չորեքշաբթի, 10 օգոստոսի 2011
Ցորենի սերմնաբուծության ծրագիրն արդեն արդյունք է տալիս
Հայաստանը ցորենի սերմնաբուծության ոլորտում հեղափոխական քայլեր է իրականացնում. դեռ նախորդ տարվանից կառավարության օրակարգում է ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է մինչև 2014 թ. հացահատիկային այդ մշակաբույսի արտադրության ծավալները հասցնել 340-350 հազարի՝ այդպիսով նաև բարձրացնելով հանրապետության ցորենի ինքնաբավության մակարդակը:
Կառավարության օգոստոսի 4-ի նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով ծրագրի իրականացման ընթացքին, մասնավորապես նշել է.
«Այս որոշումների ընդունմամբ մենք սերմնաբուծության զարգացման նպատակով աննախադեպ միջոցառում ենք իրականացնում: Մեր թիրախային ցուցանիշն է` տարեկան հասնել մինչև 27-30 հազար տոննա էլիտար, առաջին վերարտադրության սերմի արտադրության, և դրա համար պետությունն աննախադեպ մեծ գումարներ է հատկացնում։ Այս տարի ևս Ռուսաստանի Դաշնությունից ներմուծելու ենք բարձրորակ էլիտար սերմ։ Բացի այդ, մեր 15 սերմնաբուծական ընկերություններից մենք այս տարի պատրաստ ենք շուրջ 800 տոննա սերմ ձեռք բերել։ Հասկանալի է, որ պետության այսպիսի մեծածավալ ներարկումներն էապես փոխելու են սերմնաբուծության վիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Բացի այդ, ծրագիրն ունի նաև սոցիալական բովանդակություն, քանի որ մենք արդեն առաջին վերարտադրության սերմերը մարզպետների միջոցով տրամադրում ենք մինչև 3 հեկտար հողատարածություն ունեցող տնտեսություններին և դրանով իսկ բարձրացնում սերմերի որակը։ Եթե մենք 15 հազար տնտեսության մատակարարել ենք գարու բարձրորակ սերմացու, ապա այս աշնանացանի ժամանակ նույն եղանակով սերմեր կմատակարարենք նաև փոքր տնտեսություններին, և այդ ծավալները կլինեն շուրջ 2 անգամ ավելի շատ։
Երեկ խորհրդակցության ժամանակ մարզպետների հետ պայմանավորվեցինք նաև, թե ինչպիսին է լինելու այս բարձրորակ սերմացուի մատակարարման վերադարձը։ Այս փուլում մենք սերմացուն փոքր ֆերմերներին տրամադրելու ենք անվճար` ակնկալիքով, որ նրանք բերքից մեզ կհատուցեն այդ սերմացուն։ Ըստ պայմանավորվածության գինը կլինի 80 դրամ 1 կգ-ի համար, և հարաբերակցությունը կլինի նույնը, ինչ որ արել ենք անցյալ տարի։ Հիշում եք` մեր հայեցակարգն այն էր, որ մենք տրամադրում ենք բարձրորակ սերմացու, և եթե այն Հայաստան տեղափոխելով մեզ վրա նստում էր շուրջ 1 դոլար, մեր գյուղացիներին տրամադրում էինք էապես ավելի էժան գներով և ըստ էության սուբսիդավորում էինք ոլորտը, բայց դա նպատակային սուբսիդավորում էր, որն ակնհայտորեն հանգեցնելու էր արտադրողականության աճին։ Այս անգամ էլ մեզ վերադարձնելու են մոտավորապես 160 դրամ, և սա այն պարագայում, երբ, իհարկե, սերմացուն մեզ վրա նստելու է 2,5-3 անգամ ավելի թանկ։ Բայց մեր նպատակն է ընդհանուր առմամբ սերմնաբուծության ոլորտում հեղափոխական փոփոխություն կատարել, բարձրացնել սերմերի որակը, ինչը վերջին 20 տարիներին չէր կատարվում, և որի արդյունքում հենց 1 ցենտներ սերմից ստացվող քանակը մեզ չէր բավարարում, առնվազն 2-3 անգամ ավելի ցածր էր, քան միջազգային ընդունված ցուցանիշները։ Բնականաբար, պատճառներից մեկը նաև սերմացուի վատ որակն էր։ Այս տարի արդեն շոշափելի կլինեն արդյունքները, քանի որ տրամադրվող սերմացուի ծավալն արդեն հասանելի է դառնում հազարավոր ֆերմերների։ Մենք պետական բյուջեից գումար ենք հատկացնում և՛ էլիտար սերմացու ներմուծելու, և՛ նաև Հայաստանի սերմնարտադրողներից, իսկ դրանք 15 լիցենզավորված կազմակերպություններ են, բարձրորակ սերմացու ձեռք բերելու համար»։
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության, այս ծրագրի շրջանակներում անցած աշնանը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերվել 1010,1 տոննա էլիտար վերարտադրության սերմացու, որից 50 տոննան տրամադրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, իսկ 9.15 տոննան ուղարկվել է սորտափորձարկման: 30 նոր սորտ հանրապետության տարբեր գոտիներում առաջնային սերմնաբուծությամբ և սերմնարտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն արդեն սորտափորձարկում են:
Մնացած ավելի քան 950 տոննան տրվել է 115 գյուղացիական տնտեսությունների, որոնք էլ ցանքս են կատարել 3169.9 հա-ի վրա:
Այս տարի նախատեսվում է նաև հանրապետության տարբեր գոտիներում սորտափորձարկումներ անցկացնելու նպատակով ՌԴ-ից ՀՀ ներկրել իրենց լավագույնս դրսևորված աշնանացան ցորենի էլիտար վերարտադրության 4 սորտ:
Տեղական սերմարտադրողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված էր հայ սերմարտադրողներից ձեռք բերել 500 տոննա սերմացու, սակայն, ինչպես նշում են գյուղնախարարությունում, սերմարտադրողներից ձեռք է բերվել միայն 117 տոննա, ինչը պայմանավորված է նրանց մոտ պահանջվող քանակությամբ սերմացուի պաշար չունենալով: Այդ 117 տոննա սերմացուն 1:2 հարաբերակցությամբ վերադարձնելու պայմանով հատկացվել է 31 գյուղացու, բաշխված սերմացուների հաշվին արդեն իսկ այս տարի ակնկալվում է հետ ստանալ 2134 տոննա առաջին վերարտադրության սերմացու:
Գյուղացիների տվյալ ցանքատարածքները մշտական ուշադրության կենտրոնում են թե՛ նախարարության, թե՛ ԳԱՄԿ-երի ու թե՛ մարզպետարանների մասնագետների կողմից:
Անցած ամսվա ընթացքում սերմացուների հետ վերադարձման աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատանքային խումբը մարզերում անցկացրել է խորհրդակցություններ: Նախանշված է, որ աշնանը 2900 տոննա առաջին վերարտադրության սերմացու կստացվի գյուղացիական տնտեսություններից, որը մինչ 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով կբաշխվի տնտեսվարողներին:
Սերմնաբուծության զարգացման շարունակական ծրագրով 2011թ. նախատեսվում է ՌԴ Ստավրոպոլի երկրամասից ձեռք բերել մինչև 800 և հայ սերմնաբույծներից մինչև 900 տոննա էլիտար սերմացու, որի արդյունքում 5660 հա ցանքատարածք է զբաղեցվելու այդ մշակաբույսի համար: Սերմացուն` ծրագրի պահանջներին և չափորոշիչներին համապատասխան, պայմանագրային հիմունքներով կրկին նույն պայմաններով տրվելու է հողատարածք ունեցողներին, պայմանագրով նախատեսված քանակը վերադարձնելուց հետո տնտեսվարողները մնացած սերմացուն կարող են տնօրինել իրենց հայեցողությամբ:
Գյուղատնտեսության գերատեսչությունում հաշվել են, որ 2012 թ. արդեն հետ վերադարձված 3400 տոննա սերմացուն կտրամադրվի մարզային մարմիններին, որով էլ հնարավոր կլինի 11330 հա-ով ընդլայնել ցանքատարածքները:
Գյուղատնտեսության թեմայի վերաբերյալ կարդացեք նաև`
Սերմնաբուծության ոլորտում արմատական փոփոխություն է կատարվում
Քննարկվել է գյուղի և գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագիրը
Վարչապետն այցելել է «Սպայկա» ընկերություն
Էլիտար սերմացուն ծիլեր է տալիս