հինգշաբթի, 15 հունիսի 2000
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Քննարկելով Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրների մասին հարցը, կառավարությունը որոշեց առաջարկված միջոցառումների ծրագիրն ուղարկել նախարարությունների և գերատեսչությունների լրացուցիչ քննարկմանը` նախատեսվող միջոցառումներն առավել ամբողջացնելու և հիմնավորելու, դրանց իրականացման կոնկրետ ուղիները, ֆինանսավորման աղբյուրները նշելու նպատակով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, կառավարությունը չպետք է հաստատի բարի ցանկությունների ցանկ, յուրաքանչյուր որոշում պետք է լինի իրագործելի, կենսունակության առումով հիմնավորված:
Կառավարությունն ընդունեց Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին որոշում: Այն մասնավորապես սահմանում է Մեղրու սահմանային անցումային կետի շրջակայքում հիմնադրվելիք առևտրի շուկայի գործունեության կազմակերպման, այնտեղ աշխատող սուբյեկտների ընտրության, ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների կարգերը: Ծրագրված է մեկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթ` որոշելու այն անհատ ձեռներեցներին և 40 կազմակերպությունները, որոնց կտրվի սահմանամերձ շուկայում առևտուր անելու հնարավորություն:
Մեկ այլ որոշմամբ, պետական աջակցություն հատկացվեց 1999-2000 թթ. ջեռուցման սեզոնում Գյումրի քաղաքի տնակային տնտեսությունների ջեռուցման համար: Շիրակի մարզպետարանի ներկայացրած ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր բաժանորդի անունով էլեկտրաէներգիայի ծախսի արժեքի դիմաց կձևակերպվի 15000-ական դրամի վճարում: Սա յուրաքանչյուր տնտեսության համար ամսական կտրվածքով ապահովում է 150 կիլիովատ ժամ էլեկտրաէներգիայի վճար:
ՀՀ-ում զբոսաշրջիկության գործունեության զարգացումը խթանելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվեց «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» ՓԲԸ: Ըստ արդյունաբերության և առևտրի նախարար Կ.Ճշմարիտյանի, գործակալության ստեղծումն անմիջականորեն բխում է զբոսաշրջիկության զարգացման վերջերս ընդունված հայեցակարգից և կոչված է գործնականում իրականացնելու այն քաղաքականությունը, նախագծերը, որոնք կառաջադրվեն պետական լիազորված մարմնի կողմից: Նախատեսվում է գործակալության աշխատանքներում ներգրավել ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ սփյուռքահայության ներկայացուցիչների:
Կառավարությունը հավանություն տվեց դեռևս նախորդ նիստում քննարկված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման միջոցառումների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կներկայացվի Ազգային Ժողով: