երկուշաբթի, 12 հունիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն՝ իր ցավակցությունը հաղորդելու ՍԱՀ նախագահ Հաֆեզ Ասադի մահվան կապակցությամբ:
ՀՀ-ում ՍԱՀ գործերի հավատարմատար Համեդ Հասանին խնդրելով իր ցավակցությունները հաղորդել Հաֆեզ Ասադի ընտանիքին և Սիրիայի ժողովրդին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հաֆեզ Ասադը եղել է հայ ժողովրդի բարեկամը՝ գնահատելի ներդրում ունենալով հայ-արաբական, Հայաստան-Սիրիա հիրավի բարեկամական հարաբերություններում: Վարչապետի խոսքերով, հանձինս Հաֆեզ Ասադի հայ ժողովուրդը միշտ տեսել է իր աջակցին, բարի կամեցողին: Մեր ժողովուրդը միշտ բարձր է գնահատել եղբայրական այդ վերաբերմունքը, իսկ սիրիահայությունը իր նվիրումն արտահայտել է ստեղծարար, օրինավոր քաղաքացու իր կեցվածքով:
«Հաֆեզ Ասադը սերունդներին թողել է շատ դասեր: Դրանցից մեկը հայ-արաբական, Հայաստան-Սիրիա բարեկամական ամուր կապերի պահպանումն է, և այդ դասը սերունդները չպետք է մոռանան»,- նշել է վարչապետը: