երեքշաբթի, 13 հունիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվեցին առողջապահության համակարգին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ:
Ի կատարումն վարչապետի նախկինում արված հանձնարարականի, ներկայացվեց առողջապահության համակարգի բժշկական կազմակերպությունների պարտքերի, այդ թվում՝ աշխատավարձերի վճարման վիճակը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ այն գումարները, որոնք հատկացվում են աշխատավարձերի նպատակով, պետք է հասնեն հասցեատերերին: Հանձնարարվեց կազմել գրաֆիկ, որով կսահմանվի առողջապահական հիմնարկների պարտքերի մարման հստակ ժամանակացույցը: Նշվեց, որ չնայած բյուջեի սուղ միջոցներին, պետք է աստիճանաբար փակվեն նախկինից կուտակված պարտքերը, թույլ չտրվեն ընթացիկ պարտքերի կուտակում:
Առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակում որպես ոլորտի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր է դիտվում հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրումը, որի լրամշակված հայեցակարգի նախագիծը քննարկվեց խորհրդակցության ընթնցքում: Ըստ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի, բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը թույլ կտա ստեղծել սոցիալական համերաշխության սկզբունքի վրա հիմնված բժշկական ծառայությունների ֆինանսավորման համակարգ, քաղաքակիրթ մեխանիզմներով օրինականացնել և կառավարելի դարձնել այսօր բնակչության կողմից կատարվող «ստվերային» ծախսերը, բարձրացնել հիվանդության անկանխատեսելի դեպքերից քաղաքացիների պաշտպանվածության աստիճանը:
Խորհրդակցությունում քննարկվեց նաև առողջապահական հաստատությունների մասնավորեցման ռազմավարության հայեցակարգի նախագիծը: Քննարկման մասնակիցները նշեցին, որ մասնավորեցումը դիտվում է որպես ներդրումների ներգրավման միջոցով առողջապահության ֆինանսավորման բարելավման ուղիներից մեկը: Արդեն սեփականաշնորհված բուժհիմնարկների փորձը ցույց է տալիս, որ առկա են դրական արդյունքներ: Տարածքային առումով առողջապահական հաստատությունների մասնավորեցումը հիմնականում վերաբերելու է Երևանին: Նախագծով նախատեսված է, որ արդեն այս տարի հայեցակարգը կստանա գործնական կիրառություն:
Հանձնարարվեց սեղմ ժամկետներում ի մի բերել քննարկված երկու հայեցակարգերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկները, նախագծերը բերել ընդհանրական տեսքի: