շաբաթ, 16 փետրվարի 2013
Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։
«Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության ընթացքում լինեն լավագույնը: Թեկնածուների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ իրենց քարոզարշավն արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Սերգեյ Լեբեդևը գոհունակություն է հայտնել նախընտրական շրջանում ՀՀ օրենսդրությանը համապատասխան թեկնածուների գործունեության համար ստեղծված պայմաններից, որի ընթացքում վերջիններս կարողացել են ազատորեն, բաց և թափանցիկ կերպով ընտրողներին ներկայացնել իրենց ծրագրերը: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ մինչ այժմ արձանագրված միջադեպերը լուրջ ազդեցություն չեն ունեցել նախընտրական գործընթացների վրա:
ԱՊՀ գործադիր քարտուղարը տեղեկացրել է, որ կազմակերպության հովանու ներքո նախագահական ընտրությունների օրը դիտորդական առաքելություն են իրականացնելու 200-ից ավելի դիտորդներ, որոնք կլինեն հանրապետության բոլոր մարզերի ընտրատեղամասերում:
Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Լեբեդևը քննարկել են նաև մայիսի 31-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին առնչվող օրակարգային մի խումբ հարցեր, անդրադարձել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող թեմաներ: