հինգշաբթի, 22 հունիսի 2000
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Նիստի սկզբում վրչապետը կառավարության անդամներին ներկայացրեց հունիսի 20-21-ը Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները` դրական գնահատելով դրանք:
Վեհաժողովի շրջանակներում ՌԴ և ՀՀ կառավարությունների ղեկավարների միջև տեղի ունեցած զրույցի ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել է երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը, դրանց համապատասխանեցումը Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսության մակարդակին:
Հայաստան-Ուկրաինա տնտեսական կապերն ու դրանց հեռանկարներն են քննարկվել Անդրանիկ Մարգարյանի և ՈւՀ վարչապետ Վիկտոր Յուշչենկոյի հանդիպման ժամանակ: Երկկողմ գործակցությանը վերաբերող հարցերն առավել մանրամասն կքննարկվեն ՀՀ կառավարական պետվիրակության` Ուկրաինա կատարելիք այցի ընթացքում, որը նախատեսվում է նոյեմբերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուլիսի վերջին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կայցելի Մինսկ, որտեղ հոկտեմբերին անցկացվելու է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Կառավարությունը հաստատեց «Դավիթաշենի կամուրջ Երևանում` Հրազդան գետի կիրճի վրա» համալիրը նվազագույն ծրագրով շահագործման հանձնելու ծրագիրը և վերանայված աշխատանքային գծագրերով նախագիծը:
Առաջնահերթ ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերին, ներառում է կամուրջը` էստակադաներով, դեպի կամուրջ տանող մուտքը, տրանսպորտային հանգույց` Դավիթաշենում: Կամրջի` 2000 թվականին առաջնահերթ ծրագրով շահագործումը նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով:
Կառավարության որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում ստեղծվեց «Սփյուռքի կապերի պետական գործադիր քարտուղարություն» որի կանոնադրությունը կառավարության քննարկմանը կներկայացվի մեկամսա ժամկետում: Քարտուղարության ստեղծումը, որի անհրաժեշտությունը շեշտվել էր նաև անցյալ տարի սեպտեմբերին կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովում, նպատակ ունի պետական գործադիր մարմնի մակարդակով համակարգելու Մայր հայրենիքի և սփյուռքահայության փոխհարաբերությունները:
Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2000-2001 ուստարվա անվճար ուսուցման տեղերը: Բուհական համակարգում պետպատվերի շրջանակներում հաստատված տեղերի թիվն այս տարի աճել է 53-ով` կազմելով 4063: Նախկինի համեմատ 4-ով ավելացել է մասնագիտությունների թիվը: Միջնակարգ մասնագիտական հասատատությունների համար սահմանվեց 2018 տեղ:
Միջազգայն զարգացման ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրվող վարկի հաշվին, կառավարության որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ ստեղծվեց դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի իրականացման գրասենյակ` պետական հիմնարկի կարգավիճակով:
Կառավարությունը որոշեց առաջարկել ՀՀ նախագահին` հունիսի 26-ին, ժամը 12-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Ներկայացվող օրակարգում ներառված են տնտեսական ոլորտին առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` «Ակցիզային հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին», «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքների, մաքսային օրենսգրքի նախագծերը: