երկուշաբթի, 1 նոյեմբերի 2010
Գործընկերս պետությունն է
Տնտեսությունն աշխուժացնելու նպատակով դեռ անցյալ` ճգնաժամային տարում կառավարությունը նպատակային մի շարք միջոցառումներ իրականացրեց. դրանց արդյունավետության մասին այսօր արդեն փաստեր կան` հարյուրավոր նորաստեղծ աշխատատեղեր, ներդրումներ, արտահանվող արտադրանք։
Գործնական աջակցությունը տնտեսության իրական հատվածին նախ գումարային տեսքով էր. 39 մլրդ 184 մլն դրամ տարբեր հիմնադրամների եւ կազմակերպությունների միջոցով ներարկվել է տնտեսություն։ 32 մլրդ դրամը ռուսական միջպետական վարկից է տրամադրվել, 895մլն դրամ տնտեսվարողները ստացել են ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի միջոցով, հատուկ տնտեսությանը ֆինանսավորելու նպատակով բացված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով 2010 թ. ընթացքում տրամադրել է 350 մլն դրամի վարկ. մինչև տարեվերջ նախատեսված է եւս 610 մլն դրամ, այդ թվում նաեւ ձեռնարկությունների կապիտալում մասնակցության տարբերակով։
4 մլրդ 790 մլն դրամի պետական երաշխիք տրամադրվել է կառուցապատողներին, 300 մլն դրամ էլ տնտեսությունում շրջանառվել է պետական սուբսիդիայի տեսքով։ Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով «FREDA» վենչուրային հիմնադրամի կողմից 3 ընկերություն ստացել է կապիտալի համալրում` շուրջ 440 մլն դրամի չափով։ Իսկ ընդհանուր առմամբ, գյուղոլորտում տրամադրված վարկերի ծավալը կազմում է 19.6 մլրդ դրամ, որը 72%-ով ավելի է 2009-ի համեմատ։
Խրախուսվել են նաեւ այն ընկերությունները, որոնք 300 մլն եւ ավելի դրամի սարքավորումներ են ներմուծել արտադրություն սկսելու կամ զարգացնելու համար. այս դեպքում որոշվել էր հետաձգել նրանց կողմից ԱԱՀ վճարումը 3 տարի ժամկետով։ Այս հնարավորությունից օտվեց 9 ընկերություն, շուրջ 60 մլն դոլար ներդրումով ստեղծվեց մոտ 900 լրացուցիչ աշխատատեղ։
Հասցեն` Արտաշատ
Արտաշատ քաղաքում, իր տեսակի մեջ եզակի CO2 գազի`ածխածնի երկօքսիդի արտադրամասը մի քանի ամսից կսկսի արտադրանք տալ։ Գերժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է ստանալ 99.9 տոկոս մաքրության ածխածնի երկօքսիդ, որ լայնորեն կիրառվում է ոչ ոգելից խմիչքների արտադրության, ինչպես նաեւ բժշկության մեջ` վիրահատությունների ժամանակ։ Այդ արտադրամասն ընդամենը մի մասն է այն հսկայածավալ գործի, որ ձեռնարկել է «Արարատ գրուպ» ընկերությունը։
Հանքային ջրերի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով «Արարատ գրուպը» ներմուծել է ժամանակակից տեխնիկա, կառուցել արտադրամասեր։ Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Պողոսյանը նշում է, որ «Արարատ գրուպի» սեփականատերերը, ովքեր ներկայացնում են բրիտանական «Մարթոն ֆորեսթ գրուպ լիմիտեդ» կազմակերպությունը, ներդնելու են 27 մլն ամերիկյան դոլար։ Շուրջ 19 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար արդեն ծախսվել է ադմինիստրատիվ եւ արտադրական մասնաշենքերի, կոնստրուկցիաների կառուցման համար։ Մինչեւ տարեվերջ օտարերկրյա ներդրողները պատրաստ են լրացնելու խոստացած ծավալը։
Նոր կառուցված հիմնական արտադրամասն այսօր իսկ պատրաստ է եւ սպասում է բրիտանացի մասնագետներին, ում անմիջական հսկողությամբ պետք է իրականանա հոսքագծերի մոնտաժման աշխատանքը։ Վերջին սերնդի հոսքագծերը նախատեսված են թե ապակե, թե պլաստիկե տարաներով արտադրության համար։
Ի սկզբանե ներդրողները երկար են մտածել մինչեւ իրենց բիզնեսը Հայաստանում հիմնելը. «Արարատ գրուպի» վարչական գծով տնօրեն Արմեն Մկրտչյանը նշում է, որ սկզբում ներդրողների մտավախությունը հավանաբար պայմանավորված էր այն մտայնությամբ, թե Հայաստանում բյուրոկրատական խոչընդոտների կհանդիպեն, սակայն. «Մինչ օրս ի ուրախություն մեզ եւ ներդրողների, ոչ մի խոչընդոտ չի առաջացել, եւ մեր ներդրողներին կարողացանք համոզել, որ Հայաստանն այն փուլում է, երբ կառավարությունն աջակցում է նման ներդրումները»,-ասում է նա։
Կառավարության աջակցությունն «Արարատ գրուպին» այն է եղել, որ ընկերության ներմուծած ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր մաքսային ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մի քանի տարով։ Սա, իհարկե, ձեռներեցներին յուրահատուկ հնարավորություն է բիզնեսի կայացման ու կայունացման գործում։ Իսկ որ մեծ ներդրումներով ու պետության խրախուսմամբ սկսված գործը կարճ ժամանակում կվերածվի լայն հեռանկարով արտադրության` արտահանման լուրջ ներուժով, ընկերության ղեկավարությունը վստահ է։ «Մեր երկրում հիմք ենք դրել տարածաշրջանի եւ ԱՊՀ մակարդակով հզոր արտադրություն եւ տեխնոլոգիական, եւ ծավալների, եւ որակի առումով, ինչը, կարծում եմ, եվրոպական ցանկացած երկրում կանաչ ճանապարհ է ունենալու»,-ավելացնում է վարչական գծով տնօրենը։
Արտադրական ցիկլը հենց այստեղ էլ ավարտելու են. այդ նպատակով գործարանի տարածքում նաեւ պլաստիկ շշերի, դրանց կափարիչների ու նաև արկղերի արտադրություն է ստեղծվում։ Այս մի քանի արտադրամասերն ապահովելու համար 220 նոր աշխատատեղ կստեղծվի, հեռանկարային ծրագրերում ղեկավարները խոսում են կրկնակի շատ աշխատուժի մասին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը, ում առաջինն են հայտնի դառնում ներդրումային տրամադրությունները, վստահեցնում է, որ ձեռներեցներին աջակցելն իրենց պարտականությունն է, մանավանդ, եթե խոսքը գնում է նոր աշխատատեղերի ստեղծման մասին։ Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ կառավարությունը կարեւորում է թե արդյունաբերության, եւ թե տարածքների համաչափ զարգացումը, իսկ Արտաշատում գտնվող այս ընկերության ստեղծած աշխատատեղերը բնականաբար դրանց խթանն են։ Արդյունաբերության վարչության պետն անկեղծանում է, որ հաճախ նաեւ ոգեւորելու համար պատրաստ են ձեռներեցների հետ միասին բիզնես ծրագրեր մշակել։
Ներդրումները խրախուսելու նպատակով, պետության քայլերը տարբեր են` հարկային արտոնություններից մինչև հատուկ վարկերի տրամադրում։ Հիշեցնենք, այս նպատակով էր ստեղծվել կառավարության օպերատիվ շտաբը։
Հասցեն` Վանաձոր
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ղեկավարությունը նույնպես լսել էր գործադիրի` ներդրումները խրախուսող ծրագրի մասին եւ խնդրել`թույլ տալ տարկետել ներմուծած սարքավորումների դիմաց հարկերը, ինչը կառավարությունը վերջին նիստերից մեկում բավարարեց։ Ընկերության տնօրեն Բագրատ Դարբինյանը նշում է, որ իտալացիները բավական մեծ գումարի` մոտ 1.5 մլն եվրո, մեքենա սարքավորումներ են ներկրել, որոնց մաքսային արժեքը բավական մեծ էր։ Ճգնաժամային տարում շատ ռիսկերի չէին կարող գնալ, այդ պատճառով, խնդրեցին դիմել կառավարությանը`ժամկետը մի քիչ հետաձգելու առումով։
Աջակցությունը մի տեսակ բարոյապես էլ ազդել է իտալացիների վրա, ովքեր պատրաստվում են նոր սարքավորումներ ներկրել ու ավելացնել արտադրական հզորությունները, բնականաբար ապահովելով նոր աշխատատեղեր։ «Գլորիայի» տնօրենն ասում է, որ աջակցություն է ակնկալում նաեւ մատչելի վարկի տեսքով, որից հետո որոշել են 300 աշխատատեղ ավելացնել, մինչեւ գալիք փետրվար այդ թիվը հասցնելով 800-ի։
Տասնամյա ձեռնարկությունը, արտադրությունն սկսելով ընդամենը 100 աշխատատեղով, այսօր այն հնգապատկել է, եւ դարձել թեթեւ արդյունաբերության այս ճյուղի առաջատարներից։ Ընկերության հիմնադիրներն են իտալական «Սարտիս» ընկերությունը եւ Վանաձորի «Ստիլիսա» կարի ֆաբրիկան։
«Սարտիսի» հետ կնքված պայմանագրով, 5 տարի ժամկետով «Գլորիան» ներմուծել է մի քանի տասնյակ մեքենա-սարքավորումներ`նախատեսելով տարեկան արտահանել ներկայիս ծավալների կրկնակին`շուրջ 600 մլն դրամի պատրաստի արտադրանք։
Հասցեն` Երեւան
Այս տարվա ընթացքում Հայաստանից 12 հազար տոննա միրգ ու բանջարեղենի արտահանում կապահովի «Սպայկա» ընկերությունը։ Այդ նպատակով կառուցել են 2000 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, ստեղծել մրգի տեսակավորման արտադրամաս, հիմնել արտահանման տարաների սեփական արտադրությունը։ Ընկերությունն արտահանումը կազմակերպում է դարձյալ սեփական հնարավորություններով. այդ նպատակով ներմուծել է «Վոլվո» և «Իվեկո» մակնիշի, սառնարանային ագրեգատներով հագեցած բեռնատարներ։
Այս ամենի արդյունքում «Սպայկան» արդեն ապահովել է 100-ից ավելի նոր, միաժամանակ 1500 սեզոնային աշխատատեղ, միրգ բանջարեղենի ձեռք բերման պայմանագրեր կնքել ավելի քան 1500 գյուղացիական տնտեսությունների հետ։ Ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Կարեն Բաղդասարյանի խոսքով, վերջին մի քանի ամիսների ընթացքում այս բիզնեսում ներդրվել է 12 մլն դոլար։
Արտահանմանը միտված եւ նոր աշխատատեղերի ստեղծումը խթանող իր ծրագրին հավատարիմ, կառավարության օպերատիվ շտաբը որոշում էր կայացրել օժանդակել նաև այս ընկերությանը։ Այս դեպքում թույլ էր տրվել երկարաձգել ԱԱՀ-ի վճարումը։ Ընկերությունը հիմնած երիտասարդների «սպայկան» կարևորում է ոչ այնքան երևույթի ֆինանսական կողմը (հետաձգվել է 450 մլն դրամի ԱԱՀ- ի վճարումը)։ Տնօրեն Դավիթ Ղազարյանի խոսքով չափազանց կարեւոր է զգալ, որ թիկունքիդ կառավարությունն է։ Ընկերության հետևողական աշխատանքի և կառավարության անմիջական ուշադրության արդյունքում «Արարատ ֆրուտ» փաթեթավորմամբ հայկական միրգն ու բանջարեղենն այսօր պրեմիում դասի տակ վաճառվում է մոսկովյան հիպերմարկետներում`մրցակցության լուրջ խնդիրներ առաջացնելով թուրքական նմանօրինակ ապրանքների համար։
Այսպիսով, 150 նոր աշխատատեղ «Սպայկայում», «Արարատ գրուպում» առայժմ 220` կրկնապատկելու խոստումով, «Գլորիայում»` նոր սարքավորումների ներկրումից հետո եւս 300 աշխատատեղ. միաժամանակ ներդրումներ, ներկայանալի ապրանք եւ արտահանում։ Սա հենց այն արդյունքն է, որին միտված են կառավարության ընթացիկ ծրագրերը։
Հասմիկ Առաքելյան
Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն