Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հարցազրույցներ, ճեպազրույցներ

Շաբաթ, 24 Հուլիսի 2010

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հինգ հեռուստաընկերություններին

-Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցել ենք 6,7 տոկոս աճ։ Հասարակությանը հետաքրքում է` տնտեսությունը զարգանու՞մ է, թե՞ ոչ։ Մեր տնտեսությունը չի՞ շարունակում կախված մնալ ներմուծումներից, տրանսֆերտներից։
-Առաջին հերթին պետք է նշել, որ ունենք բազմաթիվ խնդիրներ։ Եվ, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության նախագահը իր ելույթներից մեկում հայտարարեց, որ մենք բաց եւ հրապարակային խոսելու ենք մեր խնդիրների մասին, չենք թաքցնելու։ Եվ դա է երաշխիքը, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծել։ Խնդիրներից են կառավարման համակարգի անարդյունավետ վիճակը, կոռուպցիոն ռիսկերը, ստվերային տնտեսությունը եւ այլն։ Մենք չենք խուսափում այդ խնդիրների մասին խոսելուց եւ փորձում ենք ներկայացնել այն լուծումները, որ այսօր ՀՀ կառավարությունը իրականցնում է։ 6,7 տոկոս տնտեսական աճն ի՞նչ է իրենից ներկայացնում, եւ, արդյո՞ք, դա առիթ է, որպեսզի ավելի համարձակ նայենք 2010 թ-ի ցուցանիշներին եւ մեր գնահատականներին։ Եթե համեմատենք 2009 թ-ի անկման հետ, ապա սա է այն հենքը, որ մենք արձանագրում ենք, որ, իսկապես, լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում տնտեսական համակարգում։ Դա սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ է, որը լավատեսություն է մեզ հաղորդում, եւ առաջին հերթին պետք է արձանագրենք, որ տնտեսության բոլոր ճյուղերը, բացի գյուղատնտեսությունից, ունեն աճի միտումներ։ Երեք հիմնական գործոն է ազդում մեր տնտեսական աճի ցուցանիշի վրա։
Առաջին գործոնը համաշխարհային տնտեսության վիճակն է։ Մենք 2009 թ-ի վերջին կիսամյակից արդեն սկսեցինք արձանագրել համաշխարհային տնտեսությունում բարելավման միտումներ։ Եվ, բնականաբար, դա իր դրական ազդեցությունը թողում է մեր տնտեսության վրա, մասնավորաբար, հանքահումքային արդյունաբերության ապրանքների գների աճը միջազգային շուկաներում հնարավորություն տվեց, որ այդ ոլորտի մեր խոշոր 5 ձեռնարկությունները կարողանան ավելացնել իրենց արտահանման ծավալները եւ աշխատեն շահութաբեր, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար, որովհետեւ 2009 թ-ին ՀՀ կառավարությունն իր օպերատիվ շտաբով որոշում կայացրեց եւ անհապաղ օժանդակություն ցուցաբերեց այդ ձեռնարկություններին, որոնք, մեր համոզմունքով, ժամանակավոր դժվարություն էին կրում համաշխարհային գնային կոնյուկտուրայի փոփոխության պատճառով, եւ այն ֆինանսական օգնությունը, որ մենք ցուցաբերեցինք մեր ձեռնարկություններին, հնարավորություն տվեց, որ նրանք չիրականացնեն կրճատումներ։ Այդ ժամանակավոր դժվարությունը վերացավ, եւ նրանք ամբողջությամբ բյուջետային վարկը վերադարձրին պետությանը։ Արդյունքում մենք կարողացանք հանքահումքային տնտեսությունում իրավիճակը պահել մեր կառավարելիության տակ, եւ այս տարի արդեն ունենք դրական միտումներ եւ աճի տեմպեր։ Բնականաբար, մեզ վրա դրականորեն է ազդում նաեւ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, որտեղ նույնպես տնտեսական աճ է արձանագրվում, քանի որ շուրջ 1200 ձեռնարկություն ռուսական կապիտալով իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանում, եւ բնականաբար, նրանց ֆինանսական վիճակը, հարաբերությունները իրենց ռուս գործընկերների հետ էական ազդեցություն է թողում մեր տնտեսական համակարգի վրա։
Երկրորդ գործոնը ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումներն էին, մասնավորապես` ընդլայնողական բյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը։ Մենք գիտեինք, որ այդ քաղաքականությունը իր մակրոտնտեսական ազդեցությունը մեր համախառն ներքին արդյունքի վրա թողնելու է, եւ այդպես էլ տեղի ունեցավ։
Երրորդ գործոնը ներհանրապետական գործոնն է, մասնավորապես, մեր տնտեսավարող սուբյեկտների վարքագծային կաննոները, նրանց սպասումները, ներդրումային վարքագիծը, որոնք նույնպես իրենց դրական ազդեցությունը թողել են այս վեց ամիսների ընթացքում, եւ մենք արձանագրում ենք, որ տնտեսական ակտիվություն գոյություն ունի, որի արդյունքում մենք շուրջ 35 մլրդ դրամ ավելի հարկեր ենք հավաքել ծրագրավորվածից։ Դա արդեն առարկայական նվաճում է, ինչը նշանակում է, որ մեր մակրոտնտեսական կայունությունը ամրապնդվում է, եւ պետությունը կարող է կատարել իր բոլոր ֆինանսական պարտավորությունները։ Ավելին, մենք կստեղծենք պաշարներ 2011-2012 թթ-ի համար` ֆինանսական պաշարներ, որպեսզի ապահովենք մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը։
Սա է իրավիճակը այս վեց ամիսների կտրվածքով։ Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռեւս մեզ չի հաջողվել լուծել, եւ տարիներ են անհրաժեշտ։ Դրա համար մենք ունենք ծրագիր եւ բոլոր նախարարությունների աշխատանքները մենք փորձում ենք դարձնել հրապարակային եւ վերահսկելի ձեզ համար։ Ուստի նրանց բոլորին հանձարարված է, որ նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումերը լինեն հրապարակային եւ նկարագրված լինեն սպասելիքները, ավելին նրանք իրենց անձնական հսկողության տակ են պահելու ոլորտի 3-4 խնդիր եւ տարվա վերջում հաշվետվություն են ներկայացնելու։ Այդ խնդիրներն արդեն հրապարակված են մամուլում եւ ներկայացված իրենց կայքէջերում, եւ քաղաքացիները կարող են տեսնել, թե նախարարները ոլորտ առ ոլորտ ինչ խնդիրներ են լուծելու։

-Ե՞րբ կախված չենք լինի վարկերից, տրանսֆերտներից, ներմուծումներից։
-Աշխարհում չկա այդպիսի երկիր։ Աշխարհի ամենամեծ կախում ունեցող երկիրը արտաքին ֆինանսավորումից ԱՄՆ-ն է, որովհետեւ նրանց վճարային հաշվեկշիռն ունի ամենամեծ ճեղքվածքը, եւ պատմականորեն աշխարհում ամենաբարձր բեռն ունի այսօր ԱՄՆ-ն, եւ դրանից պետք չէ վախենալ։ Խնդիրն այն է, որ այդ գործընթացները լինեն կառավարելի եւ այն չափանիշների շրջանակներում, որը թույլ է տալիս գնահատել, որ այդ բեռը, որ մենք ունենք կառավարելի բեռ է։ Այսօր եւ միջազգային կազմակերպությունները, եւ մեր վերլուծական կենտրոնները մեզ տալիս են գնահատականներ, որ այն պարտքի բեռը, որ ունի Հայաստանը, կառավարելի է։ Եվ մեր արտաքին պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի հետ համեմատած չի գերազանցում 50 տոկոսը, այն պարագայում, որ կան զարգացած պետություններ, որ այդ ցուցանիշը 100 տոկոս է կազմում։ Մեր արտաքին պարտքը հիմնականում երկարաժամկետ, ցածր տոկոսներով պարտք է, որը մենք վերցրել ենք միջազգային ֆինանսական կառույցներից 30-40 տարի ժանկետով` 0,75-1 տոկոս տոկոսադրույքով։ Դա նշանակում է, որ այդ տեսանկյունից ռիսկայնության մակարդակը կառավարելիության շրջանակներում է գտնվում։

-Տնտեսական աճը դանդաղում է, ինչպե՞ս դա կմեկնաբանեք` 8,8 տոկոսից հասանք 6,7 տոկոսի, դա՞ սպասում էիք։
-Դա առաջին հերթին պայմանավորված է 13,1 տոկոս անկումով գյուղատնտեսության ոլորտում, որը հիմնականում պտուղ-բանջարեղենի ոլորտին է վերաբերում եւ բնակլիմայական պայմաններով է բացատրվում այսօր։ Իհարկե, եթե դա չլիներ, մեր տնտեսական ցուցանիշը ավելի բարձր կլիներ։ Մեզ համար չափազանց կարեւոր է անդրադառնալ մի խնդրի, որի մասին մենք խոսում ենք, այն է, որ մեր տնտեսության խոցելի կողմն այն է, որ այն դիվերսիֆիկացիա չունի։ Այսինքն` 1 կամ 2 ճյուղի ազդեցությունը ընդհանուր տնտեսության վրա բավականին մեծ է։ Առաջին հերթին շինարարության մասին է խոսքը, որի տեսակարար կշիռը վերջին 7 տարիներին հասել էր իր գագաթնակետին, եւ շինարարության ազդեցությունը մեր բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, չափազանց բարձր է։ Դա էր պատճառը, որ 2009 թ-ին ունեցանք 18,2 տոկոս անկում, որը հիմնակում պայմանավորված էր շինարարության ոլորտով։ Մեր իրականացրած բարեփոխումները եւ հակաճգնաժամային միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել դիվերսիֆիկացիայի մակարդակը։ Այդ տեսակետից առաջին 6 ամսվա արդյունքները տպավորիչ են, որովհետեւ մենք շինարարության ոլորտում ունենք շուրջ 4 տոկոսանոց աճ։ Եվ մեզ համար չափազանց կարեւոր է, որ այդ աճը պայմանավորված է ոչ միայն բնակարանային շինարարությամբ, այլ արդյունաբերական արտադրողական շինարարությամբ, որը հույս է ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում նոր արտադրական հզորություններ են շահագործման հանձնվելու, եւ մենք ունենալու ենք ավելի բազմազան տնտեսական կառուցվածք։ Եվ այդ ներդրումները դրա մասին են վկայում։

-Դուք տպավորիչ տնտեսական աճի մասին խոսեցիք, եւ առաջին անգամ չէ, որ թե դուք, եւ թե համապատասխան ոլորտների ներկայացուցիչները հայտարարել են, որ ճգնաժամը հաղթահարված է։ Լավ, եթե դա այդպես է, ապա սովորական քաղաքացին ե՞րբ կարող է դա զգալ, հատկապես, եթե հաշվի առնենք սննդամթերքի, մասնավորապես գյուղմթերքի շուկայում արձանագրված գնաճը եւ սպառողի ծախսերի եւ եկամուտների անհամադրելիությունը։
-Առաջին հերթին ուզում եմ ասել, որ մենք մեր գնահատականներում ավելի զգուշավոր ենք. մենք հայտարարել ենք, որ մտել ենք կայունացման եւ վերականգնման շրջան։ Թե ինչպիսին կլինի մոտակա 2 տարիների տնտեսական իրավիճակը, պայմանավորված է բազմաթվի գործոններով, այդ թվում նաեւ` համաշխարհային տնտեսության վիճակով։ Չկա մի որեւէ հայտնի տնտեսագետ, որն այսօր համարձակություն կունենա հայտարարելու, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարված է։ Դրա համար մենք պետք է լինենք զգուշավոր եւ ունենանք բավարար պաշարներ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար։ Առաջին հերթին պետք է նշել, որ կարեւորագույն ցուցանիշը, որն ազդում է մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա, դա գնաճն է։ Եվ 2009 թ-ին մենք հայտարարեցինք, որ Հայաստանը մտել է գնաճային բարձր մակարդակ ունեցող մի փուլ, որը մեզ մտահոգում է, եւ մեր գործողությունները պետք է ուղղված լինեն գնաճը զսպելուն։ Առաջին 6 ամիսների ցուցանիշները վկայում են այն մասին, որ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները փոփոխության հետեւանքով կարողացել են զսպել բարձր գնաճային միտումները, որոնք առկա էին 2009 թ-ին։ Փետրվարին մենք արձանագրեցինք գնաճային ամենաբարձր մակարդակը 9,4 տոկոս եւ հետագայում մեր զսպողական քաղաքականությունը իր դրական ազդեցությունն ունեցավ գնաճի վրա, որը փուլ առ փուլ սկսեց նվազել։ Այսօրվա դրությամբ ունենք 4,5 տոկոս գնաճ տարվա սկզբի հետ համեմատած. իսկ եթե վերցնենք 12 ամսվա արդյունքները, ապա գնաճը կազմում է 5,8 տոկոս, այսինքն, տեսնում ենք, որ գնաճը սկսել է նվազել։ Բայց դեռեւս բավարար չէ, եւ մենք համոզված ենք , որ մոտակա 3 տարիների ընթացքում մենք ի վիճակի կլինենք վերադառնալ մինչեւ 3 տոկոսանոց գնաճի, որի պարագայում մեր քաղաքացիները իրենց համար հարմարավետ միջավայրում կհայտնվեն։ Սակայն ակնհայտ է, որ մենք արդեն ունենք դրական միտում։ Եվ այստեղ կարեւոր է նշել, որ դրան էապես նպաստել է այն հանգամանքը, որ մենք առաջին 6 ամիսներին հավաքագրել ենք ծրագրավորվածից ավելի եկամուտներ։ Դա նշանակում է, որ բյուջեի վարքագիծը գնաճի առումով եղել է զսպողական, ՀՀ կենտրոնական բանկի քաղաքականությունը նույնպես եղել է զսպողական։ Առաջին հերթին դա պայմանավորված է վերաֆինասավորման տոկոսադրույթի փուլ առ փուլ բարձրացմամբ, որը նույնպես իր դրական ազդեցությունը թողել է գնաճի զսպման վրա։ Քաղաքացիների եկամուտները պետք է գերազանցեն գների աճի տեմպին։ Ընդհանուր առմամբ, 2010 թ-ի առաջին 6 ամիսներին մենք դա արձանագրել ենք։ Սակայն այդ ցուցանիշները պետք է պահպանել առնվազն 3 տարի, որպեսզի որակական փոփոխություն տեղի ունենա եւ բոլոր քաղաքացիները առարկայորեն զգան, որ իրենց կենսամակարդակը բարձրացել է, այլ ոչ թե նվազել։

-Շատերը կարծում են, որ գները Հայաստանում բարձրացել են, քանի որ շուկան մրցակցային չէ, մենք գիտենք, որ տնտեսությունը հետեւյալ բնութագրիչներն ունի` անառ ողջ, մոնոպոլիզացված, կոռումպացված, նույնիսկ գնահատական կա, որ ստվերը Հայաստանում կազմում է ընդհանուր տնտեսության 30-40 տոկոսը, մենք գիտենք, որ այս շաբաթվա սկզբին հարկային ներկայացուցիչներ գործուղվեցին 24 խոշոր ձեռնարկություններ, ի՞նչ եք կարծում, այն գործընթացը, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է դաշտը հավասարեցնելու քանի տոկոսով թույլ կտա ասելու, որ ստվերը տարեվեջին կրճատվեց։
-Դուք բարձրացնում եք ամենակարեւոր հարցերից մեկը, որ մեր տնտեսական բարեփոխումների առանցքնային հարցերից է` հավասար մրցակցային պայմանների ստեղծում եւ բարենպաստ բիզնես միջավայրի ձեւավորում։ 2009 թ-ը, իհարկե, այդ առումով, լրջագույն խնդիրներ ստեղծեց մեզ համար, որովհետեւ մենք ունեինք բավականին համարձակ ռեֆորմների օրակարգ, սակայն տնտեսական անկումը ստիպեց, որ մենք մեր ջանքերն ուղղենք ընթացիկ օպերատիվ հարցերի լուծմանը։ Եվ մենք հույս ունենք, որ 2010 թ-ի տնտեսության վերականգնման միտումները կպահպանվեն, ինչը հնարավորություն կտա մեր ջանքերը եւ ռեսուրսները ուղղել դեպի բարեփոխումներ այդ ոլորտում։ Առաջին հերթին խոսքը գնում է հարկային վարչարարության բարելավումների մասին։ Ցավոք սրտի, մեր ծրագրի 40 տոկոսը մենք հետաձգել ենք։ Երբ ռեֆորմները հասցնենք իրենց տրամաբանական ավարտին, այդ պարագայում շոշափելի կլինեն արդյուքները։
Եվ այդ ծրագրերը մենք իրականացնում ենք Համաշխարհային բանկի եւ Արժութային հիմնադրամի կողմից, եւ նրանք նույնպես ֆինանսավորում են մեզ այդ ծրագրերը իրականացնելու գործում։ Եվ մենք հետեւողական պետք է լինենք այդ առումով, որպեսզի այս ռեֆորմները հասցնենք իրենց տրամաբանական ավարտին, այդ դեպքում շոշափելի կլինեն արդյունքները։
Մյուս ուղղությունը դա տնտեսական մրցակցության պայմանների բարելավումն է։ Սա նույնպես մեր առաջնահերթությունների մեջ է։ Գիտեք, որ մենք Համաշխարհային բանկի հետ միասին ծրագիր ենք իրականացնում, որպեսզի Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կարողությունները կտրուկ ավելացնենք։ Նախապատրաստվում են նաեւ օրենսդրական փոփոխություններ, որոնք մենք շուտով պետք է հաստատենք եւ ներկայացնենք Ազգային Ժողովին։

-Խոսքը տուգանքների խստացման մասի՞ն է։
-Ոչ միայն տուգանքների խստացման մասին է։ Կանոնների հստակեցման, հակամրցակցային ռեժիմների հստակեցման, հրապարակայնության ապահովման, կանոնների խստացման, պատժամիջոցների խստացման, որպեսզի պատժամիջոցները համադրելի լինեն այն վնասների հետ, որ մենաշնորհները կարող են հասցնել սպառողներին եւ, ընդհանուր առմամբ, տնտեսական համակարգին։ Դրա համար մենք լավագույն միջազգային փորձից ստանալու ենք առաջարկություններ, որ կարողանանք այդ դաշտը կատարելագործել։

-Եթե մրցակցության թեման շարունակենք։ Այս վերջին շրջանում խոսվում է ձվի շուկայում տեղի ունեցող մոնոպոլիզացման մասին։ Որոշ մարդիկ կարծում են, որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ շուկայում դեմպինգային քաղաքականություն է տարվում։ Արդյոք տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ Դուք ունեցե՞լ եք խորհրդակցություններ։ Ի՞նչ է կատարվում իրականում շուկայում։
-Բնականաբար, բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են մեր քաղաքացիներին, դառնում են կառավարության քննարկման առարկան, եւ մենք, բնականաբար, Տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ մշտական կոնսուլտացիաներ ենք իրականացնում։ Այսօր առավոտյան նույնպես մենք զրույց ենք ունեցել այդ թեմայով` ինչպիսին է իրավիճակը շուկայում։ Հանձնաժողովը ուսումնասիրում է այդ խնդիրը, եւ մենք համոզված ենք, որ շուտով նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ արդյունքների մասին։ Աժեոտաժային իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ կտրուկ 2010թ.-ին ավելացել է ձվի արտադրությունը Հայաստանի Հանրապետությունում. դրա մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը եւ, բնականաբար, մրցակցությունը այդ դաշտում կտրուկ ավելացել է, բոլորս արձանագրեցինք գների կտրուկ նվազում, գների տատանողականություն այդ շուկայում, ինչը վկայում է, որ մրցակցությունը սրվել է եւ դրանից էլ բխում է այն հանգամանքը, որ նաեւ խոսակցություններ կան, թե լինելո՞ւ են կլանումներ, թե՞ ոչ։ Եվ սրանք հենց այն խնդիրներն են, որոնք օրենսդրությամբ գտնվում են Տնտեսական մրցակցության հանձնաժողովի հսկողության ներքո եւ համոզված եմ, որ հանձնաժողովը իր հսկողության տակ է պահելու այս խնդիրը։ Այսօրվա միտումները վկայում են այն մասին, որ այդ ոլորտում կատարվել են լուրջ ներդրումներ, որի արդյունքում էլ արտադրողականությունն է բարձրացել եւ մենք ունենք 30%-անոց աճ` ծավալների։ Եվ դա նշանակում է, որ ձվի խնդիրը Հայաստանի Հանրապետությունում լուծված է, ձվի արտադրության խնդիրը լուծված է։ Հիմա պետք է հետեւենք, որպեսզի լինի արդար եւ ազնիվ մրցակցություն, որպեսզի չլինեն գերշահույթներ, իսկ դա արդեն Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անմիջական աշխատանքն է։

- Պարոն վարչապետ, վերջին շրջանում հատկապես հաճախակի են դարձել Ձեր մարզային այցելությունները։ Կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, վարկերի տրամադրումը մի շարք ոլորտների ձեռնարկություններին, ըստ Ձեզ` ի՞նչ էական ազդեցություն է ունեցել, եւ ինչպե՞ս կգնահատեիք այդ վարկերի կիրառման արդյունավետությունը կոնկրետ ձեռնարկություններում։
-Կառավարության հինգ գերակայություններից մեկը դա տարածքային համաչափ զարգացումն է, եւ այսօր գաղտնիք չէ, որ բոլոր ֆունկցիաները կենտրոնացված են Երեւան քաղաքում, ինչը խոչընդոտում է եւ’ Երեւան քաղաքի բնականոն զարգացումը, եւ’ մարզերի զարգացումը։ Դրա համար մենք նպատակ ունենք խթանելու մարզերի զարգացումը։ Սրանով է պայմանավորված, որ մենք փորձում ենք այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք ապահովելու են առաջանցիկ զարգացման տեմպեր հենց մարզերում։ Այդ տեսակետից մի քանի կարեւոր ծրագրեր են իրականացվում։ Բայց, իհարկե, դեռեւս վաղաժամկետ կլինի գնահատել, որ մենք ունենք այդ լուրջ արդյունքները։ Համոզված ենք, որ այս միջոցառումները իրենց արդյունքները կտան։ Մասնավորապես, գյուղատնտեսական ճանապարհների շինարարություն. միջհամայնքային ճանապարհների շինարարությունը, որը ստեղծում է ավելի բարենպաստ պայմաններ գյուղերի համայնքների զարգացման համար։ Մենք աննախադեպ մեծ ծավալի ներդրումներ ենք կատարել այս ոլորտում եւ այս տարիների ընթացքում շարունակելու ենք այդ աշխատանքները։ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային շինարարությունը նույնպես այդ նպատակն է հետապնդում, որովհետեւ շատ քաղաքներ եւ մարզեր հնարավորություն կունենան շատ կարճ ժամանակահատվածում իրար հետ կապնվել եւ բարձրորակ ճանապարհների շնորհիվ այդ տարածությունները կկրճատվեն, ինչը կնպաստի նաեւ նրան, որ գյուղապրանքների շուկաներ հասցնելու գործն ավելի դյուրին կլինի եւ, բնականաբար, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։
Ենթակառուցվածքների զարգացումը գյուղերում նույնպես էական նշանակություն ունի մեզ համար. ոռոգման համակարգը, որ 2009թ.-ին մենք բավականին լուրջ ներդրումներ ենք կատարել այդ ոլորտում` շուրջ 300կմ ջրագծեր ենք կառուցել եւ այդ աշխատանքները 2010, 2011, 2012թվականներին մենք նույնպես շարունակելու ենք։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի հստակեցվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը եւ մեխանիզմները։ Դուք տեղյակ եք, որ մենք նաեւ Հանրային խորհրդի հետ համատեղ բավականին մանրակրկիտ քննարկեցինք գյուղատնտեսության զարգացման հեռանկարը, ռազմավարությունը 2010-2020 թվականների, եւ մի քանի կոնկրետ պրոյեկտներ ենք իրականացնում, որոնք տվել են իրենց դրական արդյունքները։ Մասնավորպես մենք ստեղծել ենք պետության օժանդակությամբ ձեռնարկություն, որը նպաստելու է պանրի արտահանմանը Հայաստանի Հանրապետությունից։ Այդ ձեռնարկությունը համախմբելու է պանիր արտադրողներին, տրամադրելու է նրանց օժանդակություն։ Պետությունը օգնելու է ստորագրել պայմանագրեր այլ երկրների հետ եւ խթանել պանրի արտահանումը։
Այս տարվա վեց ամիսների արդյունքներն արդեն տպավորիչ են. մենք ունենք պանրի արտահանման բավականին մեծ աճ։
Երկրորդ ուղղությունը կենդանական ծագում ունեցող ապրանքների արտահանման խթանումն է։ Մասնավորապես, մեզ 2009թ.-ին հաջողվեց համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության հետ եւ բոլոր այն արգելքները, որոնք նախկինում կային, վերացված են։ Արդյունքում` այս տարի մենք աննխադեպ աճ ենք ունեցել ձկնամթերքի արտահանման ոլորտում, եւ դա բավականին հեռանկարային ոլորտ է մեզ համար, եւ դա նաեւ դիվերսիֆիկացիայի է ենթարկում մեր արտանահանումը։ Ուղղությունները, որով մենք փորձելու ենք արդիականացնել մեր գյուղատնտեսությունը, կայանում է նրանում, որ մենք պետք է ստեղծենք հնարավորություններ գյուղացիների համար իրացնել իրենց պատրաստի արտադրանքը։ Հիմանական խնդիրը, հիմնական պրոբլեմը հենց այստեղ է գտնվում։

- Գյուղատնտեսությունը հիմնականում բնական աղետից է տուժում, հակակարկտային համակարգը արդյո՞ք ավելի կառավարությունը չի կարեւորում։
-Դուք գիտեք, որ մենք հաստատել ենք 3 տարվա ծրագիր եւ այս տարի բավականին լուրջ միջոցներ են` շուրջ 800 մլն դրամ հակակարկտային ծրագրի համար գումարներ ենք հատկացրել, ինչպես նաեւ ճապոնական գրանտն ենք այդտեղ ուղղելու։ Եվ 2010-2011թթ.-ին այդտեղ արմատական փոփոխություններ կլինեն, որովհետեւ աննախադեպ մեծ ներդրումներ ենք անում հակակարկտային սարքեր տեղադրելու բնագավառում։ Բայց դա իհարկե բավարար չէ գյուղատնտեսությունում աճ ապահովելու համար։ Առաջին մեր խնդիրը դա ենթակառուցվածքներն են, որոնք մի կողմից ուղղված են գյուղատնտեսական ապրանքների վերամշակմանը, եւ երկրորդ` ամենակարեւորը` արտահանմանը։ Այդպիսի կարողություններ չեն եղել Հայաստանի հանրապետությունում, մենք առաջին անգամ ձեւավորում ենք հենց այնպիսի ինստիտոցիոնալ կառույցներ, որոնք զբաղվելու են գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ։ Դրան է ուղղված լինելու նաեւ այն նոր լոգիստիկ սխեման, որը մենք իրականացնում ենք հոլանդական տեխնիկական օժանդակության ներքո մեր օդանավակայանում։ Մեր կոնցեսիոների հետ համատեղ ստեղծելու ենք ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու գյուղատնտեսական ապրանքների փաթեթավորումը, լաբորատոր ուսումնասիրությունը, որակի գնահատումը եւ աշխարհի առաջատար մեծածախ առեւտրով զբաղվող ընկերությունների միջոցով այդ ապրանքների արտահանումը։ Եթե մոտակա 3 տարիների ընթացքւոմ այս լոգիստիկ սխեման մենք ձեւավորենք «Զվաթնոց» օդանավակայանում, ապա դա որակապես կփոխի գյուղատնտեսությունում իրավիճակը։ Մի կողմից, իհարկե դա կբերի գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացմանը, բայց դա կնպաստի նաեւ նրան, որ մեր գյուղատնտեսությունում ներդրումներ տեղի կունենան եւ ընդհանուր առմամբ կբարձրանա արտադրողականությունը եւ գյուղապրանքների որակը։ Արդյունքում կշահեն մեր գյուղացիները։

-Պարո’ն վարչապետ, իսկապես մարզերում եւ լոկալ, եւ խոշոր իմաստով ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման եւ այլ խնդիրների լուծման համար։ Սակայն, արդյո՞ք, այդ քայլերը բավարար եք գնահատվում, որպեսզի տարածաշրջաններում էական, շոշափելի զարգացում տեսնվի` մանավանդ այն տեսանկյունից, որ տեղեկատվական տեխնոլոգիաները այնուամենայնիվ, շարունակում են դանդաղ գնալ դեպի մարզեր։ Թեեւ ունենք երեք բջջային օպերատորներ, որոնք անընդհատ նոր ծառայություններ են առաջարկում, սակայն համակարգչային գիտելիքները շարունակում են դանդաղ գնալ գյուղ։ Այն դեպքում, երբ դրել ենք նաեւ էլեկտրոնային կառավարման անցման խնդիր։ Ինչպե՞ս եք տեսնում այդ անցումը։
-Ուզում եմ ձեր գնահատականների հետ համաձայնել, որ դեռ բավարար չեն այն միջոցառումները, որ կատարվել են մինչ այսօր։ Ուզում եմ համաձայնել նաեւ, որ անհրաժեշտ է էլեկտրոնային ծառայությունները, էլեկտրոնային գրագիտությունն արագ տարածել բոլոր մարզերում։ Այսօր Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի հայեցակարգ, որը մշակվել է գերմանական տեխնիկական օժանդակության շնորհիվ, լայնաշերտ էլէկտրոնային ցանցի ստեղծում Հայաստանի Հանրապետությունում, որը հենց հնարավորություն է տալու ինտերնետը հասանելի դարձնել բոլոր բնակավայրեր ՀՀ-ում եւ ինտերնետի հզորությունը պետք է լինի բավականին բարձր եւ հասանելի։ Արդյունքում, այդ ծառայության գինը մարզերում չպետք է տարբերվի այդ ծառայության գնից Երեւանում։ Եթե այդ հայեցակարգը ներդնենք, ապա ենթադրվում է, որ շուրջ 50 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ մասնավոր, որպեսզի այս ցանցը կառուցվի եւ ինտերնետը լինի հասանելի։ Միեւնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ 2009 թ-ի ճգնաժամային տարվա ընթացքում, այնուամենայնիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք արձանագրեցինք 17 տոկոսանոց աճ։ Արդյունքում սպառողների թիվը կտրուկ աճել է այդ ոլորտում, եւ գները կտրուկ նվազել են։ Իհարկե դեռեւս բավարար չեն այն միջոցառումները, որ մենք իրականացրել ենք, բայց մենք համոզված ենք, որ երեք տարիների ընթացքում այդ ճյուղը, որը մեզ համար առաջնահերթային է, ունենալու է զարգացումներ եւ ներդրումներն այս ոլորտում լինելու են մեծածավալ, սպառողների քանակը ավելանալու է։ Երկու կարեւոր ծրագիր ենք մենք այս առումով իրականացնում։
Առաջինը «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն է, որը 2009 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը սկսեց իրականացնել։ Այս պահին ունենք 3600 շահառու, որոնք ձեռք են բերել համակարգիչներ եւ վստահ ենք, որ 2010 թ-ին այս ցուցանիշը եռապատկվելու է։ Առնվազն մենք ունենալու ենք 10 հազար հոգի, որոնք օգտվելու են այս ծրագրից։ Բնականաբար, նպաստավոր պայման կլինի, եթե գները նվազեն։ Երկրորդ ծրագիրը դպրոցներում համակարգչային դասընթացներն են եւ դպրոցներում բոլոր աշակերտներին համակարգչով ապահովելու ծրագիրն է։ Դա նույնպես միջազգային ծրագիր է, որին մասնակցել են նաեւ մասնավոր ընկերություններ։ Պիլոտային ծրագիրը մենք իրականացնելու ենք Լեռնային Ղարաբաղում եւ հետագայում այդ փորձը մենք կտարածենք մեր դպրոցներում։

-Պարո’ն վարչապետ, ես ցանկանում եմ ցավոտ հավերժական թեմայի մասին խոսել` կոռուպցիա։ Գիտեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն իշխանությունների գործը չէ, նաեւ հասարակությանն է, նաեւ գիտեմ, որ հասարակությունն էլ առանձնապես պատրաստ չէ այդ պայքարին։ Հիշում եմ մի միտք էիք ասել, որ եթե ազատվի մի հարկային պետի պաշտոն, հանրապետությունում կգտնվի 200 հազար հոգի, ով կցանականա աշխատել հարկայինի պետ։ Բայց այդ 200 հազար հոգու մեջ հազիվ թե գտնվի մեկը, երկուսը, ով կցանկանա գալ աշխատավարձով ծառայելու եւ ոչ թե այլ եկամուտներ ստանալու, բայց այդ չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռքերը լվանա եւ ոչ մի բան չանի։ Հասարակությունը պետք է տեսնի այդ պայքարի արդյունքը։
- Ընդհանրապես ամենացավոտ հարցն եք դուք բարձրացնում, որովհետեւ այս բնագավառում, եթե ունենանք հաջողություններ, դա նշանակում է, որ կունենանք ավելի մեծ վստահություն մեր քաղաքացիների կողմից, մեր երկրի ապագայի նկատմամբ, իշխանությունների նկատմամբ, բարեփոխումների նկատմամբ։ Ինչպե՞ս լուծենք այս խնդիրը։ Երեք ուղղություն կա, եւ երեք ուղղությունով էլ պետք է գնանք։ Առաջին ուղղությունը այն է, որ պետք է բացահայտումներ լինեն եւ պատիժներ։ Այդ առումով դատախազությունն ավելի թափանցիկ է դարձրել իր գործունեությունը եւ կաշառակերության բոլոր դեպքերը նկարագրված է իրենց կայքէջում, թե քանի դեպք է բացահայտվել 6 ամիսների ընթացքում եւ ինչպիսի դեպքեր են եղել։ Երկրորդ ուղղությունը դա մեր օրենսդրությունն է եւ մեր օրենսդարական ակտերը, որոնք ստիպելու են, որպեսզի պետական չինովնիկը աշխատի բաց եւ թափանցիկ եւ նրա գործունեությունը վերահսկելի լինի ոչ միայն դատախազության վերահսկող մարմինների կողմից, այլ առաջին հերթին հասարակության կողմից եւ կաշառակերության բոլոր դեպքերը դառնան քննարկման առարկա եւ հասարակությունն ինքը բացահայտի այս երեւույթը։ Դրա համար մենք մշակել ենք օրենսդրական մի փաթեթ, որը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է` նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը դարձնել թափանցիկ, վերահսկելի հանրության կողմից։ Այդ օրենքը ենթադրում է, որ 500 բարձրաստիճան պաշտոնատար անձիք պետք է հրապարակային ներկայացնեն իրենց հայտարարագրերը միջազգային չափանիշներին համապատասխան, պետք է լինի էլեկտրոնային ռեգիստր` բաց, որպեսզի բոլոր քաղաքացիները հետեւեն, թե բարձրաստիճան պաշտոնատար անձիք ինչ եկամուտներ ունեն եւ նրանց հետ փոխկապակցված մարդիկ ինչ եկամուտներ ունեն եւ ստեղծվելու է մի նոր մարմին, որը իրականացնելու է մոնիթորինգը այդ հայտարարագրերի, մարմին, որտեղ պետք է ներգրավված լինեն հասարակության կողմից վստահություն վայելող անձինք եւ նրանք պետք է հետեւեն այդ հայտարարագրերին եւ իրենց հրապարակային հայտարարություններով պատասխանեն հանրությանը մտահոգող հարցերին։ Սա ավելացնելու է թափանցիկությունը նախարարների, պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դատախազների, դատավորների գործունեության հրապարակայնությունն է ավելացնելու հասարակության կողմից վերահսկելությունը եւ բնականաբար սա լուրջ զսպող օրենսդրություն է եւ տարբեր երկրներում փորձը ցույց է տալիս, որ այն տալիս է դրական արդյունք։
Եվ երրորդ ուղղությունը մեր արժեքներն են, մեր ընկալումներն են եւ հասարակության վերաբերմունքը կաշառակերությանը։ Վերջերս միջազգային կազմակերպությունները, որոնք իրականացնում են մոնիթորինգ կոռուպցիոն ռիսկերի, իրենց ուսումնասիրություններն էին հրապարակել, բայց կար մի ցավալի փաստ, որ մեր հասարակությունը ագրեսիվ չի պայքարում այդ երեւույթի դեմ։ Դա բավականին վտանգավոր երեւույթ է, որովհետեւ մենք պետք է ձեւավորենք այս երեւույթի նկատմամբ հասարակության բացասական ընկալում։ Հակառակ դեպքում, վերեւներում հնարավոր չի լինի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ` մեկին պատժես, մեկ ուրիշը զբաղեցնելու է տեղը եւ շարունակելու է նույն կերպ աշխատել, եթե չլինի հասարակության կողմից ագրեսիվ ընդվզում այդ երեւույթի դեմ։ Այս երեք ուղղությունները պետք է զուգահեռաբար իրականացվեն` առաջինը մենք մեր աշխատանքային վայրում պետք է պայքարենք, երկրորդը` օրենսդրությունը պետք է բավարար հնարավորություններ ընձեռի, որպեսզի մեր գործունեությունը լինի հրապարակային եւ վերահսկելի, երրորդը` հասարակության վերաբերմունքը այդ երեւույթի դեմ։

-Պարո’ն վարչապետ, վերջրես մեծ աղմուկ բարձրացավ օտարալեզու դպրոցների հետ կապված։ Ձեր կարծիքով ի՞նչ էր սա` լավ չբացատրելու հետեւանք, սխալ ընկալում, իրական մտահոգություն, այնուամենայնիվ, ինչքա՞ն է սպեկուլիացիայի չափը։ Բացի դրանից ուզում եմ անդրադառնալ կրթական բարեփոխումներին եւս։ Ներդրվել է ավագ դպրոցի համակարգը, որը չի կայանում։ Ի վերջո, ո՞րն է ճանապարհը, որ դպրոցական կրթությունը իսկապես որակյալ լինի։
-Առաջին հերթին ուզում եմ ասել, որ մեր պետությունը առաջին հերթին մտնում է մի նոր բավականին հետաքրքիր փուլ, երբ տարբեր հարցերի շուրջ բուռն հասարակական քննարկումներ են ընթանում։ Դա երեւի սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային թատրոնի խնդրի քննարկումից, հետագայում նաեւ Կառավարության այն նախաձեռնությունից, որը ենթադրում է, որ Հայաստանում կարող են լինել միջնակարգ դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ կարող են դասավանդվել օտար լեզուներով եւ այս հարցը նույնպես դարձավ բուռն հանրային քննարկումների առարկա։ Ընդհանուր առմամբ ես ուզում եմ դրական գնահատել այս երեւույթը։ Կան հարցեր, որոնք անտարբեր չեն թողնում մեր հասարակությանը եւ այդ հարցերի շուրջ բուռն բանավեճ է ընթանում։ Սա ընդհանուր առմամբ դրական է։ Եվ Կառավարությունը պարտավոր է ստեղծել այդ բանավեճի համար միջավայր, որպեսզի այդ բանավեճը լինի կոռեկտ, ոչ ագրեսիվ եւ այդ բանավեճի ընթացքում ձեւավորվի այնպիսի հասարակական կարծիք, որը մեծամասնության համար ընդունելի է եւ դա էլ կլինի ճիշտ լուծումը, որով մենք պետք է առաջնորդվենք։ Մենք փորձելու ենք նպաստել այսպիսի միջավայրի ձեւավորմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ-ում թույլ տալ, որպեսզի լինեն այլընտրանքային մասնավոր միջնակարգ ուսումնական հաստատություններ, որտեղ որոշ առարկաներ պետք է դասավանդվեն օտար լեզուներով։ Ես կարծում եմ, որ այս հնարավորությունը մենք պետք է տանք մեր քաղաքացիներին, ինչպես նաեւ մասնավոր ներդրողներին, որովհետեւ բազմազանությունը կրթական համակարգում նպաստելու է ընդհանուր առմամբ կրթական համակարգի բարեփոխումներին, կրթական համակարգում որակի բարձրացմանը։ Այստեղ կան 2 ծայրահեղ տեսակետներ։ Մի ծայրահեղ տեսակետն այն է, որ եթե թույլ տանք այսպիսի մասնավոր դպրոցների գոյությունը, մեր դպրոցները կտապալվեն եւ կգերիշխեն այսպիսի դպրոցները։ Արդյունքում մենք կկորցնենք մայրենի լեզուն եւ հայեցի մտածողությունը։ Կա նաեւ մյուս ծայրահեղ մոտեցումը։ Այն է, որ եթե մենք թույլ չտանք, որ լինեն դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ օտար լեզուներով է դասավանդվում, դա նշանակում է, որ մենք Հայաստանը մտցնում ենք որոշակի տուպիկ, իզիոլյացիայի ենք ենթարկում միջազգային զարգացումներից, այն պարագայում, երբ որ այս արագ փոքրացող աշխարհում անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիները տիրապետեն օտար լեզուներին, եթե ուզում ենք լինել մրցունակ։ Ես կարծում եմ, որ այս երկու տեսակետները խիստ ծայրահեղ են։ Կառավարությունը գնացել է այն ծայրահեղ ճանապարհով, որ սահմանափակ քանակությամբ, մասնավոր դպրոցներ Հայաստանում կարող են լիենլ, որովհետեւ որոշ առարկաներ կարող են դասավանդվել օտար լեզուներով եւ դա մեր ազգային անվտանգության համար որեւէ սպառնալիք չի իրականացնելու։ Ավելին` մեր հասարակության գերակշիռ մասը կողմնակից է այս տարբերակին եւ մոտավորապես 70 տոկոսը կողմնակից է, որ այս օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա եւ այդպիսի մասնավոր ներդրումներ անպայման լինեն։

-Պարո’ն վարչապետ որտեղի՞ց այդ թվերը, երբ որ այդ դպրոցի նախաձեռնող խումբը արդեն գիտակցում է, որ Հայաստանը այսօր մերժող միջավայր է նման նախաձեռնությունը մերժող միջավայրում չի կարող հաջողություն ունենալ։
-Շատ հաճախ տպավորություն ստեղծվում է, որ Հայաստանը մերժող միջավայր է, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ունեն ծայրահեղ դիրքորոշում, շատ ծայրահեղ եղանակներով են իրենց կարծիքը ներկայացնում։ Բայց մեր հասարակության գերակշիռ մասը նորմալ է վերաբերվում այս հարցին եւ մենք անց ենք կացնում սոցիոլոգիական հարցումներ` պարզելու մեր քաղաքացիների կարծիքը այս կամ այն հարցի, հասարակությանը մտահոգող խնդրի վերաբերյալ։ Դրանք նաեւ ես Ազգային ժողովում եմ տեղյակ պահել, որ Կառավարությունը պարբերապար այդպիսի հարցումներ իրականացնում է` եռամսյակային կտրվածքով` պարզելու որքանով են էֆեկտիվ Կառավարության ծրագրերը, միջոցառումները, որոնք են այն հարցերը, որոնք մտահոգում են մեր քաղաքացիներին եւ այդ հարցումները միանշանակ ցույց են տալիս, որ գերակշռող մեծամասնությունը կողմ է, որպեսզի լինեն այլընտրանքային կրթական հնարավորություններ։
Ամերիկյան համալսարանում բոլգերների հետ քննարկման ժամանակ քվեարկություն կազմակերպեցինք եւ այնպես չէր, որ դահլիճի մեծամասնությունը կողմ էր կամ դեմ։ Դահլիճում կար մի ագրեսիվ մաս, որին ես ուղղակի ստիպված եղա զրկել խոսքի իրավունքից, որովհետեւ նրանք հնարավորություն չէին տալիս այլ կարծիք ունեցողների արտահայտվել։ Առանց ձայն տալու բղավում էին, իրենց կարծիքն էին ասում, որ մենք կործանում ենք մեր երկիրը, եւ այլն, եւ այլն։ Այսինքն, երբ քվերակություն կազմակերպեցինք, այն մասսան, որ իրեն հանգիստ էր պահում կողմ քվեարկեց։
Ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգը բավականին երկար ժամանակ եղել է շրջանառության մեջ, շուրջ 5 տարի եւ այն իրականցվում է միջազգային կառույցների ֆինանսական, տեխնիկական օժանդակությամբ, որպեսզի մեր կրթական համակարգը համապատասխանի եվրոպական լավագույն ստանդարտներին։ Ո՞րն է այստեղ տրամաբանությունը ավագ դպրոցների ստեղծման։ ՀՀ-ում, ինչպես նաեւ զարգացած եվրոպական երկրներում, հնարավոր չի ապահովել, որ բոլոր միջնակարգ դպրոցները միեւնույն կրթական համակարգի բարձր հնարավորություններն ունենան։ Մենք ունենք շուրջ 1400 միջնակարգ դպրոցներ, որոնք իրարից որակապես են տարբերվում։ Մի բան է համայնքային փոքր դպրոցը, որը մենք այսօր ունենք, որտեղ ութ աշակերտ է, մեկ այլ բան է Երեւանի կենտրոնում խոշոր, հզոր դպրոցը, որն ունի տեխնիկական բացառիկ հնարավորություններ եւ ունի բարձրորակ ուսուցիչներ։ Հասկանալի է, որ այս խնդիրը լուծման կարիք ունի։ Խոշորացման ճանապարհով գնալը վտանգավոր է, քանի որ մենք չենք կարող համայնքներում փակել դպրոցները։ Դա, ընդհանուր առմամբ, վտանգում է այդ համայնքի զարգացումները, բայց մյուս կողմից մենք խնդիր ունենք այդ դպրոցներում ապահովել բարձր որակի կրթություն։ Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրների լուծման եղանակը ավագ դպրոցների ձեւավորումն է։ Մենք, բացի այդ 1400 միջնակարգ դպրոցներից, պետք է ունենանք 150 ավագ դպրոց եւ այդ դրանք պետք է իրարից չտարբերվեն որակով, իրենց կրթական հնարավորությամբ։ Եվ դա նշանակում է, որ նույնիսկ հեռավոր փոքրիկ համայնքի միջնակարգ դպրոց ավարտած աշակերտները, հետագայում իրենց ուսումը շարունակելով ավագ դպրոցում, ստանալու են բարձր որակի կրթություն։ Այնպիսի որակի կրթություն, որ ավագ դպրոց ավարտելը երաշխավորելու է իրեն, որ նա կընդունվի ցանկացած բուհ։
Ռեֆորմի տրամաբանությունը, որ 5 տարի առաջ սկսվել է ՀՀ-ում, սրանում է կայանում։ Ե’վ միջազգային փորձը, ե’վ ՀՀ-ի կարողությունների գնահատականները ցույց են տալիս, որ մենք այլընտրանք չունենք։ Հիմա մեզ անհրաժեշտ է, որպեսզի այդ 150 ավագ դպրոցները ՀՀ-ում ձեւավորենք։ Միանգամից անել դա հնարավոր չէր, դրա համար Կառավարությունը 5 տարի առաջ սահմանեց, որ դա պետք է արվի փուլ առ փուլ։ Սկզբից ընտրվեցին 10 դպրոցներ, որոնք պետք է կահավորվեին, պետք է ունենային լաբորատորիաներ, որտեղ պետք է հրավիրվեին բարձր որակի ուսուցիչներ, ներդրվեին այդ մեթոդիկաները, եւ հետագայում այդ ցանկը եւ քանակը պետք է ավելանար, եւ այդ 150 ավագ դպրոցները պետք է ձեւավորվեն։ Մեզ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ես կարծում եմ, որ առնվազն 5 տարի այս ռեֆորմը մեզանից կխլի, որպեսզի մենք կարողանանք 150 ավագ դպրոցները ձեւավորել եւ գոհ լինել այն որակից, որ այնտեղ կլինի։

-Եթե չեմ սխալվում, ամռան սկզբից բարեփոխումներ է սկսում առողջապահության ոլորտում եւ համավճարի սկզբունքն է ներդրվում։ Ի՞նչ ակնկալիք ունեք այդ բարեփոխումից։
-Առողջապահությունում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում մենք ունենք լրջագույն խնդիր, այն է` ֆինանսական մեխանիզմների թերի լինելը, որի արդյունքում բոլորը շատ լավ գիտեն, որ առողջապահական ծառայության գին գոյություն ունի, իսկ պետությունը, որը հանդիսանում է այդ ծառայություններից օգտվող, վճարում է շուկայական գնի մեկ երրոդը, երբ գնում է այդ ծառայությունն իր քաղաքացիների համար։ Ռեֆորմի իմաստը կայանում է նրանում, որ պետությունը իրավունք չունի ոչ առողջապահության բնագավառում, ոչ էլ բարձրագույն կրթական համակարգում շուկայական շեղում մտցնել։ Եթե ուսանողի պատրաստումը պետպատվերով արժի մեկ միլիոն դրամ, մենք իրավունք չունենք բուհերին վճարել 300 հազար դրամ, որովհետեւ այն 700 հազար դրամ ճեղքվածքը, որ առաջանում է, նա պետք է այս կամ այն ձեւով լուծի։ Նման իրավիճակը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր, եւ մենք` պետությունը, կոռուպցիոն ռիսկերի հիմքն է դրել` իր սխալ ֆինանսական մեխանիզմով։ Հիմա փորձում ենք որակապես փոխել իրավիճակը։ Առաջին հերթին սկզբունքը հետեւյալն է լինելու, որ պետությունը շուկայից օգտվող պետք է լինի եւ մենք պետք է շուկայական գնով ծառայություններ առնենք ու մեր քաղաքացիներին մատուցենք։ Առողջապահության ոլորտում ռեֆորմի իմաստը հենց սրանում է։ Մենք սկսել ենք արդեն պիլոտային պրոյեկտ, որպեսզի տեսնենք` ինչպես է այս ծրագիրը աշխատում եւ արդեն իսկ արդյունքները վկայում են այն մասին, որ ունենք ստվերայնության կտրուկ նվազում։ Փորձագետների հաշվարկները ցույց են տալիս, որ առողջապահության ոլորտում 60-80 միլիարդ դրամի հասնող ստվերային շրջանառություն ունենք։ Այս նոր մեխանիզմը նպաստել է նրան, որ պետք է այդ ստվերայնությունը առողջապահական ոլորտում կտրուկ նվազի։ Բայց, միեւնույն ժամանակ, դա նշանակում է, որ մենք պարտադրված ենք լինելու մի կողմից ավելացնել առողջապահության ֆինանսավորումը, քանի որ այդ սոցիալական խմբի համար, որ մենք ձեռք ենք բերում բուժհիմնակներից ծառայություններ, գները բարձրանալու են եւ նշանակում է, որ պետությունը ավելի շատ պետք է վճարի։ Երկրորդը` դա նշանակում է, որ մենք պետք է հստակեցնենք այդ ցանկերը ե’ւ հիվանդությունների, ե’ւ այն քաղաքացիների, որոնք իրավունք ունեն օգտվելու այդ ծառայություններից։ Եվ երրորդ գործոնը, որ մեզ օգնելու է, այն է, որ առողջապահության ոլորտում մենք պետք է ներդնենք ապահովագրություն, որպեսզի լուծենք ֆինանսական խնդիրը եւ գների գոյացման վերահսկողությունը։

-Պարո’ն վարչապետ, Կառավարությունը որոշում ընդունեց ֆիզիկայի ինստիտուտը վերածել ազգային գիտական լաբորատորիայի, որտեղ միջազգային չափանիշներով եզակի ախտորոշում կիրականացվի։ Ի՞նչ քայլեր են իրականցվում այդ ուղղությամբ եւ ինչպե՞ս եք գնահատում գիտություն-տնտեսություն կապը։
-Մենք հրավիրել էինք միջազգային հեղինակավոր մարդկանց, ստեղծել հանձնաժողով, որպեսզի իրենք ուսումնասիրեն Հայաստանում գիտության վիճակը եւ մեզ ներկայացնեն առաջարկություններ, թե որոնք են այն ուղղությունները, որտեղ մենք ունենք հարաբերական առավելություններ։ Եվ նրանց եզրակացությունը միանշանակ էր, որ ֆիզիկայի բնագավառում մենք ունենք հարաբերական առավելություն, եւ մեր ջանքերը պետք է ուղղենք, որպեսզի երիտասարդները զբաղվեն ֆիզիկայով եւ այդ ուղղության մեջ անհրաժեշտ է ներդրումներ կատարել։ Քանի որ այդ ոլորտի գիտնականները ծերանում են, երիտասարդներ չկան, իսկ այն գիտելիքները, փորձը, որ Հայաստանում կան, չի կարելի կորցնել։ Համար մեկ խնդիրը, որ նրանք մեր առջեւ դրեցին, ֆիզիկայի ինստիտուտն արդիականացնելն էր, եւ հենց այդ նույն գիտնականներից կազմված հանձնաժողովը տվեց իր եզրակացությունը, կազմեց մի ծրագիր, թե ինչպես արդիականացնել Ֆիզիկայի ինստիտուտը։ Եվ Էկոնոմիկայի նախարարության հետ մշակեցին եւ ներկայացրեցին մի ծրագիր, որը բավականին երկար եւ բուռն քննարկվեց, այդ թվում նաեւ` ԳԱԱ-ում։ Մենք ստացանք բազմաթիվ դիտողություններ եւ առաջարկություններ, արդյունքում ծրագիրն արժանացավ Կառավարության հավանությանը։ Որպեսզի մենք այդ կարողությունները պատշաճ ձեւով իրականացնենք, անհրաժեշտություն կա, որպեսզի մենք Հայաստանում ունենանք ժամանակակից արագացուցիչներ։ Այսօր խոսքը գնում է երեք այդպիսի արագացուցիչների մասին` մեկը «Քենդլ» ծրագիրն է, որը մենք փորձում ենք իրականացնել նախաձեռնող խմբի հետ` ներգրավելով շուրջ 50 մլն-ի ներդրում, երկրորդը Դուբնայի հետ համատեղ ծրագիրն է, եւ մեր Դուբնայի գործընկերները մեզ հետ կիրականացնեն այդ ծրագիրը։ Երրորդը` ֆիզիկան կապել առողջապահության հետ, ստեղծել ՀՀ-ում ժամանակակից Օնկոլոգիական կենտրոն, եւ մենք արդեն իսկ Բելգիայի կառավարության հետ կնքել ենք պայմանագիր։ Մենք նրանցից վերցնում ենք պետական վարկ եւ ձեռք ենք բերում նոր ժամանակակից արագացուցիչ, որ արտադրելու է իզոտոպներ, որոնք օգտագործվում են օնկոլոգիայում, առաջին հերթին` դիագնոստիկայի, երկրորդ հերթին` բուժման բնագավառում։ Այդ պայմանագիրն արդեն ստորագրված է, եւ աշխատանքներն սկսված են։ Երեք տարվա ընթացքում մենք կավարտենք այդ աշխատանքները, եւ Ֆիզիկայի ինստիտուտի բազայի հիման վրա կստեղծի արագացուցիչը, որը արտադրելու է այդ իզոտոպները եւ կարող է մեր բժշկական կենտրոններին մատակարարել իզոտոպներ` հենց օնկոլոգիական բաժանմունքի դիագնոստիկայի բաժնից։ Դա կլինի առողջապահության ոլորտում բեկումնային մի ծրագիր, որի արդյունքում մենք պետք է ունենանք այնպիսի օնկոլոգիական ծառայություններ մատուցող կենտրոն, որի որակը համապատասխանելու է աշխարհի լավագույն կենտրոնների որակին, բայց գները լինելու են շատ ավելի մատչելի։ Դա հնարավորություն կտա, որ օնկոլոգիական կենտրոնի ծառայություններից օգտվեն ոչ միայն ՀՀ, այլեւ օտարերկրյա քաղաքացիները։

-Պարո’ն վարչապետ, մենք հերթական անգամ նոր բարեփոխման շեմին ենք. խոսքը կենսաթոշակային կուտակային համակարգի մասին է, եւ մյուս կողմից` կա մի իրավիճակ, երբ մեր հասարակությունը բարեփոխում բառն արդեն ընկալվում է թերահավատությամբ, անհավատությամբ։ Ի՞նչ եք կարծում` պետությունը ինչով եւ ինչպես պետք է երաշխավոր լինի, որ այդ համակարգը ներդրվի եւ արդարացնի իրեն, քանի որ այս ռեֆորմի հաջողությունը կախված կլինի նաեւ տնտեսության մեջ ստվերի կրճատումից, որպեսզի մարդը հավատա, որ իր կենսաթոշակն իր աշխատավարձի կեսի չափ կլինի, ոչ թե այսօրվա քառորդ չափով։
-Կենսաթոշակային ռեֆորմը համարվում է աշխարհում ամենից բարդ ռեֆորմներից մեկը, քանի որ այն առնչվում է մեր տնտեսության բոլոր հատվածների հետ, եւ քաղաքացու կյանքի հետ սկսում է առնչություն ունենալ այն ժամանակից սկսած, երբ նա ստանում է աշխատանք մինչեւ խոր ծերություն։ Բնականաբար, այդ ռեֆորմին անհրաժեշտ էր լավ նախապատրաստվել։ Մենք շուրջ 5 տարի է` ջանքեր ենք ներդրել, որպեսզի իրականացնենք ռեֆորմ, որը հնարավորինս համապատասխանում է մեր պետության շահերին։ Մենք պատրաստ ենք սկսել այդ ռեֆորմները եւ 2011-2014 թթ-ին պատրաստ ենք ներդնել այդ համակարգը, որը ունի նպատակ ապահովելու մեր քաղաքացիներին` միչեւ խոր ծերություն, որպեսզի նրանք երաշխավորված լինեն, որ անցնելով թոշակի, ստանալու են այնպիսի ֆինանսական օժանդակություն, որը իրենց թույլ է տալու լիաթոք ապրել եւ վայելել իր կուտակած գումարները, որ վաստակել է իր ամբողջ կյանքի ընթացքում։
Պետությունը համաֆինանսավորելու է այն կուտակումները, որ քաղաքացին անելու է իր հատուկ հաշվառման հաշվով, որտեղ կուտակվելու են նրա գումարները եւ նա հնարավորություն է ունենալու մշտապես հետեւել, թե ինչքան գումար է կուտակվել իր հաշվի վրա եւ պետությունը նույն չափով համաֆինանսավորելու է այդ կուտակումը։ Խթան է ստեղծվելու, որ քաղաքացիները ցույց տան իրենց ռեալ եկամուտները, քանի որ այդ ռեալ եկամուտներից հատկացումներ են կատարվելու իրենց անձնական հաշվին եւ պետությունն էլ համաֆինանսավորելու է, այսինքն` կրկնապատկելու է նրա կողմից կուտակած գումարը։ Այդ խթանի արդյունքում, բնականաբար, նպատակահարմար չի լինելու քաղաքացիների համար թաքցնել իրենց ռեալ աշխատավարձը, ինչը մենք այսօր ունենք։ Ինձ դիմել են շինարարական կազմակերպություններ գրավոր նամակով` խնդրելով, որ մենք վերանայենք մեր սոցիալական նպաստների համակարգը։ Ինչո՞ւմն է խնդիրը` նրանք աշխատանք են առաջարկում մարզերում, շրջաններում, իրենց կազմակերպություններում մեր քաղաքացիների համար, որոնք ստանում են սոցիալական նպաստներ, աշխատավարձը շինարարության ոլորտում սկսվում է հարյուր հազարից, եւ քաղաքացիները պայման են դնում շինարարարական կազմակերպությունների առջեւ, որ նրանք կհամաձայնվեն իրենց մոտ աշխատել, եթե աշխատավարձը ցույց չտան օրինական ձեւակերպումով, հակառակ դեպքում, նրանք կզրկվեն քսանութ հազար սոց. նպաստից։ Այսինքն` մի կողմից ուզում են օգտվել քսանութ հազար նպաստից, մյուս կողից էլ` ստանան աշխատավարձ, որը չի գրանցվի։ Սա նշանակում է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք հենց խթաններին. արդյո՞ք մեր օրենսդրությունը ստեղծում է խթաններ, որոնք դրդում են մարդկանց թաքցնել իրենց ռեալ եկամուտները, որպեսզի օգտվեն այս կամ այն սոցիալական ծրագրից։
Այս կենսաթոշակային ռեֆորմն իր մեջ պարունակում է լրջագույն տնտեսական խթաններ, որոնք, մի կողմից` նվազեցնելու են ստվերայնությունը, մյուս կողմից` խթանելու են մեր տնտեսության զարգացումը, համախառն ներքին արդյունքի աճը։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրելու այս ռեֆորմի վրա, մանրակրկիտ բացատրություններ ենք ներկայացնելու մեր քաղաքացիներին, անց ենք կացնելու սեմինարներ լրատվական միջոցների հետ` բացատրելու այս բարդ ռեֆորմի բովանդակությունը, իմաստը, որպեսզի որեւիցե հարց բաց չմնա մեր քաղաքացիների մոտ։

-Ամառային տուրզմի շրջան է, տուրիզմն էլ կառավարության առաջնահերթություններից է, եթե չեմ սխալվում, այս ոլորտում էլ խնդիրներ կան։ Ես չեմ կարողանում հասկանալ` ծառայություն-գին համեմատության մեջ Անթալիան եւ Քոբուլեթին ավելի գրավիչ են, քան Հայաստանը, ինչո՞ւ շատ հայաստանցիներ, այդ թվում նաեւ իմ աղջիկը, պիտի նախընտրի հանգստանալ Անթալիայում եւ ոչ Հայաստանում։ Անցած տարի, հիշում եմ, Դուք, հանձնարարություն ասեմ, թե հորդոր, կառավարության անդամներին ասացիք Հայաստանից դուրս չգնան։ Հանձնարարականներով հարց չի լուծվի, միասնական պետական քաղաքականություն տուրզմի գծով կա՞, ունե՞նք, թե՞ չունենք։
-Շատ ճշգրիտ ձեւակերպում տվեցիք, այո, անհրաժեշտ է, որ տուրիզմը Հայաստանում լինի մասսայական, այսօր տուրզմը ՀՀ-ում զանգվածային չէ, այն թանկ հաճույք է։ Գները նվազում են միայն այն դեպքում, երբ դուք տուրիզմը դարձնում եք մասսայական, ինչպես Անթալիան է կամ գոյություն ունեն շատ հայտնի տուրիստական կենտրոններ, որտեղ ծառայությունները մի քանի անգամ ավելի էժան են, քան Հայաստանում։ Գաղտնիքը շատ պարզ է` մենք նույնպես տուրիզմը պետք է դարձնենք մասսայական եւ մեր թիրախային ցուցանիշն է տուրիստների քանակը հասցնել մինչեւ երեք միլիոնի` մոտակա հինգ տարիների ընթացքում։ Այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ Հայաստանում կա մասսայական տուրիզմ եւ դա է լինելու այն թիրախը, որը նպաստելու է գների նվազմանը։ Հիմա, ընդհանուր առմամբ, տուրիզմի զարգացումը փուլեր ունի. առաջին փուլը թանկ տուրզիմն է, ստեղծվեցին բարձր որակի հյուրանոցային համալիրներ, որտեղ գները բավականին բարձր են, բայց նրանց քանակն այնքան էլ շատ չէ եւ մեր թողունակությունն այսօր Հայաստանում բարձր չէ։ Այսինքն` եթե մենք ուզում ենք մեկ մեծ միջոցառում իրականացնել, որի մասնակիցների քանակը պետք է լինի հինգ հազարից ավելի, պրոբլեմներ ենք ունենում հյուրանոցների հետ, որովհետեւ մեր բոլոր հյուրանոցները բավականին թանկ հյուրանոցներ են, չունենք երեք, երկու աստղանի հյուրանոցների մեծ քանակ, որի գները կտրուկ ավելի ցածր են, քան այսօրվա մեր հյուրանոցային գներն են։ Դրա համար մեր ռազմավարությունը ենթադրում է մասսայական տուրզմի զարգացում եւ այդ հայեցակարգը մենք հետեւողականորեն պետք է իրականացնենք ու ունենանք արդյունքներ։ Մասնավորապես տեղյակ եք, որ մենք այս տարի բացում ենք Տաթեւում համալիրը, որն Ազգային մրցունակության խորհրդի ծրագրերից մեկն է, եւ բարձրացնում է Հայաստանի Հանրապետության տուրիստական գրավչությունը եւ նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհին ու աշխարհից տուրիստական մեծ հոսքեր բերել Հայաստան։ Դա նշանակում է ենթակառուցվածքների մեջ մեծ ներդրումներ եւ նոր համալիրների կառուցում, որոնք աշխատելու են մասսայական տուրիզմի վրա։

-Պարոն վարչապետ, ես կարծում եմ` հենց հիմա ժամանակն է խոսել այն գաղափարի մասին, որ կոչվում է Հայկական աշխարհ ու առաջ քաշվեց ոչ հեռավոր անցյալում։ Գիտեք, վստահ եմ, այդպիսի նախաձեռնություն ունի նաեւ «Շանթ» հեռուստաընկերությունը։ Վերջերս Հայաստանում էր Գլենդեյլի քաղաքապետը, երբ ներկայացրինք, թե ինչ է առհասարակ Հայկական աշխարհը շատ ոգեւորվեց ու միանգամից ասաց. «Լավ, ես հիմա ինչ պետք է անեմ, կուզեի, որ Դուք ասեք` որոնք են այն քայլերը, որոնք արվում են եւ արվել են արդեն, որ կայանա Հայկական աշխարհը»։
-Դուք տեղյակ եք, որ հանրապետության նախագահի նախաձեռնությամբ մի քանի կոնկրետ պրոյեկտներ ենք իրականացնում Հայկական աշխարհի ներուժը օգտագործելու համար։ Առաջինը ազգային մրցունակության խորհրդի ձեւավորումն էր. կառավարությունը մասնավոր հատվածի հետ միասին, մասնավորապես, սփյուռքի հանրաճանաչ ներկայացուցիչների, որոնք իրենց գործում հասել են հաջողությունների, կառավարության հետ համատեղ մշակել են մի ծրագիր` ինչպես բարձրացնել Հայաստանի Հանրապետության եւ Հայկական աշխարհի մրցունակությունը։ Համատեղ ծրագրեր ենք իրականացնում կրթական, առողջապահական, տուրիզմի ոլորտում։
Երկրորդ կառույցը, որը նույնպես նախագահի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվեց, «Լույս» հիմնադրամն է, որը հնարավորություն է տալիս հայ ազգի ներկայացուցիչներին կրթություն ստանալ աշխարհի լավագույն համալսարաններում։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ տաղանդաշատ երիտասարդը լինի հենց ՀՀ քաղաքացի, եթե նա տաղանդավոր է եւ ընդունվում է աշխարհի լավագույն տասը համալսարաններից որեւիցե մեկը, «Լույս» հիմնադրամը նրան հովանավորում է, եւ նա դառնում է Հայկական աշխարհի գաղափարը կրողը, նա դառնում է հայկական աշխարհի լիիրավ անդամ։
Երրորդ նախաձեռնությունը Համահայկական բանկի ստեղծումն է, Ազգային ժողովն արդեն օրենքն ընդունել է, եւ այս տարի համահայկական բանկը կսկսի իր աշխատանքները, նպատակը` նույնպես բացահայտել համահայկական ներուժը եւ խթանել այդ ներուժի ձեւավորումը։
Չորրորդ նախաձեռնությունը նախագահի` Սփյուռքի նախարարության ձևավորումն էր եւ մենք առաջին անգամ ունեցանք այդպիսի նախարարություն, որը պրոյեկտներ է իրականացնում Հայկական աշխարհում, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում` ձեւավորելով ենթակառուցվածքներ, որոնք դուրս են գալիս Հայաստանի տարածքից եւ աշխատում են հենց Հայկական աշխարհում։ Մենք արդեն իսկ ստեղծել ենք բազմաթիվ համահայկական ասոցիացիաներ` ճարտարապետների, իրավաբանների, բժիշկների, եւ այս նախաձեռնությունները տալիս են իրենց արդյունքները, որովհետեւ ձեւավորվում են նաեւ ցանցեր, կապում ենք աշխարհի տարբեր ճարտարապետների միմյանց հետ, ասենք` Արգենտինայի, Բրազիլիայի ճարտարապետներն այսօր երկխոսության մեջ են Իրանի, Հայաստանի ճարտարապետների հետ, եւ դրա հաջողությունը մենք արձանագրեցինք այս տարի «Շանհայ էքսպո 2010»-ում. կառուցեցինք համատեղ ջանքերով աշխարհի քաղաքը։ Այդ աշխատանքներին մասնակցեցին ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ճարտարապետները, եւ ես ուրախ եմ, որ այդ պրոյեկտը ճանաչվել է լավագույներից մեկը «Շանհայ էքսպո- 2010»-ում։ Դուք տեղյակ եք` երեկ մենք հանդիպում էինք Չինաստանի առեւտրի փոխնախարարի հետ, նա նաեւ «Շանհայ 2010»-ի կազմկոմիտեի անդամն է, եւ ինձ տեղյակ պահեց, որ այցելուների քանակով Հայաստանն առաջատարն է։ Առաջին իսկ օրվանից մինչ այսօր օրական քսանից երեսուն հազար հոգի այցելում է մեր փոքրիկ տաղավարը այն պարզ պատճառով, որ մենք նոր գաղափարներ ենք առաջ քաշում, նոր լուծումներ ենք տալիս` ինչպիսին է լինելու ապագայի քաղաքը։ Ես շատ ուրախ եմ, որ այդ նախագիծն արժանացավ հաջողության` չնայած Դուք հիշում եք, որ կար ագրեսիվ քննադատություն այն մարդկանց կողմից, ում պրոյեկտները չարժանացան մեր հավանությանը, այլ հաղթեց այս մեկը։ Պարզվեց, որ մենք ճիշտ որոշում էինք կայացրել եւ Չինաստանի փոխնախարարի գնահատականներով` երեք ու կես միլիոն մարդ այցելելու է մեր տաղավարը էքսպոյի ամբողջ ընթացքում։ Կարծում եմ` դա լուրջ հաջողություն է` մեր երկիրը ներկայացնելու տեսակետից, տուրիզմը զարգացնելու, այն դարձնելու մասսայական։ Նման նախաձեռնությունները, կարծում եմ, նաեւ պետք է զանգվածային լրատվական միջոցները ներկայացնեն մեր հանրությանը, որովհետեւ երբեմն պետք է խոսել ոչ միայն թերություններից, այլեւ հաջողություններից։

-Ես ուզում եմ ավելի «ամառային» հարց տալ, խոսքս հանգստի, արձակուրդի մասին է. հիշում եմ` նախորդ տարվա կառավարության նիստերի ժամանակ նշեցիք, որ ճգնաժամ է, եւ պաշտոնյան 30-օրյա հանգստի մասին մտածելու իրավունք չունի։ Այս տարի ի՞նչ ռեժիմով է հանգստանալու կառավարությունը, եւ եթե գաղտնիք չէ, Դուք, Ձեր ընտանիքը որտե՞ղ եք հանգստանալու` ներգնա տուրի՞զմն եք խթանելու, թե՞ ծովափնյա հանգիստ եք նախատեսում։
-Այս տարի կառավարության համար հանգստյան ազատ ռեժիմ է սահմանված, բայց հիմնականում կառավարության անդամները երկու շաբաթ են օգտվելու իրենց արձակուրդից, հիմնական ժամանակն անց են կացնելու Հայաստանում, եւ եթե բացակայելու են, ոչ ավելի, քան երկու շաբաթ։ Ամենայն հավանականությամբ, ես օգոստոսի 10-14-ը կբացակայեմ միայն։ Նպատակ ունեմ անցնել բժշկական հետազոտություն Եվրոպայի որեւէ առողջապահական կենտրոններից մեկում, իմ երեւանյան բժիշկն ինձ խորհուրդ է տալիս այդ հետազոտությունն անցնել, որպեսզի ամբողջ էներգիայով լծվենք 2010 թվականի ծրագրերի կատարման աշխատանքներին, այսինքն` ես կբացակայեմ ընդամենը 4-5 օր։

-Իսկ հանգի՞ստը։
-Հանգստի մասին դեռ չեմ մտածում։

-Պարոն վարչապետ, թույլ կտա՞ք ընտանիքի թեման շարունակել։ Ես, որպես վերջերս ամուսնացած մարդ, զգացել եմ, որ լրագրողի մասնագիտությունը շատ քիչ ժամանակ է թողնում ընտանիքիս հետ շփվելու, իսկ Ձեր պարագայում, կարծում եմ, այս ժամանակը շատ սուղ է։ Ընտանիքն ինչպե՞ս է վերաբերվում Ձեր աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկին, եւ պատմեք Ձեր ընտանիքի անդամների մասին, եթե կարելի է։
-Մեծ աղջիկս, երբ ամուսնացավ եւ նվիրեց մեզ մեր առաջին թոռնիկին, նրա աշխարհընկալումն արդեն շատ նման է մեր աշխարհընկալմանը։ Նա այդ առումով մեզ հետ կիսում է մեր բոլոր հոգսերը, մեր ուրախությունները։ Ավելի շատ ջանք է մեզանից խլում Աբգարը, որը ութ տարեկան է, նա նոր է սկսում շատ բաներ հասկանալ։ Առաջինը, որ աշխարհի ֆուտբոլի չեմպիոնատի ժամանակ, երբ իմացավ, թե ֆուտբոլիստներն ինչ աշխատավարձ են ստանում, ինձ ասաց. «Հայրիկ այս աշխատանքդ, որ ավարտես, անպայման ֆուտբոլիստ կդառնա՞ս»։ Հետո մտածեց-մտածեց, ասաց. «Թե՞ շատ հին ես դու արդեն ֆուտբոլիստ դառնալու համար»։
Փոքր տղաս, որը երկու տարեկան է, եւ շատ բան չի հասկանում, բայց ակնհայտորեն պահանջում է, որ ես իր հետ ավելի շատ ժամանակ անցկացնեմ, դժվար է ինձնից կտրվում, երբ ես դուրս եմ գալիս աշխատանքի, բայց մեր կյանքում մտցնում է ռեժիմ. առավոտյան ժամը 8-ին բոլորին արթնացնում է եւ ստիպում, որ բոլորի ուշադրության կենտրնում լինի, երեկոյան էլ պահանջում է, որ բոլորը պահպանեն այն ռեժիմը, որն ինքը մեզ պարտադրում է։ Ասում են, որ եթե տանը կա փոքր երեխա, ուրեմն նա է ղեկավարում ձեր ամբողջ կենցաղը։ Այդպես էլ կա մեր տանը։ Այնպես որ, մենք բավական երջանիկ ընտանիք ենք, կնոջս հիմնական աշխատանքն այս պահին նվիրված է իր երեք երեխաներին եւ թոռնիկին, ինչպես նաեւ, որպես վարչապետի կին, նա պարտավոր է մասնակցել բազմաթիվ պաշտոնական արարողությունների, որը նույնպես ժամանակ է խլում նրանից։ Այնպես որ, ես ինձ համարում եմ երջանիկ մարդ։

-Պարոն վարչապետ, շփվող պաշտոնյայի ձեր իմիջը գալիս է նաեւ վիրտուալ աշխարհից, շատ ակտիվ բլոգ եք վարում, որտեղ Ձեզ բազմաթիվ հարցեր են հղվում, բազմաթիվ նամակներ եք ստանում նաեւ կառավարության փոստով։ Կա՞ մի հարց, որը Ձեզ մոտ շատ տպավորվել է։ Որպես լրացում, եթե ձեզ հաջողվի հանգստի գնալ, կշարունակե՞ք արդյոք կապը բլոգի միջոցով, որովհետեւ, կարծում եմ, մի ստվար զանգված Ձեզ հաստատ հանգիստ չի տա, որովհետեւ Դուք մեծ ռոքի փառատոն եք խոստացել. ո՞ւմ կտեսնենք Հայաստանում եւ ե՞րբ կլինի դա՞:
-Սկսեմ վերջին հարցից` ինձ հոգեհարազատ ռոքի մասին։ Գիտեք, որ «Լույս» հիմնադրամը մի քանի նախաձեռնություն իրականացրեց, եւ առաջին ռոք աստղերը Հայաստան եկան հենց «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ։ Մասնավորապես, Ջեթրո Թալի համերգն էր, որը ֆուրորային էր եւ հետագայում Իան Անդերսենը այս գաղափարը տարածեց այլ ռոք աստղերի շրջանում, որովհետեւ սկզբում կար մտավախություն, թե ի՞նչ երկիր է Հայաստանը, ինչպե՞ս նրանց կընդունեն, արդյո՞ք վտանգավոր չէ գալ Հայաստան եւ այլն։ Առաջին համերգից հետո սառույցը կոտրվեց եւ դրանից հետո Դիփ Փարփլ, Յուրահ Հիփ եւ այս շարքը շարունակվելու է։ Ես ուրախ եմ, որ կարող եմ տեղյակ պահել մեր ռոքի սիրահարներին, որ հանրապետության նախագահի հովանավորությամբ մենք սկսում ենք մի նոր ակցիա` «Ռոքն ընդդեմ Ցեղասպանության», եւ այսուհետեւ հրավիրելու ենք ռոք աստղերի Հայաստան` այդ փառատոնն անցկացնելու համար։ Այն կտեւի հինգ տարի, եւ Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ մենք կանցկացնենք արդեն մի մեծ ռոք փառատոն Հայաստանում։ Բոլոր այն խմբերը, որոնք այս հինգ տարիների ընթացքում կայցելեն Հայաստան, նրանց հետ ձեռք ենք բերում պայմանավորվածություն, որ մասնակցեն այդ գալահամերգին Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ։
Ինչ վերաբերում է բլոգերներին, իհարկե, բացահայտումներ կային, մասնավորապես` թեմաների կապակցությամբ։ Որ թեմաներն էին, որ ավելի բուռն քննարկումների առիթ էին դառնում, որ թեմաներն էին, որ զարմանալիորեն հետաքրքրություն չէր առաջանում. այդ տեսակետից ինձ համար կային բացահայտումներ, բայց պետք է հաշվի առնենք, որ բլոգերները յուրահատուկ զանգված են` յուրահատուկ ընկալումներով, եւ ճիշտ չի լինի, եթե այդ միջավայրը մենք փորձենք տարածել Հայաստանի Հանրապետության վրա ընդհանրապես։ Ընդհանրացումներ անել չի կարելի միայն բլոգերների կարծիքով, բայց դա շատ հետաքրքիր ժողովուրդ է` իր աշխարհով ապրող եւ ովքեր հետաքրքրված են, կարող են մասնակցել այդ աշխարհին։

-Շնորհակալություն, պարոն վարչապետ, մեր հարցերը հիմնականում սպառվեցին, Դուք շատ հետաքրքիր եւ հանգամանալից պատախանեցիք դրանց։ Շնորհակալ եմ։
-Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, նաեւ համոզված եմ, որ այն թեմաները, որոնք մենք Ձեզ հետ շոշափեցինք, բնականաբար, լինելու են բուռն դեբատների առարկա։ Մենք ձեզ հետ միասին պետք է ձեւավորենք այնպիսի միջավայր, որ հասարակական քննարկումների նպատակը լինի դուրս գալ այնպիսի լուծումների, որոնք ապահովելու են մեր պետության համար զարգացումներ, ճիշտ զարգացումներ, որոնք հնարավորություն են տալու բացահայտել կառավարության թերացումները` դրանով իսկ նպաստելով, որ մենք ավելի արդյունավետ մեր գործունեությունը ծավալենք։ Ես ձեր այս աշխատանքի համար ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել` շնորհակալություն։