Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հունվարի 2013

Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը` շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A. KGmbH» ընկերությանը։ Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա յոթ տարվա համար կազմում է մեկ մլն դրամ, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։ Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում, ներկայացված գործարար ծրագրին համապատասխան, կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն` յոթ տարվա ընթացքում ներդնելով յոթ մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ։ Հիշեցնելով, որ կառավարության նախորդ նիստերից մեկում վարձակալի ներկայացրած ծրագիրը հավանության է արժանացել, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս որոշումը նախորդի շարունակությունն է և թույլ կտա ՀՀ-ում արագորեն կազմակերպել ավտոբուսների արտադրություն։
Նիստում 498 մլն դրամ է հատկացվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այս որոշումներն ընդունվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ։ Այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անհրաժեշտ էր համարվել, որ պետության ուշադրության կենտրոնում գտնվեն նաև զինծառայողների սոցիալական պայմանները։ «Ստանալով ՀՀ նախագահի հանձնարարականը` մենք ըստ էության անում ենք բնակարանային ապահովության խնդրի լուծման առաջին քայլը», - շեշտել է Տիգրան Սարգսյանը։
Կառավարության որոշմամբ Երևանի Աջափնյակի վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազիֆիկացմանն աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 200 մլն դրամ։ Եվս 100 մլն դրամ հատկացնում է Երևանի քաղաքապետարանը, շուրջ մեկ մլրդ դրամ` Հայռուսգազարդը։ Գազիֆիկացումից կօգտվի շուրջ 12 հազար բնակիչ։ Այս ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքում այլևս չի մնա ոչ մի չգազիֆիկացված թաղամաս։
Կառավարությունը համաձայնություն է տվել Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում ավելի քան հազար քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Երևան, իմ սեր» հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով։ Նախատեսվում է կառուցել երեք ցածրահարկ շենք, որոնցից մեկում գործելու է կարիքավոր ընտանիքների լսողության խնդիր ունեցող երեխաների կենտրոն, մյուսն անվճար հատկացվելու է միայնակ մայրերի և երեխաների կարիքներին, երրորդը իբրև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օժանդակ շինություն տրամադրվելու է եկեղեցու սպասավորների և համայնքի կարիքներին։ Համանման երկրորդ բարեգործական ծրագիրն իրականացվելու է Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ սա պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագիր է, որտեղ պետության մասնակցությունն էական տեսակարար կշիռ ունի։ «Այսօրվա որոշումով մենք շուկայական արժեքով շուրջ 400 մլն դրամի գույք ենք հանձնում հիմնադրամին, որպեսզի ծրագիրն իրականանա։ Բացի այդ, հիշում եք, որ ծրագիրը գտնվում էր հանրապետության նախագահի անմիջական հովանու ներքո, ինչի շնորհիվ էլ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հայ գործարարները ֆինանսական միջոցներ հատկացրին ծրագրի իրականացման համար։ Այսինքն, սա համատեղ ջանքերով իրականացվող ծրագիր է», - հավելել է վարչապետը։


Ընդլայնվում են արդյունաբերական արտահանելի ուղղությունները

ՀՀ կառավարությունը թույլատրել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ ներմուծած ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թ. ապրիլի 30-ը։ Ընկերությունը, որը ծառայություններ է իրականացնում մատակարարների` գերմանական «Եվրոդրես» և «Տեքստիլվերեդլունգս GmBH» ձեռնարկությունների տրամադրած հումքով, միայն 2012 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրել է ավելի քան 220 հազար հատ արտահագուստ և մանկական հագուստ, մինչ այդ էլ Շիրակի մարզի Ամասիա քաղաքում հիմնել համապատասխան աշխատատեղերով նոր արտադրություն։ Ընդունված որոշումը կնպաստի արդյունաբերական արտահանելի ուղղությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Կառավարությունը որոշել է «ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված նույնականացման քարտ կարդացող սարքերը հատկացնել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին։ Սահմանվել է նաև այն շահառուների շրջանակը, ում կարող են տրամադրվել նշված սարքերը։ Այսպիսով, ս.թ. հունվարի 1-ից տնտեսվարող սուբյեկտները հաշվետվությունները ՊԵԿ կներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով։
Գործադրի որոշմամբ ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված երթուղիչ սարքերը հետ են վերցվել և ամրացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանն ու դրա մարզային ստորաբաժանումներին։ Նշված սարքերն անհրաժեշտ են առցանց եղանակով տեղեկության փոխանակման և անվտանգության ապահովման նպատակով և հնարավորություն կտան ընդլայնել կառավարության որդեգրած էլեկտրոնային ծառայության մատուցման շրջանակը։


Որակավորման քննությունները կանցկացվեն համակարգչով

ՀՀ կառավարությունն իր երկու որոշմամբ անհրաժեշտ պայմաններ է սահմանել, որպեսզի աուդիտորների և հաշվապահների որակավորման քննություններն անցկացվեն համակարգիչներով և միջազգային ընդունված փորձին համապատասխան։ Աուդիտորների որակավորման քննությունների առաջին` թեստային փուլը համակարգչի օգնությամբ անցկացնելը հնարավորություն կտա ամեն մի դիմորդի համար ձևավորել առանձին հարցաթերթիկ, ինչն էականորեն կարագացնի գնահատման գործընթացը։ Հաշվապահների քննությունը նույնպես կկազմակերպվի ավելի հաճախակի և որակով, ինչի շնորհիվ կբարձրանա այդ աշխատանքի արդյունավետությունը։ Սա կառավարության որդեգրած բարեփոխման քաղաքականության իրականացման հերթական քայլն է։
Գործադիրը հաստատել է բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքների հետծրագրային գնահատման կարգը, ՀՀ 2013-2015 թթ. գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագիրը։
Իր նախկին երկու որոշման փոփոխության շնորհիվ ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական գրեթե բոլոր հաստատությունները կգործեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ, ինչի արդյունքում կբարձրանա դրանց կառավարման արդյունավետությունը, կբարելավվի կրթության և ուսուցման որակը։
Իր նիստում կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլ է տվել իր տնօրինության Լոռու մարզի Գարգառ գյուղում գտնվող Ստեփանավանի կարի ԱՄ արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով` նպաստելով շինարարության ավարտին և դրա օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Գործադիրը նաև թույլատրել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին մասնակցելու «Հումանիտար ականազերծման և օգտահանման» հիմնադրամի հիմնադրմանը` շվեյցարական «FSD» կազմակերպության հետ։ Որոշման ընդունումը թելադրված է Հայաստանի ականապատ տարածքներն ականներից և ռումբերից մաքրելու, բնակչության անվտանգությունն ապահովելու, նշված տարածքները նպատակային օգտագործելու և տեղական համայնքների զարգացմանը նպաստելու անհրաժեշտությամբ։
Կառավարությունը որոշել է 2012 թ. պետբյուջեով նախատեսված և տրամադրված ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը` դրանով իսկ ապահովելով նրա առաջիկա տարիների ֆինանսական գործունեության անընդհատությունը։


Կպարզեցվի և կբարելավվի մաքսային ծառայողների վերապատրաստումը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է փոփոխել մաքսային ծառայողների ատեստավորման և վերապատրաստման հետ կապված դրույթները և պարզեցնել ու բարելավել այդ գործընթացները։
Գործադիրը քննության է առել «Հոգեբուժական օգնության մասին» և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանը և Դավիթ Հարությունյանը։ Նրանք առաջարկում են հստակեցնել հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես, պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները։ Փաթեթի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
Նիստում քննարկվել են նաև «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը և ՀՀ չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը։ Իր եզրակացության մեջ կառավարությունն արձանագրել է, որ նախագծերի փաթեթում կան դրույթներ, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն և առաջարկել է շահագրգիռ կազմակերպությունների, ինստիտուտների մասնակցությամբ խորհրդարանական լսումներ հրավիրել։
Քննարկելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ և որով առաջարկվում է փոխել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման կարգը, կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին, քանի որ նախագծում կարգավորված չեն այն դեպքերը, երբ խմբակցությունները քաղաքական համաձայնության չեն գալիս։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Միջպետական հարաբերություններ

Կառավարությունն իր նիստում համաձայնություն է տվել Պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության միջպետական խորհրդի ստեղծման 1999 թ. հունիսի 4-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։ Փոփոխությունների արդյունքում հստակեցվում է խորհրդի կարգավիճակը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ