երեքշաբթի, 15 հունվարի 2013
Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի ութերորդ նիստը:
Հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են քաղաքաշինության պետական տեսչության, աուդիտորական պետական տեսչության և կրթության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը: Աուդիտորական վերահսկողության պետական տեսչության մասով ներկայացված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերն արժանացել են խորհրդի հավանությանը, իսկ քաղաքաշինության և կրթության պետական տեսչությունների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերն ուղարկվել են լրամշակման:
Խորհրդի հավանությանն են արժանացել նաև սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 6 ստուգաթերթերը, շուկայի վերահսկողության պետական տեսչության և օրինականության վերահսկողության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը, հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության թվով 36 ստուգաթերթերը:
Անդրադարձ է կատարվել նաև Ազգային վիճակագրական ծառայության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման հետ կապված խնդիրներին: