հինգշաբթի, 21 փետրվարի 2013
Բարձրորակ սերմացուի ներկրումը կառավարության կարևորագույն ծրագրերից է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
2013 թ. գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 2013 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը, որի համաձայն արտերկրից և տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի և 530 տ կորնգանի սերմացու։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման շնորհիվ կավելանան ցանքատարածությունը և համախառն բերքը, գյուղացիական տնտեսությունների եկամուտը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա կառավարության կարևորագույն ծրագրերից է։ «Մենք շարունակում ենք բարձրորակ սերմեր ներկրել Հայաստանի Հանրապետություն, և հասկանալի է` արտադրողականության աճ ենք ապահովում դրա շնորհիվ, - շեշտել է վարչապետը։ - Հայտերն ստացել ենք մարզպետներից, պահանջարկը գնահատվել է։ Գինը, որով մենք տալու ենք` հաշվի առնելով ներքին հանրապետական գները, շուկայականից ցածր է, և շուրջ 40 տոկոսով մենք փաստորեն սուբսիդավորում ենք։ Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ մեծ ծավալի կորնգան ենք ներկրում` առաջին անգամ շուրջ 530 տոննա, որը հիմնականում որպես կեր է օգտագործվում և որն էապես փոխելու է իրավիճակը»։
Հաջորդ որոշմամբ գործադիրը սերմացուի ներկրման համար նախատեսել է ավելի քան 700 մլն դրամ, որից մոտ 616 միլիոնը պետք է ծախսվի Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացված «Տնտեսական կառուցվածքային բարեփոխման աջակցություն» դրամաշնորհային միջոցների հաշվին։
Կպահպանվեն վարձու աշխատողների և գործարարների իրավունքները
ՀՀ կառավարությունն ընդունել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները կիրարկելու որոշում։ Սահմանվել է, որ սկսած 2013 թ. հունվարի 1-ից նպաստը գործատուն վճարում է ՀՀ պետբյուջե վճարման ենթակա եկամտային հարկի հաշվին։ Ս.թ. հունվարի 1-ից հետո վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, որպես 2012 թ. ամիսների եկամուտ, հաշվառվում է նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարը։ Որոշումը, որի ընդունմամբ կապահովվի վարձու աշխատողների և գործատուների իրավունքների իրականացումը, կգործի մինչև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի ընդունումը։
Գործադիրն իր որոշմամբ սահմանել է իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը, որով հստակեցվում է պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և ստորերկրյա կառույցների շինարարության ժամանակ ընդերքօգտագործման գործընթացը` առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, միայն սեփական կարիքների բավարարման նպատակով։
Կառավարությունն իր նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին է հատկացրել ավելի քան 24 մլն դրամ, որով նախատեսվում է մարել 2012 թ. համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» համաձայն կնքված ենթավարկային պայմանագրի մայր գումարի պարտքը։
Իր նախկին որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ, որոնցով նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարության «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրի առանձին ծախսեր իրականացնել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Որոշումը նաև հնարավորություն է տալիս ՀՀ Ազգային ժողովի ընտրության ժամանակ համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն ստացած առանձին կուսակցությունների և դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով նախատեսված հատկացումների մի մասը տրամադրել այս տարվա առաջին եռամսյակում։
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդից 500 մլն դրամը փոխանցվել է պետբյուջե` այն պետական այլ կարիքների բավարարմանը նպատակաուղղելու համար։
Գործադիրը հավանություն է տվել Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության 2013 թ. ծրագրին և միջոցառումների ցանկին։ Ակնկալվում է, որ այս տարի Հայաստան կայցելի մինչև 900 սփյուռքահայ երիտասարդ։ Նրանք նախ կհյուրընկալվեն ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին։
Սահմանվում են ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշներ
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը, որի նպատակն է ներկրվող բեռի վտանգի կանխումն ու նվազեցումը և սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրությունը,
- «2013-2015 թթ. բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն» ծրագիրը, որի իրականացման նպատակը միջազգային չափորոշիչներին համապատասխան կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և տարածման կանխարգելման մեթոդական ուղեցույցներ ու վերապատրաստված մասնագետներ ունենալն է,
- ոռոգման համակարգի հիմնանորոգման 2013 թ. ծրագիրը,
- «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը և դրանով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը. որոշման շնորհիվ հնարավոր կլինի բարելավել շտապ բուժօգնության ծառայության որակը և դրա վերաբերյալ հանրային իրազեկվածության աստիճանի բարձրացումը,
- ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները. տվյալ բնագավառում իրագործվում է կանխիկի շրջանառության կրճատման կամ միջոցները բանկային վարկային քարտերով շրջանառելու քաղաքականություն,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման, ինչպես նաև հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվները։
Կմեծանա արտահանմանն աջակցող կազմակերպությունների կարողությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսդրորեն սահմանել ՀՀ մասնակցությունն արտահանման վարկի ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերությունում։
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը թելադրված է օրենսգրքի որոշ դրույթներ ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել օրինագծի վերաբերյալ։ Նույն պատգամավորի օրենսդրական մեկ այլ նախաձեռնություն` «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը, հեղինակի կարծիքով, հարկման դաշտ կբերի տարեկան մինչև 58.35 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հաշվապահական հաշվառման ծառայություն մատուցող կազմակերպությունները, կառավարությունը նպատակահարմար չի համարել և հիմնավորել է իր բացասական եզրակացությունը։
Նիստում քննության է առնվել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը։ Նրանք առաջարկում են մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու որոշման կայացումը վերապահել ԱԺ էթիկայի հանձնաժողովին։ Կառավարության եզրակացության համաձայն օրենքի նախագիծը խմբագրման կարիք ունի։ Նույն պատգամավորների մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն վերաբերում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որը նույնպես, ըստ կառավարության եզրակացության, ենթակա է խմբագրման։
Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ հարցեր
Իր երկու որոշմամբ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու, ինչպես նաև կրթության և գիտության բնագավառում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: