ուրբաթ, 23 հուլիսի 2010
Օպերատիվ շտաբի օպերատիվ արձագանքների արդյունքը
Մեկ տարի առաջ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը պատրաստակամություն հայտնեց օգնել ճգնաժամից ու վարկային միջոցների բացակայությունից անորոշության մեջ գտնվող այն ընկերություններին, որոնց ներկայացրած բիզնես-ծրագրերը խոստանում էին պահպանել աշխատատեղերը, նոր աշխատատեղեր ստեղծել, ընդլայնել արտահանման ծավալները։ Օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած 49 բիզնես-ծրագրերից 24-ում ֆինանսական ներարկումներն արդեն արդյունք ունեն։ Շրջանառու միջոցներ, վերազինված աշխատանքային պայմաններ, նոր սարքավորումներ, աշխատատեղերի պահպանում, որոշ դեպքերում` նաև ավելացում. պետական աջակցության արդյունքները տարբեր հարթակներում են։ Իրականում ու՞ր են գնացել կառավարական ներարկումները` տնտեսական աճի չոր թվերի ետևում իրական համախառն արդյունքի աճն է։
Թե ինչպես հայկական պանիրը Սիբիր հասավ
Ճգնաժամային իրականությունը այծի պանրի արտադրության «Գոլդեն Գոութ» ընկերության գործունեությունը փակուղի կտաներ, եթե գործադիրի աջակցությունը ժամանակին տեղ չհասներ։ Արտադրանքի 70 տոկոսը արտահանող ձեռնարկությանը կառավարության 69-ը միլիոն դրամի ներդրումը պետք էր մրցակցային միջավայրում կենսունակ լինելու համար նոր արտադրամաս կառուցելու և ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Ներդրման արդյունքներն արդեն շոշափելի են. այս պահին «Գոլդեն Գոութ»-ն ունի պանրի արտադրության ժամանակակից գործարան, որի տեխնիկական հզորությունը նախկինից մի քանի անգամ ավելին է. նախկին երկու տոննայի փոխարեն օրական կարող են մշակել մինչև 12 տոննա կաթ։ Արտադրության տեմպի ուժեղացումը նաև այլ արդյունք ունի. նախկին 5 գյուղի փոխարեն այսօր 11 գյուղի 120 ֆերմեր կաթի մթերման խնդիր չունի. «Ելնելով ներկա պահանջարկից` կարող եմ ասել, որ և’ ֆերմերների, և’ համայնքների թիվը 50-60 տոկոսով կավելանա,-ասում է «Գոլդեն գոութ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը։ -Այսօր օրական մթերում ենք 2000-2500 լիտր կաթ, սպասվում է 3500-4000 լիտր կաթի օրական մթերում»։ Արդեն արտադրանքի չորրորդ խմբաքանակը արտահանել են. այս տարի առաջին անգամ այծի պանիրը համտեսելու հնարավորություն ունեն նաև սիբիրցիները։ Ընկերությունում սպասում են նաև Փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնի խոստացած ևս 25 միլիոն դրամի վարկային միջոցներին։ Սա թույլ կտա, որպեսզի ընկերությունը շրջանառու միջոցներ ունենա եղած մեծածավալ պահանջարկին համապատասխան կաթ մթերելու և վերամշակելու համար և լրացուցիչ աշխատատեղեր ավելացնի. ներկայիս 30 աշխատողին կմիանա ևս ութը։
«Պորշե»-ի վեբ անվտանգությունը հայերի ձեռքում է
Սնանկացած կամ ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված արտասահմանցի հաճախորդը բարդացրեց ՏՏ համակարգերի, ցանցերի ու կառավարման ծրագրային միջոցների «Սորսիո» ընկերության ֆինանսական գործերը։ Նոր հաճախորդներ ձեռք բերելու նպատակով մարկետինգային քաղաքականության ընդլայնումը ընկերության` կառավարությանը ներկայացրած բիզնես-պլանի կարևորագույն դրույթն էր։ Օպերատիվ օժանդակությունը` ընկերության կապիտալում 5 տարի ժամկետով 125 միլիոն դրամի ներդրումը, ընկերության համար փրկօղակի պես եղավ։ «Այս գումարի շնորհիվ մենք կարողացանք ճգնաժամային դժվար կացությունից դուրս գալ, ընդլայնել մեր մարկետինգային ու գովազդային քաղաքականությունը. վաճառքի գնասենյակ բացել Միացյալ Նահանգերում, հաջորդը շուտով կունենանք Սիլիկոնային հովտում»,-պատմում է «Սորսիո»- ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը։ Արդյունքում` «Սորսիո»-ի արտադրանքը` «Նեյշընըլ Ջեոգրաֆիկ»-ի, Կալիֆորնիայի նահանգապետարանի, «Պորշե»-ի, «Բլյումբերգ»-ի և շատ այլ ընկերությունների վեբ կայքերի մոնիտորինգ ու ախտորոշում իրականացնող կատարող ծրագրային համակարգը անխափան գործեց, «Սորսիո»-ի 50 աշխատակիցները ճգնաժամը գործնական ակտիվությամբ դիմավորեցին ու ճանապարհեցին, իսկ ըկերության ծրագրային փաթեթի վաճառքի ծավալները 4 անգամ ավելացան։
Հայկական կղմինդրը` հոլանդացիների կտուրներին
Կղմինդր արտադրող «Մարկետինգ և մենեջմենթ 360» ընկերությունը դիմեց կառավարության օպերատիվ շտաբին, որ ճգնաժամային տարում դնի եվրոպական շուկա թափանցելու հիմքերը։ Ֆինանսական օգնությունը հարկավոր էր տեխնիկական բազան համալրելու, տեսականին մեծացնելու, մարկետինգային միջոցառումների անցկացման համար։ Հատուկ ավազներից ու երկրորդային պոլիմերներից` պլաստմասե թափոններից ստացվող կղմինդրներ արտադրող շինարարական ֆիրման ստացավ անհրաժեշտ գումարը` 50 միլիոն դրամ ներդրումը։ Ստացված միջոցների հաշվին ընկերությունը ձեռք բերեց նոր սարքավորում ու սկսեց արտադրել նույն բաղադրությամբ, միայն թե արդեն հոլանդական դիզայնով կղմինդրներ` հատուկ հոլանդական շուկայում ներկայանալու և ինչու չէ` ավանդական, հոլանդական կղմինդրներին մրցակից դառնալու նպատակով։ «Այժմ մենք պատրաստ ենք արտահանել 1000 քառակուսի մետր կղմինդր, բայց նախնական զրույցներից տպավորությունն այն է, որ մինչև անգամ 40 հազար խորանարդ մետր կարելի է արտահանել»,-ասում է «Մարկետինգ և մենեջմենթ 360» ընկերության Ստացված աջակցության շնորհիվ ընկերությունը կրկնապատկել է աշխատողների թիվը` հասցնելով ութի, բացի այդ, արդեն չորս ամիս է` հայկական շուկային է նոր արտադրանք ներկայացնում` աղյուսային տեքստուրայով երեսպատման սալիկներ։ Երբ իրենց արտադրանքի պահանջարկը բավարարելու համար արտադրական անհրաժեշտ հզորություններն ունենան, աշխատողների թիվը խոստանում են հասցնել հարյուրի։
Քիչ ջրով` ավելի շատ ձուկ
Տարեկան մոտ 200 տոննա ձկնամթերք արտադրող «Ակվատեք Ավտոմատիկա» ընկերությունը խնդիր էր դրել ընդլայնել ձկան ստացումը տեխնոլոգիական նոր հնարավորություններով. քիչ ջրով ավելի շատ արտադրանք ստանալ ու նաև բավարարել ներքին շուկայի պահանջարկը։ Հենց այս շեշտադրումներով արդիականացման բիզնես-ծրագիրը դրական արձագանք գտավ կառավարության օպերատիվ շտաբում։ Կառավարության միջնորդությամբ գյուղվարկավորման «Ֆրեդա» հիմնադրամը «Ակվատեկին» տրամադրեց 200 մլն դրամ` յոթ տարի մարման ժամկետով, 10 տոկոս տոկոսադրույքով։ «Հիմնադրամի ներդրումներով վերազինում ենք անում։ Այսուհետ կիրառելու ենք ջրի օգտագործման ավելի արդյունավետ մեթոդներ, որովհետեւ ջրի պաշարները անվերջ չեն»,-ասում է «Ակվատեք Ավտոմատիկա» ընկերության տնօրեն Արկադի Գևորգյանը։ «Մենք ավազանները հարստացում ենք թթվածնով ու հատուկ բիոֆիլտրերի շնորհիվ կրկնակի անգամ նույն ջուրը օգտագործում»։ Եթե արտադրանքի սպառման շուկաներն ընդլայնվեն, այստեղ տարեկան մինչև 1000 տոննա ձուկ կարտադրեն։ Իսկ մինչ այդ փորձում են, ինչպես նշում է Արկադի Գևորգյանը, ներկրված ձկնամթերքի փոխարեն բավարարել ներքին շուկայի պահանջարկը. « 20-30 %-ով կարողացել ենք կարմիր խավիարի պահանջարկը բավարարել, սեւ խավիարի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, իշխանն էլ չի ներկրվում, տեղական արտադրանքը ծածկում է մեր շուկան, իսկ ներկրվող թառափի ծավալները շատ քիչ են»։
Հետգրություն
Թափանցիկություն` ահա այն հիմնական սկզբունքը, որ դրվել է օպերատիվ շտաբի գործունեության հիմքում։ Գնալով տրամադրված աջակցությունների հետքերով` նաև «Հրապարակում»-ն է ապահովում այդ թափանցիկության սկզբունքը։ Գործադիրի որոշումները, առաջիկա անելիքները, արված գործերն ու բացթողումները «Հրապարակ»-ում են` ամեն երեքշաբթի և ուրբաթ երեկոյան ժամը յոթից հինգ պակաս Հանրային հեռուստաընկերության եթերում։ Համացանցային հարթակում մեր հասցեն անփոփոխ է` hraparakum.livejournal.com։
Կարինե Հունանյան
«Տնտեսական բարեփոխումների
վերլուծական- տեղեկատվական կենտրոն»