ուրբաթ, 2 հունիսի 2000
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին վերամշակող ձեռնարկությունների կողմից գյուղմթերքի գնումներին, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր: Ըստ գյուղատնտեսության նախարար Զավեն Գևորգյանի՝ այս տարի սպասվում է բավականին առատ բերք և գյուղացուն օգնելու համար նախարարությունն արդեն իսկ գործուն քայլեր է ձեռնարկել: Հատկապես սպասվում է խաղողի, ծիրանի և լոլիկի բարձր բերք: Խորհրդակցության մասնակից մարզպետները, գործարարներն ու բանկիրները իրենց մտահոգությունն արտահայտեցին դրանց իրացման, շրջանառու միջոցների հայթայթման կապակցությամբ: Գյուղնախարարը ներկայացրեց այն նախապատրաստական աշխատանքները, որոնք տարվում են գյուղատնտեսական արտադրանքի իրացման ուղղությամբ: Նրա խոսքերով, արդեն կան պայմանավորվածություններ և այս տարի մեծ քանակությամբ ծիրան կառաքվի արտասահման: Խնդիրներ չեն լինի նաև խաղողի և լոլիկի մթերումների առումով, քանի որ հանրապետության կոնյակի և գինու, ինչպես նաև Արտաշատի ու Արարատի պահածոների գործարանները կունենան խաղողի և լոլիկի մեծ պահանջարկ, պատրաստ կլինեն գնումներ կատարել գյուղացիներից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև բանկերի կողմից վարկային միջոցների տրամադրման հարցը: Նշվեց, որ գյուղացիական տնտեսություններին, վերամշակող ձեռնարկություններին այդ միջոցների տրամադրման հնարավորություններ կան, բայց նախապատվություն կտրվի նրանց, ովքեր կունենան համապատասխան գործարար ծրագրեր, նախկինում կատարած կլինեն իրենց վարկային պարտավորությունները: