Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

չորեքշաբթի, 6 հուլիսի 2011

Կենսաթոշակային բարեփոխումներ. կուտակելու հայկական մոդելը

Կենսաթոշակային բարեփոխումների կամավոր փուլն արդեն մեկնարկել է. ֆինանսական կազմակերպությունները, որոնք պատրաստակամություն են հայտնել մտնել կենսաթոշակային դաշտ և կառավարել ապագա կենսաթոշակառուների գումարները, արդեն գրանցվել են արդարադատության նախարարության ռեգիստրում։ Փորձագետներն ակնկալում են, որ շատ շուտով նրանք իրենց ծառայությունների փաթեթն են ներկայացնելու քաղաքացիներին։


Կուտակել և շահել

Օրեր առաջ աշխարհում ամենահայտնի և հաջողակ բարեփոխիչը` չիլիացի Խոսե Պինիերան, Հայաստանում էր, ով եկել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով։ Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց չիլիական 30-ամյա կենսաթոշակային հեղափոխության նրբերանգներն իրեն ունկնդրող բոլոր լսարանների համար` կառավարության պաշտոնյաներ, ուսանողներ, լրագրողներ։ Պարոն Պինիերան թեև նրբանկատորեն շրջանցեց կենսաթոշակային մեր համակարգին գնահատական տալու հարցը, սակայն միաժամանակ ավելացրեց, որ այդ հարցին կարող է և ճիշտ կլինի անդրադառնալ արդեն բարեփոխումների որոշակի փուլի ընթացքում։ Մի բանում նա միանշանակ վստահ էր՝ պետք է պետության բոլոր քաղաքացիներին հնարավորություն տալ զգալ բաղադրյալ շահի զորությունը` կուտակել և նաև շահել. «Ես միշտ հավատացել եմ, որ հասարակ աշխատավորները շատ են հոգ տանում և մեծ ուշադրություն են դարձնում իրենց կյանքին վերաբերող այնպիսի հարցերին, ինչպիսիք են սոցիալական ապահովությունը, կրթությունը, առողջությունը և որոշումներ են կայացնում իրենց ընտանիքների բարեկեցության համար` ոչ ըստ քաղաքական պատկանելիության կամ կոլեկտիվ գաղափարախոսության»։
Մեկ այլ լատինամերիկացի, այս անգամ արդեն պերուացի Ռոզա Կիապպեն, ով ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչն է և Հայաստանում կենսաթոշակների և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի տնօրենը, շատ լավ գիտե, թե ինչ է այդ բաղադրյալ շահը. նա պատմում է, թե ինչպես իր երկրում 20 տարի առաջ սկսված նմանատիպ բարեփոխման արդյունքում ոչ մի պեսո չի կորել. այսօր մարդիկ արժանապատիվ կենսաթոշակներ ունեն։ Այս պարագայում ամենակարևորը, ըստ նրա, արդյունավետ վերահսկողությունն է։ Նրա կարծիքով, ՀՀ ԿԲ-ն շատ լավ պատրաստված է այս կարևոր առաջադրանքի համար։


Մեր համակարգը հաջողվածներից է

Ինչպես նշում են կենսաթոշակային բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները, մեզանում ներդրվող համակարգը տարբեր երկրների հաջողած փորձերի համադրությունն է, համակարգը մշակվել է նաև այլ երկրների այսպես ասած բացթողումները հաշվի առնելով։ Խմբի ամեն մի անդամ համոզմունք ունի, որ մերն ամենահաջողվածներից է` գոնե տեսականորեն. ինչու տեսականորեն, քանի որ դեռ չի կիրառվել։ Բայց տիկին Կիապպեն տեսնում է, որ այն իրոք հաջողելու համար թե Կենտրոնական բանկը, թե աշխատանքի և սոցիալական հարցերի և թե ֆինանսների նախարարությունները պատրաստակամ են մինչև վերջ։ Իրենք էլ վստահ են, որ ողջ գործընթացը հնարավորինս թափանցիկ կիրականացվի, յուրաքանչյուր հայ քաղաքացի կենսաթոշակային անհատական հաշիվ կունենա և կտեսնի, թե ինչքան գումարներ են ներդրվում իր հաշվեհամարին։
Ովքեր չեն կարողանա խնայողություն կատարել, նրանց համար պետությունը սահմանել է սոցիալական կենսաթոշակ։ Եվ Ռոզա Կիապպեն, և Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը շեշտում են, որ բարեփոխման գործընթացը պետք է սկսել ոչ թե պարտադիր, այլ կամավոր համակարգից։ Այն թույլ կտա առավել հստակ տեղեկանալ կուտակային համակարգի մասին, դրանով նաև ժամանակ կտրվի, որպեսզի կապիտալի շուկան զարգանա, իսկ ԿԲ-ին՝ հնարավորություն` ձեռք բերել ու տիրապետել այդ միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու բոլոր հմտությունները։
Հիշեցնենք, որ մեզանում ներդրվում է բազմաստիճան մի համակարգ, որտեղ հիմքը բազային կենսաթոշակն է, որ տրվելու է բոլոր այն մարդկանց, ովքեր չեն աշխատում, չեն կարող կուտակել, և որը հաշվարկվելու է երկրի՝ տվյալ պահի նվազագույն սպառողական զամբյուղի չափով, ապա նաև կամավոր կամ պարտադիր կուտակային բաղադրիչները, որոնք արդեն նախատեսված են աշխատող մարդկանց համար։ Այս տարվանից նախատեսված է իրականացնել կամավոր բաղադրիչը, իսկ ահա 2014-ից՝ պարտադիր կուտակայինը։ 1974 թվականին և հետո ծնվածներին կուտակելը պարտադրվելու է։


Երաշխիքները կամրապնդվեն օրենքով

Միայն մայիս ամսին գլխավոր դրամատան մասնագետները 4 նորմատիվ ակտ են մշակել, քննարկման ներկայացրել շահագրգիռ մասնակիցներին, ստացել արձագանքներն ու ներառել փաթեթում։ Այստեղ գտնում են, որ կենսաթոշակային ֆոնդերի դեպքում ավելի խիստ և ավելի ուշադիր են գտնվել, քանի որ մասսակայան խնայողությունների հետ են գործ ունենալու, վստահության հսկայական քվեի կարիք կա։ Ահարոն Չիլինգարյանը նշում է նաև, որ պոտենցիալ ներդրողների հետ քննարկվել են օրենքի շատ կետեր։ Նրանց համար անակնկալ է եղել այն փաստը, որ օրենքն ու կանոնակարգերը չափազանց խիստ են. օրինակ այն կետը, որտեղ հստակ գրված է, որ որևէ մեկը եթե պետք է զբաղվի կենսաթոշակային ֆոնդերով, ապա դա պետք է լինի նրա գործունեության միակ տեսակը։ Ըստ պրն Չիլինգարյանի, իրենք ուզում են ջուրը ՛՛մաքուր՛՛ պահել, որպեսզի վերահսկողությունը և ապագա հնարավոր երաշխիք՝ գործիքները լավ աշխատեն։ Այս պահին սպասում են կենսաթոշակային առաջին ֆոնդեր գրանցողներին, որոնք Կենտրոնական բանկ պետք է դիմեն արդեն համապատասխան լիցենզիա ստանալու համար։
Իսկ ֆինանսների նախարարությունում հստակեցրել են ներդրումների սահմանափակման վերաբերյալ նախագիծը, թե որ ուղղություններով կարող են ներդրվել կենսաթոշակային գումարները։ Ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը, ով բարեփոխումների աշխատանքային խմբում է, նշում է, որ ներդրումների արդյունավետությունն ու անվտանգությունն ապահովելու համար կառավարությունն իր իրավասությամբ սահմանել է գումարային չափաքանակներ, իսկ դրսում ներդրում չանելը ֆինանսական շուկայի մասնագետները վտանգավոր են համարում հենց դիվերսիֆիկացիայի տեսակետից։ Առայժմ ընտրել են պահպանողական-ազատական ճանապարհ՝ արտասահմանյան ֆինանսական շուկայում կենսաթոշակային գումարների միայն 30 տոկոսը կարող է ներդրվել ու շրջանառվե. այս հանգամաքը կօգնի նաև հայկական կենսաթոշակային ֆոնդերին արտասահմանյան փորձ ձեռք բերել։
Կապիտալի շուկան այս ողջ բարեփոխման առաջին շահողն է լինելու, այստեղ է, որ նկատվելու են ֆինանսական շուկայի ակտիվացման առաջին նշանները. ֆոնդերում առկա երկար փողերն առաջին հերթին կնվազեցնեն վարկերի տոկոսադրույքները` գործարար հատվածն առավել հաճախ կարող է դիմել բանկերին վարկեր ձեռք բերելու` նոր աշխատատեղեր ստեղծելու կամ ընդլայնվելու նպատակով։
Բարեփոխումները միանշանակ անհրաժեշտ են. այն որ ոչ մի, անգամ զարգացած պետական համակարգ այսօր չի կարողանում հաղթահարել տարբեր պատճառներով առաջացած կենսաթոշակային բեռը, առավել քան ակնհայտ է,։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը բերում է Գերմանիայի, Ֆրանսիայի փորձը։ Զարգացած երկրները չեն կարողանում այդ բեռը տանել, ընդունում են որոշումներ, ըստ որոնց կենսաթոշակային տարիք է բարձրացվում կամ այլ մեխանիզմներով կրճատվում է կենսաթոշակի չափը, իսկ նման շռայլ համակարգ ունեցող երկրների համար շատ դժվար է այդ անցումը կատարել, քանի որ կենսաթոշակային պարտավորությունները տվյալ երկրների համար խոշոր թիվ են կազմում։
Մեր երկիրը սոցիալական ապահովության ոլորտի ծախսերի 90 տոկոսը տրամադրում է միայն կենսաթոշակներին, և անգամ այդ պարագայում իրավիճակը անհասկանալի ու անարդար է ընկալվում։ Մարդիկ թոշակ են ստանում աշխատանքային ստաժով՝ ոչ թե աշխատավարձով, բայց և սոցիալական համակարգին վճարում են իրենց աշխատավարձի չափից ելնելով։ Նոր համակարգը վերացնում է այդ անհամապատասխանությունը՝ աշխատանք չունեցողներին առաջարկելով սոցիալական պաշտպանություն բազային կենսաթոշակի տեսքով, իսկ աշխատողներին առաջարկում նաև կամավոր կուտակել՝ ավելի բարձր կենսաթոշակ ստանալու համար։ Արտեմ Ասատրյանի պարզաբանմամբ, դա նաև գործատուների համար կադրերի կառավարման, աշխատողի համար տվյալ կազմակերպությանն ավելի կապված լինելու, արտադրողականությունը բարձրացնելու և ավելի լավ աշխատելու հարց է լուծում։
 

Խրախուսման մեխանիզմները չեն անտեսվել

Այդ ամենի համար մտածված են մի շարք խրախուսող մեխանիզմներ. կամավոր կուտակել ցանկացողներին օրինակ ասվում է՝ կուտակիր և քո գումարը կհարկվի միայն կուտակման վերջում։ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը մասնավորեցնում է, որ եթե մարդը ցանկություն է հայտնում մասնակցել կամավոր կուտակային համակարգին, ապա իր կատարած վճարումները հարկման բազայից նվազեցվում են. եթե ստանում է 100 հազար դրամ, որոշում է կամավոր կուտակային համակարգի անդամ դառնալ, կատարում է ասենք 5 հազար դրամ վճարում համակարգին, ապա այդ 5 հազար դրամը նվազեցվում է հարկման համակարգից՝ քաղաքացին հարկվում է 95 հազար դրամից։
Իսկ ահա այն գործատուները, ովքեր իրենք կշահագրգռեն և կաջակցեն իրենց աշխատակիցներին կամավոր կուտակելու գործում, նրանք էլ կստանան շահութահարկի եւ եկամտահարկի հետաձգման արտոնություն։ Երբ կվճարվի կենսաթոշակը, այն ժամանակ էլ կհարկվի։ Այս առումով վարչարարությունը թեթևացված է, արվել է այնպես, որ չտուժեն ոչ մարդը, ոչ գործատուն, ոչ պետությունը, այդ դրույքաչափերը որոշելիս շեղումներ գրեթե չկան։
Ապագա կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները շուտով կսկսեն հանդիպումներ ունենալ գործատուների հետ՝ առաջարկելով, որ գործատուն եւ աշխատողը միասին կիրարկեն կամավոր կենսաթոշակային բաղադրիչը։ Ահարոն Չիլինգարյանի խոսքով, թեև օրենքը չի պարտադրում, որ գործատուների հետ միասին դա արվի, սակայն փորձն է ցույց տալիս, ու նաև երկրի մենթալիտետից ելնելով, ենթադրում են, որ առավել արագ ճանապարհ հարթողը կլինի այդ տարբերակը։
Այս ամենը բարեփոխում է, ավելի կոնկրետ հեղափոխություն նաև մարդկանց աշխարհընկալման ու փիլիսոփայության մեջ, քանի որ ծախսել սիրող մարդիկ պետք է իրենց մեջ ինչ-որ բան փոխեն ու սկսեն խնայել։


Նոր մտածելակերպի ներդրման ճանապարհը կարճ չէ

Կառավարությունն այս նոր համակարգով հիմք է դնում նոր մտածելակերպի՝ սեփական բարեկեցիկ ծերության պատասխանատվությունը վերապահելով նաև քաղաքացուն։ Այսպես, կամավոր կուտակային տարիքի անձանց՝ այսինքն մինչև 1974 թ. ծնվածները և ընդհանրապես կուտակել ցանկացողներին մնում է որոշում կայացնել նախ մասնակցել, թե՝ ոչ, եթե այո, ապա ընտրել կենսաթոշակային ֆոնդ կամ որևէ բանկի կենսաթոշակային ավանդ։ Բոլոր այն մտահոգություններին, թե համակարգը բավական մեծ ռիսկեր ունի փլուզվելու կամ պայթելու, ինչպես եղավ խորհրդային բանկերի ավանդների դեպքում, գլխավոր դրամատան մասնագետները մեկ պատասխան ունեն՝ խարդախության ճանապարհը փակուղային է. առաջինն օրենքն ավելի խիստ պահանջներ է դրել կենսաթոշակային, քան այլ տեսակ ներդրումային ֆոնդերի համար, ապա Կենտրոնական բանկն իր արդեն ապացուցված ուժով և հսկողության մեխանիզմներով միշտ հետամուտ է լինելու ուղղակի, անուղղակի երաշխիքների ապահովմանը։
Անձն ինքն է ընտրելու և հետագայում, ցանկության դեպքում փոխելու այն ֆինանսական կազմակերպությունը, որն իրականացնելու է կենսաթոշակային խնայողությունների կառավարումը։ Յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած ժամանակ հնարավորություն է ունենալու իմանալ, թե ինչքան միջոցներ կան իր կենսաթոշակային հաշվում ինտերնետային կայքի և հաշվի քաղվածքների միջոցով։
Կենսաթոշակային խնայողությունները համարվելու են անձի անձնական սեփականությունը և կարող են օգտագործվել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո` կենսաթոշակ ստանալու նպատակով։
Պետությունը երաշխավորում է, որ անձի կողմից կատարված կենսաթոշակային վճարները կվերադարձվեն։
Կենսաթոշակի անցնելուց հետո անձը կստանա պետական բազային կենսաթոշակ և իր պարտադիր կուտակային խնայողությունները` ամսական վճարների տեսքով։


Իրազեկողներն իրազեկված չեն

Շատ շուտով ֆոնդերը կսկսեն գործել, բայց քաղաքացիների իրազեկվածությունն այս առումով դեռ բավարար մակարդակի չէ. Հասարակության շրջանում հարցումները ցույց են տալիս, որ նրանց միայն 46 տոկոսն է ծանոթ գործող կենսաթոշակային համակարգին, և նրանցից ընդամենը 27 տոկոսը գիտե, որ գործող համակարգը բաշխողական է։ Հարցվածների 36 տոկոսը լսել է կենսաթոշակային բարեփոխումների մասին, իսկ 39 տոկոսը` կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին միանալու պատրաստակամություն հայտնել։ Ըստ հարցում իրականացրած խորհրդատվական ընկերության, գյուղերի բնակիչները պակաս տեղեկացված են կենսաթոշակային բարեփոխումների մասին, քան երևանցիները, սակայն ավելի դրական են վերաբերվում դրան։ Հարցվածների 81 տոկոսը կարծում է, որ ներկայիս կենսաթոշակային համակարգի գլխավոր խնդիրը դրանց փոքր չափերն են, ապա նաև բարձր կենսաթոշակային տարիքը։
Բարեփոխման հեղինակները գործընթացի սկզբում նման արդյունք սպասում էին, բայց կարծում են, որ կոնկրետ իրազեկվածությունն ավելի մեծ կլինի այն ժամանակ, երբ այդ ֆոնդերն իրենց առաջարկների փաթեթով հանդես գան։ Առաջիկա 20 տարիների ընթացքում սեփական կենսաթոշակ կուտակելու, ինչպես նաև պետության տնտեսական աճին նպաստել ցանկացողներն արդեն պետք է զինվեն համապատասխան գիտելիքներով իրենց գումարների ակտիվի կառավարիչ ընտրելու հարցում։
Մասնագետները կարծում են, որ փոփոխման այս մեխանիզմն օր առաջ գործարկելու խնդիր կա, ճանապարհը երկար է և մեկնարկելուց առաջ բոլոր քայլերը ծանրութեթև են արվում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ա. Ասատրյանն էլ նկատում է, որ գործընթացը ճիշտ է ու դրան այլընտրանք չկա, մնացածը կախված է այն աշխատանքից, թե որքանով ճիշտ կգործարկվեն այդ համակարգերը, որքանով պետական մարմինների վերահսկողական գործառույթները հստակ կիրականացվեն։


Կենսաթոշակային նոր համակարգն ապահովում է`


• Կենսաթոշակ` քաղաքացու կողմից կատարած կուտակային վճարներին համապատասխան

• Անհատական կենսաթոշակային հաշիվ` կենսաթոշակային խնայողություններով, որոնք հանդիսանում են քաղաքացու սեփականությունը

• Հավելյալ եկամուտ քաղաքացու կենսաթոշակային հաշվին` խնայողությունների ներդրման շնորհիվ

• Կենսաթոշակային խնայողությունները ժառանգելու հնարավորություն

 

Թեմային վերաբերող հղումներ

Տեսանյութեր`

  • «Հրապարակում» հաղորդում. «Կենսաթոշակների կամավոր կուտակման գործընթացը մեկնարկում է», «Կենսաթոշակային բարեփոխումներ»
  • Բանաձև հեռուստաստուդիա, «Հատուկ ռեպորտաժ». «Մի թոշակ կյանք»
     

Հրապարակումներ

  1. Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Խոսե Պինիերան
  2. «Կապիտալ» թերթ. Գլխավոր «հեղափոխականը» ՀՀ կառավարությունում
  3. Կենսաթոշակային բարեփոխումներ. ԱԺ քաղաքական ուժերի տեսակետները
  4. Ահարոն Չիլինգարյան. «Երկրորդ կիսամյակում կունենանք կենսաթոշակային ֆոնդեր»
  5. Արտեմ Ասատրյան. «Կուտակային կենսաթոշակային համակարգով մենք ապահովելու ենք բարձր կենսամակարդակ մեր կենսաթոշակառուների համար», «Կենսաթոշակային բարեփոխումները միտված են սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործմանը»
  6. Հայկ Ոսկանյան. «Դեպոզիտարիան կկարգավորի թոշակային հաշիվների գումարների տնօրինման հարցերը», «Պարտադրելը կարևոր է»
  7. Կարեն Թամազյան. «Пенсионная система и продолжительность жизни иногда взаимосвязаны»
  8. Հանրության իրազեկվածությունը Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների մասին. ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված ելակետային հետազոտության արդյունքները
  9. Կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքային խմբի կողմից պատրաստված ներդիր. «Ոչ միայն պետությունն, այլ նաև քաղաքացին»

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ