չորեքշաբթի, 7 նոյեմբերի 2012
Տեղի է ունեցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ անդրադարձ է կատարվել հոբելյանական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման ընթացքին և արդյունքներին: Մասնավորապես, նշվել է, որ արդեն իսկ տեղի է ունեցել «Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով, որին մասնակցել են 50-ից ավելի գիտնականներ:
Կազմակերպվել է նաև Անանիա Շիրակացուն նվիրված երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, թեմատիկ գրքային ցուցահանդեսներ, ստեղծվել է Անանիա Շիրակացի թվային շտեմարան և կայք, տեղի է ունեցել «Անանիա Շիրակացի - 1400» հոբելյանական ցուցահանդես: Անցկացվել է նաև «Շիրակացու օրեր» ավանդական փառատոնը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում բարեկարգման աշխատանքներ են կատարվել Կումայրիի 7-րդ դարի եկեղեցու տարածքում: Հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել են Անանիա Շիրակացուն նվիրված բաց դասեր, քննարկումներ և այլն: Նախատեսվում է 2013 թվականին հրատարակել «Անանիա Շիրակացի. ուսումնասիրություններ» գիրքը:
Այնուհետև քննարկվել են նիստի մասնակիցների առաջարկները՝ Անանիա-Շիրակացու 1400-ամյակին նվիրված այլ հոբելյանական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջոցառումները կազմակերպել բարձր մակարդակով և հանրությանը ներգրավել այդ գործընթացում: