ուրբաթ, 23 փետրվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հնդկաստան՝ աղետի գոտի մեկնած ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության արագ արձագանքման ուժերի կազմավորմանը: 18 հոգանոց այդ խումբը, երկու շաբաթ անընդմեջ աշխատելով աղետի գոտում, վերադարձել է անցած շաբաթվա վերջին: Հանդիպմանը ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց այդ ծանր, վտանգավոր և պատասխանատու աշխատանքը բարձր մակարդակով կատարելու, բարեկամ երկրին ու ժողովրդին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար:
Վարչապետը նշեց, թե ուրախ է, որ Հայաստանն ունի բարձր որակավորմամբ կադրեր, որոնք կարողանում են օգտակար լինել նաև այլ պետություններին և բարձր են գնահատվում վերջիններիս կողմից:
ՍՊԱԾ-ի պետ Սերգեյ Բալասանյանը ՀՀ վարչապետին ներկայացրեց արագ արձագանքման ուժերի կազմավորման մեջ ընդգրկված՝ տարբեր մասնագիտություններ ունեցող անդամներին և կազմավորման անցած աշխատանքային կենսագրությունը: Աղետի գոտի մեկնած խմբի ղեկավար, ՀՀ ՍՊԱԾ-ի Հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանը մանրամասնեց աղետի գոտում կազմավորման կատարած աշխատանքը, իր հերթին հավաստելով, որ բարձր են պահել Հայաստանի Հանրապետության պատիվը՝ արժանանալով թե Հնդկաստանի ղեկավարության և ժողովրդի, թե ՄԱԿ-ի բարձր գնահատականին:
Հանդիպման վերջում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մաղթել է կազմավորման անդամներին՝ իրենց բարձր մասնագիտական կարողությունները միայն ուսումնավարժական պարապմունքներում ցուցադրել և աղետի գոտին մեկնելու քիչ առիթ ունենալ: