հինգշաբթի, 17 հունիսի 2010
Երևանի ֆիզիկայի ինստիտուտն այլևս Ազգային գիտական լաբորատորիա է
Վերափոխումը` որպես գիտատեխնիկական առաջընթացի գրավական
Դեռ 2009 թ. մայիսի 20-ին ՀՀ վարչապետն ստորագրել է որոշում, ըստ որի, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է Միջազգային փորձագիտական հանձնաժողով: Դրա կազմում ընդգրկվել են անվանի ֆիզիկոսներ ՌԴ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, նախագահությամբ Յուրի Հովհաննիսյանի (Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար (ՌԴ)։ Հանձնաժողովը Երևանի ֆիզիկայի ինստիտուտի անկախ գիտական փորձաքննություն է անցկացրել որոշման ընդունումից մոտավորապես մեկ-երկու ամիս անց: Հանձնաժողովի տրամադրած եզրակացություններն ու առաջարկները հիմք են հանդիսացել մշակելու ինստիտուտի վերակառուցման միջոցառումները:
Դրանց իրականացման համար արդեն 2010 թ.-ի կառավարության հունիսի 17-ի նիստում ընդունվեց որոշում, որով Երևանի ֆիզիկայի ինստիտուտը վերանվանվում է Ա. Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա` վերածվելով միջազգային չափանիշներին համապատասխան գիտատեխնիկական կենտրոնի:
Նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ գործող միջազգային փորձագիտական հանձնաժողովին, որը մեծ ջանք ներդրեց իր աշխատանքը հաջողությամբ կատարելու համար: Տիգրան Սարգսյանը նշեց նաև, որ չնայած ծրագիրն ունի նաև ընդդիմախոսներ, սակայն հեղինակավոր հանձնաժողովը չի կասկածում, որ հետևողական լինելու դեպքում Ազգային գիտական լաբորատորիան իրոք կդառնա տարածաշրջանային գերազանցության կենտրոն:
Պետական աջակցությունը գիտական եզակի կենտրոնին հիմնավորված է
Լաբորատորիային կտրվի պետական աջակցություն, որն իրականացվում է տարեկան ծրագրով: Աջակցության նպատակներից են հիմնարար և կարևորագույն նշանակության կիրառական հետազոտությունների իրականացումը, գիտական ենթակառուցվածքի պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև միջազգային գիտական համագործակցության իրականացումը: Ա. Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով` առնվազն 575 600 000 դրամ գումարի չափով: Սա, իհարկե, հիմնավորված աջակցություն է Հայաստանի ամենամեծ գիտական կառույցին, որ ունի 70-ից ավելի տարիների ուշագրավ պատմություն, բազմաթիվ հաջողություններ: Այն, ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտության խոշորագույն կենտրոններից մեկն է, ունի եզակի գիտահետազոտական ենթակառուցվածք և գիտական ներուժ : Արդեն երբեմնի ինստիտուտի և ներկայիս լաբորատորիայի հիմնական գիտական ենթակառուցվածքը ներկայացնում են տեսական ֆիզիկայի, փորձարարական ֆիզիկայի, տիեզերական ճառագայթների, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի բաժանմունքները, “Նոր Ամբերդ” և “Արագած” գիտական կայանները, “ԱՐՈՒՍ” 6 ԳԷՎ հզորությամբ սինքրոտրոնը, մի շարք գծային արագացուցիչները, համակարգչային կենտրոնը: Կառույցն ունի միջազգային գիտական համագործակցության լայն կապեր և ավանդույթներ, ակտիվորեն մասնակցում է Եվրոպայի և ԱՄՆ-ի խոշորագույն գիտական կենտրոններում կատարվող գիտափորձերի նախագծմանը և իրականացմանը:
Բժշկական ծրագիր` միջազգային չափորոշիչներով ախտորոշման եզակի հնարավորություն
Պետական աջակցությանը կգումարվի նաև Ազգային մրցունակության հիմնադրամի ծրագիրը, որի նպատակը իզոտոպերի արտադրության նորագույն տեխնոլոգիաների` 30 մեգաէլեկրավոլտ ցիկլոտրոնի ձեռքբերումն է: Մասնիկների այս արագացուցիչը միջազգային չափորոշիչներով ախտորոշման եզակի հնարավորություն է: Իսկ սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում “ոչ ճշգրիտ ախտորոշում” ասվածը դուրս կգա հիվանդների մտահոգությունների շարքից: Սակայն սա թանկ, բայց արժեքավոր հաճույք է, քանի որ արագացուցչի ձեռքբերման համար հարկավոր է հինգ միլիոն եվրո: Եվս երեք միլիոն կծախսվի տեղադրման աշխատանքների վրա։ Այս գումարի հարցը լուծվել է այսպես: Բելգիական տեխնոլոգիան գնելու համար Հայաստանի Հանրապետությունը վարկային երաշխիք է տրամադրել, իսկ բելգիական կառավարությունը` դրամաշնորհ:
Էկոնոմիկայի նախարարության մշակած միջուկային բժշկության կենտրոնի հիմնումը Ազգային մրցունակության հիմնադրամի գերակա ծրագրերից է։ Սա նաև “պետություն-մասնավոր հատված” համագործակցության վառ օրինակ է, քանի որ մասնավոր հատվածը` բուհաստատություններն արագացուցիչ ձեռք չեն բերի և իզոտոպով ախտորոշում չեն իրականացնի, բայց հիվանդներին կուղղորդեն ճշգրիտ ախտորոշման պետական կենտրոն:
Ոչ միայն գործադիր ղեկավարությունը և ֆիզիկայի ոլորտի գիտակները, այլև բժիշկներն ու տեխնիկական առաջընթացը պրակտիկ աշխատանքներում կիրառող մասնագետները հստակ պատկերացնում են, որ կառավարության նման գործունեության արդյունքում գիտական այս կենտրոնում լուրջ շրջադարձեր են սպասվում: Դրանք արդեն տեսանելի են դառնում կառավարության հունիսի 17-ի նիստի ժամանակ ընդունված որոշումից հետո:
Այլ ծրագրեր
Նախատեսվում է, որ կենտրոնը կտնօրինի ազգային գիտական լաբորատորիաներին հատուկ` գիտական բազմազան ուղղություններով իրականացվող, ինչպես նաև միչդիսցիպլինար հետազոտությունների իրականացման համար նախատեսված եզակի գիտական ենթակառուցվածք: Այսինքն, պահպանելով նախկին աշխատանքների տեմպն ու դիմանիկան, կենտրոնն ավելի համակարգված և ընդլայնված աշխատանքներ կտանի` նպաստելով գիտելիքահենք տնտեսության զարգացմանը: Մասնավորապես, Ազգային գիտական լաբորատորիան կպահպանի և կզարգացնի հիմնարար ֆիզիկայի հետազոտական ենթակառուցվածքը, արագացուցչային ֆիզիկան և կապահովի դրանց կիրառությունը: Այն նաև կապող հանգույց կլինի Հայաստանի և միջազգային գիտական հանրության միջև` հնարավորություններ ստեղծելով մասնակցել միջազգային առաջատար նախագծերին և Հայաստան բերել գիտական նոր զարգացումներ: Բացի այդ, նախատեսվում է, որ Ազգային գիտական լաբորատորիան կդառնա ուսուցման կենտրոն հիմնարար ֆիզիկա, հարակից տեխնոլոգիաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսումնասիրողների համար: Ազգային գիտական լաբորատորիան կարող է դառնալ միջուկային անվտանգության, քիմիայի, կենսաբանության հարցերով փորձաքննությունների անցկացման տարածաշրջանային կենտրոն` նպաստելով երկրի նորամուծական– արտադրական զարգացմանը` միջուկային և հարակից բնագավառների գիտելիքահենք բարձր տեխնոլոգիական մշակումների ներդրման միջոցով: Ազգային գիտական լաբորատորիայի միջազգային գիտական ծրագրերի գնահատման համար կստեղծվի Միջազգային մշտական խորհրդատվական կոմիտե:
Գիտական ավանդույթն ու ժամանակակից նորարարությունը` համատեղ
Այն, որ արդեն նախկին Ֆիզիկայի ինստիտուտն ունի արժեքավոր ավանդ ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ երկրների գիտության բնագավառում, որ հայտնի ինստիտուտի գիտական անցած ճանապարհն իրոք նախանձելի է շատ երկրների համար, հայտնի էր դեռ վաղուց: Ուշագրավ նորությունն այն է, որ կառավարության վերոհիշյալ որոշմամբ գիտելիքահենք տնտեսության հիմնաքարերը համատեղվում են հին ավանդույթներով և նոր հնարավորությունների ներդրմամբ:
Թե ինչ կտա այս համատեղումը և տարիների աշխատանքով վաստակած ուշադրությունը գիտնականներին` դժվար չէ ենթադրել, մանավանդ, որ նրանք մշտապես վստահ են եղել, որ գալու է այն օրը, երբ ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների ամենօրյա աշխատանքն ու դրա արդյունքները գնահատվելու են պատշաճ մակարդակով և արժանի գնահատականով:
Առավել մանրամասն
ՀՀ կառավարության 17.06.2010 թ.-ի նիստ
Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանի մամուլի ասուլիսը -17.06.2010 թ.
Միջազգային փորձագիտական հանձնաժողովի կազմ
Միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացություն
Համագործակցության արդյունքում կստեղծվի Ազգային գիտական լաբորատորիա
ՀՀ վարչապետի 2009թ. մայիսի 20-ի N 416-Ա որոշում
2012-ին` ոչ թե աշխարհի վերջ, այլ արբանյակների խափանում ("Հրապարակում" հաղորդաշար)