երկուշաբթի, 21 հունվարի 2013
Հանդիպում Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Պավլյուկին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք Հայաստանում Ձեզ լավ զգաք և Ձեր առաքելությունն իրականացնեք առանց որևիցե խոչընդոտի: Մենք շահագրգռված ենք դրանում, քանի որ Ձեր մանդատի շրջանակում իրականացվելիք ծրագրերը համապատասխանում են ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին», - նշել է վարչապետը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստարսբուրգի միջև համագործակցությունը: Նա պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել ՀՀ իշխանություններին ԵԽ-ում նախագահության և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման առումով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության գերակա ուղղությունների և հեռանկարների վերաբերյալ: