում է Եվրոպական պահանջարկը բավարարելու համար, իսկ վերջին տարիներին բարձր տեխնոլոգիաների արտադրանքի և ծառայությունների պահանջարկ ավելի հաճախ ներկայացնում են Մերձավոր Արևելքը և Ռուսաստանը:
ՏՏ ոլորտի դերը տնտեսական զարգացման գործում ուշագրավ է: Այս մասին խոսեց ցուցահանդես-ֆորումի բացմանը մասնակցած ՀՀ վարչապետը. “Այսօր ոլորտը բնութագրվում է շուրջ 130 մլն դոլարի հասնող ընդհանուր հասույթով, որի 70 մլն-ից ավելին արտահանումից ստացված հասույթն է։ Ոլորտում զբաղվածների թիվը 5 հազարից ավելի է և ՀՆԱ-ի կառուցվածքում ուղղությունն արդեն համադրելի է դառնում հանքահումքային արդյունաբերության հետ։ 5000 աշխատողներից 4200-ը հենց տեխնիկական մասնագետներ են։ Բուհական համակարգում ընդգրկված շուրջ 6000 ուսանողների թիվը ևս վկայում է այն մասին, որ այս ոլորտը ունենալու է կայուն զարգացման միտում։ Ընդ որում, կրթական համակարգում, բուհերում նոր դասավանդման մեթոդներ և տեխնոլոգիաներ են կիրառվում: Սա ապահվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ձեռնարկությունների կապը բուհական հաստատությունների հետ։ Մեզ համար կարևոր է, որ այս տարվա տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների քանակը, որ մասնակցում են «Դիջիթեք Բիզնես» ֆորումին, ավելացել է մոտավորապես 20 տոկոսով։ Առավել կարևոր է «Start up» բիզնես ֆորումի այդ հատվածը, որտեղ ներկայացված են տասը նոր ստեղծված ընկերություններ”։
Ոլորտը կարևորվում է կոնկրետ գործերով
“Ինչ է անում կառավարությունը ՏՏ ոլորտն առավել արդյունավետ դարձնելու համար” հարցին հարմար պատասխան է գործը, որի մասին հիշատակեց նաև վարչապետը “DigiTec Business” ֆորում-ցուցահանդեսի ժամանակ: Նա մասնավորապես նշեց. “Այսօր մեր ուշադրության կենտրոնում է գտնվում հարցադրումների մի մեծ ցանկ, որ բարձրացնում են ոլորտի մասնագետները, և վարչապետին կից հասարակական խորհուրդը մշտապես քննարկում է այդ հարցերը։ Այսօր ամենաարդիական հարցերից մեկը երկակի նշանակության ապրանքների և ծառայությունների արտահանման հետ առնչվող օրենսդրության կատարելագործումն է։ Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի իր առաջարկությունները, թե ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, ինչպիսի նոր մեթոդներ պետք է մենք կիրառենք, որպեսզի այս ոլորտի արտադրանքի արտահանումը հեշտացվի”։
Որ խոսքը գործ է դառնալու, երաշխավորում են ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացման աջակցման խորհրդի անդամները, որոնք իրենց պարբերական նիստերի ժամանակ ապահովում են ոչ միայն օրենսդրության կատարելագործման կոնկրետ պահանջներ, այլև քննարկում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա յուրաքանչյուր խնդիր: Չէ
±որ դրանց լուծումն է ապահովելու այնպիսի մի ոլորտի զարգացում, որ կարող է ուշագրավ տեմպերով առաջ տանել մեր երկրի տնտեսությունը:
ՏՏ ոլորտի առաջընթացը նորովի խթանելու համար պակաս կարևոր չէ գործող ընկերությունների հավակնոտ ծրագրերի ներկայացումն ու իրականացումը: Դրա համար նրանք ունեն ամեն ինչ` ինֆորմացիա տարածելու, գործնական որևէ աջակցություն ստանալու հնարավորություն, իսկ մնացյալը կամքի և հետևողական զարգացման նպատակի հարց է: Ի վերջո, մասնավոր ընկերություններն իրենք էլ հավաստիացնում են, որ իրենց խնդիրները լուծվում են համատեղ` “կառավարություն-մասնավոր հատված” համագործակցության և առավել` կառավարության ուշադրության շնորհիվ: Ուրեմն` ՏՏ ոլորտում անհնարին բան և անլուծելի հարց կարծես թե չի կարող լինել:
ՀՀ կառավարությունը հետևողականությամբ իրականացնում է ամենամյա “ԱրմԹեք” ցուցահանդես-ֆորումներ
Հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար կարևոր է արտադրանքի արտահանումը, որ նախ ներկայություն, ապա և` պահանջարկ է ենթադրում աշխարհի տարբեր երկրներում: Բայց այստեղ է, որ անհրաժեշտ է առավել հզոր կազմակերպչական մարմին, ինչպիսին պետությունն է: Պակաս ուշագրավ ներուժ չեն սփյուռքահայ մասնագետները: Սիլիկոնի հովտում անցկացված “ԱրմԹեք-2009” ֆորումը, ՀՀ վարչապետի մասնակցությունը դրան և այցը բարձր տեխնոլոգիաների ոլորտում եղանակ ստեղծող կազմակերպություններ ու կրթական հաստատություններ, ուշադրությունը նրանց վենչուրային կապիտալի ստեղծման փորձին քայլեր են, որ նպաստում են տեղական ընկերությունների աճին, նոր մասնաճյուղերի բացմանը:
Կյանքը և տեղեկատվական տեխնոլոգիաներն այլևս անքակտելի համադրություն են
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ամենայն ուշադրությամբ հետևում է թե’ լայն հասարակությունը, թե’ մասնագետները: Օր օրի առավել է կարևորում թվային տեխնոլոգիաների ձևավորած հարմարավետ կենցաղն ու աշխատաձևը: Լինի բանկային և ֆինանսական ոլորտում, թե փոքր և միջին ձեռնարկություններում, զբոսաշրջության ոլորտում, թե պահեստավման աշխատանքներ իրականացնելիս, առևտրի, շինարարության, տրանսպորտի և բեռնափոխադրումների, բժշկական և դեղագործական և էլի շատ ոլորտներում` մասնագետները հասկանում են տեղեկատվական տեխնոլոգիաների իրական արժեքը: Նրանք վստահ են, որ բարձր տեխնոլոգիաները հաջողության գրավական են և առաջընթացի կոնկրետ երաշխիք: Սա նշանակում է, որ պահանջարկն ամեն օր է աճելու, իսկ առաջարկը նման դեպքերում հաստատ չի ուշանում` քանի որ “որտեղ պահանջարկ, այնտեղ առաջարկ” գաղափարը միշտ եղել է բիզնես աքսիոմա:
Առավել մանրամասն
10 հունիս 2010 ՀՀ Կառավարության նիստ
«Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ՏՏ ոլորտի հիմնախնդիրները», նշել է վարչապետը
ՏՏԶԱԽ նիստում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ
«Արմթեք»-ը` վերալիցքավորման և Հայաստանի ՏՏ ոլորտում ծրագրերը վերանայելու հնարավորություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ԱՄՆ-ում «Արմթեք-2009»-ի գալա-ընդունելության ժամանակ
Տիգրան Սարգսյանի բլոգը