հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2012
Կնվազեն սոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը` վարչապետը հայտնել է, որ Լոս Անջելեսում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը։ Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են դեսպանի հիշատակը։
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2012 թ. դեկտեմբերի 17-ին ժամը 12-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկելով առաջնահերթ քննարկում պահանջող մոտ երկու տասնյակ հարց։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «ՀՀ 2013 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը։ ՀՀ պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է քննության առնել սույն փաստաթղթերի նախագծերը և մինչև 2012 թ. դեկտեմբերի 12-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ դրանք լրամշակելու վերաբերյալ, ինչպես նաև 2013 թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկերը։
ՀՀ կառավարությունն ընդունել է չորս որոշում, որոնք ուղղված են սոցիալական, մասնավորապես, բժշկասոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Նախկին որոշումների փոփոխություններով ավելի վերահսկելի է դարձվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական գործակալության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատանքը, հստակեցվել են փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշները, հաշմանդամության սահմանման չափանիշների կիրարկման գործընթացը։ Այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից, ապահովել աշխատանքի առավել թափանցիկություն, ինչն իր հերթին թույլ կտա էականորեն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ նշված խնդիրը հանրային մեծ հնչեղություն է ստացել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն ռիսկերը համատարած բնույթ ունեին։ Արձանագրելով այս իրողությունը` վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից տեղեկացել է, թե ձեռնարկված միջոցները և այս որոշումները բավարար երաշխիքներ տալիս են արդյոք, որպեսզի այդ կոռուպցիոն երևույթներն իսպառ վերացվեն։ Նախարարը հավաստիացրել է, որ այս ընթացքում կատարված աշխատանքը բավական արդյունք է տվել։ «Այս որոշումների ընդունմամբ, հստակեցնելով իրավական մասը, մենք շատ ավելի մեծ քայլ արած կլինենք, որպեսզի նվազեցնենք սուբյեկտիվ մոտեցումները, - ասել է Արտեմ Ասատրյանը։ - Միևնույն ժամանակ, առաջարկել ենք Ձեզ և նաև այս որոշումներով նախատեսվում է հանձնաժողովների նախագահների պաշտոնները քաղաքացիական ծառայությունից դուրս բերել, որպեսզի կարողանանք կարգավորել նաև հանձնաժողովների աշխատողների աշխատավարձի հարցը։ Կարծում եմ՝ սրանով մենք կանոնակարգում ենք այն բոլոր խնդիրները, որոնք տեղ են գտել այս ոլորտում»։ Պատասխանելով վարչապետի հարցին` նախարարը հավելել է, որ այս ընթացքում աշխատանքից ազատվել են հանձնաժողովների վեց նախագահներ, եղել են նաև իրենց դիմումով ազատվողներ, բժիշկ փորձագետներ։
Հաջորդ որոշումներից մեկով օպտիմալացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կանոնադրական խնդիրների և հիմնադրամի պատասխանատվության ներքո գտնվող միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել համապատասխանաբար 7 մլն և ավելի քան 38.5 մլն դրամ։
Խրախուսվում են ներդրումային ծրագրերը
Գործադիրն իր որոշմամբ «Գոլդն գրեյփ Արմաս» ՍՊԸ-ին թույլատրել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծել լրացուցիչ ապրանքներ, որոնք կապահովեն կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի անխափանությունը։ Նշված ընկերությունն Արագածոտնի մարզի անմշակ տարածքներում կատարել է 15 մլն եվրո ներդրում` հիմնելով 160 հա խաղողի, 40 հա պտղատու այգի, կառուցելով գինու և կոնյակի գործարան։ Ընկերությունում աշխատում է մոտ 200 մարդ։ Որոշման ընդունմամբ նոր ապրանքներով կլրացվի ներմուծվող ապրանքների ցանկը, ինչը թույլ կտա աշխատանքը շարունակել բնականոն ընթացքով։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Ավանի աղի կոմբինատին, Երևանի Արարատյան 90/14 հասցեում գտնվող բեռնարկղերի բեռնաթափման հարթակի որոշակի տարածքը նույն ձևով օտարել «Ապավեն» ՍՊԸ-ին։ Առաջին օբյեկտի գնորդը նաև պարտավորվել է առաջիկա չորս տարում կատարել 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, երկրորդն առաջիկա երկու տարում` ավելի քան 100 մլն դրամի ներդրում։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև տնտեսվարող սուբյեկտների սպասարկման ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկին։ Ըստ պայմանագրի Հայփոստի արդիականացված փոստային բաժանմունքներում տեղակայվելու են ՊԵԿ-ի սպասարկման կետերը, որտեղ սպասարկումն իրականացնելու են ՊԵԿ աշխատակիցները` յուրաքանչյուր բաժանմունքում մեկ աշխատակից ներգրավելու միջոցով։
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հանրային հատվածի ներքին աուդիտի զարգացման դրամաշնորհային ծրագրի» միջոցների հաշվին ձեռք են բերվել համակարգչային տեխնիկա և օժանդակ պարագաներ, որոնք կառավարության որոշմամբ ամրացվել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերին։
Կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը թույլատրել է ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում 2012 թ. օգոստոսի 16-ից փորձաքննություն կատարած կազմակերպություններին արտաբյուջետային հաշվից փոխանցում կատարել` ներկայացված փաստաթղթերի համաձայն։
Հիմնադրվել է հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամ
ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը, նշանակվել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Հիմնադրամ ստեղծելու նպատակն է ֆինանսավորել հայագիտության կարևորագույն հիմնախնդիրների լուծման գործընթացը, խթանել հետազոտությունների իրականացումը, համակարգել Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությունը։ Նոր հիմնադրամի եկող տարվա գործունեությունն ապահովելու համար կառավարությունը հատկացրել է 50 մլն դրամ։
«Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի երեք արհեստագործական մասնաշենքի կառուցման նպատակով կառավարությունը տրամադրել է 45 մլն դրամ։ Տանիքի վնասված հատվածի վերականգնման համար 18 մլն դրամ է հատկացվել «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ին։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի շնորհիվ 1992 թ. օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված այն քաղաքացիները, ովքեր օբյեկտիվ պատճառներով դեռևս չեն ստացել իրենց հատկացված միանվագ դրամական օժանդակությունը, մոտակա մեկ տարվա ընթացքում հնարավորություն կունենան սահմանված կարգով դիմելու և ստանալու այն։
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում, որպեսզի 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» օրենքով հարկման նոր մեխանիզմի կիրառման արդյունքում բացառվի հանրային ծառայության ոլորտի համապատասխան աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նվազեցումը։
Ուղեկցող փաստաթղթերը կգրանցվեն էլեկտրոնային եղանակով
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքի ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը, ինչի կիրառմամբ էականորեն կկրճատվի գրանցման (հաշվառման) համար ծախսվող ժամանակը,
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը, տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը. փաստաթղթերի ընդունումը թելադրված է «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքով, որի նպատակն է տեսչական բարեփոխման արդյունքում ներդնել ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը։
Փախստականները հնարավորություն կունենան ՀՀ քաղաքացիություն ստանալ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար դիմելու ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. դեկտեմբերի 14-ը, որպեսզի Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին հնարավորություն ընձեռվի դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն։
Կառավարության հավանությունն է ստացել «Այլընտրանքային ծառայության մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել այլընտրանքային զինվորական ծառայության անցնելու պատճառները։
Նիստում քննության է առնվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կապիտալի նվազագույն շեմ ճանաչել 100 մլն, կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կապիտալի նվազագույն շեմ` 50 մլն դրամը։ Կառավարությունն առաջարկի վերաբերյալ սկզբունքային առարկություններ է ներկայացրել` տալով բացասական եզրակացություն։ Հրանտ Բագրատյանը հանդես է եկել մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ` ներկայացնելով «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի անհրաժեշտությունը, ըստ հեղինակի, թելադրված է տնտեսության ստվերայնության դեմ պայքարի ուժեղացման և բնապահպանական խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։ Կողմ լինելով նշված հարցերի կարգավորմանը` կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև նոր հարցեր է հարուցում։ Եզրակացության համաձայն նախագիծը ներկայացված տեսքով ընդունելի չէ և արմատական լրամշակման կարիք ունի։
Գործադիրը քննարկել է ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շահութահարկի մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է 2013 թ. հունվարի 1-ից վերացնել նվազագույն շահութահարկի համակարգը։ Կառավարությունը գաղափարն ընդունելի է համարել և նշել, որ նախատեսված է այդ դրույթը կիրառել 2014 թ. հունվարի 1-ից, ուստի փաթեթի ընդունումը ժամանակավրեպ է։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը Երևանի «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր։
Կառավարության որոշմամբ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի ասպիրանտուրայում սովորող Հովնաթան Կարապետյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը` 2013 թ. աշնանային զորակոչը։ Մինչև 2013 թ. գարնանային զորակոչը տարկետում է տրվել մեկ դպրոցականի։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: