կիրակի, 30 դեկտեմբերի 2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
2012 թվականը մոտենում է ավարտին, և մենք պատրաստվում ենք դիմավորել 2013 թվականը: Անցնող տարին լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով: Հայաստանում տարիներ առաջ մեր կողմից նախաձեռնած փոփոխութուններն այսօր տալիս են դրական արդյունքներ:
Տարին ամփոփում ենք նախագահի կողմից նպատակադրված 7 տոկոս տնտեսական աճով, պետական բյուջեի ամբողջական կատարումով, ցածր գնաճի պայամաններում։
Մենք քաջ գիտակցում ենք, որ դեռևս ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց լուծումները տալիս ենք միասին՝ լսելով ձեր կարծիքները, ընդունելով արդարացի քննադատությունը, դրսևորելով քաղաքական կամք մեր համոզմունքներն իրականություն դարձնելու ճանապարհին։
Իրականացվող քաղաքականությունը միտված է տնտեսության զարգացման միջոցով որակյալ աշխատատեղերի ստեղծմանը, բարեկեցիկ և առողջ կյանքի համար միջավայրի ձևավորմանը, որպեսզի մեր քաղաքացիները չմտածեն հայրենիքը լքելու և այլ երկրներում աշխատանք փնտրելու մասին:
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ յուրաքանչյուր հայ ընտանիքի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ցանկանում եմ, որ 2013 թվականը մեր ժողովրդի համար լինի առաջընթացի և զարգացման տարի, որպեսզի մեր երկրում խաղաղություն լինի, մեր ընտանիքներում՝ անսահման սեր և ջերմություն:
Վստահ եմ, որ բոլոր ապագա ձեռքբերումները կախված են նախ և առաջ մեզանից, մեր լավատեսությունից, հավատից դեպի ապագան:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Աստված մեզ բոլորիս պահապան: