հինգշաբթի, 27 դեկտեմբերի 2012
Կկարգավորվեն բուժծառայությունների և դեղերի գները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նկատի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր զարգացող և մի շարք զարգացած երկրներ լայնորեն կիրառում են դեղերի, երբեմն նաև բժշկական ծառայությունների գների կարգավորման ուղղակի և անուղղակի մեթոդներ, ՀՀ կառավարությունն ստեղծել է սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գների կարգավորում իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով, հաստատել դրա կազմը և գործունեության կարգը։ Հանձնաժողովը, որի նախագահն է ՀՀ ֆինանսների նախարարը, կկարողանա լուծել հետևյալ խնդիրները. միևնույն կարգի բուժհաստատություններում ունենալ բուժծառայությունների համանման գներ, կիրառել գների հաշվարկման թափանցիկ մեխանիզմներ, ավելի հրապարակային դարձնել բուժծառայությունների և դեղերի գնագոյացումը, զսպել բժշկական ծառայությունների և դեղերի, ինչպես նաև պետության կողմից վճարվող առողջության ապահովագրության գները, կայունացնել դրանք, ընդլայնել դեղամիջոցների և բժշկական ծառայությունների հասանելիությունը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է սոցիալական փաթեթի հատկացման կարգը, փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը և այլ փաստաթղթեր։
ՀՀ կառավարությունը սահմանել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակային և արժութային սահմանափակումները, որոնց համաձայն պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին օտարվող արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չպետք է գերազանցի տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը, իսկ 3 տոկոսը չպետք է գերազանցի նշված ակտիվների հաշվին ոչ փոխարկելի արտասահմանյան արժույթով կատարվող ներդրումների առավելագույն չափը, հաստատել «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը»։
Կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին առաջարկել է համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման շնորհիվ առաջացող շահույթի հաշվին ավելի քան 126 մլն դրամ վճարել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես 2012 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին անապահով ընտանիքների սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։
Նիստում ՀՀ առողջապահության, ֆինանսների, արդարադատության, բնապահպանության, քաղաքաշինության և գյուղատնտեսության ոլորտների կազմակերպությունների հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ նախարարներ Դերենիկ Դումանյանը (հարց N 1), Վաչե Գաբրիելյանը (հարց N 24), Հրայր Թովմասյանը (հարց N 43), Արամ Հարությունյանը (հարց N 44), Սամվել Թադևոսյանը (հարց N 45), Սերգո Կարապետյանը (հարց N 46)։
Ներդրվում է տրանսֆերային գնագոյացման օրենսդրությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, փաստաթղթավորման ընթացակարգերը, ինչպես նաև կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները։ Նշելով, որ սա բարդ օրենքի նախագիծ է, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է դրա համակողմանի քննարկման անհրաժեշտությունը ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովներում, այլև գործարար հարկատուների մասնակցությամբ։
Կառավարության հավանությունն է ստացել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է այդ փորձաքննության իրավական և կազմակերպական հիմքերը, կարգավորում փորձաքննական գործընթացի մասնակից սուբյեկտների իրավահարաբերությունները։
ՀՀ կառավարությունը քննարկել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են օրենքում նախատեսել դրույթներ, որոնց համաձայն սահմանադրական դատարանն իրավունք ունենա պարզաբանել իր իսկ կայացրած որոշումը և եզրակացությունը` չփոխելով դատական ակտի բովանդակությունը և էությունը։ Գտնելով, որ սահմանադրական դատարանի որոշումները պետք է զերծ լինեն ձևական սխալներից, գործադիրը բացասական եզրակացություն է տվել նախագծին։ Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Կապահովվի ներդրումային ծրագրերի անխափան իրականացումը
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որով Չարենցավանի «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվում էր մինչև երեք տարով։ Ներկա որոշմամբ լրացվել և հստակեցվել են ներդրումային ծրագրով ներմուծվող ապրանքները, որոնցով վերազինվում է մետաղի ձուլման արտադրամասը։ Ընկերությունը կատարում է ավելի քան 8 մլրդ դրամի ներդրում, ինչը թույլ կտա տեղակայել «Սիմենս ՎԱԼ» ընկերության սարքավորումները։ Նախատեսվում է վերազինումն ավարտել 2013 թվականին, ստեղծել մոտ 300 նոր աշխատատեղ։
Հաջորդ որոշմամբ գործադիրը ՀՀ ԳԱԱ «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին թույլատրել է Կովկասի տարածաշրջանում երկրաբանության, սեյսմաբանության, ակտիվ տեկտոնիկայի և հրաբխայնության բնագավառում հետազոտություններ կատարելու նպատակով ներմուծված սեյսմաչափերի երկու հավաքածուի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016 թ. փետրվարի 1-ը, քանի որ նշված սարքերի շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում։
Գործադիրը վերանայել է իր նախկին որոշումը
Խոսքը վերաբերում է ս.թ. դեկտեմբերի 6-ի նիստում ընդունված որոշումներից մեկին, որի կետերից մեկով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել էր 45 մլն դրամ` «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի երեք արհեստագործական մասնաշենքերի կառուցման նպատակով։ Պարզվել է, որ նախարարությունն այդ որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել առանց շահագրգիռ մարմինների կարծիքների, և որոշման N 49 արձանագրության 37-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել էր վերահսկողական տեսչության միջոցով պարզել, թե ինչու չի ավարտվել նշված մասնաշենքերի կառուցումը և զեկուցել ՀՀ վարչապետին։ Ստուգումը ցույց է տվել, որ մասնաշենքերի շինարարությունն սկսված չէ, և դրա իրականացումը մինչև 2012 թ. վերջն իրատեսական չէ, ուստի նպատակահարմար չի համարվել նաև 45 մլն դրամի հատկացումը։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենքում գտնվող մոտ 14.5 հազար քառ. մետր մակերեսով շենք-շինություններն օտարել դասական աճուրդով։ Նշված գույքի մեկնարկային գինն է ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Վաճառքի գնի 70 տոկոսը վճարվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` Երևան համայնքի ֆոնդային բյուջե։
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության միջնորդությունը` գործադիրը Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքում բնակվող քաղաքացիներին է նվիրաբերել երկու բնակարան` պայմանով, որ նրանք իրենց միջոցների հաշվին մասնակցություն ցուցաբերեն նույն շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին։
Կկառուցվի «Համազգային» թատրոնի շենքը
ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետին առաջարկել է «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Սարյան և Բուզանդի փողոցների հատման հարակից հատվածում գտնվող 1200 քառ. մետր մակերեսով հողամասը, սահմանել, որ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կարող է օգտագործվել բացառապես «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով։ Ի գիտություն է ընդունվել, որ նշված հողամասում շենքի կառուցումն իրականացվելու է «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի միջոցների հաշվին։
Գործադիրը «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին թույլատրել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքի վերականգնման պայմանագրերում կատարել փոփոխություններ այն հաշվով, որպեսզի նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգվի մինչև 2013 թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակը։ Նաև թույլատրվել է նշված պայմանագրերի ֆինանսավորումն իրականացնել ՀՀ մշակույթի նախարարության 2012 թ. բյուջետային ընդհանուր հատկացումների շրջանակում։ Ակնկալվում է վանական համալիրի կառույցները փրկել քայքայումից և ոչնչացումից, գիտական հիմնավորմամբ ամրակայել, վերականգնել և օգտագործել դրանք։
Կառավարության որոշմամբ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին հատկացվել է 50 մլն դրամ։
ՀՀ քաղաքացիություն ստացած անձը Հայաստան կայցելի առանց մուտքի վիզայի
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն ստացած և դեռևս ՀՀ քաղաքացու անձնագիր չստացած անձանց համար սահմանել ՀՀ առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ։ Այսպիսով, վերը նշված պահանջներին համապատասխանող քաղաքացին ՀՀ ոստիկանության ԱՎՎ տրված պաշտոնական ծանուցագրով կարող է ժամանել Հայաստան, սահմանային անցման կետում համադրել իր անձնագրային տվյալները և առանց վիզայի մուտք գործել երկիր։ Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է հանել ՀՀ քաղաքացիություն ստացող անձին տեղեկատվական ձեռնարկ տրամադրելու դրույթը, քանի որ ՀՀ օրենսդրությանը տեղեկանալն առավել արդյունավետ է համացանցի միջոցով։ Նաև առաջարկվում է քաղաքացիություն ստանալու դիմումի քննարկումը մինչև մեկ տարվա փոխարեն սահմանել մինչև վեց ամիս, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները համարել անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչը կհանդիսանա ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ իրացման հիմք։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը սահմանել է`
- ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը,
- թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստման կարգը և վերապատրաստման ենթակա թիկնապահների և պահնորդների վերաբերյալ ներկայացվող հայտի ձևը,
- թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը,
- անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման կարգը և ձևը։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը փրկարարական ծառայողների համար նախկինում նախատեսված մի քանիսի փոխարեն սահմանել է երկու տեսակի համազգեստ, ուսանշանները համապատասխանեցրել ՀԱՊԿ անդամ երկրների, այլ երկրների նման ծառայությունների կոչումների համար սահմանված ուսադիրներին։
Ռիսկայնությունը կգնահատվի որոշակի մեթոդաբանությամբ
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարությունը,
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորափոխադրումների գործունեության ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը,
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը, սահմանել օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման և արտահանման կարգը, սննդամթերքն ուղեկցող օրգանական հավաստագրի ձևը,
- ՀՀ 2013-2015 թթ. անտառապահպանական ծառայությունների ծրագիրը, սահմանել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը,
- իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների` ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և դրանց բազաների ցանկերը,
- հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը։
Այլ հարցեր
Կառավարության որոշմամբ 2013 թ. հունվարի 18-ից 21-ը Ծաղկաձորում` Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստի կազմակերպումը համաֆինանսավորելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է 40 մլն դրամ։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Թուրքմենստանի կառավարությունների միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման, Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրեր ստորագրելու առաջարկություններին։
Իր նիստում կառավարությունը որոշել է Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թթ. կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով ՀՀ անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին 2012 թ. նոյեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած «Վահանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշման պահանջը կատարելու նպատակով կատարել վճարում 75 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով։
Կառավարության որոշմամբ մինչև 2013 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել երկու դպրոցականի։
Գործադիրը հաստատել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Միքայել Նարիմանյանի ընտրության արդյունքը։
Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է ներկաներին. «Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ` 2012 թվականի մեր համատեղ աշխատանքի համար։ Ծանր տարի էր, լարված աշխատանք էր, բայց արդյունքները, որոնք այսօր արձանագրում ենք, վկայում են, որ մենք մեր նպատակներին հասել ենք և՛ քաղաքական դաշտում` անցկացնելով խորհրդարանի ընտրություններ, և՛ տնտեսական ոլորտում։ Այն հիմնական ցուցանիշները, որ մեր առջև դրված էին, այն ավելի բարձր ցուցանիշները, որ մենք ստացանք որպես հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, բոլորը ձեզ հետ միասին ի կատար ենք ածել։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ 2013 թվականն ավելի հաջող տարի լինի բոլորիս և մեր ժողովրդի համար»։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: