Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

ուրբաթ, 25 փետրվարի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերություններին

-Գնաճը մի երևույթ է, որն իր մեջ ընդգրկում է մեր տնտեսության տարբեր շերտեր: Թանկացել է առաջին անհրաժեշտության սննդամթերքը, մինչդեռ Փարիզի սուպերմարկետներում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ ավելի մատչելի են, քան մեր սուպերմարկետներում և խանութներում: Չե՞ք կարծում, որ գնաճը զսպելու Կառավարության քաղաքականությունն էֆեկտիվ և հասկանալի չէ, և հասարակությունն այնքան էլ այդ հարցում չի վստահում Կառավարությանը:

-Աշխարհում չկա որևիցե երկիր, որտեղ քաղաքացու համար հասկանալի է, թե Կենտրոնական բանկն ինչպես է զսպում գնաճը, այդ թվում նաև զարգացած երկրներում: Միգուցե դրա անհրաժեշտությունը չկա էլ: Մարդկանց համար առավել կարևոր է, որ երկրում գների կայունություն լինի, և մարդը դատում է արդյունքներով: Այդ տեսակետից մենք արձանագրում ենք, որ ունենք գնաճի խնդիր: Վերջին 10-15 տարիներին գները ՀՀ-ում երբեք այսքան բարձր չեն եղել: Մենք հայտնվել ենք բարձր գնաճային փուլում, որը 2011 թվականին մեզ համար լրջագույն մարտահրավեր է: Ես համաձայն եմ մեր քաղաքացիների բարձրացրած հարցի հետ, մենք իսկապես գործ ունենք բարձր գնաճի հետ: Դա պայմանավորված է երկու գործոնով: Ամբողջ աշխարհում տեղի է ունենում սննդամթերքի գների աճ, և բնականաբար, Հայաստանը` լինելով ներմուծող երկիր, չի կարող իր վրա այդ ազդեցությունը չզգալ, որովհետև ներմուծվող ապրանքների գները նույնպես աճում են: Երկրորդ գործոնը ներհանրապետական է, որը նույնպես խիստ բացասական է եղել 2010 թվականին` պայմանավորված այն հանգամանքով, որ մենք ունեցել ենք աննախադեպ անկում գյուղատնտեսության ոլորտում` 13.5 տոկոսանոց, ընդ որում` կային ճյուղեր, որտեղ անկումը մինչև 40 տոկոսի էր հասնում: Բնականաբար, գյուղմթերքների գները 2010 թ. նույնպես էապես բարձրացան ՀՀ-ում, և մենք ունեցել ենք աննախադեպ բարձր գնաճ` 9.5 տոկոսի: Գնաճի հետևանքով, բնականաբար, ստեղծվում են սոցիալական խնդիրներ, և մենք պարտավոր ենք համարժեք քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք մի կողմից գնաճը զսպել, մյուս կողմից` ունենալ սոցիալական փաթեթ, որն առաջին հերթին հնարավորություն կտա անապահով խավերին դիմագրավելու այս մարտահրավերին: Այդ առումով մենք հայտարարել ենք` 2011 թ-ը մեզ համար առաջինը գնաճի զսպման տարի պետք է լինի, երկրորդը` գյուղատնտեսության ոլորտում պարտավոր ենք լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի այդ բնագավառում ապահովենք բարձր աճի ցուցանիշներ: Դա լինելու է այն հիմնական և էական գործոնը, որը հնարավորություն կտա գների մակարդակը Հայաստանում նվազեցնել: Այդ նպատակով` 2010 թ-ին մենք վերջին յոթ տարիների ընթացքում առաջին անգամ մեծածավալ քանակի սերմացու ներմուծեցինք Հայաստան` օժանդակելու ՀՀ-ում սերմաբուծության զարգացմանը և արտադրողականության բարձրացմանը: Այս տարի Հայաստան ենք ներմուծում շուրջ երկու հազար տոննա գարու սերմացու, և արդեն իսկ 18 հազար գյուղացիական տնտեսությունների հետ ունենք պայմանավորվածություն, որ նրանց տրամադրելու ենք գարու սերմացու, ընդ որում` անվճար:
Գյուղատնտեսության օժանդակության մյուս ուղղությունն օրգանիկ գյուղատնտեսության զարգացումն է: Մենք «Թամարա Ֆրուտ»-ին տրամադրել ենք 300 մլն դրամի օժանդակություն, որպեսզի նա պտղատու ոլորտում ներդրումներ կատարի և օգնի փոքր տնտեսություններին՝ զբաղվելու պտղաբուծությամբ: Ծրագիրն ընթանում է գերակատարումով, այսինքն` Հայաստան է ներմուծվել բավականին մեծ քանակի սերմացու, տնկիներ, և «Թամարա Ֆրուտը» բոլոր մարզերում պայմանագրեր է կնքում գյուղացիական տնտեսությունների հետ` նրանց տրամադրելով տնկիներ, պարարտանյութեր և օժանդակելով, որպեսզի այդ տնտեսությունը ևս զարգանա:
Անասնաբուծության ոլորտում Հայաստան Է ներմուծվել 1222 երինջ և ձևավորվել Է 14 նոր տոհմաբուծական ընկերություն: Կարծում ենք` սա էլ պետք է նպաստի, որ 2011-2012 թթ գյուղատնտեսությունում մենք տեսնենք էական տեղաշարժ: Ենթակառուցվածքների առումով աննախադեպ ներդրումներ ենք կատարել 2009-2010 թթ.` առաջին հերթին «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով: Ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերը շարունակվելու են:
Կառավարության փետրվարի 24-ի նիստի որոշումներից մեկով` մենք վերացրեցինք գյուղտեխնիկայի պարտադիր ավտոտեխզննությունը, որն իրականում լուրջ անհանգստություն էր պատճառում այն տնտեսություններին, որոնք ունեն գյուղացիական տեխնիկա: Մենք վերացրեցինք դա` գյուղատնտեսության ոլորտում էլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

-Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը նշել էր, որ 2011 թ-ին ՀՀ-ում տնտեսական աճը կլինի 4-5 տոկոս, եթե անկումային ոլորտները` շինարարություն, գյուղատնտեսություն, մենք կարողանանք զարգացնել: Փետրվարի 18-ին Գյուղատնտեսության նախարարն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եկեղեցու հետ են համաձայնագիր կնքել, և եկեղեցականները կլինեն նաև Գյուղնախարարությունում: Ըստ նախարարի` գյուղատնտեսության զարգացումը մեծ մասամբ Աստծուց է կախված: Հիմա Դուք ասում եք սերմացու և այլն, բայց ի՞նչ կլինի, երբ կարկուտ գա, և մենք ունենանք նույն արդյունքը, ինչ այս տարի է: Ես մտածում էի, որ 21-րդ դարում գյուղատնտեսության ոլորտը կախված է ոչ թե Աստծուց, այլ տեխնոլոգիաների ներդնումից: Եթե մենք հիմա էլի կախված ենք եղանակի քմահաճույքից, սա չի՞ նշանակում, որ մեր ջանքերը մեկ գիշերում ուղղակի կարող են ջուրը լցվել:


-2010 թ-ը վկայում է այն մասին, որ այդ խնդրի հետ առնչվել է ոչ միայն ՀՀ-ն. սննդամթերքի համաշխարհային գնաճը պայմանավորված է եղել նաև բնակլիմայական պայմաններով: Բնակլիմայական պայմանները միշտ էլ ազդում են գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վրա: Եթե լինում է բարենպաստ տարի, ուրեմն ծավալներն աճում են, գները` նվազում, և հակառակը: Որպեսզի մենք չեզոքացնենք բնակլիմայական պայմանների ազդեցությունը, բնականաբար, ենթադրվում է մեծածավալ ներդրումներ գյուղատնտեսության և գյուղատնտեսության վերամշակման ոլորտում:

-Պարո’ն վարչապետ, գնաճը զսպելու մեխանիզմների մասին եմ ուզում խոսել: 2010 թ-ի սկզբին, երբ ակնհայտ էր, որ գները սկսել են աճել, Կառավարությունը դարձյալ սկսեց մեխանիզմների մասին խոսել, որոնք պետք է թույլ չտային, որ այդ գնաճը շատ զգալի լիներ: Այդուամենայնիվ, տարեվերջին արձանագրեցինք գների 9,5 % աճ: Ի՞նչ երաշխիքներ կան, որ կիրառվող այս միջոցառումները կկարողանան իրավիճակը հարթել և, առհասարակ, կառավարությանը կհաջողվի մեղմել ստեղծված սոցիալական դրությունը:

-Առաջին հերթին պետք է գնահատենք, թե այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են գնաճը զսպելու համար, կատարվում են, թե ոչ: Դրանք չորս ուղղություններն են` նախ դրամավարկային ուղղություն, որը Կենտրոնական բանկն է կարգավորում: Գնաճը զսպելու համար Կենտրոնական բանկն այսօր տանում է խիստ դրամավարկային քաղաքականություն, նաև բարձրացնում է տոկոսադրույքները: Երկրորդը` հարկաբյուջետային քաղաքականությունն է, որը նշանակում է, որ պետք է փուլ առ փուլ նվազեցնել բյուջեի դեֆիցիտը, այսինքն` բյուջեն չպետք է ավելի շատ գումար ծախսի, քան հավաքում է հարկերից: Երրորդ ուղղությունը շուկաների կարգավորումն է: Չորրորդը վերաբերում է վարչական գների կարգավորմանը: Այս չորս ուղղություններով էլ մենք համալիր ծրագիր ենք մշակել:
Սրանք նուրբ մասնագիտական խնդիրներ են, որովհետև չափից ավելի զսպողական ազդեցությունը գնաճի վրա բերում Է նաև տնտեսական աճի զսպման, որում մենք շահագրգռված չենք: Օրինակ` դժվար թե մեր քաղաքացիները հասկանան, եթե մենք սկսենք բյուջետային ծախսերը կրճատել: Դա միանշանակ չի ընդունվի, որովհետև մենք առաջին հերթին 2010 թվականին մեր բյուջետային ծախսերում ավելացրինք սոցիալական ծախսերն ու թոշակները: Մենք չնախատեսվածից ավելի բաձրացրեցինք սոցիալական նպաստները՝ 10%, թոշակները՝ 15%, նպատակ ունենալով սոցիալապես անապահով խավերին հնարավորություն տալ դիմագրավելու այս գնաճային բացասական երևույթներին:

-Պրն. վարչապետ, իսկ կառավարությունն ի՞նչ ծրագրեր կարող է իրականացնել, մշակել, որպեսզի տեղական արտադրողի համար ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ գոնե տեղական ապրանքի գնաճ չունենանք:

-Այս թեման վերջին երեք տարիների ընթացքում շատ արդիական է: Մենք շատ ենք խոսում արտադրողներին օժանդակելու մասին, բայց թե ինչպես պետք է դա անենք, կա լուրջ բանավեճ: Մեր ընդիմախոսները պահանջում են, որպեսզի մենք ներմուծվող ապրանքների համար սահմանենք բարձր մաքսատուրքեր և դրանով իսկ օժանդակենք մեր ներքին արտադրողին: Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա հեռանկարային ճանապարհ չէ, որովհետև, երբ դուք այդպիսի գործառույթ եք իրականացնում, իրականում դրանից մրցակցությունը չի ավելանում, հակառակը` նվազում է: Այն ջանքերը, որ պետք է գործադրեն տեղական արտադրողները որակի բարձրացման համար, չի իրականացվում: Ի՞նչ է նշանակում օժանդակել: Եթե մենք «օժանդակել» ասելով հասկանում ենք ներդրումներ կատարել, ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել, ինքնարժեքը նվազեցնել, ապա այո’, միանշանակ համաձայն ենք դրա հետ, բայց եթե խոսքն արտադրողին հեշտ փող աշխատելու հնարավորություն ստեղծելու մասին է, ապա դա ոչ մի լավ հետևանքի չի բերում: Մեր քաղաքականությունն այլ է, մենք նպատակային օժանդակության կողմնակից ենք: Այսինքն, եթե ՀՀ-ում կան ձեռնարկություններ, որոնք ունեն ծրագրեր, որոնց իրականացումը բերելու է ռեալ առաջընթացի` աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի բարձրացում, նոր արտադրատեսակ ու տեխնոլոգիաներ, մենք այդ արտոնությունը տալիս ենք: Մենք այսօր արդեն իսկ ունենք նման 14 հաստատված և մոտ 60 մլրդ դրամի ներդրումներ ենթադրող ծրագիր: Եվ այս ծրագրերին մենք արտոնություն ենք տվել` ազատել ենք սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վճարումից: Արդյունքում` ստեղծվելու է մի քանի հազար նոր աշխատատեղ, և Հայաստան են ներմուծվելու նոր տեխնոլոգիաներ:

-Տարբեր գնահատականների համաձայն` վերջին շրջանում մարդիկ դադարել են Հայաստանում ներդրումներ կատարել, և նրանց թիվը գնալով պակասում է:

- Մենք` որպես պետություն, օժանդակում ենք այն արտադրողին, որն այդ կերպ նպատակ ունի ոչ թե ավելի շատ փող աշխատելու, այլ նոր ներդրումներ կատարելու, աշխատատեղեր ավելացնելու և այլն:

-Հայաստանը ե՞րբ սպառող երկրից կդառնա արտադրող երկիր, և հնարավոր կլինի՞ այսօր հանրապետություն նեմուծվող տարրական ապրանքների արտադրությունը կազմակերպել այստեղ: Ինչո՞ւ չի կազմակերպվում այդ արտադրությունը Հայաստանում, և մենք ստիպված ներմուծում ենք դրանք:

-Գոյություն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիր: Երկարաժամկետը հետևյալն է` ինչպիսի՞ն է լինելու ՀՀ տնտեսությունը 15-25 տարիների ընթացքում: Արդյո՞ք ՀՀ-ն լինելու է ապրանք արտադրող երկիր: Օրինակ` ԱՄՆ-ն ապրանք արտադրող երկիր չէ: Վերջինս ծառայություններ արտադրող երկիր է և ամբողջ աշխարհին նա մատակարարում է իր ծառայությունները, որոնք հիմնված են գիտելիքահեն տնտեսության վրա, և այդ առումով ԱՄՆ տնտեսությունն աշխարհի ամենադինամիկ զարգացողն է: Ապագայի տնտեսությունը հենց դա է: Ես կարծում եմ, որ եթե երկարաժամկետ կտրվածքով նայենք, ապա ՀՀ դիրքավորումն այդպիսին պետք է լինի, քանի որ մենք չենք կարող մրցակցել Չինաստանի, Հնդկաստանի հետ ապրանքների արտադրության ոլորտում: Արտադրության ծավալներից, աշխատավարձից ելնելով, ավելի մատչելի ու ձեռնտու է լինելու, ասենք, հեռուստացույց, համակարգիչ արտադրել Չինաստանում, Հնդկաստանում, քան Հայաստանում: Ապագայում մեր երկիրը նույնպես պետք է դառնա ծառայություններ մատուցող երկիր, որը հիմնված է գիտելիքի վրա: Մենք պետք է մոտակա 10 տարիների ընթացքում ունենանք տասը համալսարան, որոնք համապատասխանում են միջազգային լավագույն չափանիշներին: Չլուծեցինք այս խնդիրը, ուրեմն մենք` որպես ազգ, պետություն, ապագա չենք ունենալու:
Ինչ վերաբերում է կարճաժամկետի էֆեկտիվությանը. մեր փորձը վկայում է, որ մաքսատուրքերի բարձրացումը կարճաժամկետ էֆեկտներ չի տալիս, որովհետև դրանց բարձրացումը չի բերում նոր ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

-Դարձյալ վերադառնանք գնաճի թեմային: Դուք խոսեցիք գլոբալ խնդիրներից, բայց ես ուզում եմ մի փոքր ավելի ռեալ դաշտ բերել խնդիրը և հարցնել` Դուք ասացիք, որ թոշակները և նպաստները 10-15 տոկոսով ավելացել են: Արդյոք դա համարժեք պատասխա՞ն է գնաճին, և եթե համաշխարհային շուկայում գները կայուն աճում են և դա կատարվում է նաև մեր երկրում, հնարավո՞ր է, որ այդ միտումը կայուն լինի, և գները չնվազեն, արդյունքում՝ տուժեն մարդիկ այն իմաստով, որ առանց այն էլ սեղմ բյուջեով չկարողանան համարժեք պատասխանել գնաճին: Եթե որոշակի բարձրացումներ կատարվում են պետական համակարգում, ապա մասնավոր հատվածն ավելի լոյալ է, ինչպե՞ս պետք է մասնավոր հատվածում կանոնակարգվի այս խնդիրը, քանի որ գներն աճում են, իսկ աշխատավարձի աճ իրականում չկա:

-Աշխատավարձի աճ իրականում կա, և մասնավոր հատվածում` առաջին հերթին: Այդ աճը շարունակվում է: Դա բնական է: Այլ խնդիր է, որ ենթադրենք` 2009-10 թթ. ռեալ եկամուտներն աճել են 8-9 տոկոսով, ապա դա բավարար չէ: Ցանկալի կլիներ, որ, ասենք, 12-13 տոկոսանոց աճ լիներ: Երկրորդը` փաստացի, առարկայական գնաճն առաջին հերթին հարվածում է սոցիալապես անապահով խավերին, որովհետև ՀՀ-ում գնաճը մենք հաշվարկում ենք ի նկատի ունենալով, որ սպառողական զամբյուղի մեծ տեսակարար կշիռ ունեցող խումբը սննդամթերքն է: Վերջինիս թանկացումներն առաջին հերթին հարվածում են սոցիալական նպաստ ստացող 105 հազար ընտանիքներին և 550 հազար թոշակառուներին: Եթե գնաճը բավականին բարձր է, իսկ դրա նվազման միտումները` դանդաղ, ապա պետությունը պարտավոր է առաջին հերթին օգնել սոցիալապես անապահովներին: Դա ոչ միայն սոցիալական նպաստների և թոշակների բարձրացումն է, այլև ընդհանուր մեխանիզմների փոփոխությունը: Ներկայումս կառավարությունն ունի երկու նպատակ. ճիշտ թիրախային խմբերի ընտրություն և մոտիվացիոն մեխանիզմների փոփոխություն: Վերջին ստուգումները ցույց են տալիս, որ սոցիալական նպաստներից օգտվելու իրավունք չունեցող մարդիկ են օգտվում` ներկայացնելով կեղծ փաստաթղթեր, կամ այն մարդիկ, որոնք թոշակ չպետք է ստանան, սակայն ստանում են: Համաշխարհային վերլուծությունները ցույց են տալիս, որ երբ պետությունը տարեցտարի ավելացնում է սոցիալական նպաստները, դրանով ոչ թե խթանում, այլ զսպում է տնտեսական աճը, և այս պարագայում` չափը պահելը շատ կարևոր է: Երբ մենք գյուղատնտեսության ոլորտում ստեղծում ենք նոր աշխատատեղեր, մարդիկ հրաժարվում են օրական 5000 դրամ աշխատելուց` նախապատվությունը տալով նպաստներին ու թոշակներին: Սա վտանգավոր երևույթ է, ինչը կանխելու համար մենք սոցիալական նպաստների և թոշակների համակարգում դիմեցինք հիմնարար փոփոխությունների: Այսուհետ սոցիալապես անապահով ընտանիքներն անասնագլխաքանակ պահելու, տնային տնտեսությամբ զբաղվելու և տարեկան մինչև 240 հազար դրամ եկամտի իրավունք կունենան:

-Այսինքն` կա աշխատատեղ, բայց կա նաև գիտակցության խնդիր, և իրենք հրաժարվում են աշխատելուց` նախընտրելով սոցիալական ապահովության օգնություն ստանա՞լը: Որքանո՞վ է ռեալ Ձեր ներկայացրած պատկերը:

-Մենք լրագրողների հետ միասին այցելեցինք «Թամարա Ֆրուտ» ընկերություն, որն անսահմանափակ քանակությամբ տնկիներ էր առաջարկում գյուղացիներին: Նրանք բողոքում էին, որ չեն կարողանում տնտեսվարողների հավաքագրել, որպեսզի այդ գործով զբաղվեն:

-Հայաստանի գնաճի մակարդակը կհամամատե՞ք այլ երկրների հետ: Ձեր կարծիքով` օբյեկտիվ հիմք ունի՞ գնաճի այսքան բարձր մակարդակը:

-Համեմատության մեջ եթե վերցնենք, ապա նույն Վրաստանում 2010 թ-ին արձանագրվել է 11,2 տոկոսի գնաճ: Վրաստանում գներն աճի ավելի արագ տեմպեր են ունեցել: Եթե վերցնենք ԱՊՀ երկրները, ապա գնաճի մակարդակը բավականին բարձր է եղել, և այդ բարձր լինելը հայկական ֆենոմեն չէ: Այդ համադրությունների մեջ տեսնում ենք, որ եղած ցուցանիշը տրամաբանական է: Այլ խնդիր է, որ ԱՊՀ երկրներում, Վրաստանում գնաճը եղել է 2-3 անգամ ավելի բարձր, քան Հայաստանում, և դա է նաև սրում խնդիրը: Ռուսաստանում մշտապես գնաճը տարեկան եղել է 10 տոկոս, իսկ Հայաստանում մինչև 1998 թ-ը գնաճի միջինացված ցուցանիշը կազմել է 2,5 տոկոս, և հիմա պատկերացրեք 2,5 տոկոսից հասել ենք այն գնաճային ցուցանիշներին, ինչ ԱՊՀ երկրներում է, և սա մեզանում դժգոհություն է առաջացրել:
Գնաճի կանխման հետ կապված` նշեմ, որ օրենսդրական նախաձեռնություններ են մշակվում, որոնք կքննարկվեն կառավարությունում: Լրագրողները շուտով հնարավորություն կունենան գնաճի միտումներին հետևել ամբողջ աշխարհում, և եթե նկատում են օրինակ` շաքարավազի համաշխարհային գնի նվազում, իսկ Հայաստանում ոչ մի փոփոխություն չկա, կարող են դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով ու պահանջեն համապատասխան հիմնավորում:

-Դուք Ձեր խոսքում նշեցիք ապագայում էլիտար համալսարանների մասին: Մինչև դրանց հասնելը, ես ուզում եմ հասկանալ` այն համակարգը, որի հետ կապում ենք մեր ապագան, ե՞րբ է առողջանալու, որովհետև մեր կրթական ոլորտը կաղում է: Ի վերջո` հանրակրթական դպրոցի հիմնական նպատակը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը կամ խցկվե՞լն է, քանի որ երեք առարկայի գոյությամբ մենք պահում ենք մեր կրթական համակարգը` կրկնուսույցներ, դասախոսներ, գումարներ և այլն:


-Անցյալ տարի ես Կրթության և գիտության նախարարին հանձնարարություն տվեցի, որպեսզի հակակոռուպցիոն միջոցառումների հստակ ցանկ լինի, և այդ ցանկը տեղադրվի նրանց էլեկտրոնային կայքում: Այդ հանձնարարականը կատարված է, իսկ միջոցառումները բավական համարձակ են: Տրամաբանությունը հետևյալն է` կրթական համակարգում ընդգրկվելու ճանապարհը պետք է լինի շատ հեշտ, մենք բոլոր ցանկացողներին պետք է հնարավորություն տանք ընդգրկվելու իր համար ցանկալի կրթական համակարգում: Մուտքը պետք է հեշտացվի, սակայն ելքը` բարդացվի: Եթե ուսանողը չունի գիտելիք, ապա չպետք է ստանա դիպլոմ:
Երկրորդ բարեփոխումը` կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, երկկողմանի պետք է լինի: Ոչ մի նախարար չի կարող հասնել հաջողության, եթե հասարակության մեջ չկա ընդվզում կոռուպցիոն երևույթների նկատմամբ: Մենք տեսնում ենք կոռուպցիայի դեմ պայքարելու ներուժն այնքան էլ մեծ չէ Հայաստանում, և դա է մեզ մտահոգում` ինչպես անել, որ հասարակության գիտակցության մեջ կոռուպցիան լինի անհանդուրժելի երևույթ:

-Պրն. վարչապետ, կա՞ արդյոք մի մանկավարժ, որը կոռուպցիայի համար ոչ թե նկատողություն է ստացել, այլ պատժվել է:

-Նման դեպքերը բազմաթիվ են: Բազմաթիվ մանկավարժներ, վարչության պետեր, տնօրեններ պատժվել են, բայց խնդիրը դրանում չէ: Այն պահին, երբ պետությունը սկսում է պատժել նման մարդկանց, հասարակությունն ինքն է պաշտպանում`ասելով` «գնացիք, փոքր ձկներին բռնեցիք ու պատժեցիք»: Այսինքն` կոնկրետ երևույթի դեպքում սկսում են պաշտպանել կաշառակերության մեջ մեղադրվող անձանց, իսկ ընդհանրական երևույթի դեպքում մեղքը բարդում են իշխանության վրա: Խնդիրը կրթության նախարարների մեջ չէ, այն հասարակության գիտակցության մեջ է: Համատեղ պետք է աշխատենք: Եթե չլինի երկխոսություն, այս խնդիրը երբեք չի լուծվի:

-Եթե բուհն ավարտելը գնալով ավելի դժվար է դառնում,մտավախություն չկա՞, որ այդ դեպքում կոռուպցիան գուցե ավելի աճի` հաշվի առնելով, որ սովորելն ավելի դժվար կլինի, ոչ բոլորը կկարողանան այդ դժվար դասընթացներն անցնել, և ավելի հեշտ գումար վաստակելու հնարավորություն կունենա բուհում աշխատող դասախոսը: Ինչպե՞ս է դա վերահսկվելու:

-Վերահսկողության մեխանիզմները հետևյալն են` ինչպես են բուհերում իրականացվում որակի չափանիշների ներդրումը, ինչպես են վերահսկվում այդ չափանիշները, դրանք կիրառվում են, թե ոչ, ինչպես են կազմակերպվում ավարտական քննությունները, աշխատանքի ընդունողները որ բուհերից են ընդունում: Այս մեխանիզմը դեպի շուկա ուղղորդող է, շուկան է որոշում` ում ընդունի, ում ոչ: Սա նպաստում է բուհերի արդար մրցակցությանը: Այս մրցակցության արդյունքում ինստիտուտներն այլևս շահագրգռված չեն լինի փողով դիպլոմ տալ, քանի որ արդյունքում կկորցնեն իրենց բիզնեսը: Դիպլոմի նպատակն աշխատանք ստանալն է, այլապես նրա արժեքը կվարկաբեկվի, ինչը ոչ -ոքի պետք չէ:

-Ինչպիսի՞ն կլինի կառավարության արձագանքը, եթե վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդները որոշեն դիմել կտրուկ քայլերի, օրինակ` Վրաստանի քաղաքացիություն ձեռքբերեն: Ընդհանուր առմամբ որոշում կայացնել` առանց հաշվի առնելու բոլոր հնարավոր հետևանքները. կառավարության այս գործելաոճը դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի:

-Ես Ձեր գնահատականների հետ համաձայն չեմ: Այն, որ դժգոհություններ կան, դա ակնհայտ է: Ցանկացած փոփոխություն, որն իրականացվում է, ենթադրում է որոշակի դժգոհություններ, քանի որ մարդիկ հակված չեն իրենց վարքագծային կանոնները փոխելուն, մասնավորապես` ժամանակավոր ներմուծման ռեժիմից օգտվողները: Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում: Մարդիկ գտնում են օրենսդրության մեջ մի խողովակ, որը հնարավորություն է տալիս իրենց հարկային պարտավորությունները չկատարել, խախտել ՀՀ օրենքը: Նրանք իրականում իրենց անձնական կարիքները բավարարելու համար ձեռք են բերում ավտոմեքենա, բայց չեն ուզում մաքսատուրք վճարել: Կառավարությունն արդյո՞ք պետք է հանդուրժի այս երևույթը:

-Խոսքը ոչ թե չվճարելու, այլ գումարի չափի մասին է:

-Դուք հիմա քաղաքացիներին քարոզում եք օրենքին չհետևել, ինչն ամենավտանգավոր երևույթն է: Եթե կան մարդիկ, որ այս օրենքները չեն կատարում և կառավարությունը ջանքեր է գործադրում, որ մարդկանց բերի օրենսդրական դաշտ, ապա մենք պետք է ստանանք ձեր աջակցությունը: Գոյություն ունի օրենք: Ենթադրենք, ձեր գնահատականներով, այդ մաքսատուրքը բարձր է, բայց արդյոք դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի կարող է գնահատական տալ` քանի որ մաքսատուրքը բարձր է, ես կարող եմ իմ` օրենքով սահմանված պարտքը չկատարել: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տարեկամ 5 մլրդ դրամ տուրքերից մենք զրկվում ենք այն պարզ պատճառով, որ օրենքի մեջ առկա այս տրամաբանական ռեժիմը դարձել է չարաշահումների առարկա: Ի՞նչ պետք է անի պետությունը: Պետք է հանդուրժի՞, որ իր քաղաքացիները չեն կատարում օրենքի պահանջները և խաբում են պետությանը: Նրանք իրենց այդ վարքով մտնում են թոշակառուների, հասարակ քաղաքացիների գրպանը:
Սոցիալապես անապահով մարդկանց հետ կապված. մենք ուսումնասիրություն անցկացրինք Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում, և պարզվեց, որ խոսքը 600-700 քաղաքացու մասին է: Որոշում ընդունեցինք, որ այն քաղաքացիները, որոնք իսկապես սոցիալական խնդիրներ ունեն, մենք` որպես պետություն, նրանց աջակցություն ենք ցուցաբերում: Այդ քաղաքացիների նկատմամբ հաշվառում ենք իրականացնում, և հնարավորություն ենք տալիս, որ անտոկոս վարկի միջոցով նրանք վեց ամսվա ընթացքում պետության նկատմամբ իրենց պարտավորություններն ամբողջությամբ կատարեն: Սա սոցիալական օժանդակություն է, որը մենք ցուցաբերում ենք:


-Վրացական պետհամարանիշերի դեպքում կառավարությունն ինչո՞ւ չնախընտրեց ավելի մրցունակ մաքսազերծման գներ սահմանելը: Ի՞նչ նկատառումներով նման որոշում կայացվեց:

-Չափանիշները հետևյալն են` երկու տիպի առաջարկություն է մեզ արվում: Առաջինը` ասում են` մեքենաների մաքսատուրքերը ավելացրեք, քանի որ ի համեմատություն այլ երկրների` մեքենաների քանակը ՀՀ-ում աճում է շատ արագ տեմպերով, այդ թվում՝ թե’ թանկ մեքենաների, թե’ էկոլոգիապես և տեխնիակապես վատ վիճակում գտնվողների: Այս տեսակետի կողմնակիցներն ասում են, որ պետք է գնալ մաքսային գների ավելացման ճանապարհով: Երկրորդ ուղղության համաձայն` մեքենաների մաքսատուրքերը պետք է նվազեցնել և դրանով իսկ նպաստել ներմուծվող մեքենաների որակի բարձրացմանը: Այս երկու տեսակետների բանավեճը մեզ մոտ մշտապես եղել է: Կա նաև երրորդ մոտեցումը, ըստ որի՝ 20 միլիոն դրամից ավելի արժեցող մեքենաների մաքսատուրքերը կտրուկ ավելացնել և համարել դա շռայլության հարկ: Մենք պատրաստ ենք այս քննարկումները միասին իրականացնել, և հասարակության հետ գալ այնպիսի եզրակացության, որ նախևառաջ հասարակության համար ընդունելի լինի:

-Երբ քաղաքացին տեսնում է, որ օրինակ` Վրաստանն իր քաղաքացիներից նույն բանի համար ավելի քիչ հարկեր է պահանջում, քան իր պետությունը, սկսում է չհարգել իր պետության օրենքը, մտածում է իր կառավարությանը խաբելու մասին:

-Այո’, այդպես մտածող քաղաքացիներ կան, բայց դա սխալ մտածողություն է, և այդպիսի քաղաքացիների թիվը հասարակությունում չպետք է շատ լինի: Ես էլ կարող եմ բազմաթիվ քաղաքացիների օրինակներ բերել, որոնք ընդհակառակը` ոչ միայն չեն խախտում օրենքները, այլև պայքարում են այն խախտողների դեմ: Մենք պետք է պայքարենք նման բացասական երևույթների դեմ: Ինչպե՞ս կարելի է քարոզել և արդարացնել օրենքի խախտումը: Իհարկե, եթե այդ օրենքը լավը չէ, ապա պետք է մտածել դրա որոշակի դրույթները փոխելու, ոչ թե չկատարելու մասին:

-Կոռուպցիայի դեմ պայքարի վերահսկողական մեխանիզմները հնարավոր չէ՞ կառավարության մակարդակով իրականացնել:

-Հայաստանում գործում է տեսչական ստուգումներ իրականացնող 18 մարմին, որոնց աշխատանքները կառավարությունն անարդյունավետ է գնահատել: ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` տեսչական ստուգումներ իրականացնող այդ 18 մարմիններին 2009-2010 թթ-ին արգելվեց փոքր ու միջին բիզնեսում ստուգումներ իրականացնել, ինչը բերեց կոռուպցիոն ռիսկերի նվազեցման:
Պարզվեց, որ այդ ստուգողները ոչ թե նպաստում են չարաշահումների նվազմանը, այլ հակառակը` իրենք են խորացնում այդ բացասական երևույթները և հանգեցնում կոռուպցիայի: Վերջինիս դեմ պայքարում բարեփոխումներն իրականացվում են երեք ուղղություններով` կառավարման համակարգի կատարելագործում, պաշտոնյաների պատասխանատվություն և հասարակության գիտակցության բարձրացում, որպեսզի հանրությունն ինքը չհանդուրժի այդ երևույթները: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է պարզեցնել բյուրոկրատական գործընթացները, քանի որ դրանք այնքան բարդ են, որ կոռուպցիոն ռիսկեր են ծնում: Պետք է նաև հասկանալ, թե հասարակությունն ինչպես է ընկալում կոռուպցիան, քանի որ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակության մեջ նման երևույթների նկատմամբ ընդվզում չկա: Հասարակության մեջ կա մեկ այլ վտանգավոր հիվանդություն. քաղաքացին պայքարում է այս կամ այն պաշտոնյայի դեմ ոչ թե նրա համար, որ վերջինս կաշառակեր է, այլ նրա համար, որ ինքն է ուզում օգտվել դրանից:

- Անշուշտ, հետևում եք լրատվամիջոցների հրապարակումներին: Որքա՞ն ժամանակ եք հատկացնում դրան և հավատու՞մ եք արդյոք մամուլին: Ձեր կարծիքով` ռեա՞լ է արտացոլում իրականությունը մեր այսօրվա մամուլը:

-Այն, որ իշխանությունն արձագանքում է մամուլում այս կամ այն հրապարակմանը, քաղաքացիական հասարակության ձևավորման գործում ունի էական նշանակություն: Իմ բլոգն արդեն ունի մշտական ընթերցողներ և արձագանքողներ` ի հեճուկս այն կանխատեսումների, թե դա PR ակցիա էր, և երկար կյանք չի ունենա: Երբ կարողանանք արձագանքել օբյեկտիվ քննադատությանը, կամաց-կամաց ասպարեզում կմնան լուրջ լրատվամիջոցները: Իհարկե, կլինի նաև դեղին մամուլ, ամբողջ աշխարհում կան նման լրատվամիջոցներ, հարցը տեսակարար կշիռն է: Մեր նպատակն է խրախուսել օբյեկտիվ քննադատությունը, ինչն ուժեղացնում է իշխանությանը` բացահայտելով հասարակությունում առկա լրջագույն խնդիրները: Մամուլի հրապարակումները հաճախ չեն համապատասխանում հասարակությունում իրականում տիրող իրական տրամադրություններին: Շատ հաճախ բողոքողների ձայնն է լսվում, իսկ աջակիցներինը` ոչ:

-Դուք` որպես քաղաքացի, ոչ որպես վարչապետ, մեր ժողովրդին հուսադրող որևէ բան ունե՞ք ասելու:

-Մենք շատ խնդիրներ ունենք` գնաճի, սոցիալական լարվածության, աղքատության և այլ խնդիրներ: Մենք այդ ամենը տեսնում ենք, բայց արդյոք կարո՞ղ ենք մենք խոստանալ, որ 2011 թ-ի մայիսի մեկից մեր թոշակառուների կենսամակարդակը երկու անգամ կբարձրանա, թոշակները չորս անգամ կավելանան, իսկ գները` երկու անգամ կիջնեն: Այդպիսի բան չի կարող լինել: Իսկ ձեր հարցի պատասխանը հետևյալն է` ՀՀ կառավարությունն ունի իր տնտեսական ծրագրերը, որոնք հիմնավորում են 2011թ-ի բյուջեն: 2011 թ-ին մենք ունենալու ենք 2 անգամ ավելի բարձր տնտեսական աճ, քան 2010 թ-ին, և կառավարության ձեռնարկած միջոցառումները տալու են դրական արդյունք: Արմատական բարելավումներ չենք խոստանում, բայց դրական դինամիկան զգալու է յուրաքանչյուր քաղաքացի: Սրանք են այն խոստումները, որ մենք տալիս ենք մեր քաղաքացիներին պաշտոնական փաստաթղթերում:

-Դուինգ բիզնեսի հետ կապված նվազում ենք արձանագրել: Ի՞նչ երաշխիք ունենք, որ նոր բարեփոխումները նման ձախողման չեն արժանանա:

-Հարկային և մաքսային ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ կտա մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես` կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: Եթե մոտակա երկու տարիների ընթացքում կառավարությունը կարողանա հարկային և մաքսային վարչարարությունը բարելավվել, ապա Դուինգ բիզնեսի ցուցանիշով Հայաստանը բավականին մեծ և կտրուկ առաջընթաց կարձանագրի: Կառավարությունն ունեցել է ձախողումներ, և ամենախոշոր ձախողումը 2009 թ-ի տնտեսական աճի աննախադեպ անկումն էր` մակրոտնտեսական, սոցիալական իր բոլոր հետևանքներով, սակայն այն միջոցառումները, որոնք վերաբերում էին բիզնես միջավայրի բարելավմանը, այսօր հիմնականում պայմանավորված են հարկային և մաքսային վարչարարության բարելավմամբ, որովհետև այս երկու ցուցանիշներով մենք աշխարհում 189-րդ տեղում ենք: Այն մաքսակետերում, որոնք այսօր գործում են, հնարավոր չէ լուծել մաքսային համակարգի բարելավման խնդիրները: Այդ մաքսակետերն ամբողջությամբ պետք է վերանորոգվեն` սկսած ֆիզիկական իրավիճակից մինչև բիզնես գործընթացներ, պետք է փոխվի վարչարարության կարգը և ապահովվի հնարավորինս թափանցիկություն:

-Մինչև այս պահը, ո՞րը կհամարեիք Ձեր ամենագլխավոր ձեռքբերումը, կամ ո՞րն է ամենաիրատեսական ծրագիրը, որ կհասցնեք Ձեր պաշտոնավարման ընթացքում կյանքի կոչել:

-Բոլոր ուղղություններով մենք սկսել ենք լայնածաալ փոփոխություններ, այսինքն` բոլոր ուղղություններով քարերը նետված են, և այդ բարեփոխումների արդյունքը զգալու համար մենք մի քանի փուլ պետք է անցնենք: Առաջինը` բարեփոխումների սկիզբ, ապա` ցավոտ գործընթաց, որը նշանակում է վարքագծային կանոնի փոփոխություն: Մարդը մի վարքագիծ ուներ, և հիմա բարեփոխումը ստիպում է, որ նա վարքագիծը փոխի, իսկ դա միշտ դժգոհություն է առաջացնում: Իսկ երրորդ էտապում արդեն ընդունվում են այդ բարեփոխումները: Օրինակ` երեք տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ մեր կառավարման ողջ համակարգը լինելու էր համակարգիչների միջոցով, մեզ ծաղրում էին: Այսօր արդեն մեր բոլոր փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով է իրականացվում:

-Բարեփոխումները, իհարկե, լավ են և գնահատելի, սակայն տարբեր գնահատականներով Հայաստանի թիվ մեկ խնդիրն արագաղթն է, և ամենահակասականն այն է, որ որևէ պաշտոնական աղբյուրից կոնկրետ թիվ ստանալ հնարավոր չէ: Ի վերջո` կառավարությունը տիրապետո՞ւմ է ինչ-որ կոնկրետ թվի, թե որքան են կազմում արտագաղթի ծավալները, և որքանո՞վ է սա անհանգստացնում կառավարությանը:

-Միանշանակ մենք տիրապետում ենք իրավիճակին: Ձեր պնդումը չի համապատասխանում իրականությանը, որ այդ ցուցանիշները չկան: Մեր միգրացիոն ծառայության կայքէջում այդ տվյալները կան: Իհարկե, մեզ մտահոգում է արտագաղթի երևույթը, և մենք գործողությունների ծրագիր ենք հաստատել արտագաղթը նվազեցնելու համար: Ավելին` ծրագիր ունենք հայրենադարձության, որի նպատակն է մեր հայրենակիցների հանդեպ ստեղծել բարենպաստ միջավայր: Ըստ վիճակագրության` արտագաղթի դինամիկան տարեցտարի նվազում է, և դա պայմանավորված է ՀՀ կենսամակարդակի բարձր դինամիկայով` ի համեմատ այն երկրների, որտեղ գնում են ապրելու մեր հայրենակիցները:

-Արտագաղթի պատճառներից մեկն էլ ՀՀ հեռավոր մարզերի ոչ այնքան բարվոք վիճակն է: Շատ ենք խոսում մարզերի և մայրաքաղաքի անհամաչափ զարգացման մասին: Ինչ-որ քայլեր ձեռնարկվում են, սակայն ոչ մի լիարժեք արդյունք դեռևս չենք տեսնում: Կարելի՞ է արդյոք գործարարներին խրախուսել, արտոնյալ պայմաններ ստեղծել նրանց համար, որպեսզի վերջիններս մարզերում ներդրումներ կատարեն, և ըստ այդմ էլ լուծվի աշխատատեղերի հարցը, աղքատությունը կրճատվի և այլն:

-ՀՀ մարզերի և մայրաքաղաքի համաչափ զարգացումը պետության կարևորագույն նպատակներից է: Պետությունը չի կարող թույլ տալ, որ ինտելեկտուալ, տնտեսական, վարչական բոլոր ռեսուրսները կենտրոնանան Երևանում, քանի որ դա մի կողմից խանգարում է մայրաքաղաքի բնականոն, մյուս կողմից` տարածքների համաչափ զարգացմանը: Այն միջոցառումները, որ մենք իրականացնում ենք սոցիալական խնդիրները լուծելու համար, հիմնականում ուղղված են դեպի մարզեր: Գյուղատնտեսության ոլորտում կատարվող ներդրումները ևս ուղղված են մարզերի զարգացմանը: Այս տարի ՀՀ նախագահի հանձնարարությամբ կառավարությունն ընդունել է մի արմատական որոշում` սոցիալական կարևոր նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար 10 մլրդ դրամ հատկացնելով մարզերին: Խոսքը մանկապարտեզների, դպրոցների, միջհամայնքային ճանապարհների, ոռոգման համակարգի, խմելու ջրի և այլ խնդիրների մասին է: Այդ գումարները մենք հատկացրինք պահուստային ֆոնդից, որը նպատակ ունի մի կողմից ավելի համաչափ զարգացում ապահովելու, մյուս կողմից` սոցիալական խնդիրներ լուծելու բոլոր մարզերում:

-Պրն. վարչապետ, Դուք ունեք երեխաներ: Կարո՞ղ եք նշել երեք կարևոր ուղենիշ, որոնց կցանկանայիք, որ Ձեր երեխաները հետևեին:

-Երբ ես մտածում եմ իմ երեխաների ապագայի մասին, ունեմ հետևյալ համոզմունքը. որպեսզի իմ երեխաներն այս կյանքում իրենց լավ զգան, ամուր կանգնած այս հողում, նրանք պետք է գիտելիք ունենան: Այս արագ փոփոխվող աշխարհում փողը կարող են կորցնել: Ես իմ երեխաների մեջ ցանկանում եմ դնել այնպիսի կարողություններ, որ նրանք ի վիճակի լինեն ինքնուրույն ապրել արագ փոփոխվող աշխարհում, իսկ դրանք առաջին հերթին նրանց ինտելեկտուալ կարողություններն են: Կցանկանայի, որ բոլորն այդպես մտածեին:

 

Հարցազրույցի սղագրությունը` «Արմենպրես» լրատվական գործակալության:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ