հինգշաբթի, 22 հունիսի 2000
Հունիսի 22-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը:
Հանձնաժողվի նիստում առանձնակի կարևորվեց դեռևս ծրագրերի մշակման փուլում դոնորների և ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը: Այս առումով նշվեց, որ ներկայացված ծրագրերի վերաբերյալ նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետարանների եզրակացությունները հաճախ կրում են ձևական բնույթ, բավարար ուշադրություն չի դարձվում վերահսկման մեխանիզմներին:
Դրա արդյունքում ոչ միշտ են ծրագրերը նպատակաուղղվում առավել կարևոր ու հեռանկարային խնդիրների լուծմանը:
Դեռևս հստակ չէ բարեգործական ծրագրերի արդյունքների հաշվառումը բյուջետային գործընթացներում: Այդ կապակցությամբ, նիստում հաստատված յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և մարզպետարաններին տրվեցին հանձնարարականներ:
Հանձնաժողովը հաստատեց 2000 թվականի ընթացքում իրականացվող 10 բարեգործական ծրագիր:
ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող ծրագրերի թվում են Հայաստանի 100 դպրոցներում ինտերնետային կապի ներդրման ծրագիրը և Վաշինգտոնի «Ուրբան ինստիտուտի» կողմից համայնքներում իրականացվող տեղական ինքնակառավարման և «Բնակարանների գնում» ծրագրերը:
Դպրոցաշինության բնագավառում հաստատվեց 3 ծրագիր՝ իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանի ֆինանսավորմամբ Երևանի թիվ 136 դպրոցի վերանորոգման , ԱՄՆ-ի հայ համայնքի ֆինանսավորմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Վանաձորի թիվ 1 դպրոցի ամրացման ու վերակառուցման և «Ագապե» բարեգործական կազմակերպության կողմից Սպիտակի թիվ 7 դպրոցի երկրորդ մասնաշենքի կառուցման և կահավորման ծրագրերը:
Առողջապահության բնագավառում հաստատված ծրագրերի թվում են «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի 2000-2003 թվականների ծրագրերը և Ջոն Հոփկինսի համալսարանի «Ընտանիքի առողջության պահպանման» ծրագիրը:
Հանձնաժողովի հավանությանն արժանացավ նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կրթական-տեղեկատվական ծրագրերը՝ կապված գենդերային հավասարության խնդիրների հետ: