հինգշաբթի, 8 նոյեմբերի 2012
Հայաստանում վաճառվող սնունդը պետք է որակյալ և անվտանգ լինի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը նիստն սկսել է սննդի անվտանգության հարցի քննարկումով։ Ոլորտում իրականացված հերթական մոնիտորինգի արդյունքը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը։ Վերջինս պատասխանել է Տիգրան Սարգսյանի հարցերին (տե՛ս առանձին)։
Ներդրվում են նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ
ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը։ Նորաստեղծ ՊՈԱԿ-ը պետք է կազմակերպի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց տեխնիկական սպասարկման հարցերը։ Նիստի հավանությանն է արժանացել նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունման դեպքում կաճեն հարկային մուտքերը, որոնց գնահատումը համապատասխան տվյալների բացակայության և ներկայումս կատարվող խախտումների իրական ծավալների անորոշության պատճառով, անհնարին է։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Նկատի առնելով հարցի կարևորությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ ղեկավարությանը հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով համապատասխան պարզաբանումներ տալ ՀԴՄ օգտագործող շահառուներին (տե՛ս առանձին)։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2012 թ. պետբյուջեում, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Նոր որոշման նպատակն է արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի գծով ՀՀ 2012 թ. պետբյուջեում նախատեսված ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով կատարել մի քանի վերաբաշխում` ելնելով այդ ծրագրերի իրականացման ընթացքից, ինչպես նաև նոր դրամաշնորհային ծրագիրը ներառել 2012 թ. պետբյուջե։ Փոփոխելով իր նախկին որոշումներից ևս մեկը` կառավարությունը ճշտել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հանրակրթական դպրոցներին տրվող աջակցության գումարները։
Հավանություն է տրվել զբաղվածության ռազմավարությանը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ զբաղվածության 2013-2018 թթ. ռազմավարությանը, որը մշակվել է ոլորտի համակարգված ու նպատակային բարեփոխման արդյունավետ իրականացման նպատակով։ Զբաղվածությունը սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, որը երաշխավորում է արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշները, սահմանում աշխատաշուկայի անմրցունակ խմբերը, ապահովում արդյունավետ ինտեգրումը, որը երկրի սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից է։ Ռազմավարությունը համահունչ է Եվրամիության սկզբունքներին, ինչպես նաև արտացոլում է ՀՀ մարզերի զբաղվածության քաղաքականության գերակայությունը։
Գործադիրը ՀՀ 2012 թ. պետբյուջեում, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն, համագործակցելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ, նախատեսվում է Հայաստանում մշակել և ներդնել սեզոնային գրիպի համաճարակաբանական հսկողության ցանկ, հզորացնել լաբորատոր ախտորոշման, դեպքերի արագ և ժամանակին հայտնաբերման և հսկողության կարողությունները։
Կառավարության որոշմամբ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը վերանվանվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամ, ինչի շնորհիվ կընդլայնվեն դրա խնդիրներն ու գործառույթները, որոնք ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մի մասն են։ Այսպիսով, կառավարությունն իրագործում է հատուկ պետական աջակցության ծրագիր` կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը տնտեսության զարգացման և հատկապես զբաղվածության ապահովման բնագավառում։
Իր երկու որոշմամբ կառավարությունը փոփոխել և լրացրել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կանոնադրությունը, նոր խմբագրությամբ շարադրել Գորիսի պետական համալսարանի ստեղծման որոշումը, ինչի շնորհիվ ավելի արդյունավետ կդառնա կրթօջախներին վերապահված ձեռնարկատիրական գործունեությունը, կբարձրանան կրթության որակը և աշխատակիցների կենսամակարդակը։
Նիստում ընդունված ևս երկու որոշման կիրարկումը կապահովի Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի համայնքներում կառուցված գազատարների շահագործումը և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարման իրականացումը, «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացումը, ինչպես նաև Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի համայնքներում կառուցված խմելու ջրագծերի և ոռոգման համակարգերի շահագործումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը, «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրով «Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրության» բաղադրիչի ներքո ստեղծված «Հայկական միրգ» ԲԲԸ կանոնավոր գործունեության կազմակերպումը։
Գործադիրը որոշել է Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N3 և Երևան քաղաքի Աճառյան N 20/3 հասցեների հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով։
Ուժեղացվում է ընդերքի օգտագործման վերահսկողությունը
ՀՀ կառավարությունը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որով կանոնակարգվում է ընդերքի պետական տեսչության գործունեությունը։ Փոփոխությամբ կարգավորվում է ընդերքի օգտագործման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը` ընդերքի համալիր և ողջամիտ օգտագործման ապահովման նպատակով։ Հաջորդ երկու որոշմամբ հաստատվել են ՀՀ ընդերքի մասին երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը, «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը»։
Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը պարզեցրել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ոլորտը կարգավորող իրավական դաշտը, նվազեցրել իրավական ակտերի քանակը, սահմանել, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշները կարող են տրամադրվել կառավարության` ավելի վաղ ընդունած որոշումներով հաստատված կարգերի դրույթների հիման վրա։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպմանը։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կհստակեցվեն ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների զննման ընթացակարգերը, կկանոնակարգվեն ուղևորների սպասարկման ընթացքում իրականացվող տեսահսկման միջոցառումները, և կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը։
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրական և գիտատեխնիկական կոոպերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Ֆիրմային անվանումը կգրանցվի պարզ ընթացակարգով
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ֆիրմային անվանումների մեջ տարբերակվող նշանակության անուններում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունը, ՀՀ վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` նրա մահվան և ժառանգ չունենալու դեպքում, օգտագործման կարգը,
- միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի նախագծային անվտանգության պահանջները` անգլերեն,
- բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը։
Օրենսդրական գործունեություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է հաստատել գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու նոր կարգ և չափանիշներ։
Կառավարությունը հավանություն է տվել «Դատախազության մասին», հաջորդ որոշմամբ` «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին։ Դրանցից առաջինով առաջարկվում է սահմանել, որ դատախազի համազգեստ կրեն ոչ միայն կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող, այլև բոլոր դատախազները։ Երկրորդով առաջարկվում է նախատեսել, որ հատուկ քննչական ծառայության ծառայողներին պետբյուջեի միջոցների հաշվին տրվի համազգեստ, նրանք ունենան դասային աստիճաններին համապատասխան տարբերանշաններ։
Կառավարության հավանությունն է ստացել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետբյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկելու նպատակով ներառել համախառն եկամտի մեջ` որպես այդ սուբսիդիաների դիմաց կատարվող` ապրանքի մատակարարման, ծառայության մատուցման կամ աշխատանքի կատարման գործարքներից ստացվող հասույթ։
Գործադիրը քննարկել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը և մատնանշելով, որ այն չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը, բացասական եզրակացություն տվել։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: