Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 փետրվարի 2013

Կառավարությունը 2013 թվականին նույնպես տրամադրված է լարված աշխատանքի





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը հրապարակել է երկրի տնտեսական զարգացման 2012 թ. կարևոր ցուցանիշները, որոնք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այսօր։ ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 7.2 տոկոս` 0.2-ով ավելի, քան երկրի նախագահը կառավարության առջև դրել էր իբրև թիրախ։ «Ձեռք բերված բարձր ցուցանիշը, որ կարողացել ենք համատեղ հաղթահարել, 2013 թ. համար ենթադրում է շատ լարված աշխատանք, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - 2013 թ. համար մենք ծրագրել ենք 6.2 տոկոս տնտեսական աճ, իսկ դա նշանակում է, որ պետք է բավական լարված աշխատանք կատարենք այն իրականություն դարձնելու համար։ Խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, եռանդով գործի անցնել, որպեսզի 2013 թ. մեր բոլոր ծրագրերը նույնպես իրականություն դառնան»։


Պետք է վերականգնել դպրոց-բուհ-գիտություն շղթան

Իր երկու որոշումներից առաջինով կառավարությունը Վայոց ձորի Փոռ գյուղի հիմնական դպրոցը վերակազմել է` միացնելով մարզի Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցին, մյուսով Լոռու մարզպետարանի ենթակայության «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» և Գյումրու մարզպետարանի ենթակայության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ները փոխել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։ Հավաստիանալով, որ որոշումը բխում է երկրի կրթական բարեփոխման տրամաբանությունից, վարչապետը շեշտել է ֆիզիկամաթեմատիկական առարկաների դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Ծավալված քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԳԱԱ նախագահը։ Ամփոփելով քննարկումը` վարչապետն ասել է. «Մենք պետք է մրցակցային մեր այս առավելությունը պահպանենք, քանի որ ֆիզմաթում միշտ ունեցել ենք բարձր դիրքեր, և հիմա մեր տնտեսության ճյուղային կառուցվածքն էլ է այդպիսին։ Մենք սկսում ենք ծրագրեր, որոնք ենթադրում են, որ մենք պետք է բարձրորակ մասնագետներ ունենանք։ Մասնավորապես, առողջապահության ոլորտում օնկոլոգիայի համալիրը, որ կառուցում ենք, հիմնվում է հիմնականում ֆիզիկայի ինստիտուտի վրա, իսկ ֆիզիկայի ինստիտուտը մեր առջև խնդիր է դնում, որ անհրաժեշտ են երիտասարդ մասնագետներ, որովհետև այդտեղ մենք ունենք մեծ ճեղքվածք։ Երիտասարդները չեն գնում դեպի գիտություն, և հիմա այս ամբողջ շղթան պետք է նորից վերականգնենք` դպրոցից, հետո բուհերում, հետո նաև գիտահետազոտական ինստիտուտներում։ Ուրախալի է, որ այսօր միջազգային հեղինակավոր ամսագրերում Հայաստանն ԱՊՀ երկրների թվում զբաղեցնում է առաջատար դիրքեր, և հենց այդտեղ էլ ֆիզմաթ կրթություն ստացածները հենց առաջին դիրքերում են։ Առաջին տեղում են հենց ֆիզիկայի բնագավառի միջազգային հրապարակումները։
Սա լրջագույն խնդիր է, որը մեր առջև այսօր դնում է մասնավոր հատվածը։ Մաթեմատիկայի բնագավառում մեզանից պահանջում էին, որպեսզի մեր բուհերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տարեկան հազար մասնագետ տան։ Հիմա վերջին հանդիպման ժամանակ, քանի որ բնագավառի տարեկան աճի տեմպը 20 տոկոս է, նրանք մեզանից պահանջում են տարեկան երեք հազար մասնագետ։ Սա լուրջ թիվ է, և մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք այս խնդիրը լուծելու, հակառակ դեպքում չենք կարող ոլորտում տնտեսական աճ ապահովել։ Հիմա մենք այդ բնագավառում ունենք բարձր որակավորման շուրջ յոթ հազար մասնագետ։ Եթե կարողանանք տարեկան երեք հազար մասնագետ երաշխավորել, ապա մոտակա տասը տարիների ընթացքում աճի բարձր տեմպերը կպահպանենք, եթե ոչ, զարգացման լուրջ խոչընդոտ կունենանք։ Դրա համար, կարծում եմ, որ այս խնդրի լուծումը դպրոցից սկսելը ճիշտ մոտեցում է»։


Կբարձրանա գյուղացիական տնտեսությունների եկամտաբերությունը

Նկատի առնելով այն հանգամանքը, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերից, ՀՀ մի քանի նախարարությունից և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններից ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել դիզելային վառելանյութի ավելի քան 300 հազար լիտրի, ազոտական պարարտանյութի ավելի քան 4 հազար տոննայի լրացուցիչ պահանջարկ` ՀՀ կառավարությունը որոշել է բավարարել այն` ավելացնելով մատակարար կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիայի և դրամաշնորհի չափը։ Այսպիսով, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, պետությունը 100 տոկոսով բավարարել է գյուղացիական տնտեսություններից ստացված հայտերը։ Սա երկրի հողօգտագործողների համար լուրջ աջակցություն կհանդիսանա գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում, մասնավորապես կբարձրացնի գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մակարդակը և գյուղատնտեսությամբ զբաղվելը կդարձնի շահավետ։
Կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում նախատեսվող հակահեղեղային միջոցառումների իրականացման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել մոտ 680 մլն դրամ։ Դրանով իսկ գարնանային վարարման ժամանակ կկանխվի գետերի ամենախոցելի 14 տեղամասերի ու հեղեղատարների ափերի և ափապաշտպան արգելաթմբերի քայքայումն ու փլուզումը, առափնյա տարածքները զերծ կմնան ողողումից։ «Այս խնդրին մենք անդրադառնում ենք տարեկան երկու անգամ և կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 700 մլն դրամ հատկացնում դրա իրագործմանը, - հավելել է վարչապետը։ - Սա այս տարվա առաջին հատկացումն է, աշնանը կլինի նաև երկրորդը»։
Քանի որ Եվրոպական միության երկրներում ս.թ. մարտի 1-ից կիրառվելու է մարդու սպառման համար վայրի ջրային կենդանիների ներմուծման առողջության սերտիֆիկատի նոր ձևաթուղթ, գործադիրը համապատասխան փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ։
ՀՀ կառավարությունը հաստատել է «2013 թ. սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ» ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա կատարելագործել սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական վերահսկողությունը։
Կառավարության որոշմամբ ավելի քան 33 մլն դրամ է հատկացվել Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայի գյուղական համայնքներում հայտնաբերված բույսերի վնասակար օրգանիզմ համարվող որդալվիճի (ֆիլոքսերա) դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար։ Մասնավորապես, քանդելու, ոչնչացնելու և բույսերի պաշտպանության ընթացիկ միջոցառում է իրականացվելու ավելի քան 8 հեկտար այգիներում։ Քանդված այգիների սեփականատերերին հատկացվելու է համապատասխան աջակցություն։


Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը

ՀՀ կառավարությունը որոշել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի համաձայն 2013 թ. մարտի 1-ից մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվելիք 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. մարտի 1-ը։ Ընկերությունը հիմնադրվել է 2006 թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ կողմից որպես 100 տոկոսանոց դուստր ընկերություն` Թեղուտի պղինձ-մոլիբդենային Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնելու նպատակով։ Նախագծի առաջին փուլը կիրականացվի 28 տարում։ Բոլոր ներդրումները գնահատվում են ավելի քան 338 մլն ԱՄՆ դոլար, որից 132 մլն դոլարը կկազմի ֆաբրիկայի կառուցման և սարքավորումների ձեռքբերման ծախսը։ Պղնձի և մոլիբդենի խտանյութերը կարտադրվեն սկսած 2015 թվականից։ 2008-2013 թթ. ստեղծված ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղերը կփոխարինվեն նույն քանակի մշտական աշխատատեղերով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ֆաբրիկայի կառուցման համար ընկերությունը նախատեսում է ձեռք բերել 2.7 մլրդ դրամի սարքավորում, որի համար էլ տրվել է ԱԱՀ-ի հետաձգման թույլտվությունը։
ՀՀ կառավարությունը թույլատրել է, որպեսզի «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվի մինչև 2013 թ. հուլիսի 11-ը։ Հիմք ընդունելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 2011 թ. ֆինանսական արդյունքները` կառավարությունը որոշել է թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշելով, որ պետական մասնակցությունն ընկերությունում 80 տոկոս է, վարչապետն արծարծել է ձեռնարկության սեփականաշնորհման հարցը։ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ-ին հանձնարարել է իրականացնել ԲԲԸ-ի համալիր ստուգում, որպեսզի ճշտորեն որոշվի նրա շուկայական գինը` սեփականաշնորհումն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Վարչապետն առաջարկել է քննարկել նաև ընկերության բաժնետոմսերը բորսայի միջոցով վաճառելու հնարավորության հարցը։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել սոցիալական փաթեթի այն շահառուներին, ովքեր 2013 թ. հունվար և փետրվար ամիսներին չեն բացել սոցփաթեթի հաշիվները, այդ անել մարտ ամսին և ստանալ նախորդ երկու ամսվա հասանելիք գումարը, ինչպես նաև զինծառայողների համար ապահովել առավել արդյունավետ և որակյալ բուժսպասարկում։
Վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունն ապահովել է Երևանի Մազմանյան 5 հասցեի շենքի տանիքի նորոգումը և ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների բնականոն աշխատանքը։


Մարդկանց շահագործման դեմ պայքարն ավելի ընդգրկուն կդառնա

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը,
- ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2013 թ. համալիր ծրագիրը,
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, հողի հարկից և գույքահարկից ազատվող շենքերի ու շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկերը։
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և հավատարմագրման վկայականի ձևը. ըստ փաստաթղթի հանրային գրադարանի կարգավիճակ կարող է ստանալ ցանկացած գրադարան` անկախ սեփականության ձևից, որն ստեղծում է մրցակցային դաշտ և ծառայության մատուցման ոլորտում առավել շահեկան ներդրումների հնարավորություն։


Կկարգավորվի արտագնա դատական նիստի անցկացման ընթացակարգը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է քաղաքացիական դատավարությունում որպես արտագնա դատական նիստի անցկացման հիմք սահմանել դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինությունը կամ գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման հանգամանքը։
Նիստի հավանությունն է ստացել «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվում են նոր աշխատողի համար գրանցման հայտը կամ եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուն առնչվող հարաբերությունները։
Նիստում հավանության է արժանացել «Ոստիկանության զորքերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է առավել արդյունավետ դարձնել հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։ Հարցի վերաբերյալ նիստում զեկուցմամբ հանդես եկած փոխոստիկանապետին վարչապետը հանձնարարել է վերստին անդրադառնալ ավտոմեքենաների արագաչափերի խնդրին, թե ճիշտ վայրերում են արդյոք դրանք տեղադրված։ «Բուռն քննարկման պատճառը նաև այն է, որ սա նոր երևույթ է մեզանում, սակայն անհրաժեշտ պարզաբանումներն ու հրապարակային լսումները պետք է կազմակերպվեն մշտապես, մինչև որ սա դառնա մեր կյանքի սովորական գործառույթ»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
Քննության է առնվել նաև Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի մշակումը հեղինակները պայմանավորում են սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունն առաջարկում է մի շարք լրացումներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։
Գործադիրը քննարկել է «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Կառավարության եզրակացության համաձայն նախագծի ընդունումը ենթադրում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության հարկային բեռի էական նվազեցում, ինչն ընդունելի չէ։ Խնդրո առարկայի վերաբերյալ պարզաբանում է տվել նաև ՀՀ առողջապահության նախարարը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի ոլորտում, ինչպես նաև օդային հաղորդակցության ասպարեզում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Կառավարության որոշմամբ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կղմից չորս անձանց գանգատներով 2012 թ. հոկտեմբերի 2-ին կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է ավելի քան 42.5 հազար եվրոյին համարժեք դրամ որպես ոչ նյութական վնասի և դատական ծախսերի փոխհատուցում։ Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերի զեկուցողը` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը, պարզաբանել է, որ նման դեպքերի կրկնությունն ապագայում բացառելու նպատակով կատարվում են համապատասխան քայլեր, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ։
Կառավարությունը որոշել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման նոր արտոնագիր տրամադրել «Մոբիլթիվի» ՍՊԸ-ին։
Կառավարության որոշմամբ Աշոտ Գիզիրյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Աշոտ Գիզիրյանն իր ցանկությամբ ու նախաձեռնությամբ է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրել։ Վարչապետն ընդունել է նրան և համոզվել, որ խնդրո առարկայի վերաբերյալ տարատեսակ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Տիգրան Սարգսյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Աշոտ Գիզիրյանին։
Գործադիրը որոշել է մերժել Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը։ Նկատի է առնվել այն հանգամանքը, որ դեռևս չի լրացել քաղաքապետի պաշտոնավարման սահմանված ժամկետի կեսը, հետևաբար նա ունի ստանձնած պարտավորություններ և ներգրավված է համայնքային տարբեր ծրագրերում` նպատակ ունենալով ապահովել համայնքի աշխատանքների բնականոն ընթացքը։ «Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, քաղաքական դրդապատճառները չպետք է հրաժարականի պատճառ դառնան»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ