ուրբաթ, 2 հունիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ՝Քոնորին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ՀԲ-ի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական բարեփոխումների ռազմավարությունը՝ ուժի մեջ համարելով բանկի հետ նախորդ 2 կառավարությունների ձեռք բերած պայմանավորվածություններն ու համաձայնությունները: Նա հույս է հայտնել, որ մեր պետության և ՀԲ-ի համագործակցությունը այսուհետ էլ կշարունակվի, քանի որ կառավարությունը պատրաստ է սատարել Հայաստանի համար շահավետ բոլոր ծրագրերի իրագործմանը, երկրում ստեղծել բարենպաստ տնտեսական դաշտ:
Վարչապետը հավաստիացրել է, որ հոկտեմբերի 27-ից հետո երկրում ստեղծված ներքաղաքական անկայուն, լարված և գործարարության համար ոչ այնքան բարենպաստ իրավիճակը որոշակիորեն փոխվել է, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն շարունակել ընթացիկ ծրագրերը, բարեփոխումները, և երկրի հեռանկարայնության հարցում վստահություն կներշնչի թե միջային կազմակերպություններին, թե ձեռներեցներին: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ ՀԲ-ի հետ կառավարության բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, նախատեսված SAC-3 վարկի վերջին չափաբաժինը կտրամադրվի, և դրա արդյունքը ՀԲ-ի համար հիմք կդառնա նաև SAC-4-ի հատկացման համար:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը մշակում է հակակոռուպցիոն ծրագիր, որը նախաձեռնել էր դեռ Վազգեն Սարգսյանի կառավարությունը: Այս կառավարությունը լրջորեն մտահոգված է նաև սեփականաշնորհման գործընթացի արդյունավետության բարձրացման խնդրով և մնում է այն տեսակետին, որ այստեղ կարևոր է ոչ թե սահմանված ժամկետում քանակ, այլ որակ ապահովելը:
Այժմ, ըստ վարչապետի, մանրամասն ուսումնասիրվում և վերլուծվում են սեփականաշնորհման գործընթացում թույլ տրված սխալներն ու բացթողումները, որոնք հետագայում այլևս կբացառվեն: Անդրանիկ Մարգարյանն ավելացրել է, որ քայլեր են արվում նաև օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ, մասնավորապես նախատեսվում է մինչև սեպտեմբեր ԱԺ ներկայացնել «Պետական ծառայողի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ջուդի Օ՝Քոնորը իր և ՀԲ-ի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնի անունից շնորհավորելով վարչապետին, վստահեցրել է, որ ՀԲ-ն պատրաստակամ է շարունակել Հայաստանի հետ՝ նրա անկախացումից ի վեր սկսված համագործակցությունը: Նա նշել է՝ թեպետ ՀԲ-ն համարում է, որ տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման հարցում Հայաստանը դեռ ցանկալի արդյունքի չի հասել, այդուհանդերձ այստեղ իրագործվող բանկի 15 ծրագրերը, 321 մլն դոլար արժողությամբ, գոհացնում են բանկին: Ջուդի Օ՝Քոնորը ողջունել է հակակոռուպցիոն ծրագրի մշակման՝ կառավարության որոշումը, նշելով, որ ինչպես այս հարցում օժանդակություն խնդրած Վազգեն Սարգսյանի էին խոստացել ընդառաջել, այնպես էլ պատրաստ են աջակցել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին:
Ջուդի Օ՝Քոնորի և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպմանը կարևորվել է նաև Հայաստանին նվիրված Լոնդոնում կայանալիք գործարար համաժողովին պատշաճ նախապատրաստվելը, որի ուղղությամբ կառավարության արդեն ակտիվորեն աշխատում է: