Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

երեքշաբթի, 1 փետրվարի 2011

Ինչ տվեց Հայաստանին 2010-ը

Վերլուծություն այն մասին, թե ինչ են արել կառավարող մարմինները տարբեր ոլորտներում մի ամբողջ տարի, համենայն դեպս այն` ինչը չափելի է կատարված աշխատանքով, ինչը տարվա ընթացքում նկատել է «Հրապարակում» հեռուստահաղորդաշարի տեսախցիկը։
Ի՞նչն են գերխնդիր համարում կառավարությունում, եւ ի՞նչ պետք է սպասել իշխանություններից 2011-ին։
«2011թ. հետճգնաժամային աշխարհն այլեւս չի վերադառնալու իր հին տնտեսական մոդելին… Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի։ Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի»։


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից


«2011 թվականին մեկնարկում են լրջագույն բարեփոխումներ, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները։
Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն հասարակական լայն աջակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ։ Ես համոզված եմ, որ միայն բարեփոխումների ճանապարհով կարող է իրականանալ ավելի լավ ու հզոր Հայաստան ունենալու մեր երազանքը»։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից


Նոր աշխատատեղերը`գերխնդիր

Կառավարությունն անցած տարում շարունակեց աջակցել տնտեսության իրական հատվածի ձեռնարկություններին` գործընթաց, որ թելադրված էր հակաճգնաժամային քայլերի տրամաբանությամբ։ Այսպես, արդեն երկու տարի անընդմեջ խրախուսվում են այն ձեռներեցները, ովքեր 300 մլն եւ ավելի դրամի սարքավորումներ են ներկրել Հայաստան` իրենց բիզնեսը զարգացնելու համար։ Աջակցությունն այս պարագայում այդ ընկերությունների ԱԱՀ-ի վճարումը հետաձգելն է երեք տարով։ Նման արտոնությունից օգտվել է 11 ընկերություն, արդյունքում շուրջ 29 մլրդ դրամ ներդրումով ստեղծվել է ավելի քան 950 լրացուցիչ աշխատատեղ։
Այդ ընկերություններից «Սպայկան», որ մասնագիտացել է գյուղմթերքի սառեցման, տեսակավորման ու արտահանման ուղղությամբ,12 մլն դոլար ներդնելով սարքավորումների եւ մեքենաների տեսքով, 150 հիմնական եւ 1500 սեզոնային աշխատատեղ է ապահովել։
Հանքային ջրեր արտադրող «Արարատ գրուպ»-ը ավելի քան 27 մլն դոլարի ներդրումային ծրագրով նախատեսում է 220 նոր աշխատատեղ բացել Արտաշատում։ Այստեղ խոստանում են, որ հետագայում արտադրության ընդլայնմամբ աշխատուժը կկրկնապատկվի։
Իսկ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում իտալացի ներդրողները, 1.5 մլն եվրոյի սարքավորումներ ներկրելով, արդեն 500 աշխատող ունեցող ֆաբրիկան եւս 300 նոր աշխատատեղով համալրելու հնարավորություն տվեցին։
2010-ին Հայաստանը տարածաշրջանում եզակի` մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների համար կուտակային մարտկոցներ արտադրող երկիր դարձավ։ 17,5 մլն եվրո ներդրումով եւ 150 աշխատատեղով բացվեց հայ-գերմանական «Էլբատ» գործարանը։
Նոր աշխատատեղերի մասին են խոսում նաեւ Կապանի նորաբաց «ԼեռԷքս» ֆաբրիկայում։ Տարեկան 150 հազար տոննա հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ ֆաբրիկան նախատեսում է թողարկել մոլիբդենի եւ պղնձի խտանյութ. ծրագրերում աշխատատեղերի քանակը 500-ի հասցնելն է։

Երբ շուրջն ամեն ինչ էլեկտրոնային է…

Ինֆորմացիայի դարաշրջանում տեղեկացված հասարակություն ունենալը ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ անխուսափելի։ 2010-ին այս ոլորտում համարձակ քայլ կատարվեց պետական մարմիններն անցան էլեկտրոնային կառավարման, քաղաքացիներ եւ պետական օղակ շփումը պակասեց` իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով։
Դա հնարավոր եղավ էլեկտրոնային ստորագրության ներդրման միջոցով. այսօր արդեն Հայաստանում 300 պաշտոնյա է աշխատում էլեկտրոնային ստորագրությամբ։ Թվային ստորագրությունը շրջանառվում է 29 կառավարման մարմիններում`սկսած կառավարության աշխատակազմից, նախարարություններով, մինչեւ մարզպետարաններ։ Համակարգն ապահովել է ավելի արագ, թափանցիկ աշխատանք, թղթի, ժամանակի խնայողություն եւ վերջապես պարզ ու տեսանելի վերահսկողություն։ Նման վիրտուալ շփման են անցել նաեւ հարկատուները. շուրջ 4200 տնտեսվարող արդեն հարկային հաշվետվություն է ներկայացնում էլեկտրոնային տարբերակով։ 2011-ը մեկնարկային է պետռեգիստրում բիզնեսի գրանցումը էլեկտրոնային միջակայք տեղափոխելու առումով։
2010-ին Հայաստանում 3 ՋԻ ստանդարտով գործող ինտերնետը 100%-անոց ծածկույթ ունեցավ, լայնաշերտ ինտերնետի միջին գինը նվազեց 2 անգամ, եւ գրեթե 3.5 անգամ` ինտերնետի մեծածախ սակագինը։
Հասարակության առավել լայն շերտերին էլեկտրոնային բովանդակությունը հասու դարձնելու համար պետությունը սկսեց նախ իրագործել «Համակարգիչ բոլորին» ծրագիրը, որի միայն փորձնական փուլում շուրջ 17000 համակարգիչ է վաճառվել։ Էստաֆետը դպրոցներն եւ ուսուցիչներին համակարգչով ապահովող ծրագրերինն է, եւ այդ նպատակով գործադիրն առանձնացրել է 700 մլն դրամ։ Լայն աշխատանք իրականացվեց ինտերնետը մարզեր հասցնելու գործում. այսպես, այն հասանելի դարձավ 1.5 մլն հայաստանցու համար, հասարակության զգալի մասը` շուրջ 170 հազարը, արդեն կարողանում է օգտվել համացանցի ամենալայն հնարավորություններից։ Տարեվերջին արդեն հեռահաղորդակցման հայկական շուկան հարստացավ նաեւ 4 Ջի տեխնոլոգիայով։
Տեղեկատվական ոլորտի տարվա վերջակետերը դրվեցին «Դիջիթեք» ցուցահանդեսում, որին այս տարի մասնակցեց 68 տեղական ու միջազգային կազմակերպություն եւ ունեցավ 15 հազար այցելու. այստեղ ներկայացված էր հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերջին խոսքն իր ողջ հմայքով։ Պարզվեց, որ աշխարհում հայտնի ամերիկյան «National Instruments»-ը իրեն լավ է զգում նաեւ հայկական միջավայրում, այստեղ աշխատող 100 ինժեներ-տեխնոլոգ արդեն մշակել եւ գործարար աշխարհին է ներկայացրել նորարարական ծրագրեր։
«Դիջիթեքին» առաջին անգամ ներկայացավ նաեւ «Ջիէնսիալֆա» ընկերությունը, որ կառավարության որոշմամբ այս ոլորտում ճեղքեց մրցակցությունը` լայնաշերտ ինտերնետի մալուխները հասցնելով մարզեր ու ստեղծելով ինտերնետ սնուցման պահեստային միջոցներ։
Տեղեկատվական հասարակությանը տարվա նորարություններով առաջին անգամ ներկայացավ նաեւ կառավարության www.e-gov.am կայքը, որի հնարավորությունները թույլ են տալիս անգամ որոշակի գործունեություն սկսելու համար պահանջվող բիզնես արտոնագրեր օնլայն ստանալ։
Այս տարի «Հայթեքի» մեր գլխավոր ասելիքը չինական Շանհայում էր, որտեղ Հայաստանը ներկայացավ լավագույնս` հայկական տաղավարն ամենաշատ այցելու ունեցողն էր, բովանդակությունը եւ ներկայացվող թեմաները 6 ամիս շարունակ դեպի իրենց էին գրավում միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։ Տաղավարն իր «աշխարհի քաղաքի» մանրակերտի վիրտուալ իրականության վերջին հնարավորություններով, հայ ճարտարապետական մտքի առաջարկն է ուղղված ողջ աշխարհին`Արարատի փեշին կառուցել աշխարհի քաղաքը։ Տաղավարը վերադառնում է Հայաստան եւ փետրվարից այն բաց կլինի նաեւ հայաստանցիների համար։

10 քայլ`հանուն գործարար միջավայրի բարելավման

Տարեվերջին կառավարությունը ԱԺ ներկայացրեց համալիր միջոցառումների մի փաթեթ, ինչը սկիզբ է դնում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին։
Նախ նոր փոխհարաբերությունների հիմք դրվեց տնտեսվարողների ու ստուգող մարմինների մեջ։ Բարեփոխումների գաղափարն այս միջակայքում ենթադրում է նոր աշխատաոճ. բոլոր 18 տեսչությունների դեպքում էլ` ստուգումներ իրականացվելու են միմիայն ռիսկային ոլորտներում. բացել հաձնարարագիր ու գնալ ստուգումների`այլեւս հիմնված չի լինելու տեսուչի ցանկության վրա։ Կարճ ասած`ստուգող մարմիններն աշխատելու են բոլորովին նոր մոդելով։ Բարեփոխվող «առաջին ծիծեռնակները» հակահրդեհային, որակի ու սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություններն են։
Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է արտոնավճարների համակարգի ընդլայնմանը։ Տնտեսվարողներից ամենափոքրերը`ում տարեկան շրջանառությունը չի անցնում 6 մլն դրամը, այլեւս հաշվառում չեն վարի եւ հարկային հաշվետվություններ չեն ներկայացնի։ Ներդրված արտոնագրային վճարների համակարգը հնարավորություն է տալիս որոշ ճյուղերի տարեկան հարկային մարմնին վճարել միայն հաստատագրված որոշակի վճար` դրանից հետո որեւէ առնչություն չունենալ հարկային մարմնի հետ։
Ներմուծող եւ արտահանող բիզնեսի բեռը թեթեւացնելու համար գործադիրը նրանց որոշ դեպքերում ազատել է տարատեսակ քաշքշուկներից. ներմուծողը մաքսային պարտադիր հավաստագիր կարող է վերցնել ոչ թե մաքսազերծման պահին, այլ ապրանքը շուկա հանելուց առաջ, իսկ արտահանողների համար հեշտացվել է ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու գործընթացը։
Փոփոխությունները նաեւ «մեկ պատուհան» են ենթադրում բիզնեսի գրանցման, շինարարության թույլտվություն ստանալու դեպքում։
2010-ի վերջին կառավարությունն ընդունեց ազատ տնտեսական գոտու մասին որոշումը, ինչը նշանակում է` 2011-ին արդեն կգործեն որոշակի հարկային արտոնություններով օժտված գոտիներ։ Դրանցում ընդգրկվող ձեռնարկությունները կազատվեն գրեթե բոլոր հարկատեսակներից։

Էլիտար հացահատիկ… ինքնաբավ տնտեսություն

Գյուղատնտեսության մասով հիմնականում անբարենպաստ տարին, այդուհանդերձ, հիմք դրեց մի գործընթացի, որը ենթադրում է ավելացնել Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը։ ՌԴ-ից շուրջ 1000 տոննա բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի սերմացու ներմուծվեց եւ տրամադրվեց 100 ֆերմերի։
Կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում նաեւ տավարաբուծության զարգացման եւ մթերատվության բարձրացման ծրագիրը։ Միայն 2010թ. պետբյուջեից այդ նպատակով 300 մլն դրամ է տրամադրվել` Գերմանիայից տոհմային` 4-5 անգամ ավելի կաթնատու երինջներ ձեռք բերելու նպատակով։ Դրանք լավագույն պայմաններով` անտոկոս, 4 տարի մարման ժամկետով տրվում են մասնագիտացված ֆերմերային տնտեսություններին։
Գյուղական տարածքներում գյուղմթերքի արտադրությունն ու վերամշակումը խթանելու նպատակով 2010-ից ակտիվ աշխատանք ծավալեց «FREDA» վենչուրային հիմնադրամը, որի միջոցով 2010 թ. ընթացքում 3 ընկերություն 480 մլն դրամով համալրել է կապիտալը` տեխնոլոգիական նոր հիմքերի վրա դնելով արտադրությունը, արդյունքում ստեղծելով 40-ից ավելի լրացուցիչ աշխատատեղ։
Անցյալ տարին հայաստանյան ձկնարտադրողների համար արտահանման ճանապարհներ բացեց։ Հայկական ձկնամթերքը կազմակերպված կերպով սկսեց արտահանվել Ռուսաստան։ Արտահանվում է 350 տոննա ձկնամթերք, սակայն ձկնաբույծները վստահ են, որ ներուժը բավական մեծ է եւ հաջորդ տարի այդ ծավալները կկրկնապատկվեն։

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը` գործունեության նոր հենքով

Հայաստանի անկախության շրջանում ամենահավակնոտ որակված ծրագիրը` միջուկային բժշկության տարածաշրջանային կենտրոն ստեղծելը, իրականացվելու է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հենքի վրա։
Այն նախատեսում է ունենալ քաղցկեղի ախտորոշման ու բուժման ժամանակակից տեխնոլոգիա` 30 մեգաէլեկտրավոլտ ցիկլոտրոն, որն արտադրելու է անհրաժեշտ միջուկային իզոտոպեր։ Արագացուցչի մասին խոսակցություններն առավել առարկայական դարձան, երբ տարեվերջին Հայաստանի կառավարության եւ բելգիական «ՔեյԲիՍիԷնՎի» բանկի միջեւ կնքվեց 5 մլն եվրո արտոնյալ վարկի համաձայնագիր։
Եթե միջուկային բժշկությունը դեռ նոր է կանաչ ճանապարհ ստանում, ապա 2010-ին իր «թեւերը» բացեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին։
9 ամսում կառուցված օդային այս հրաշքը գրանցվեց Գինեսի գրքում։ Նախկինում Տաթեւի վանական համալիր հասնելու համար զբոսաշրջիկները հաղթահարում էին երկար ու քարքարոտ 45 րոպեանոց ճանապարհը, այժմ 5.7 կիլոմետրանոց ճոպանուղին այն կրճատել է 4 անգամ։ Ծրագրի իրագործումն արժեցավ 32 միլիոն դոլար, որից 14 միլիոնը` պետական միջոցների հաշվին։
«Տաթեւի թեւերը» ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի`պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակն է։

Տարվա էներգետիկ լուրը

Շահագործման հանձնվեց «Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանը»։ Այս նոր կայանը էապես փոխելու է հանրապետության ջերմային էներգետիկայի վիճակը. գործող ջերմաէլեկտրակայանների համեմատ, այն 1 կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսում է 2,0-2,3 անգամ պակաս բնական գազ, եւ ունի ավելի ցածր արտանետումներ։
Ստորագրվեց Մեղրի ՀԷԿ-ի շուրջ միջպետական համաձայնագիրը.
ՀԷԿ-ի շինարարության տարբեր փուլերում ընդհանուր առմամբ ներգրավված են լինելու շուրջ 2 հազար մասնագետ։
2010 թ. սեպտեմբերին ամբողջությամբ ավարտվեց թվով 17 110 կՎ ենթակայանների վերականգնման աշխատանքը, որն իրականացվում էր Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։

Ջրին` ընթացք, ճանապարհներին` նոր շունչ

2010-ն ընդհանրապես ջրին ընթացք տվող տարի էր. կառուցվել եւ վերանորոգվել է 765 կմ խողովակաշար, մեծ մասը`խմելու ջրի։ Կառուցվել է 18 օրվա կարգավորիչ նոր ջրամբար, վերանորոգման աշխատանքներ են տարվել եւս 11- ում։
Շինարարական եռուզեռ է սկսվել միանգամից վեց մայր ջրանցքներում։ Ջրանցքների վերականգման աշխատանքների արդյունքում Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 200 համայնքների ավելի քան 110 հազար գյուղացի կունենա առավել հուսալի ոռոգման ցանց։
Կանգ չի առել նաեւ ճանապարհաշինությունը. 2010-ին նորոգվել է 350 կմ երկարությամբ ճանապարհ, հիմնանորոգվել` 8 կամուրջ։ Երկաթուղում կատարված 12 մլրդ դրամ ներդրումների արդյունքում բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 2.6 տոկոսով, իսկ ուղեւորաշրջանառությունը` գրեթե 50 տոկոսով։

Բարեփոխումներն առողջապահությունում

2010-ին առողջապահության համակարգի ապակոռումպացման առաջին փորձն արվեց։ Գաղափարն այն էր, որ այն, ինչ այսօր ամենասովորական հարցով բժշկին դիմած քաղաքացին դնում է նրա գրպանը, այլեւս գանձվի օրինական, առավել քաղաքակիրթ ճանապարհով դեպի տվյալ բուժհաստատության ընդհանուր գանձարան եւ ապա վերաբաշխվի աշխատողներին։ Արաբկիր բժշկական կենտրոնն առաջինն էր, որ որոշեց հրաժարվել ստվերային փողերից, եւ ստանձնեց համավճարի ծրագրի փորձարկումը։
Եթե բարեփոխումներն այս ոլորտում միայն փորձնական փուլում էին, ապա համակարգի արդիականացումը 2010-ին արձանագրել է 20 ամբուլատորիայի եւ ութ հիվանդանոցների հիմնանորոգում, տեխնիկական վերազինում։ ՀԲ եւ կառավարության վարկային ծրագրով 3.6 մլրդ դրամի ներդրումներով ժամանակակից տեսքի են բերվել մարզային մի շարք հիվանդանոցներ, որոնք այլեւս մարզաբնակների որակյալ բուժսպասարկման այլընտրանքն են։

Մատչելի բնակարան երիտասարդներին

2010-ին մեկնարկած «Մատչելի բնակարան երիտասարդներին» պետական նպատակային ծրագիրն աջակցում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին։ Պետությունն այս դեպքում սուբսիդավորում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը։ Երեւանում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող հիփոթեքային վարկի տոկոսը` 8.5-9 է, իսկ մարզերում` 6.5-7։ Հայաստանյան բանկերի ու վարկային կազմակերպությունների մեծ մասը պետական այս ծրագրի գործընկերն է։ 208 ընտանիք օգտվել է նման հնարավորությունից, ծախսվել է 1.6 մլրդ դրամ, այսինքն` պետության հատկացրածի կեսից քիչ ավելին. ծրագիրն ավելի մատչելի դարձնելու նպատակով այն բարեփոխվեց` արտոնություններ տրվեցին մարզերում ապրող երիտասարդների համար։
Տարվա ընթացքում մի քանի անգամ բնակարանամուտի կարմիր ժապավեններ կտրվեցին Գյումրիում, Սպիտակում։ Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները վերջնական լուծելուն ուղղված պետական ծրագրով իրականացված բնակարանային շինարարությունը տանիքով ապահովեց Գյումրիում 1056, Սպիտակում` 220, Լոռու մարզի գյուղական վայրերում 303 ընտանիքների։ Զուգահեռ,Գյումրիում սկսվել է 38 բազմաբնակարան շենքերի եւ Լոռու մարզի գյուղերում 375 բնակելի տների շինարարությունը։
2010-ին սոցիալական ծախսերը պահպանվեցին։ Մայիսից 15.6%-ով բարձրացվեցին անապահով ընտանիքներին տրվող սոցիալական նպաստները, իսկ նոյեմբերից 11%-ով` կենսաթոշակները։

Տրվեց կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը

Արդեն այս տարվա սկզբից արտոնագիր ունեցող որեւէ ֆինանսական կառույցի դիմելով, քաղաքացին` առայժմ կամավոր սկզբունքով, կարող է իր ապագա թոշակի առաջին վճարումը կատարել։ Ներդրվող բազմաստիճան կենսաթոշակային նոր համակարգում ընդգրկված են հասարակության բոլոր շերտերը։
Իսկ բարեփոխումներն «անձնագրայինում» արդեն տեսանելի են. անձնագրային եւ վիզաների համակարգը բարեփոխվել է ամբողջովին` սկսած վարչական մասից մինչեւ շենքային բարենպաստ պայմաններ։ Այլեւս որեւէ անձնագրավար իր պարտականությունները կատարելիս չի համարձակվի քաղաքացուց կամայական գումար պահանջել։ Կառավարությունը բոլոր ծառայությունների համար հստակ սակագին ու ժամկետ է սահմանել։ Չափահաս հայ քաղաքացին կարող է ընդամենը 1 օրում կորցրած անձնագիրը նորով փոխարինել, հաշված ժամերի ընթացքում անձնագրում վավերացման կնիք ունենալ եւ որ ամենակարեւորն է` վայելել որակյալ սպասարկման հաճույքը։

Ավելի շատ «լույս» ուսումնատենչներին…

Գործունեության երկու տարվա համառոտ կենսագրություն ունեցող «Լույս» հիմադրամն այս տարի եւս շարունակեց խթանել հայ ուսանողների կրթությունը աշխարհի լավագույն համալսարաններ։ Բարեգործական միջոցներից հավաքագրված բյուջեն այս անգամ ֆինանսավորեց 69 հայ երիտասարդների բարձրակարգ կրթությունը։

«Աիդայի» վերադարձը

Դե իսկ մշակութասեր հասարակության հիշողությունում 2010-ն ավելի շատ կապրի «Աիդա» օպերայի տրիումֆով եւ Մինասի որմնանկարների փրկության գործընթացով։ Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանից` կառավարության խորհրդակցությունների դահլիճ։ Մինասի «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները կիսափուլ շինությունում 22 ձմեռ անցկացնելուց հետո այլեւս իրենց նոր` լուսավոր ու տաք հանգրվանում են, որի համար գործադիրը 20 մլն դրամ հատկացրեց։ Եգիպտացի զորավարի եւ եթովպացի ստրկուհու սիրո դրամատիկ պատմությունը հայկական օպերայի բեմում է 35 տարվա ընդմիջումից հետո։ 300 դերակատար, փարավոնների ժամանակաշրջանին բնորոշ դեկորացիաներ, լուսային ժամանակակից ձեւավորում։
Ռոքից` ջազ ու օպերետային կատարումներ. համերգային 2010-ը առավել քան շռնդալից ստացվեց….Երեւանյան համերգասրահները մեկը մյուսի հետեւից հյուրընկալեցին աշխարհահռչակ անուններ`«Դիփ Փարփլ», Սերժ Թանգյան, Ջո Կոկեր, Գորան Բրեգովիչ, Էմիր Կուստուրիցա, Դը Նո Սմոքինգ Օրքեստրա, ի վերջո աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգո։

* * *

Պաշտոնական զեկույցների մեջ հասարակ մահկանացուները հաճախ չեն գտնում իրենց «բաժինը»։ Այն, թե ինչ է տվել այս կամ այն միջոցառումն անձամբ իրեն կամ` իր ընտանիքին։
ՀՀ կառավարության «Հրապարակում» հեռուստածրագիրն աշխատում է հենց այս սկզբունքով. գտնել կատարվածը խոստումների մեջ, փնտրել դրա իրական արդյունքը հասարակության շրջանում, բացահայտել կառավարող օղակի աշխատանքի թերի կողմերը։
Դրանք շատ հաճախ դառնում են լրագրողական հետաքննություններ եւ որպես կանոն մատուցվում դինամիկ ռեպորտաժների ձեւաչափով, Հ1-ի եթերում, ամեն երեքշաբթի եւ ուրբաթ։ Հաղորդումները կարելի է դիտել նաեւ համացանցում հետեւյալ էլեկտրոնային հասցեներով. www.youtube.com/hraparakum, www.gov.am
Հեռուստածրագրի հեղինակ-լրագրողները հրավիրում են քննարկումների նաեւ հաղորդման բլոգում` hraparakum.livejournal. com

Ալինա Խուդոյան
Հասմիկ Առաքելյան
Տնտեսական բարեփոխումների
վերլուծական-տեղեկատվական կենտրոն

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ