ուրբաթ, 3 դեկտեմբերի 2010
Մինասի որմնանկարները՝ կառավարությունում
Նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մինաս Ավետիսյանի “Հանդիպում” և “Խաչքարի մոտ” որմնանկարների վերաբացման երկար սպասված արարողությունը։ ՀՀ կառավարության 2010թ. հունիսի 17-ի որոշման համաձայն` “Մինաս Ավետիսյան” հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ձեռնամուխ է եղել Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում գտնվող հիշյալ որմնանկարների վերականգնման ծրագրի իրականացմանը։ Կառավարության շենքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից որմնանկարների վերածնունդն օրհնել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` շնորհավորելով նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել որմնանկարների վերականգնման աշխատանքներն իրականացրած հայ և իտալացի մասնագետներին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, որոնց մասնակցությամբ արվեստի այս գլուխգործոցները տարանջատվել են Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատերից, ջանասիրաբար վերականգնվել և ապա տեղափոխվել ու տեղադրվել կառավարության շենքում։ Վարչապետը, մասնավորապես, նշել է. “Կարծում եմ, սա այն դեպքն է, երբ մենք կարող ենք ասել, որ պատմությունը միշտ իր արդար գործն ի կատար է ածում և 70-ականներին, երբ Մինաս Ավետիսյանն այս որմնանկարները ստեղծագործում էր Լենինական քաղաքում` սովորական մի գործարանի շատ սովորական ճաշարանում, որևիցե մեկն այն ժամանակ չէր կարող ենթադրել, որ այս ստեղծագործությունները տարիներ հետո համարվելու են մեր արվեստի բացառիկ գործեր և իրենց արժանի տեղն են գտնելու մեր մշակութային կյանքում։ Եվ այն, որ այդ որմնանկարներն այսօր հայտնվել են կառավարության շենքում` զբաղեցնելով իրենց տեղը, դրա վառ վկայությունն է։ Պատմությունն է տալիս Մինասի աշխատանքների գնահատականը և մենք միասին այսօր հնարավորություն ունենք հիանալու այս հիասքանչ աշխատանքներով”։
Որմնանկարների վերականգնումն ուշագրավ պատմություն ունի: Կառավարության որոշման հիման վրա, որով երկու որմնանկարների վերականգնման համար հատկացվեց 20 մլն դրամ, հիմնադրամը պայմանավորվածություն ձեռք բերեց Իտալիայի”Պալացո Սպինելի” վերականգնողական կենտրոնի հետ, որի արդյունքում Հայաստան հրավիրվեց կենտրոնի մասնագետ, պրոֆեսոր Ֆաբրիցիո Յակոբինին: Իտալացի մասնագետը երկրորդ անգամ էր մասնակցում Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնմանը: Նշենք, որ 2007-2008թթ. ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ Գյումրու Էլեկտրոտեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում գտնվող Մինաս Ավետիսյանի“Թորոս Ռուսլինի ծնունդը” որմնանկարը վերականգնվեց իտալացի մասնագետների կողմից և տեղափոխվեց Ջաջուռի Մինաս Ավետիսյանի անվան թանգարան:”Խաչքարի մոտ” և ”Հանդիպում” որմնանկարների վերականգման ամրակայման և տեղափոխման աշխատանքներն իրականացվեցին երեք փուլով:
Առաջին փուլը տասն օր. որմանանկարները ամրացվեցին և պատվեցին երկշերտ վուշե կտավով: Քսան օր անց սկսվեց աշխատանքների 2-րդ փուլը, որը տևեց ութ օր, այդ ընթացքում որմնանկարները անջատվեցին կրող պատերից և տեղափոխվեցին Երևան, որտեղ կատարվեցին ամրացման աշխատանքներ` Իտալիայից ներկրված հատուկ նյութերով: Քսան օր անց մեկնարկեցին երրորդ փուլի աշխատանքները, որոնց ընթացքում բացվեց որմանանկարների դիմային մասը և սոսնձվեց Իտալիայից բերված հատուկ հենքի վրա: Այնուհետև ամրացվեց ներկի շերտն ու իրականացվեցին վերականգման աշխատանքները, որոնք շարունակվեցին ՀՀ Կառավարության շենքում որմնանկարները տեղադրելուց հետո:
Մինաս Ավետիսյանի “Խաչքարի մոտ” և “Հանդիպում” որմնանկարների վերականգման աշխատանքներն իրականացվել են հայ վերականգնողների ուժերով և իտալացի մասնագետի հսկողությամբ:
Հատկանշական է, որ վերականգման փուլին բուն ընթացքին նախորդել են նախապատրաստական ծավալուն աշխատանքներ, որոնց ընթացքում կատարվել է որմանանկարների լաբորատոր ուսումնասիրություն. վերջինիս տևել է չորս ամիս:
Ուշարժան և ուրախալի է այն փաստը, որ հիշյալ ստեղծագործությունների վերականգման ողջ բարդ տեխնոլոգիական պրոցեսի ընթացքում, որմնանկարները չունեցան ներկի շերտի որևէ կորուստ: Եվ ինչպես նշում են իտալացի և հայ մասնագետները, իրականում այս արդյունքը բացառիկ է:
“Հանդիպում” և “Խաչքարի մոտ” որմնանկարների համառոտ նկարագրությունը
“Հանդիպում” 1973թ. Գյումրիի Էլեկտրոսարքավորումների գործարան.
Տեմպերա 3x6 մ.
“Հանդիպում” կամ “Աղբյուրի մոտ” որմնանկարին գրված է. “Նվիրվում է 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին”: Միանգամայն հասկանալի է որմնանկարում պատկերված աղբյուրի խորհուրդը. այն նկարչի կողմից ստեղծված երևակայական մի հուշարձան է եղեռնի զոհերի հիշատակին: Կանանց կերպարները լի են տագնապով ու խոր վշտով, տխրությամբ դեպի կորուսյալ երկիր: Մի առիթով նկարիչը ասել է. “Մենք այնքան ենք տեսել ու հուզվել, որ մեր նկարչությունը այլ լինել չէր կարող: Այն կապված է մեր պատմության հետ”:
“Խաչքարի մոտ”1973թ. Գյումրիի Էլեկտրոսարքավորումների գործարան.
Տեմպերա 3x6
Նույն տրամադրությամբ, սակայն այլ լուծմամբ է նկարիչը մոտենում “Խաչքարի մոտ” կամ “Ողբ Անուշի” որմնանկարին: Կրկին կանացի կերպարներ… Նայելիս, չնայած`պատկերված ողբի ու տխրության տեսարանին ակամայից լցվում ենք երկու զգացողությամբ` մի կողմից հանգստության, մյուս կողմից` ներքին տագնապի: Առանձնակի ուշադրություն է գրավում կոմպոզիցիայի վերջին աջ կերպարը, որն, ասես, միջնադարյան մանրանկարչությունից վերցված սրբի պատկեր լինի: Նկարիչը բազմիցս անդրադարձել այս թեմային թե կտավներում, թե որմնանկարներում: 1972-73թթ. ամանորի գիշերը տեղի ունեցած հրդեհը բազմաթիվ նկարների հետ միասին այրեց նաև “Խաչքարի մոտ” կտավը: Մինասն այս անգամ պատին է վրձնում գրեթե նույն նկարը ասես կանխելով հնարավոր նոր կորուստը:
Հիշենք, որ այս որմնանկարները ստեղծվել են խորհրդային տարիներին, ինչը մեծ համարձակություն էր նկարչի կողմից` բնութագրական գիծ, որն առհասարակ բնորոշ է Մինաս մտավորականին:
Սոցիալական ցանցերից
Կառավարության հունիսի 17-ի նիստում տեղեկանալով, որ դեռևս հստակեցված չէ ևս մոտ մեկ տասնյակ արժեքավոր որմնանկարների ճակատագիրը, ՀՀ վարչապետը մշակույթի նախարարությանն առաջարկել է դրանք աճուրդի կամ այլ ձևով օտարելու միջոցով տրամադրել մասնավոր այն ընկերություններին, որոնք կուզենային փրկել Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները: Ընդ որում, պայմանը պետք է լինի այն, որ որմնանկարները վերականգնվեն և հասանելի լինեն մարդկանց: Վարչապետի հայտարարությունը սոցիալական ցանցերում դարձավ քննարկման առարկա: Բոլորի մտահոգությունը փարատելու համար Տիգրան Սարգսյանն իր բլոգում գրեց. “Բարեկամներ, այսօր կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել Մինասի 2 որմնանկար վերականգնելու և կառավարության շենք տեղափոխելու համար: Դա հնարավորություն կտա կործանումից փրկել հայ մեծ վարպետի 2 աշխատանք: Անցյալ տարի փրկել ենք մեկ աշխատանք` “Թորոս Ռոսլինի ծնունդը” որմնանկարը:
Ցավով պետք է նշեմ, որ այս տեմպով, տարեկան 1-2 գործ վերականգնելով, մենք մի քանի տարի հետո կարող ենք կորցնել Մինասի որմնանկարները, որոնցից շատերն այսօր ողբերգական վիճակում են:
Կառավարության նիստի ժամանակ ես առաջարկել եմ քննարկել մասնավորին այս գործի մեջ ներգրավելու, և նաև այդ միջոցով որմնանկարները փրկելու տարբերակը:
Աճուրդը կարող է հանդիսանալ այդ տարբերակներից մեկը, ինչի մասին մշակույթի նախարարությունը կտա իր մասնագիտական ու մշակութաբանական գնահատականը”:
Հետգրություն
Մինասի արվեստը հանրահռչակելու և փրկված որմնանկարները հասանելի դարձնելու նպատակով, առաջիկայում կառավարության խորհրդակցությունների դահլիճը հասանելի կլինի նաև մեծ նկարչի արվեստի երկրպագուների համար։
Առավել մանրամասն
Հոգացողության առարկան մշակույթն է
Տիգրան Սարգսյանի բլոգը
Վարչապետը` Մինասի ժառանգության փրկության մասին
Մինասի որմնանկարները՝ կառավարությունում