հինգշաբթի, 22 հունիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության ԱՊՀ երկրներին ամերիկյան օգնության համադրողի տեղակալ Քլիֆորդ Քուպչանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 18-ից, նպատակ ունի քննարկել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ամերիկյան օգնության ծրագրերին վերաբերող հարցեր:
Անդրանիկ Մարգարյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը, նշել է, որ կառավարությունն անչափ կարևորում է տրամադրված օգնության արդյունավետ օգտագործումը:
Այդ նպատակով, ըստ վարչապետի, կառավարությունում ստեղծված է օգնությունները վերահսկող և համակարգող գլխավոր վարչություն :
Վարչապետը միանգամայն ընդունելի է համարել օգնության կառուցվածքում մարդասիրականից տեխնիկական օժանդակության ու զարգացման ծրագրերին անցնելը, ինչը նշանակում է նաև երկրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է մասնավոր հատվածի զարգացմանն ու արտահանման ծրագրերին ուղղված ներդրումների ներգրավումը: Շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար, ըստ վարչապետի, արտահանման հարցում լուրջ դժվարություններ են առաջանում` տրանսպորտային ծախսերի ավելացման և այլ հարցերում:
Պրն Քուպչանի խնդրանքով, վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակն ու ծանոթացրել վերջերս հաստատված` կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներին, կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին:
Քլիֆորդ Քուպչանը, օգնության կառուցվածքում փոփոխությունների անհարժեշտության հարցում համաձայնելով վարչապետի հետ, նշել է որ, իրոք, երկրի նկատմամբ կա վերաբերմունքի փոփոխություն` այժմ օգնությունների 80 տոկոսը տեխնիկական է և միայն 20 տոկոսը` մարդասիրական: Պրն Քուպչանը հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա այս տարի իրեն տրամադրված 135 մլն դոլարի օգնությունը իսկապես արդյունավետ օգտագործել: