երեքշաբթի, 20 փետրվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՈՒկրաինայի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության պետական կոմիտեի նախագահ, տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն, որին ուղեկցում էին ՈՒկրաինայի տրանսպորտի փոխնախարար Արկադի Դեմիդենկոն և ՀՀ-ում ՈՒկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
Ընդգծելով այսօր Երևանում անցկացված հայ-ուկրանիական միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստում քննարկված հարցերի կարևորությունը՝ վարչապետը նշեց, որ դա մեկ անգամ ևս վկայում է Հայաստանի և ՈՒկրաինայի միջև համագործակցության ամրապնդման և փոխադարձ կապերի սերտացման կարևորումը 2 պետությունների կողմից:
Վարչապետը տեղեկացրեց, որ նիստի և, առհասարակ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի քննարկման մասին պայմանավորվածություն եղել է դեռևս անցած տարի՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում տեղի ունեցած իր և Ուկրաինայի վարչապետ պրն. Յուշչենկոյի առանձնազրույցի ժամանակ:
Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ հանձնաժողովի նիստի ընթացքի մասին տեղյակ է և գոհ է այդ համատեղ աշխատանքից: Ըստ նրա, այսօրվա աշխատանքի արդյունքը կարևորվում է նաև ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի առաջիկայում Ուկրաինա կատարելիք այցի առումով: Հայ-ուկրաինական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկին, իր հերթին որոշակի մանրամասներ հաղորդելով նիստի ընթացքի մասին, նշեց, որ կարևորվել է առանձին ոլորտների գծով փոխգործակցության ակտիվացումը: Ուկրաինական կողմը հետաքրքրված է նաև Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը մասնակցություն ունենալու և, ընդհանրապես, էներգետիկայի ոլորտում համագործակցելու հարցում: Վլ. Նովիցկու խոսքերով, Հայաստանի և Ուկրաինայի տնտեսություններում նկատվող աշխուժացումը հուշում է 2 երկրներին՝ ավելի արդյունավետ և ամբողջությամբ օգտագործել առկա ներուժն ու հնարավորությունները: Նա տեղեկացրեց նաև, որ Ուկրաինայում ևս ինչ-որ ձևով անդրադարձ կլինի մեր երկրի համար նշանակալից տոնին՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:
Հանդիպման վերջում, վարչապետը, կարևորելով նաև 2 երկրների գործարարների ուղղակի շփումները, ավելացրեց, որ Հայաստանի և Ուկրաինայի համագործակցության ընդլայնման ու զարգացման համար երկուստեք կա ցանկություն և նախադրյալներ, մնում է սրան գումարել ակտիվ, գործնական աշխատանքը: