հինգշաբթի, 12 հունվարի 2012
Հաստատվել են 2012 թ. գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2012 թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը կառավարության անդամներին մեկ անգամ ևս շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել բեղմնավոր աշխատանք։
Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և դրա հիմնավորումը, ՀՀ կառավարության 2012 թ. գերակա խնդիրները և դրանց հիմնավորումները։ Բոլոր նախարարությունների և պետական կառավարման մարմինների գծով ծրագրում ներառվել է 135 կետ։ Ընթացիկ տարվա գերակա խնդիր են համարվել գործարար և մրցակցային միջավայրի, ընդերքի ոլորտի հողօգտագործման բարելավումը, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովումը, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, զինված ուժերում կարգապահության ամրապնդումը, հայ գրավոր ժառանգության, գրքի, գրքարվեստի և տառարվեստի հանրահռչակումը Հայաստանում և արտերկրում, ընդհանուր առմամբ 91 կետ։
Հայագիտությունը պետության հոգածության առարկա է
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հայագիտության զարգացման հայեցակարգին, ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին։ Փաստաթղթերի հիմնական նպատակն է պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի։ Ակնկալվում է, որ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հայագիտությունը կխթանի անկախ պետականության ամրապնդումն ու կնպաստի ազգային ինքնագիտակցության ուժեղացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ ընդունված փաստաթղթերում տրված են այնպիսի լուծումներ, որոնք բավարարում են մեր բոլոր գիտահետազոտական հիմնարկներին և մասնագետներին։
Կառավարությունն իր նիստում հաստատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր և ծանր, առանձնապես վնասակար և վնասակար արտադրութունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների ցուցակները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին պարտավորեցրել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում հաստատել ցուցակների կիրառման կանոնները։
Կառավարության որոշմամբ «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ները միացնելու ձևով վերակազմակերպվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի։ Միավորման արդյունքում կապահովվի ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը, և եղած համակարգը կհամապատասխանի միջազգային և եվրոպական պահանջներին։
Գործադիրը հաստատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտոնագրման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների արտոնագրման պայմանների և պահանջների կատարման ստուգաթերթերը, որոնք նախատեսված են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով։
Կընդլայնվի պայմանագրային ծառայությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի ընդլայնումը, ռազմակրթական համակարգի զարգացումը, զինծառայողներին պաշտոնի նշանակելու և ազատելու ժամանակ թափանցիկության ապահովումը, ծառայողական առաջխաղացման հնարավորությունների հստակեցումը, կարգապահության ամրապնդումը։
Գործադիրը քննության է առել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կանոնակարգել պատգամավորների գործունեության սահմանափակմանն առնչվող հարաբերությունները, հստակեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա օրենքի գործողությունը տարածելու հարցը։ Կառավարությունը հանդես է եկել մի շարք առաջարկներով, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության և հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների ընտանիքների անդամների աշխատանքային գործունեության նպատակով կկիրառվի փոխադարձության սկզբունքը։ Շվեյցարիայում 2008 թվականից գործող ներպետական ակտով նման հնարավորություն է տրվում օտարերկրյա դիվանագետների ընտանիքներին, այդ թվում` նման կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիներին։ Այժմ նույն հնարավորությունը տրվում է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դիվանագետների ընտանիքներին։
Գործադիրը փոխել է Լոռու մարզի Սպիտակի, Տավուշի մարզի Իջևանի քաղաքային, Լոռու մարզի Սարատովկայի և Նովոսելցովոյի, Սյունիքի մարզի Տաշտունի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը՝ համապատասխանաբար մարիչ հորի, փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության, պոմպակայանի, կապտաժների կառուցման համար։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2013 թ. աշնանային զորակոչը տարկետում է տրվել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ Էդուարդ Թաթոյանին։ Ներքին Նորմանդիայի Կանի տեխնոլոգիաների համալսարանական ինստիտուտի մագիստրատուրայի սան Արարատ Չախոյանը տարկետում է ստացել մինչև 2013 թ. գարնանային, իսկ Մոսկվայի ատամնաբուժական համալսարանի ուսանող Արմեն Սարգսյանը` մինչև 2012 թ. աշնանային զորակոչը։