երեքշաբթի, 27 փետրվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որը նվիրված էր հանրապետության երիտասարդության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքների ամփոփմանն ու պետական՝ առանձին նախարարությունների, և հասարակական կազմակերպությունների, մշակած 2001թ. ծրագրերի քննարկմանը:
Մի քանի տասնյակ միջոցառումներ ընդգրկող այդ ծրագրերը ներառում են պետական կառավարման համակարգի, իրավական, հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական, գիտակրթական, պաշտպանության, երիտասարդական համագործակցության, տեղեկատվական և այլ ոլորտներում երիտասարդությանը հուզող խնդիրների ցանկը:
Նշելով ծրագրերի մի շարք կետերի ընդհանուր բնույթը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հատկապես կարևորեց միջոցառումների հստակ ժամանակացույցի կազմումը՝ ըստ որոշակի ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կատարման պատասխանատուների: Վարչապետը ընդգծեց նաև ծրագրերի կազմման ու կատարման հրապարակայնության անհրաժեշտությունը, որի նպատակը երիտասարդության հիմնախնդիրների լուծումը հասարակության կողմից առավելագույնս վերահսկելի դարձնելն է:
Ծրագրերի կազմման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը համարվեց բավարար: Քննարկման ընթացքում արված դիտողությունները և առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակված ծրագրերը մեկամսյա ժամկետում կներկայացվեն խորհրդի քննարկմանն ու հաստատմանը: