չորեքշաբթի, 7 նոյեմբերի 2012
Քննարկվել են մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ռեկտոր Լայունեն Լաուրիին և ուսումնական գծով պրոռեկտոր Եվա-Մարիա Ռաուդասոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև մանկավարաժական համալսարանի խորհրդի անդամներ՝ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Զրուցակիցները քննարկել են երկու բուհերի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գիտական և բժշկական կենտրոն համարվող Եվրոպայի խոշորագույն Օուլուի համալսարանի ռեկտորը ողջունել է մանկավարժական համալսարանում բարձրագույն կրթությունը բարեփոխելուն միտված աշխատանքները, և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը, կատարել փորձի փոխանակում:
Հանդիպումից հետո մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի նիստ: