հինգշաբթի, 8 հուլիսի 2010
Կենսաթոշակային բարեփոխումներ
ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԱՅՍՕՐ
Հայաստանը հայտարարում է կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը. հաջորդ տարվա սկզբից արտոնագիր ունեցող որեւէ ֆինանսական կառույցի դիմելով, քաղաքացին, առայժմ կամավոր սկզբունքով կարող է իր ապագա թոշակի առաջին վճարումը կատարել։
Բազմաստիճան նոր համակարգը հասարակության ոչ մի շերտ չի անտեսելու, այն արդար է, ֆինանսապես կայուն, թափանցիկ, ասում են բարեփոխումների ծրագրի պատասխանատուները։
Ի՞նչ կլինի, եթե նորը չգործարկվի. ներկայիս կենսաթոշակային`այսպես կոչված «սերունդների համերաշխության» սկզբունքով գործող համակարգն այլեւս անկենսունակ է։ Կառավարությունը գնում է արմատական բարեփոխումների, որպեսզի աղքատ թոշակառու չունենա, մինչդեռ պետությունը թոշակառուների հաշվին խնայողություններ հիմա էլ չի անում։ Պետական ծախսերի մոտ 1/4-րդը կամ ՀՆԱ-ի 4.2 տոկոսը ուղղվում է կենսաթոշակների եւ սոցիալական այլ ծախսերի վճարմանը։ Ու չնայած դրան, շուրջ 500 հազար կենսաթոշակառու իրենց ստացած գումարներով այսօր շարունակում են մնալ իբրեւ անապահով խավ։ Միջին կենսաթոշակը ներկայումս մոտ 26 հազար դրամ է, եւ թոշակառուն շարունակում է դժգոհել իր աղքատ ծերությունից, ինչ-որ տեղ արդարացիորեն բողոքելով այն իրողությունից, որ լավագույն դեպքում կարող է ստանալ իր երբեմնի աշխատավարձի 25 տոկոսը։ Բանն այն է, որ գործող կենսաթոշակային համակարգը համահավասարեցնում է բոլորին` թոշակը հաշվարկելով ոչ թե աշխատավարձի չափով, այլ միայն` աշխատանքային ստաժի տարիներով։
Աղքատ կամ սոցիալապես անապահով թոշակառու ունենալու հեռանկարը առավել քան մտահոգիչ է, երբ ժողովրդագրական վիճակագրությունն է խոսում։ Կենսաթոշակառուների թիվը գնալով աճում է, նրանց «կերակրող» աշխատող մարդկանց քանակը քիչ լինելով, համարժեք վճարումներ չի կարող ապահովել։
Բարեփոխումների ծրագրի հեղինակները նշում են, որ եթե որեւէ փոփոխություն ներկայումս չարվի, ապա ողջ կանխատեսելի ժամանակահատվածում կենսաթոշակի ցածր չափ ենք ունենալու, կամ ստիպված են լինելու անընդհատ բարձրացնել հարկերը` վատ վիճակի մեջ դնելով թե տնտեսվարողներին, թե աշխատողներին։
Ի՞նչ է առաջարկվում. կենսաթոշակային տարիքը չի փոխվելու` բոլոր 63 տարին լրացած քաղաքացիները կշարունակեն ստանալ հիմնական բազային կենսաթոշակ, ինչը տարիների ընթացքում հավասարեցվելու նվազագույն սպառողական զամբյուղի 100, ապա նաեւ 150 տոկոսին։ Սա շատ կարեւոր է նրանով, որ մեզանում բավական շատ են այն մարդիկ, ովքեր բավարար ստաժ չեն կարողացել կուտակել` թեկուզ նվազագույն թոշակի ստանալու համար, բացի այդ պետությունը շարունակելու է վճարել տարբեր խմբերի համար նախատեսված սոցիալական կենսաթոշակը։
Աշխատունակ բոլոր քաղաքացիներն իրենք են կուտակելու իրենց վաղվա կենսաթոշակային գումարները, այն էլ երկու տարբերակով` կամավոր եւ պարտադիր։
Պարտադիր կուտակային համակարգը ներդրվելու է 2014-ից եւ վերաբերելու է 1974 թվականից հետո ծնվածներին։ Այժմ շեշտադրումը կամավոր կուտակայինի վրա է, որը գործելու է 2011-ի հունվարից։ Կամավոր կուտակողների խմբում 40 տարեկանից բարձր անձինք են, որոնց համար եւս բաշխողական բաղադրիչից մասհանում կա որպես հիմնական կենսաթոշակ։
Ազգային ժողովում «Կենսաթոշակային» փաթեթն օրերս անցավ առաջին ընթերցումը։ Այն ընդունվելուց հետո, ենթադրվում է հաջորդ տարվա սկզբից ամեն աշխատող իր ցանկությամբ` կամավոր կկարողանա գործող` «բաշխողական» համակարգից անցնել «կուտակայինի»։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հավաստմամբ, այս ընթացքում պետք է ձեւավորվեն ու թեսթավորվեն բոլոր անհրաժեշտ օրենսդրական հիմքերն ու ենթակառուցվածքները։ Մյուս կողմից էլ հայաստանյան ֆինանսական կառույցները պետք է հարմարվեն շուկայական նոր գործիքներին` հետագայում մասնագիտացված կենսաթոշակային հիմնադրամներ ստեղծելու համար։
Պարտադիր կուտակային համակարգի ներդրումով թոշակի չափն արդեն հաշվարկվելու առավել արդար տարբերակով` կախված քաղաքացու աշխատավարձի եւ աշխատելու տարիների ընթացքում նրա` կենսաթոշակային ֆոնդին փոխանցած գումարի չափից։
Պարտադիր կուտակային համակարգի գործունեության մեխանիզմը. մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, եւս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի։ Միաժամանակ նախկին մի քանի հարկերի փոխարեն գործելու է միասնական, ավելի պարզ` մեկ հարկ` 26 տոկոսի չափով, այսինքն նույնքան, որքան գործող համակարգում։ Այս գումարը լրացուցիչ բեռ չի առաջացնում ոչ գործատուի, ոչ էլ աշխատողի համար, պնդում են ծրագրի ֆինանսական մասով պատասխանատուները։ Ըստ Վ. Արամյանի, ավելի պարզեցվել է գործատուի պարտավորությունների մասը, նրանք ավելի քիչ հաշվետվություններ են ներկայացնելու, ապա նաեւ խթաններ են ստեղծվելու, որպեսզի գործատուն հարկի բեռը չդնի աշխատողի վրա, եթե աշխատողը ստանում էր ասենք 100 հազար դրամ, համակարգին անցնելուց հետո կրկին այդքան ստանա։
Եթե այսօր թոշակները վճարվում են պետբյուջեից, նոր համակարգում մասնավոր կենսաթոշակային ֆոնդերն են վճարելու, հենց այստեղ են կուտակվելու աշխատավարձից պահվող, հետո որպես թոշակ վճարվելիք գումարները։ Ֆինանսական այս նոր ինստիտուտները, սակայն, գումարները գզրոցներ չեն դնի, ֆոնդերի կառավարիչները դրանք ներդնելու են արժեթղթերի շուկաներում։ Ստացվում է ապագա թոշակառուն այդպես նաեւ մասնակցելու է տնտեսության զարգացմանը` մի կողմից նրան տալով «երկար փողեր» ունենալու հնարավորություն, մյուս կողմից էլ ինքն է ձեռք բերում տոկոսային եկամուտ այն բաժնետոմսերից կամ պարտատոմսերից, որտեղ իր փայաբաժինն ունի։ Այլ կերպ ասած, երբ թոշակի անցնի, կստանա անհամեմատ ավելի մեծ գումար, քան կուտակել էր աշխատանքային տարիների ընթացքում։ Նոր համակարգի արդարացի լինելու մասին է խոսում նաեւ այդ գումարների ժառանգման իրավունքի ճանաչումը։
Աշխատողը շուրջօրյա կարող է հսկել, թե կառավարիչն ինչպես է օգտագործում իր փողերը, տվյալ օրվա դրությամբ, որքան գումար ունի կուտակած իր հաշվին։ Եթե ակտիվների կառավարիչը թերանա իր գործում, ապա քաղաքացին կարող է փոխել նրան տարվա մեջ միայն մեկ անգամ անվճար։ Աշխատողը կարող է ընտրել նաեւ բաժնետոմսերի եւ պարտատոմսերի այն տեսակները` ըստ ռիսկայնության և եկամտաբերության աստիճանների, որոնք իր ակտիվների կառավարիչն իրավունք ունի գնել։ Համակարգը նախատեսել է, որ եթե անձը չկարողանա կամ ցանկություն չունենա ընտրել ակտիվի կառավարիչ, ապա համակարգչային ծրագիրն ինքն է բաշխելու այդ անձանց ակտիվների կառավարիչների միջեւ։
Ի դեպ, կառավարիչներն առաջարկելու են առնվազն 3 տեսակի պորտֆելներ` կայուն պահպանողականից մինչեւ ռիսկային, դա նշանակում է, որ քաղաքացին ինքն է ընտրելու, իր գումարն ինչ շահույթ է ապահովելու` կայուն 4-5 տոկոս, թե առավել ռիսկային` 15 տոկոս։
Մեզանում այսօր իսկ գործում են ներդրումային ֆոնդեր, որոնցից մի քանիսը ցանկություն են հայտնել ծավալել նաեւ կենսաթոշակային ֆոնդի գործունեություն, որոնք ներդրումայինից տարբերվում է նրանով, որ պետությունն այստեղ առավել խիստ վերահսկողություն ունի։
Պարտադիր կուտակված գումարները որպես թոշակ բաշխվելու են 3 տարբերակով. եթե հավաքած ողջ գումարը, բաժանած կյանքի միջին տեւողությանը ըստ ամիսների, ավելի քիչ կլինի, քան պետության կողմից տրվող կենսաթոշակի 25%-ը, ապա կարող է միանվագ ստանալ, եթե գումարը կլինի 25 տոկոսից մինչեւ կենսաթոշակի հնգապատիկը, ապա այդ գումարները ստանալու է անուիտետի տեսքով, եւ
երրորդը` ծրագրային վճարների տարբերակը. եթե ամսական հաշվարկով հնգապատիկից ավել է լինում։ Տնտեսագետները հաշվարկել են, որ կենսաթոշակի ստացման առավել գործածական տարբերակը կլինի հենց անուիտետը. այսինքն, երբ կենսաթոշակային գումարները անձը փոխանցում է իր ընտրած ապահովագրական ընկերությանը, որը մինչեւ տվյալ անձի կյանքի վերջը պարտավորվում է վճարել ամեն ամիս պայմանավորված չափով։ Կա հետաքրքիր բացառություն եւս. թոշակառուն կարող է միանվագ ստանալ իր կուտակած գումարը թոշակի տարիքին հասնելուց մեկ-երկու տարի առաջ, երբ նրա մոտ ինչ-որ հիվանդություն է հայտնաբերվել։
Պետությունը երաշխավորելու է, որ թոշակի անցնելիս նրանց կուտակած գումարների գնողունակությունը պակաս չլինի այն մակարդակից, որ կունենար այդ փողը, եթե ժամանակին չպահվեր աշխատավարձից եւ օգտագործվեր գնումներ կատարելու համար։ Կենտրոնական բանկի մասնագետները վստահեցնում են, որ պետությունը նախատեսում է երաշխավորման սխեմաներ, հիմնադրամը ապահովելու է կուտակային գումարների 20, իսկ պետությունը մնացած 80 տոկոսի վերադարձը` հաշվի առնելով գնաճը։
Ֆոնդերում կուտակվող գումարները կարող են զգալիորեն նվազեցնել ավանդների եւ վարկերի տոկոսադրույքները։ Գործարարներն էլ բաժնետոմսեր ու պարտատոմսեր թողարկելու միջոցով կկարողանան ներգրավել, որպես թոշակ տրվելիք դրամական միջոցները։ Երկրի գլխավոր դրամատունը հսկելու է, որ կառավարիչները չչարաշահեն իրենց դիրքերը, չպայթեցնեն ֆոնդերը` դատարկաձեռն թողնելով մարդկանց։ ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը նշում է, որ երաշխիքային հիմնադրամից բացի, Կենտրոնական բանկի զինանոցում կլինեն վերահսկումն ու կարգավորումն ապահովող բազմաթիվ գործիքներ։ Կենսաթոշակային ֆոնդերը թերեւս մասնավոր են լինելու, սակայն նրանք պահվելու են «երկաթե ձեռնոցներում», նրանց համար գործելու են քանակային եւ գումարային սահմանափակումներ, թե որտեղ կարող են ակտիվների կառավարիչները հավաքագրած գումարները ներդնել։
Նոր համակարգը մեկ այլ դրական կողմ էլ ունի` նպաստելու է «ստվերի» կրճատմանը. ինչպես նշեցինք, կենսաթոշակային գումարները տեղաբաշխվելու են արժեթղթերի մեջ, ըստ ամենայնի այդ պարագայում շահեկան կլինի գնել նաեւ ձեռնարկությունների թողարկած բաժնետոմսն ու պարտատոմսը։ Տնտեսվարողները, տեսնելով, որ հնարավոր է էժան միջոցներ ներգրավել ակտիվների կառավարիչներից, կսկսեն ավելի ու ավելի շատ արժեթղթեր թողարկել, իսկ դա կստիպի նրանց դուրս գալ ստվերից. թաքցված եկամուտներով վստահաբար հնարավոր չէ թողարկել ու վաճառել ոչ մի արժեթուղթ, եւ ակտիվների կառավարիչներն էլ չեն կարողանա գնել այդպիսիք։
Հասմիկ Առաքելյան
Առավել մանրամասն
Հայաստանի ապագա կենսաթոշակառուների կուտակային գումարները
երաշխավորված կլինեն պետության կողմից